Показаны сообщения с ярлыком հուշ-ցերեկույթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հուշ-ցերեկույթ. Показать все сообщения

08.07.2017

«Ցավդ ինչպե՞ս պատմեմ». հուշ-ցերեկույթ՝ նվիրված ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ մահվան 80-րդ տարելիցին

Լրացավ Ակսել Բակունցի մահվան 80-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ սև ժապավենով պատմության մեջ արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետի և «Միրհավ» գրական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով: 
Ներկաները ծաղիկներ դրեցին Ակսել Բակունցի հուշարձանին և թանգարանի բակում տեղադրված խաչքար-հուշակոթողին, ապա ունկնդիր եղան Բակունցի կյանքի վերջին գիշերվա սարսռազդու ապրումները խտացնող գեղարվեստական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի, Լևոն Սահակյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:

24.06.2015

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Հունիսի 14-ին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում <<Միրհավ>> գրական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից մեծատաղանդ բանաստեղծ Սպարտակ Բակունցի ծննդյան 60-ամյա հոբելյանին:
Միջոցառումը բանաստեղծի մարդկային ու գրական կերպարն ամբողջացնելու փորձ էր՝ հուշազրույցների, մամուլում նրա անունն ու գործը հիշատակող անդրադարձների, գրքի տպագրությանը նվիրված ռադիոհաղորդումների, իր ապրած ժամանակի դառնաղետ եղելությունների ընդհանուր համապատկերի վրա: 
Օրվա խորհրդի մեջ ծավալվեց-թանձրացավ Սպարտակ Բակունց բանաստեղծի հոգևոր ներկայությունը՝ կյանքի կարճատև, բայց բովանդակալից ընթացքով, գեղարվեստական ինքնությամբ ու հազվագյուտ հոգեկերտվածքով: 
Նշեցինք գրական-հոբելյանական տարեդարձ, ցավոք, ոչ թե 60-ամյա բանաստեղծի հետ բաժակ բարձրացնելով ու նրան ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով, այլ նրա մասին արդեն միայն հուշեր պատմելով ու հիշատակի խոսքեր ասելով:

24.05.2015

«Ուզում եմ ծիծեռնակի գալով ես գնամ աշխարհից...» / Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սուրեն Այվազյանի մահվան տարելիցին (ֆոտոշարք, հատվածներ բեմագրից)

Մայիսի 19-ին լրացավ հայ մեծահամբավ արձակագիր Սուրեն Այվազյանի մահվան 34-րդ տարելիցը, ինչի առթիվ Խնձորեսկում՝ նրա շիրմաքար-հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հարգանքի տուրքի մատուցման արարողություն և հիշատակի հանդիսույթ, որը կազմակերպել էր <<Միրհավ>> գրական ակումբը: 
Մեծանուն սյունեցու հիշատակը խնկարկելու էին եկել բազմաթիվ այվազյանասերներ: Ելույթով հանդես եկավ ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Ա.Ծատուրյանը՝ բարձր գնահատելով Սուրեն Այվազյանի դերը հայ գեղարվեստական արձակի զարգացման գործում: <<Գրողն իր ժամանակի դժվարին պայմաններում ու իրադարձերի մեջ եղավ ու մնաց որպես գրականության հաստատուն միջնաբերդ՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն, որ հատկանշվում է իմաստային հարստությամբ, բարձր գեղարվեստականությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ ու հանրային հնչեղությամբ>>: