Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM–The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ, մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանների միջազգային օր ունի թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:
Ամեն տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումը անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:
Մշակութային գեղեցիկ տոնից անմասն չմնաց նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որ օրվա կապակցությամբ այցելուներին առաջարկեց միջոցառումների հետաքրքիր ծրագիր՝ «Օրը լցնենք ասքով, երգով» խորագրով: Ծրագրի շրջանակում գրական-երաժշտական ցերեկույթով հանդես եկավ նաև տուն-թանգարանի ՄԻՐՀԱՎ գրական խմբակը՝ հիացնելով ներկաներին օրվա խորհուրդն ու նշանակությունը լուսաբանող ելույթներով, թանգարանի հիմնավորման հիշարժան անցքերի, հանգամանքների վկայաբերումներով, թանգարանային հուշամատյանի ընթերցումներով, երգով ու ասմունքով:
Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, տոնի առթիվ ողջունելով ու շնորհավորելով ներկաներին, մեծ խանդավառությամբ խոսեց այն բարեշահ ձեռնարկների մասին, որոնց արդյունքում թանգարանը այսօր այցելուներին է ներկայանում նորացված ցուցադրությամբ ու բարեկարգ վիճակում:
«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում տպավորիչ ելույթներ էին պատրաստել նաև Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները: Նպատակը մեկն էր՝ օրը պարուրել արվեստային, մշակութային լիցքերով, այցելուներին պարգևել գեղեցիկ ու մնայուն հուզապրումներ:
Տոնը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ Ակսել Բակունց գրողի արվեստն արժևորելու, նորից ու նորովի նրա կերպարին ու գրական ժառանգությանը հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու ու վեհանալու: Առիթ էր կրկին միավորվելու հոգևոր այն դաշտում, որ ամբողջովին ներծծված է Բակունցի շնչով, հայացքով, արևային էությամբ, ստեղծագործ ուժով ու էներգետիկայով:
Մինչև կեսգիշեր այցելուների հոսքը տուն-թանգարան չէր դադարում: Տոնի կարգախոսը՝ «Թանգարանները միավորում են մեզ», իսկապես, յուրօրինակ խորհուրդ էր հաղորդել օրվան և ստեղծել ձգողական դաշտ՝ միատեղելով բոլոր արվեստասեր, գեղապաշտ ու արարող հոգիներին: Իմաստուն, լի ու շքեղ երեկոն՝ համեմված միրհավականների քնարական ու երգային հիասքանչ կատարումներով, ամբողջացրեց տոնը և մնայուն տպավորություններ թողեց ներկաների հուզաշխարհում՝ է՛լ ավելի ամրապնդելով այն գեղեցիկ հավատը, որ այդ խորհրդավոր հարկի ներքո Բակունցը ներկա չէ միայն ֆիզիկապես, նրա լուսավոր հոգին հավետ իր տանն է, իր ժողովրդի հետ՝ որպես նրա ընթացքի հավերժագնա ուղեկից:
Комментариев нет:
Отправить комментарий