Показаны сообщения с ярлыком Աղվեսագիրք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աղվեսագիրք. Показать все сообщения

13.01.2016

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / Նախաշավիղ

1935 թվականի հունվարին Բակունցի թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով, Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով պետհրատը լույս է ընծայում <<Վարդան Այգեկցի. Աղվեսագիրք>> ժողովածուն(117 էջ): Այգեկցին, ըստ Բակունցի, պետք է լինի Այգեցի: Մինչ գրքով լույս տեսնելը ութ առակ տպագրվել էր <<Գրական թերթ>>-ում(1934, 29 նոյեմբեր): Այս ամենի դեմ միտումնավոր հարձակումներ է գործում <<Խորհրդային արվեստ>> ամսագիրը(1935, թիվ 1,2): Այդ հոդվածների հեղինակներն էին Ա.Վշտունին(անստորագիր խմբագրական) և Ն. Դաբաղյանը: Վեճին անդրադարձել է <<Գրական թերթ>>-ը(10 հունվար, թիվ 1):
Ներկայացնում ենք Ա.Բակունցի հեղինակած առաջաբանը և լուսապատճեններ գրքից:

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի

Ա
«Վա՛յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարով: Քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանա գիրք»: