Խորագիրս տեսնելով գուցե քիչ մը զարմանաք, թե ինչպես հակահեղափոխական մը դրած եմ հեղափոխության մակաբույծներու շարքին մեջ:
Ընդհակառակը` շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է: Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության` այս մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը: Կփափաքիմ այդ կարգի մակաբույծներեն ձեզ ներկայացնել նմուշ մը միայն:
* * *
Նախկին վարժապետ մըն է պ. Միսաք, որ Եվրոպա կապրի իր նախկին աշակերտներու ծնողներուն, որոնք վաճառական են` ողորմությամբը:
Հայերենի ուսուցիչ` այնչափ միտքը խճողած է լեզվաբանական նրբություններով, որ ալ կարծես քերականական օրենքները ազդած են իր նկարագրի վրա: Բայի մը պես կեղանակավորվի ժամանակներու համեմատ, գոյականի մը պես կհոլովվի, տերբայի հետ համաձայն է` երբ տերբային վաճառական մըն է, միշտ ներկա ընդունելություն է, երբ դրամ տալու երթան իրեն և բացասական մասնիկ` երբ դրամ խնդրեն իրմե: Ասկե զատ, հայելիե մարդ մըն է, որ կցոլացնե միայն իր վաճառականներուն գաղափարներն ու համոզմունքները, - հարուստ վաճառականի մը սալոնին հղկուն, մաքուր, անարատ հայելին, որուն վրա փոշի մը չես կրնար գտնել, որ բիծ մը չունի:
