Показаны сообщения с ярлыком հրապարակախոսություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հրապարակախոսություն. Показать все сообщения

03.02.2016

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Դեպի արարում

Սերո Խանզադյանի կյանքն ու ստեղծագործությունը անբաժան են հայ ժողովրդին վիճակված բոլոր փորձություններից, հայրենիքի ճակատագրից: Նրա ստեղծագործություններում տրոփում է հայրենքի ճակատագրի սրված զգացողությունը, սրտի մորմոքը հայության ապրած մեծ ցավի նկատմամբ, նաև հավատը՝ ամեն գնով պատմության հարվածներին դիմանալու, գոյատևելու, արարման ուժով զորանալու… 
Խանզադյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում եղեռնյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնք նվիրված են ոչ միայն 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին, այլև այդ տարիների հերոսական դրվագներին՝ հայ մարդու ազգային արժանապատվության, մաքառման ոգու, կենսասիրության ընդգծումով: Գեղարվեստական գործերում արտահայտած գաղափարները Խանզադյանը տարբեր առիթներով արծարծել է նաև հրապարակագրական էջերում, հարցազրույցներում՝ թարմ լիցքեր հաղորդելով պատմության վերաարժևորման, հայ դատի հանրայնացման գործընթացին:
Ձեզ ենք ներկայացնում արխիվային մի ուշարժան նյութ՝ <<Գրական թերթ>>-ի՝ 1990 թվականի ապրիլի 20-ի համարում տպագրված Խանզադյանի <<Դեպի արարում>> խորագրով հրապարակախոսությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 75-ամյա տարելիցին: 
Հոդվածը, կարելի է ասել, հորդոր ու պատգամ է սերունդներին, որում Խանզադյանը շեշտում է գոյապահպանության պայքարում հոգևոր մաքառումների անգնահատելի նշանակությանը, արարման ուժի խորհուրդը… Ուշագրավ փաստարկումներով են ներկայացվում ժամանակի իրողությունները, որոնք բեկվում են անցյալ-ներկա-ապագա փոխկապակցության մեջ և առավել հետաքրքաական դարձնում պատմության դասերի խանզադյանական արծարծումները:
Հոդվածն արդիաշունչ է նաև մեր օրերի համար և կարող է կամրջվել Եղեռնի 100-ամյակի խորհրդի հետ, դիտվել որպես մեծ գրողի խոսք-պատգամը ներկա սերնդին…

ԴԵՊԻ ԱՐԱՐՈՒՄ

Ես հայոց Մեծ Եղեռնի տարեկիցն եմ: 75 տարի: Մեր ազգի ողբերգության վերաբերյալ ասելիքս ասել եմ <<Խոսեք, Հայաստանի լեռներ>> վեպիս մեջ, էլի՝ այլ տեղեր: Ասելիքս ասել եմ, երբ 1965-ին փորձեցինք նշել 1915-ի ցեղասպանության 50-ամյակը: Եվ ոչ միայ ես, շատե՛րը, մեր ո՛ղջ ժողովուրդը: Բայց Մոսկվայից այնպիսի աղմուկ բարձրացրին մեր դեմ, որ նույնիսկ եղեռնագործները զարմացան:

19.06.2015

ՐԱՖՖԻ / ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքը մեր գավառական քաղաքներում շատ նման է միմյանց, բավական է վերցնել մի քաղաքի երիտասարդությունը, և մյուսների մասին կստանանք համանման տեղեկություն:
Այստեղ ավելի պարզ կերպով աչքի է զարկում այն սթափումը, որ նշմարեցինք գյուղերում: Ամեն ինչ մի անհայտ խթանով ձգտում է դեպի նորը, դեպի ավելի վայելուչը: Տարակույս չկա, որ ամեն մի փոփոխություն կյանքի մեջ, որ ինքնուրույնաբար չէ ծագում նույնիսկ կյանքի փոքր առ փոքր և հաջորդաբար քաղաքակրթվելուց, այլ միանգամով ընդունում է ամեն ինչ դրսից և օրինակից — մի այսպիսի կապկությունը շատ անգամ կարող է ձգել և ծուռ ճանապարհի վրա: Այդ դեպքում քաղաքների վիճակի մեջ մեծ դեր է խաղում Թիֆլիսը:
Միայն մի քանի գավառական քաղաքներ ունեն արքունի գիմնազիաներ, մյուսները պրոգիմնազիաներ, իսկ մեծ մասը տարրական միջնակարգ դպրոցներ: Բացի հիշյալներից,համարյա բոլոր քաղաքներում հայերն ունեն իրանց ազգային կամ թեմական կամ ծխական դպրոցները: Վերջինները լցված են լուսավորչական հայերով միայն, օտարազգիներ,կաթոլիկ կամ բողոքական հայեր չեն ընդունվում: Արքունական դպրոցների մեջ նույնպես հայ աշակերտների թիվը մեծամասնություն է կազմում, կարելի է մոտավորապես ասել,որ 10 ուսանողից 9-ը հայ է: Բայց պետք է գիտենալ, որ ռուսական Հայաստանի քաղաքներից շատերի մեջ, որպես են` Հին-Նախիջևանը, Օրդուբադը, Շուշին, Գանձակ, Շամախի, Նուխի, Բաքու, Դերբենդ, մահմեդականները, եթե մեծամասնություն չեն կազմում, գոնե թվով հայերից շատ պակաս չեն, այսուամենայնիվ նրանց զավակները դպրոցների մեջ ամենաչնչին տեղն են բռնում: Կրոնական մոլեռանդությունն առաջնակարգ դեր է խաղում այստեղ:

24.04.2014

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ / Ազգային նոր տոնը


Հազար հինգ հարիւր տարիներէ ի վեր հայ ազգը իբրեւ ազգային կրօնական մեծ յիշատակ մը հանդիսաւորապէս կը տօնէ Վարդանանց նահատակութիւնը: Անիկա մեզի համար երկու վեհ իտէալներ կը ներկայացնէ. ազգային անկախութեան իտէալը եւ խղճի ազատութեան իտէալը: Վարդանանք ինկան Աւարայրի դաշտին մէջ, քրիստոտէութիւնը եւ ազատութիւնը պահպանելու համար: Արդարեւ մինչեւ հիմա ազգային մեծագոյն տօնը պէտք էր համարել զայն: Բայց հիմա՞, երբ մէկ ու կէս միլիոն Հայեր յանուն այդ քրիստոնէութեան, յանուն այդ ազգային ազատութեան մեռան ո՛չ թէ Աւարայրի մը դաշտին վրայ կամ Տղմուտի մը եզերքը, այլ բովանդակ Հայաստանի, Սուրիոյ ու Միջագետքի դաշտերը, անապատները, լեռներն ու ձորերը իրենց դիակներով ծածկեցին, երբ բոլոր գետերը՝ Եփրատէն ու Տիգրիսէն սկսեալ մինչեւ Ալիս, իրենց դիակներով լեցուցին, մի՞թէ այլեւս չնսեմանար Վարդանանցը: