Показаны сообщения с ярлыком Նեմեսիս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նեմեսիս. Показать все сообщения

30.03.2017

Շահան Նաթալին «վերադարձավ» հայրենիք

2016 թվականի սեպտեմբերին Սուրեն Խաչատրյանի բարեշահ նախաձեռնությամբ ու մեկենասությամբ Գորիսի պետական համալսարանի բակում փառավորապես հանգրվանեց Շահան Նաթալիի հրաշակերտ կիսանդրին, որի քանդակագործն է Նարեկ Օրդյանը: Մինչդեռ մեծահամբավ հայորդու մասունքները հայրենի հողին խառնվելու նվիրական կարոտ են զգում, առաջին անգամ «քարե արձանի տեսքով Նաթալին վերադարձավ հայրենիք»
Տպավորիչ մուտք Սյունյաց մայր կրթօջախ՝ մեծ հայի, գրողի, իմաստասերի, հրապարակախոսի, հասարակական-քաղաքական երախտառատ գործչի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո: 
Շահան Նաթալիի անունն ու գործը գալիս լրացնում են ազգային պանծալի հերոսների շարքը, որոնց հենց ինքը՝ Նաթալին, հաջող կերպով տվել է «սրբազան խելագարներ» անվանումը՝ համոզված, որ «ազգերը փրկված են միշտ խելագար քիչերու ձեռքով» և «հայ ազգը զուրկ չէ սրբազան խելագար քիչերէ, որովհետև ավազի հատիկների չափ շատ են ավազացած նահատակները»:
Ապրելով սփյուռքում` Նաթալին իր հասարակական-քաղաքական, գրական-հրապարակախոսական սևեռումներով ու իրագործումներով պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ որպես իրավ ու համազգային արժեք: 
Նա ապրեց, մտածեց, գրեց ու գործեց ճշմարիտ հայի ու հայրենասերի զարկերակով, ազգային խնդիրների խորքային ճանաչումով՝ հաճախ կրելով նաև սխալ հասկացվելու «հայկական պատիժը»: 
Արտասահմանում ապրող հայ մտավորականներից ոչ ոք հայ ազգային-քաղաքական խնդիրներին, հայ դատի հիմնահարցին չի մատուցել այն անուրանալի և միանգամայն դրական ծառայությունները, որ անխոնջ ու հարատև աշխատություններով, հանդուգն ու ազգուխտյալ ձեռնարկներով մատուցել է Շահան Նաթալին, նույն ինքը՝ Նեմեսիսը, Վրեժխնդրության աստվածը, մարմնացյալ «Արդար բարկություն»-ը, կամ մեկ ուրիշ քիչ հայտնի գրական կեղծանունով՝«Ճոն Ահին», որ թարգմանաբար նշանակում է «Մահվան ոգի»: 
Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին: