ԳՐԱՆԻՇ գրական ակումբ
2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Խորախորհուրդ տոն, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել գրքի առաջ…
Գրքի հանդեպ ակնածանքի ու պաշտամունքի հասնող վերաբերմունքը հայերի մեջ գալիս է դարերի խորքից: Հայի համար գիրքը եղել է իր պատմության սրբազան վկաներից մեկը, և հայ մարդն այն իր հետ երկրեերկիր է տարել` իբրև վկայություն իր բազմադարյա պատմության, պատմություն, որի ոգին միշտ անբաժան է հայից:
Հայաստանը աշխարհում հայտնի է իբրև հնագույն գրքերի ու մատյանների օրրան: Պատահական չէ, որ երբ արաբական առաջին արշավանքի ժամանակ զավթիչները մտել են Հայաստան, տեսնելով գրքեր, մատյաններ ու գրքի հանդեպ պաշտամունք, զարմացած հայտարարել են` «Մենք մտել ենք գրքերի երկիր»…
Վստահի՛ր գրքերին, նրանք ամենամտերիմներն են: Նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով քո առջև աշխարհը…
Գիրքը միշտ եղել է և կմնա մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու սրտամոտ բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն, ինչ կարող է անել գիրքը: Գրքերը խոսուն վկաներն են մեր անցյալի, միաժամանակ կողմնորոշում են մեզ ներկայում և իրենց լույսով ապագան լուսավորում:

