Գեղարվեստական ստեղծագործությունը կառուցվածքային ամբողջություն է` բաղկացած առանձին մասերից: Գրականության գիտական ուսումնասիրության վերջնական նպատակը այդ ամբողջականության բացահայտումն է, ինչը նպաստում է ստեղծագործության խորքային ընկալմանն ու գնահատմանը: Գրական երկի վերլուծությունն իրականացվում է կամ բաղկացուցիչ տարրերի քննությունից աստիճանաբար գնալով դեպի ամբողջական միավորի քննություն, կամ` ամբողջից դեպի մասերի քննություն:
Գեղարվեստական համակարգի կարևոր միավորներ են ժամանակը և տարածությունը, որոնք ունեն տարբեր գործառույթներ, պայմանականության աստիճաններ, հատուկ փոխհարաբերություններ ու փոլխազդեցություններ: Ժամանակի և տարածության բնույթով են պայմանավորված գեղարվեստական իրականության տարածաժամանակային կառույցի ամենատարբեր ձևերը: Կյանքի երևույթների գոյության տարածաժամանակային ձևերի գեղարվեստական արտացոլումը մտնում է գեղարվեստական պատկերի ու ստեղծագործության կառուցվածքի մեջ:
Բախտինը ժամանակի ու տարածության փոխադարձ կապը գեղարվեստական երկում անվանել է <<քրոնոտոպ>>, որին համարժեք է հայերեն <<ժամանակատարածական>> բառաձևը կամ եզրույթը: Իր <<Լաոկոոն>> աշխատության մեջ Գ.Լեսինգն առաջին անգամ արվեստի երկերը դասակարգեց ըստ տարածաժամանակային հատկանիշների:
Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների` գրականությունն ավելի ազատ է իրականության տարածաժամանակային արտացոլման առումով: Գրողը կարող է միաժամանակ տարբեր վայրերում կատարվող իրադարձություններ պատկերել կամ ժամանակային մի հարթությունից հեշտությամբ տեղափոխվել մեկ ուրիշը, օրինակ` ներկայից անցյալ և հակառակը: