Показаны сообщения с ярлыком Գրքի տոն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրքի տոն. Показать все сообщения

22.02.2015

ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ՎԵՐԻՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվարի 19-ին ՄԻՐՀԱՎ ակումբի անդամները Վերիշենի միջնակարգ դպրոցում ներկա գտնվեցին Գիրք նվիրելու օրվան և Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթին, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Բակունցը: 
Պատմությանն ուղղված հետադաձ հայացքով աշակերտները ներկայացրին հայ գրքի անցած ճանապարհը՝ նշանավորված երկու առանցքային անուններով՝ Մեսրոպ Մաշտոց և Հակոբ Մեղապարտ, որոնցից առաջինը հայ ժողովրդին գիր նվիրեց, իսկ երկրորդը՝ գիրք: Տոնի խորհրդին համահունչ' արժևորվեց գիրք արարողի՝ գրողի դերը, քանզի <<Գրքի տոն>> ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք <<Գրողի ու գրականության տոն>>, <<Ընթերցողի ու հրատարակչի տոն>>:

19.02.2015

ԳՐՔԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿ / Փետրվարի 19 - մայիսի 19

<<Ընթերցանությունն առողջ ապրելակերպ է>>
ԳՐԱՆԻՇ գրական ակումբ

2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Խորախորհուրդ տոն, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել գրքի առաջ… 
Գրքի հանդեպ ակնածանքի ու պաշտամունքի հասնող վերաբերմունքը հայերի մեջ գալիս է դարերի խորքից: Հայի համար գիրքը եղել է իր պատմության սրբազան վկաներից մեկը, և հայ մարդն այն իր հետ երկրեերկիր է տարել` իբրև վկայություն իր բազմադարյա պատմության, պատմություն, որի ոգին միշտ անբաժան է հայից:
Հայաստանը աշխարհում հայտնի է իբրև հնագույն գրքերի ու մատյանների օրրան: Պատահական չէ, որ երբ արաբական առաջին արշավանքի ժամանակ զավթիչները մտել են Հայաստան, տեսնելով գրքեր, մատյաններ ու գրքի հանդեպ պաշտամունք, զարմացած հայտարարել են` «Մենք մտել ենք գրքերի երկիր»…
Վստահի՛ր գրքերին, նրանք ամենամտերիմներն են: Նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով քո առջև աշխարհը…
Գիրքը միշտ եղել է և կմնա մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու սրտամոտ բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն, ինչ կարող է անել գիրքը: Գրքերը խոսուն վկաներն են մեր անցյալի, միաժամանակ կողմնորոշում են մեզ ներկայում և իրենց լույսով ապագան լուսավորում:

25.02.2014

ԳՐՔԻ ՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի գրողների միությունը արդեն յոթ տարի է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվորի 19-ը, հռչակել է գիրք նվիրելու օր: Տարեցտարի աճում է Գրքի տոնի հանրային հնչեղությունը: Գրատները, գրադարանները, գրական ակումբներն ու մշակութային այլևայլ կառույցներ ակտիվորեն օգտագործում են առիթը, որպեսզի ձգողական դաշտ ստեղծեն՝ ևս մեկ անգամ հանրայնացնելու գրքրեը, դրանց ընթերցանությունը, նպաստելու գրքի հանդեպ դրական վերաբերմունքի աճին:
Ա.Բակունցի տուն-թանգարանին կից գործող ՄԻՐՀԱՎ գրական խմբակը փորձեց նոր շունչ, նոր լիցք հաղորդել գիրք նվիրելու խորհրդանշական օրվան՝ հանդես գալով ուշագրավ նախաձեռնություններով: Գորիսի հիմնական և ավագ դպրոցների աշակերտության շրջանում նախապես հայտարարվեց էսսեների մրցույթ՝ <<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով: Այնուհետև Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանի հետ ծրագրվեց <<ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> կոչով բարեշահ ակցիա. գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով փետրվարի 17-21-ը հայտարարվեց գրքի նվիրատվության հնգօրյակ:

Վերոնշյալ ձեռնարկների արդյունքները ամփոփվեցին և լուսաբանվեցին փետրվարի 21-ին՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսության ժամանակ,  որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Արմինե Հովակիմյանը, ՀԳՄ Սյունիքի գրողների միության նախագահ Արկադի Ծատուրյանը, գրողներ, մտավորականներ, ուսուցիչներ, Գորիսի մշակութային կառույցների ղեկավարներ, աշակերտներ, ուսանողներ:

21.02.2014

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Այսօր Գրքի տոնին նվիրված հանդիսության ժամանակ հայտնի դարձան նախապես հայտարարված <<Իմ սեղանի գիրքը>> խորագրով էսսեների մրցույթի մրցանակակիրները: 15 մասնակիցներից առաջին կարգին արժանացավ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ ԳՈՌ ԱՐԶԱՆՅԱՆԸ, երկրորդ կարգը զբաղեցրեց Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի ՆԱՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ: <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգում հաղթող ճանաչվեց թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը շնորհավորում է պատանի գրքասերներին և մաղթում նորանոր հաղթանակներ:  

Հանդիսույթի մանրամասները՝ հաջորդիվ...