22.02.2015

ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ՎԵՐԻՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվարի 19-ին ՄԻՐՀԱՎ ակումբի անդամները Վերիշենի միջնակարգ դպրոցում ներկա գտնվեցին Գիրք նվիրելու օրվան և Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթին, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Բակունցը: 
Պատմությանն ուղղված հետադաձ հայացքով աշակերտները ներկայացրին հայ գրքի անցած ճանապարհը՝ նշանավորված երկու առանցքային անուններով՝ Մեսրոպ Մաշտոց և Հակոբ Մեղապարտ, որոնցից առաջինը հայ ժողովրդին գիր նվիրեց, իսկ երկրորդը՝ գիրք: Տոնի խորհրդին համահունչ' արժևորվեց գիրք արարողի՝ գրողի դերը, քանզի <<Գրքի տոն>> ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք <<Գրողի ու գրականության տոն>>, <<Ընթերցողի ու հրատարակչի տոն>>:
Ընթերցողին դեպի գրքերի աշխարհ տանելու, գրքի հանդեպ սեր արթնացնելու գործում անչափ կարևոր է գրողի անվան ու գործի ճիշտ լուսաբանումը, մատուցումն ու գնահատումը: Այդ իսկ պատճառով գեղարվեստական անցումը տարվա գրական նշանակալի հոբելյաններից մեկին՝ Սուրեն Այվազյանի 100-ամյակին, շատ սահուն էր, գեղեցիկ և բխում էր տոնի բովանդակությունից: Անդրադարձը Սուրեն Այվազյանի գրական նկարագրին ոչ միայն խորհրդանշական, այլև ճանաչողական բնույթ էր կրում. պետք է ճանաչել Սյունյաց հողի շնորհալիներին, դաստիարակվել նրանց ոգով, նրանց սերմանած մարդկայնության գաղափարներով: <<Այսօր ես ընտրում եմ Սուրեն Այվազյանի գիրքը և, որպես տարվա գրական խորհրդանիշ, նվիրում եմ այն իմ աշակերտին>> - ահա ուսուցչի օրվա պատգամը: Ցերեկույթն ուղեկցվեց Այվազյանական ընթերցումներով, երաժշտական, պարային կատարումներով, դիտապաստառային ցուցադրումներով:
Միջոցառման վերջում տպավորություններ կիսեցին դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը, <<Միրհավ>> գրական ակումբի անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Թունյանը: Սուրեն Այվազյանի մասին հուշեր պատմեց դպրոցի կազմակերպիչ Արմենուհի Սոնյանը: <<Միրհավ>> ակումբի անդամները դպրոցի գրականության կաբինետին նվիրեցին Ա.Ծատուրյանի <<Մեր Այվազյանը>> հուշագիրքը:

Հ.Գ. Ընդհանրապես, Վերիշենի միջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է գիր ու գրականությամբ, մշակութային միջոցառումներով: 2014-ի դեկտեմբերին <<Միրհավ>> ակումբի անդամները հրավիրված էին նաև դպրոցում կազմակերպված մեկ ուրիշ գեղեցիկ միջոցառման՝ նվիրված Գուսան Աշոտին:
Հրապարակում ենք նաև այդ միջոցառման լուսանկարները:















Комментариев нет:

Отправить комментарий