Գրադարան

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ 

Ծնվել է 1981թ. Սյունիքի մարզի Տաթև գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտել է 1999թ., Գորիսում: 2001թ.-ից «Բրեյն-ռինգի և ինտելեկտուալ խաղերի ասոցիացիայի» պատվավոր մագիստրոս է: 2004թ. ավարտել է Կահիրեի պետական համալսարանի Արաբական լեզվի ու գրականության կենտրոնը: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը: Հայ արևելագիտության մեջ արաբագիտական մեկ նորարարության հեղինակ է` կապված արաբական տաղաչափության և հայոց լեզվի առանձնահատկությունների հետ: Այժմ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի հայցորդ է: Բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ է: Տպագրվել է «Ալիք» (Թեհրան), «Գրական թերթ», «Գրեթերթ», «Երկունք», «Եղիցի լույս», «Եղեգան փող», «Ուսուցիչ», «Նոր հայացք», «Ալմանախ», «Երևանի համալսարան», «Արևածաղիկ» պարբերականներում, «Նարցիս», «Համայնք», «Newmag», «Գրանիշ» (համացանց), «Юность» (Մոսկվա) հանդեսներում և մի շարք գրական անթոլոգիաներում: «Գրեթերթի» քառակի մրցանակակիր է` 2007, 2009 և 2011թթ. լավագույն բանաստեղծական շարք և լավագույն թարգմանություն անվանակարգերում: Էդուարդ Հարենցի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն և այլ լեզուներով: Հեղինակը բնագրից հայերեն է թարգմանում արաբական, եբրայական, ֆրանսիական և ռուսական հին ու ժամանակակից պոեզիա: Ինչպես նաև հայերենից ֆրանսերեն է թարգմանում արդի հայ պոեզիա: Հայաստանի գրողների միության անդամ է:

* * *
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
որովհետև այն իրեն պետք չէր.
նա արդեն լսե՛լ էր Հանճարը:

Ալ-Մաարրին իրականում տեսնում էր այնքան,
որ այլևս
աչքերն այնքան էլ կարևոր չէին:

Չարենցը գերեզման չունեցավ,
քանզի
նա դեռ չի՛ էլ մեռել:

Ես մարդկանց ձախո՛վ եմ բարևում,
որովհետև
աջով արդեն բարևե՛լ եմ Աստծուն

* * *
Կյանքն ապրում է ինձ իմ բոլոր
մանրամասներով,
իսկ ես պտտվում եմ նրա շուրջը,
ինչպես գույնը` օտար վրձնի:
Կտավներս ծակ են,
ինչպես ճապոնական մետաղադրամ,
որի միջով միշտ դեպի դուրս` հերթով
ինձնից փրկվում են բոլոր սերերս`
հեռացող զրնգոցներով
իմ հրաշալիորեն կորստյան մասին
Ու ծափահարություններս ավելի´
ծանր են կշռում ինձնից:
Ուստի ես հավաքել եմ դրանք
ափիս մեջ`
որպես ճմրթված թղթադրամներ,
և պահում եմ
վերջին` մահվան համար`
կարկատելու նրա դիմակները,
որոնք կծակվեն մի օր,
ինչպես կտավներն իմ,
ու ես դուրս կզրնգամ հավետ,
ու կյանքը կշարունակի ապրել ինձ`
իմ բոլոր մանրամասներով
 * * *
Ես հիմա
հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
ու կարկատում աղոթքս,
որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
որ քայլերս բախտիս
                   ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
                   իմ աղոթքն է սիրուս,
որ երբեք չի՛ ավարտվում,
որովհետև չի՛ գունավորվում բառով...
Իսկ հիմա
գլխավոր գույնը այն է,
որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չե՛ն դառնում...
* * *
Բանաստեղծությո´ւն,
կուրծքդ թաքցրո´ւ
ուղղահայաց
և բութանկյուն լեշերից,-

հոտը օդակաթիլային հիվանդություն է
* * *
Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի´ խորն են զբոսնում,-
անունիդ միջով

Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության

Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր

Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի´ր
   
Գրաֆիտի
 Իջեցնել ջերմաչափը
հրեշտակի թևի տակից`
ուղիղ կիտրոնի մեջ:

Ի´նքդ մաշվել
վերին ճնշման սանդղակն
ի վար`
դեղնակարմիր երախտիքի

Անկատարյալ մեղքի շեղբով`
աղոթքներից դուրս սփրթնած
անեղանակ խազե՜ր քաշել
ապակուց ներս

Սնդիկն առնել ափերիդ մեջ,
շնչել բույրը անվերջնական պատվիրանի,
լեզվով պեղել սիրո աղը

Ու ջրերի վրա գլորել սնդիկը`
որպես
արամեական վարդի փշով ձկան աչք

Տասնմեկերորդ պատվիրան 
Երբ Սերը բաց ես թողել ձեռքիցդ,
ծափահարի´ր
հոգուդ «տկարությանը»:
Եվ ի ներումն Լույսի, որ թռավ
թարթիչներիցդ,-
ծափահարի´ր` ափդ այտիդ,
որից պոկեցիր բույրերի սրինգը:
Սրի´նգն ապտակիր

Մի ձեռքը նույնպես ծափ է տալիս:

Լոբաչևսկու երկրաչափություն
              (հատվող զուգահեռներ)
 Քրիստո՞սն է որդի,
թե՞ Որդին է քրիստոս
Ո´չ մեկը, ո´չ մյուսը
Քանզի Մա´յրն էր միածին`
չնայած երկու արգանդափող
ուներ
* * *
Վտանգավոր է երանգի ձայնը:
Գույնի աչք թարթելը
բանաստեղծություն է,
որից
ենթադրի´ր Աստծո «որպեսզի»-ն`
փրկվե´ս
  
* * *
Բառերիդ համար խեցիներ չունե՞ս:
Մի րոպե սպասի´ր,
ձեռքս տանում եմ` աչքերս հանեմ

* * *
Մաշկային շնչարգելությանս
պահերին
սպիտակ թղթի մաշկից եմ
օգտվում:

Փայտը չգրված բանաստեղծություններ է
հիշում իմ մասին:
Քեզ մոռանալիս փնտրում եմ ծառդ… 

* * *
Սարդը տավիղ է նվագում
սեփական սարդոստայնի վրա:

Մանուկը տավիղ է նվագում
մոր կուսաթաղանթի վրա:

Աշակերտը տավիղ է նվագում
ընթրիքի սփռոցի վրա Ուսուցչի:

Ձկները տավիղ են նվագում
ծով նետած ուռկանի վրա ձնորսի:

Վրձինը տավիղ է նվագում
թմբկաթաղանթի վրա Վան Գոգի:

Ստվերը տավիղ է նվագում
անվան հիշողության վրա:

Որդը տավիղ է նվագում
երազիս որդան կարմիրի վրա:

Տավիղը ե´ս եմ,
ո՞վ է ինձ նվագում

Զվարթնոց
Խոյակ առ խոյակ
ժամանակների ուսերը մաշող
քարե շուրջպար`
ինչպես քոչարին
անթաշկինակ օրիորդների
Խաչքարերը թաշկինակներն են նրանց



ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
Նարե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականին Գորիսում:  Ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը: Բանասիրական կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում (2008-2010): Աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը: Թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, www.amsagir.am էլեկտրոնային կայքին: Բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», «Գրեթերթ» և այլ պարբերականներում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:
2006թ. տպագրվել է Նարե Հովհաննիսյանի «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծությունները ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», իսկ 2013-ին` «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիաներում:

***
Ողկույզը տապից մայրացել է,
մանկացել է մայրամուտի կտավին,
և բերկրանքն իր երգել է այգեկութի վանկերով՝
գինդեգինդ և առլեցուն,
հասունությամբ խաղացել խտղտանքն իր խաղողե,
ժողովարան է դարձել խաղալիքե օրերի:
Մայրամուտի կտավին ողջը եղել է արբանք,
և գինդավոր իր եռքով վազի թունդն է ափեափ
հեղել հոգիս պարսկական:
Եվ խաղող է իմ հոգում,
այգեկութն է իմ հոգու
մայրամուտի կտավին մայրացել ու մայրացել.
ի՜նչ մանուկ է լինելու Արևելքը վաղվանից,
և հոգի՜ է բուրելու այգաբացը վաղվանից: 

*** 
Երբ երկինքն ես կարծել ինձ բամբակե օրորցք,
պարսից Արփին՝ կանթեղ՝ քնարբուքում եդեմ,
ու երբ լուսիններն ես հեգել ախորժաբար՝
իբրև ընծա՝ թեյատեսիլ ըմպումներին շրթնոտ,
գինին մեղր էր թորել մեր շուրթերի համար:
Օ՜,
չքնաղ է գինին,
արևելքի կույսիդ սրտալի՜ է գինին,
մայրանալու համար ի՜նչ վաստակ է գինին...
Եվ մենք՝ միմյանց գինի - գինին մեղր է թորում,
որ տիրանա անխոս մեր սրտերի բացին,
արևների պարսով եռա մեր կարոտի քիմքին,
և դու պեղե՛ս հոգիս, հեռուներից փութով
ըմպես շուրթերը իմ քո շուրթերով՝ կում-կում
դրախտ բացես բոցում իմ շուրթերի հրե:
Օ՜, 
անվերջ է գինին,
մենք ամենքս՝ գինի մեր կողերի թասում: 

***
Պսակ եմ հյուսում՝ արևապսակ,
որ փառաբանեմ իմ սիրագալը, սիրով երգելս:
Եվ ի՝նչ մեղրածոր լուսաշերտեր եմ
հղում դեպի հին մոլորակները,
որ փառաբանեմ իմ մենությունը, մենակ այրվելս: 
Եվ մթնահյութի կես բաժակ թուրմով
լուսօծում եմ իմ աղավնությունը,
որ բարեհաճեմ 
հյուրընկալմանը բազմաստվածների
և մեկ գիշերով հեթանոս լինեմ: 
Որ ես բնության,
քո սահմանները հեղեղեմ ինձնով,
քեզ ինձնով կարգեմ՝
վայելելու քեզ հեթանոսաբար: 

*** 
Հոգուս՝ կախման կետեր,
և մարմնիս էլ պիտի քեզ մեներգիչ կարգեմ,
որ դու երգերում ինձ բագին ընծայես՝
քեզ ինձ զոհաբերես:

Եվ երբ վաղը կարգվեմ Հուդա աստվածուհի,
դու ինձ էլ չես մատնի:
Հոգուս՝ կախման կետեր,
իսկ մարմնիս էլ պիտի քեզ մեներգիչ կարգեմ: 

*** 
Քեզ գողացել եմ իմ սրտի համար
թովչական առասպելներից,
որ իմ տարփածին կարոտների
շարանը ձոնեմ էությանը քո,
որ գնչուական սիրատենչության 
մի աշխարհ բացեմ միայն քեզ համար,
որ քո աչքերի և քո շուրթերի
կրքոտ լռությամբ ես ինձ բանտարկեմ,
սիրագողությամբ հանցագործ դառնամ 
միայն քեզ համար:

Դու ինձ ինձնից գողացել ես՝ ես այլևս ես չեմ,
դու ինձ ինձնից վանկատել ես՝ ես էլ արդեն դու եմ,
դու ինձ թաքուն քեզ ես պահել՝ դու ինձ սրբացրել ես,
դու ինձ այնքան տաք ես շոյել՝ դու ինձ վեհացրել ես:
Ես իմ հոգուն անհայտ մի գոյ,
իսկ քեզ համար՝ սեր եմ - 
դու ինձ ինձնից հեռացրել ես, և ես արդեն դու եմ: 

***
Հեթանոս իմ,
քո կրքուհին
բագիններից պեղված վիմագիր է,
որի տողում նախամարդն է սեր կարդացել
և քանդակել կլոր արև:
Ես կրքերի բույլարանն եմ, 
կրքի ոգին:
Դու մի՛ լռիր իմ հոգու  մեջ՝
քաղցածի պես ինձ հոտոտիր ափերից իմ:
Ժամանակը իմ հովազն է,
գիշատչելու իմ ընկերը,
որ սիրում է թարմությունը իմ օրերի:
Հովազի դեմ մենամարտիր
և նոր տողում պեղիր գիրն իմ՝ վիմագիրը,
Հեթանոս իմ: 

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ

Անմեղությունս
թեթև շիկնել է կողերիս մահճում...
մինչ երկինք հասնող
քաղցրություն են պեղում ձեռքերդ
իմ տարածքում...
ես ատում եմ
բոլոր սլաքները ....ժամացույցների...
ինչո՞ւ է աչքերիդ հարցականը
կախվել իմ կրծքից...
երբ օրը մթնում է
սենյակս լուսավորվում է
քո սև բիբերի փայլով
և ես ունենում եմ երկու ջահ...
բաց լանջիդ թիթեռները
փափուկ սահքով իջնում են ազդրերիս...
ես երջանիկ եմ համարվում
երբ անմեղությունս բողոքում է
և ուժ փնտրում...
դու ուժեղ ես...
մի թող արտասվեմ...
*
մարմինս բերրի է
և հասած մաշկիս վրա
համ է առել նուռը...
հիացած աչքերիդ պտուղը
կախվել է մարմնիս փեշերից...
երբ սոված լինես
կուտես այն
որ նորից հիանաս...
ես խենթանում եմ
երբ հայացքիդ հակինթները
շարան են դառնում
հասած մաշկիս վրա
և նռան գույն առնում ...ամաչելով...
երբ սկսում ես չհիանալ ինձնով
շնչառությունդ քիչ-քիչ նեղվում է
և ես խենթանում եմ
երբ մարմինս պատում է
ինձ լքելու տագնապը...
հրա՞շք է չէ ...չսերը
երբ գալիս է անժամանակ
և քեզ ցույց տալիս
թե ինչպես են քայլում լքվածները...
ես ուզում եմ նորից քայլել այդպես
լքվածների նման
տագնապներս ետ բեր...
մարմինս բերրի է
և անհամբեր են իմ թիթեռները...
հրաշք է չէ ՞...
*
երբ սիրելիդ կողքիդ է
դառնում ես երկրորդ օրհնություն...
ինձ հասու են
բոլոր օրհնությունների ձայները
երբ գիտեմ
որ երկրագնդի
ինձ շատ մոտ կետում
ապրում է սիրելիս
որից խնկի բույր եմ առնում
առավոտյան լոգանքից հետո...
լոգանքից հետո
նա նման է անփորձ պատանու
որին թողել են սիրելու կեսին...
խեղճ իմ
ես երեք անգամ
քո գրկից կաթնահամ եմ առել
և դու գիտես
մաշկիս թացության մասին...
և գիտես
որ ապրում ես երկրագնդի
ինձ շատ մոտիկ կետում...


ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ

Ծնվել է 1955թ. հունիսի 14-ին Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Աշխատել է Գորիսի գյուղվարչությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին և զոհվել 1992 թվականին Վերիշեն գյուղում՝: 
Ստեղծագործել է պատանեկան տարիներից, սակայն կենդանության օրոք չի տպագրվել: Միակ ժողովածուն՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս է տեսել հետմահու՝ 1993-ին: 
Ժողովածուն բացվում է Համո Սահյանի նախախոսքով, որը ներկայացնում ենք ստորև. 

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է… Անհունորեն ցավալի և հաճելի մի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ… Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:
Սպարտակ Բակունցի անունը առաջին անգամ լսել եմ ռադիոյով՝ ամիսներ առաջ: Կարդում էին նրա ռուսերեն բանաստեղծությունները: Այդ հաղորդումից հետո իմացա, որ հեղինակը զոհվել է Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում, թշնամու արկի բեկորից: Երբ ստացա այս ժողովածուն, պարզվեց, որ նա հիմնականում ստեղծագործել է հայերեն… Եվ զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել: Մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երևի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել և եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու: 
Կամ էլ, ի՞նչ իմանաս, կյանքում եղել է տաղանդավոր մարդ, կարողացել է իրեն այնպես դրսևորել, որ օգնել է մարդկանց, թեթևացրել նրանց կյանքը և ստեղծագործությունը համարել է հավելյալ մի բան: Այս է հաստատում նրա կենսագրությունը: Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը: 

Նա՞ է շունչը ժամանակի,
Ով, ընկնելով մարտի դաշտում,
Պատմությունն է կերտում ազգի,
Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
Թե՞ նա, որ իր տաքուկ բնում՝
Ազգի շահը դրոշ արած,
Կործանման է տանում ազգին՝
Հանուն շահի:

Այսպես է կյանքում: Մեկը ծնվում է շահի ու վայելքի համար, մյուսը՝ պարտքի ու տառապանքի: Վայելողի ախորժակը բացվում է նոր վայելքների համար: Տառապողը մարդկության հանդեպ կատարում է իր պարտքը, և այդ կատարումը դառնում է նոր պարտքի հրամայական: Եվ աշխարհն ապրում է երկրորդի հաշվին: Պատմությունը կերտում են երկրորդները: 
Եթե խաղաղության ժամանակ սա մենք դժվար ենք նկատում, ապա կրիտիկական պահերին ամեն ինչ ցցվում, սրվում և նկատելի է դառնում: 
Սպարտակ Բակունցը վերջին պարտքը Հայրենիքին վճարեց իր հերոսական մահով: <<Իսկ իր տաք բնում ազգի շահը դրոշ արածը>> շարունակում է հանուն անձնական շահի՝ կործանման տանել ազգը: 
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունը մի ամբողջ սերնդի հոգու կենսագրություն է… Ես չեմ ուզում խոսել հեղինակի ստեղծագործական առտավելությունների և որոշ պակասավոր կողմերի մասին, որովհետև հավատում եմ ընթերցողի ճաշակին, ազնվությանը և զոհերի նկատմամբ նրա մեծ հարգանքին: 
Կարդա՛ այս գիրքը, սիրելի՛ ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների և այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը… 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
16.04.1993թ. 
***
Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ու չգիտեմ՝ այնտեղ
Ինչն ինչպես է լինում,
Օրն ինչպես է մթնում,
Լույսն ինչպես է բացվում:
Ով ինչու է խնդում,
Ով ինչու է լալիս
Եվ ով ինչի համար,
Ում ինչպես է նայում…
Դեռ ապրի՞լ է այնտեղ
Կամ՝ ե՞րբ կգա մայիս:

Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ես նայել եմ երկար
Ու համոզվել հաստատ,
Որ ծիլերն էլ այնտեղ
Կարմիր պիտի լինեն:

***
Ով՝ ճշմարիտ, կամ ով՝ սխալ,
Սերունդները կբարբառեն:
Մեզ մնում է ոչ թե ծխալ,
Այլ՝ հայտնապես բոցավառվել:

Նետել ամեն, ամեն պատյան,
Չհագցնել ստին վեղար,
Օծվել նորին ճշմարտությամբ,
Ոչ թե եղծվել՝ հանց աբեղա:

Բավական է, էլ ի՞նչ աստված,
Ի՞նչ <<տեչ, մեղա>>, <<Հավատո սյուն>>…
Աստված ի՞նչ է՝ խաչված պատրանք,
Իսկ մենք խաչվել էլ չենք ուզում:

Բա՛վ է, բա՛վ է, բա՛վ է կառչել
Աստծու անմիտ այն բարբաջին,
Իբրև պետք է ձախը շրջել,
Թե ապտակ են տալիս աջին:

Դատողությունն ու՞ր է առողջ…
Ու՞ր էր <<Աստծո դատաստանը>>,
Երբ անարդար <<աջը տիրոջ>>
Ծվատում էր Հայաստանը:

Հայտնվել են դատավորներ՝
Աստվածահաճ, բթահայաց,
Հալածում են անգթորեն…
Չեք հավատա… Գութը հայոց:

Դեռ արդար դա՞տ ակնկալել…
Իսկ ո՞ր դասին դատն այն դասել՝
Ուր վճիռը կանխակալ է…
Հանցակազմին ի՞նչ սպասել:

Ոչ արդար կա, ոչ մեղավոր… 
Այս ի՞նչ դատ է, ի՞նչ դատարան.
Կեղեքողին՝ քեի, քավոր…
Բողոքողին՝ դավ ու դարան:

Ուղեգորգեր՝ ասպատակին…
Արդարությունն աստանդական…
Ուրեմն ի՞նչ, ասպանդակե՞լ
Ու շեփորել <<ակն ընդ ակա՞ն>>:

Գուցե մորթե՞լ, չվարանե՞լ,
Նետել հնոց կամ վառարա՞ն,
Բռնաբարել ու խարանե՞լ,
Քան թարգմանվե՞լ անբառարան:

Գուցե վառվել… Չէինք վառվի
Խարույկներում մատյաններիս…
Գուցե սպանել… Չէինք սպառվի՝
Գութ հայցելով ատյաններից:

Գուցե… Գուցե… Ուշ է, անցած,
Դա չէր լինի ու չի եղել…
Ունեցել ենք փառքեր անանց,
Ունեցել ենք գաղթ ու եղեռն:

Բայց աշխարհի մեղաց միջից
Անհեթեթ է այնքան հնչում,
Որ մեկը միշտ մեղա կանչի,
Երբ ուրիշն է միշտ մեղանչում:

Ապավինել հին Լեթայի՞ն…
Ու չբացել դավը դարի…
Ներկան կոչել հեքիաթայի՞ն…
Չե՞մ նմանվի մտագարի:

Գիտեմ, նոր դատ կկայանա,
Ուր կդատեն հին ներկային…
Ի՞նչ երեսով ներկայանալ
Արդար դատին ապագայի:

***
Թե հագիդ շորը
Քեզ չի ջերմացնում
Ինչպես որ հարկն է,
Շորն ի՞նչ մեղք ունի.
Բուրդ չէ, բամբակ է:

Թե գայլի դնչին
Իջած աքացուց
Դունչը տափակեց՝
Ձին ի՞նչ մեղք ունի.
Ձիու սմբակ է:

Թե կոպիտ խոսքով
Մի անբիծ հոգի
Փորձեն ծանակել,
Խոսքն ի՞նչ մեղք ունի,
Խոսողն համբակ է:

Թե մի օր տեսնես,
Որ համբակները
Շուրջդ բանակ են,
Օրն էլ մեղ չունի՝
Համաճարակ է:

***
Թոթովում ես դու դեռ, բայց խոհուն ես այնքա՜ն,
Ասես՝ ապրել ես դու ամբողջ մի կյանք,
Ասես՝ մղել ես դու հայացքների պայքար,
Մերժել ամեն-ամեն օտար հոսանք:

Եղի՛ր դու միշտ ազնիվ ու ճշմարիտ, որդի՛ս,
Ճամփադ անցիր թեթև, նայիր առաջ,
Ու տապալի՛ր ճամփիդ, եթե ելնեն երթի
Բամբասանք ու քծնանք: Եղի՛ր միշտ քաջ:

Քո ճշմարիտ կյանքով եղի՛ր դու միշտ հպարտ,
Կյանքին նայիր հույսով, նայիր շիտակ,
Թող պապանձվե՛ն քո դեմ,
                          քո հայացքից անթարթ
Չարի ամեն-ամեն գետ ու վտակ:

***
Ուզում եմ հուշերս թղթին տալ՝
Մտքերս չեն տալիս բառերս…
Տխուր է, ուր որ է՝ պիտի լամ.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

Իսկ շա՞տ են մանկության հուշերս.
Գրիչս ձեռքիս մեջ դողում է:
Գիշեր է: Մարել են լույսերը.
Հուշերս շարունակ տեղում են:

Հուշերս շարունակ տեղում են.
Մտքերս չեն տալիս բառերս:
Հուզվում եմ: Ձեռքերս դողում են.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

***
Մի կարոտ՝ ձեռքերը երգերիս վրա
Եվ մի երգ՝ ձեռքը կարոտիս մեջ,
Մի երկինք՝ կապույտ-կապույտ,
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Երկնքում ամեն օր ճախրող
Մի լուսին ու մի արև,
Մի քամի՝ նրանց ճամփող
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Մի երկինք՝ վշտից լացող,
Եվ կայծակ, և հողմ, և որոտ.
Կարոտի մի երգ կա այդտեղ,
Կյանքի մի կարոտ:

***
Թիկնեի կարոտիս կանչերին,
Աչքերս սառեին սպասումից,
Շիկնեի իմ ներքին շանթերից,
Հայացքս հառեի լազուրին:

Ու հանկարծ տեսնեի այդ պահին,
Հրացայտ օվկիանում երկնքի՝
Թևածող մի ճերմակ աղավնի՝
Զորավոր պահանջով երկունքի:

Եվ իջներ ու որպես սպեղանի,
Լուռ երկներ ողերձը փոթորկիչ,
Հուզվեի բառերից գեղանի,
Բուրմունքից՝ թևավոր ցնորքի:

***
Ինձ ոչ ոք չօգնեց…
Ինձ ե՛ս կերտեցի
Եվ իմ կերտածն էլ հազիվ այսքան էր:

Լռել՝ չեմ կարող,
Խոսել՝ չեմ ուզում,
Իսկ լսելու էլ ժամանակ չունեմ:
Շտապում եմ, բայց…
Չեմ հասակնում՝ ու՞ր.
Ուզում եմ հոսել, հոսել՝ չսպառվել,
Լինել գետի պես, բայց ծով չթափվել,
Ուզում եմ կռվել, սակայն չսպանվել,
Ուզում եմ հարբել, բայց շուտ սթափվել,
Ամեն ինչի մեջ լինել չափավոր,
Նաև՝ չարանալ ամեն չափի դեմ…
Տաքանալ, վիճել,
Սակայն…
Չզիջել:

***
Իմ գարնան անձրև՜…
Թոն-թաց օրերիս միակ սփոփանք,
Իմ ջրե նազանք, իմ թաց երազանք…
Ո՞ր ամպին նայեմ, որ դու ինձ նայես,
Ի՞նչ սիրով սիրեմ, որ դու էլ սիրես,
Համբուրես նորից այտերս դալուկ,
Շշնջամ նորից անունդ տամուկ…

Իմ ծանո՛թ գարուն…
Իմ սուրբ մանկության մոռացված իմ սեր,
Իմ լքված երազ, մանկամարդ իմ երգ,
Իմ հոգնած թախիծ, իմ թախծոտ կարոտ…
Որտե՞ղ ես հիմա: Ո՞ր վայրում ծանոթ:
Ո՞ր երկնքի տակ որոնեմ ես քեզ,
Ի՞նչ ձայնով կանչեմ, որ ձայնս լսես,
Ո՞ր երգս երգեմ, որ ինձ հետ երգես,
Ո՞ր երազիս մեջ սպասեմ ես քեզ,
Ո՞ր մոլորակում, ո՞ր ճամփին բանուկ…
Իմ կանաչ գարուն… Իմ երազ մանուկ…

***
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ,
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի:
Քեզ իմ երազի մեջ եմ տեսել ես,
Իսկ դու արթմնի ինձ պարուրեցիր:

Ես՝ թափառական մտքերիս գերի,
Քեզ իմ մտքերի տերը դարձրի:
Քեզ իմ անառիկ ամրոցը բերի
Դու նշանաբան ինձնից հարցրիր:

Քեզ հմայք տվի՝ դու ինձ թովեցիր,
Քեզ անդորր տվի՝ ինձ խռովեցիր,
Քեզ եղեգի պես պիրկ ստեղծեցի,
Դու ուռենու պես ինձ խոնարհեցիր:

Քո հրապույրը ուրիշը չունի.
Թե ես հարբած եմ՝ դու ես այն գինին…
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ.
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի…



ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1935թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1955-1956 ուստարում ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը: 1957-1960 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1962թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Տաթևհէկի շինարարությունում նախ՝ որպես ձևավորող նկարիչ, ապա՝ շինմոնտաժային տեղամասում՝ որպես մոնտաժող փականագործ: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հեռակա բաժինը: 1966թ. գործուղվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1969 թվականը: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-2005թթ. աշխատել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել է դպրոցական տարիներից: Բանաստեղծի առաջին ժողովածուն՝ <<Անթեղած կրակներ>>-ը,՝ լույս է տեսել 2013 թվականին: 

ՈԳՈՐՈՒՄ

Հանգիստ չեն տալիս խոհերս կրկին,
Ու դարդն եմ անում ես այս աշխարհի,
Առել եմ երկրի ցավերը գրկիս,
Հանել ոսկեհատ հույզերիս բարին...
Ու սերմանում եմ ինչպես մարգարե,
Հարության հունդը՝ ճառագը հոգուս,
Ինչպես լուսատուն հար ու արդարև՝
Շարմաղ շողերով արեգնահամբույր:
Տալիս եմ երկնին, երկրին, աշխարհին,
Մարդկանց բարեգութ ու սրտախորով,
Ծփուն դաշտերիս ծիլին ու ծաղկին՝
Սերս անհատնում ու սրտագորով:
Բաշխում սրտաբաց ու հույսերով լի,
Ինձ տված տուրքն եմ տալիս աշխարհին,
Բարեմաղթանքս հանում սրբագիր,
Տեսնեմ հեգ գլխիս ինչեր են գալիս:
Չեմ համակերպվում այս օրերի հետ,
Չար աշխարհի դեմ ինքս եմ չարանում,
Կյանքը՝ տաղտկալի, հուզումներս՝ խենթ,
Դարը՝ անողորմ, չարը՝ բարձրանուն:
Ծանր եմ տանում, ընդվզում կրկին,
Ու դուրս եմ գալիս ես իմ ափերից՝
Վրեժով լեցուն, չար ու մոլեգին,
Կայծակին տվող շանթեր ձեռքերիս:
Ուզում եմ հրկիզել բները չարյաց՝
Անգամ ընկերքը նրանց չարածին, 
Գնալ աշխարհքիս բախտին ընդառաջ,
Վայելքն առնել վառ այգաբացիս...
Շիկնանքը հուրհեր ու վառ ծիրանի,
Շուլալվել դեղձան հրե բոցերում,
Արևի հուրն առնել այտերիս՝
Շունչ առնել բարձրիկ լեռան ծերպերում: 
Ու բարձրից ձայնել ի լուր աշխարհի,
Որ մարդկանց խղճի աչքերը բացվեն,
Շուրթերը բացեն, վատեն բարին,
Չարության մաղձը հոգուց դեն նետեն: 
Ցրտերը վանեն հոգու սառնության,
Բարեմտության հունդեր սերմանեն:
Կրքերը զսպեն հոգու չարության
Խռովքը մարդկաց սիրով դարմանեն:
Բարության ոգին մտնի ուղեծիր
Տիեզերաաչք երկնում ճառագի,
Բերկրի երկիրը ու երկինքը բիլ,
Աշխարհի ծիրում ողջ մոլորակի:
Ու խաղաղություն իջնի աշխարհին,
Իջնի մանրահատ ինչպես մանանա,
Չարը ետ կանգնի իր չար արարքից,
Կյանքը ցնծության ծեգում խենթանա: 

ՄԱՂԹԱՆՔ
Թող ծաղկուն լինի գարունդ,
Դաշտերդ ծայրեծայր հերկվեն,
Հոտևան լինի բուրումդ,
Հավքերդ եռաձայն երգեն:
Հունդերդ ավիշով լցվեն,
Բռնվեն երկունքի դողով,
Մանկան ժպիտի պես բացվեն
Ու շիկնեն արևի շողով: 
Իսկ հետո գժվեն, խենթանան,
Ու ծփան դաշտերը հուռթի,
Բոլորիս անեն խելքահան,
Ու բացվեն դռները գութի:
Թող որ հարսներդ մայրանան,
Ունենանք բարուրներ ժպտուն,
Մոլեգին կրքերը վերանան
Ու մեզ պես չլինեն ցրտում:
Լիությամբ երկիրս բերկրի,
Շնորհի ամենայն բարիք,
Տեր լինենք լիառատ բերքին,
Չունենանք ոչնչի կարիք:
Գինին թող եռա տիկերում՝
Ճողփյունը կարասում լինի,
Կնունքի նստենք բակերում,
Վայելենք մեղրածոր գինին: 
Ցնծախենթ հնչի քոչարին,
Զրնգա եղեգան փողով,
Պարը լեռնցի ռանչպարի՝
Շուլալված արեգան շողով:
Տաքանան շուրջպարով՝ ձգվեն
Ու անցնեն Հայկական պարով,
Հայաբույր հողերս գգվեն՝
Հայրենիս՝ տարագիր կարոտ: 






Комментариев нет:

Отправить комментарий