27.12.2014

ԴՈՒԽԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Դուխիկ Հայրապետյան,  Իմ շող շաղիկներ, Գորիս, 2014, 166 էջ: 
(Մանկապատանեկան բանաստեղծություններ և արձակ)

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Աստիճանները հետաքրքիր հորինվածք են՝ անհրաժեշտության բերումով: 
Կյանքում էլ ամենուր աստիճաններ են: 
Գրականության մեջ դա մի այլ դրսևորում ունի. դա սարքած-հնարածին չէ՝ դա գենով է, օժտվածության. արյան ու ավշի մեջ ունեցած սիրո չափով է: Դա ստեղծագործելու ներկապնակ է, դա տեսնել-նկատել-արտածել ոգեղեն շնորհք է, որ գալիս է մարդուս հետ, երբ կանխորոշվում էր նրա արարումի իրողությունը:

24.12.2014

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԱՌՋԵՎ


«Ուր էլ մեռնեմ աշխարհում, ինձ կթաղեք Զանգեզուրում». hայ տաղանդավոր արձակագիր Սուրեն Այվազյանի՝ հայրենի հողի անօրինակ պաշտամունքից ծնված այս խնդրանքը ի կատար ածվեց. 1981 թվականի մայիսի 19-ին գրողի աճյունը հողին հանձնվեց ծննդավայր Խնձորեսկում՝ իր կառուցած առանձատան այգում: 
Անկասկած, արվածը բարոյական քայլ էր, եթե հաշվի առնենք գրողի մարդկային համեստ ցանկությունը, բայց մեծերի պարագայում գործում են արժևորման չափանիշներ, որոնց «խախտումը» ինչ-որ առումով ներելի է: Այդ չափանիշները անձնական ցանկությունների շրջանակից շատ էական հարցադրումներ բարձրացնում են հավաքական կարևորության շրջանակ և պահանջում բոլորովին այլ լուծում: Չեմ վարանում պնդել, որ անկախ խնդրագրից՝ Սուրեն Այվազյանի տեղը Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնն էր: Որպես գրող՝ Այվազյանը միանգամայն արժանի էր այդ պատվին, արժանի էր համաժողովրդական մեծարման…

18.12.2014

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ - 99. «Ուզում եմ փլատակների տակից արթնացնել մեր բերդաթաղի ոգին...»


<<... Սկիզբը՝ անցած ժամանակների ծննդոց ակունքում, վերջը…Վերջ չկա>>: Այս տողով է ավարտվում Սերո Խանզադյանի <<Հորս հետ և առանց հորս>> ինքնակենսագրապատումը, որ խորհրդանշական է հենց իր ստեղծագործական կենսընթացի համար: Օրերի, տարիների հետ առաջ է գնում Սերո Խանզադյանի փառքը, և ավելի է ընդգծվում նրա գրական ժառանգության պատմական նշանակությունը: Խանզադյանը հայ գեղարվեստական արձակագրության բարձր արժանապատվությունը ներկայացնող անուններից է և իր գրական նկարագրի ինքնատիպությամբ վավերական տեղ ունի հանրային գիտակցության մեջ:
Դեկտեմբերի 3-ին լրացավ Սերո Խանզադյանի ծննդյան 99-րդ տարեդարձը, ինչի առթիվ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի ու Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի գլխավորությամբ գրողի կիսանդրու մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողություն, իսկ դեկտեմբերի 5-ին Գորիսի քաղաքապետարանի և <<Միրհավ>> գրական ակումբի արդյունավոր համագործակցությամբ գրողի տուն-թանգարանում կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էին քաղաքապետ Վաչագան Ադունցը, փոխքաղաքապետ Գևորգ Բոլյանը, քաղաքի մտավորական ընտրանու ներկայացուցիչներ, կրթական, մշակութային, ստեղծագործական կառույցների ղեկավարներ, լրագրողներ:

27.11.2014

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՐՈՂԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ... ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՈՐԾԵԼ / Ֆոտոշարք, տեսանյութ

2015-ին լրանում է հայ նշանավոր արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որ, անառարկելիորեն, պետք է նշվի պետական պատշաճ մակարդակով: Գրողի՝ աղմկահարույց <<ոդիսական>> ունեցող գորիսյան առանձնատունը Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհիվ մի քանի տարի է արդեն, ինչ պետության սեփականությունն է և կոչված է պահպանելու գրողի մասունքները: Գորիսի հյուսիս-արևմտյան հատվածի բարձրադիր, գեղատեսիլ լանջերից մեկին ծվարած ինքնատիպ շինությունը, չնայած մուտքին փակցված ցուցանակի ծանուցագրին, քիչ է նման կամ գրեթե նման չէ թանգարանի: Ամեն մի թանգարան, անկախ կառուցվածքից, մարդու կերտած մնայուն արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է, որ ունի գիտական ու ճանաչողական բացառիկ նշանակություն:

24.11.2014

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ

Օրերս <<Միրհավ>> ակումբի ձեռնարկած <<Բաց դասախոսություններ>> նախագծի շրջանակներում Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվել էր գրական հանդիպում՝ նվիրված սյունեցի տաղանդաշատ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանին: Օրվա հյուրը Գորիսի մտավորական ընտանիքի ավագներից մեկն էր՝ Ռեդիկ Հայրապետյանը, որ մարդկային ու ստեղծագործական ջերմ շփումներ էր ունեցել բանաստեղծի հետ և հոգու հուշամատյանում սրբորեն պահպանել մեծ բարեկամության լուսեղեն հետքերը: Ռեդիկ Հայրապետյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց սրտահույզ մի հուշապատում՝ <<Ալբերտ Իսաջանյանը և իր ժամանակը>> խորագրով, որ ժամանակի գրական անցուդարձի ֆոնի վրա ամբողջացնում էր Ալբերտ Իսաջանյան մարդու և գրողի բացառիկ նկարագիրը:

10.11.2014

«Հենց իր նման... թեյի բաժակը սեղանին դրեցի ու գրեցի իմ առաջին պատմվածքը» / ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՎԵՏԻՔ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ

Վերջերս <<Միրհավ>> գրական խմբակը հանդիպում ունեցավ սյունեցի մեծանուն արձակագիր Սուրեն Այվազյանի որդու՝ Ավետիք Այվազյանի հետ, որ նույնպես գրող է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և ստեղծագործական ծրագրերով գտնվում էր հայրենիքում: 
Ստորև ներկայացնում ենք Ա.Այվազյանի հետ <<Միրհավ>>-ի ունեցած բացառիկ հարցազրույցը: 

1.Պարոն Այվազյան, անչափ հաճելի է ծանոթանալ ու հաղորդակցվել մի մարդու հետ, ով մեզ՝ սյունեցիներիս(և ոչ միայն) համար այնքան սիրված գրողի՝ Սուրեն Այվազյանի արժանավոր որդին է, ինքն էլ՝ մարդկային արարող տեսակ, ստեղծագործական անհատականություն, որ ընթերցողին ներկայացել է ուրույն գրաշխարհով: Նկատի առնելով, որ Դուք մեծանուն սյունեցու որդին եք, զրույցը սկսենք հենց այդ նոտայից. ի՞նչ եք ամենից առաջ ժառանգել Ձեր հորից՝ անհատական խառնվածքի, արժեհամակարգի, գրական նախասիրությունների առումով: 

- Ինձ թվում է, որ տարիների ընթացքում մենք բոլորս ավելի ու ավելի ենք նմանվում մեր ծնողներին… Սակայն չեմ կարող ասել, որ ես հենց իմ հայրն եմ, քանի որ Այվազյանի նման երկրորդը անհնար է լիներ:

27.10.2014

ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ / Լեռնաշխարհն ու նրա մարդիկ Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակում

Ս.Խանզադյանի հարուստ գրական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ ունեն պատմվածքներն ու վիպակները: Հեղինակը ձգտում է պահպանել Սյունյաց լեռների մարդկանց բնատուր, տոհմիկ էպիկականությունը, բանաստեղծական գեղեցկությունն ու վեհությունը, որոնց գեղարվեստական առաջին դրսևորումներն ի հայտ եկան հենց պատմվածքներում և վիպակներում: Այս առումով խիստ ուշագրավ է <<Մատյան եղելությանց>> (1966) վիպակը, որը մեր գրականության մեջ <<քրոնիկոնի ժանրի>> բարձրագույն դրսևորումներից է: Վիպակը միանգամից լայն ընդունելություն գտավ:
<<Մատյան եղելությանց>> վիպակը լայն առումով չի տեղավորվում ժանրի դասական պատկերացումների մեջ: Կարելի է ասել, որ այն ո՛չ վիպակ է, ո՛չ վեպ, ո՛չ էլ վավերագրություն*, որովհետև այնտեղ ներկայացված է իսկապես ապրված մի իրողություն, որը հնարավորություն է տալիս պահպանել ժամանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այն ներկայացնել այնպես, որ ընթերցողին թվում է, թե ինչքան էլ ժամանակ անցնի, այն երբեք չի հնանա:

24.10.2014

ՀԵՂԻՆԵ ԹՈԽՍԱՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (III տեղ), Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Թոխսանցի աշխատանքը 

Սիրում եմ բնությունը և հաճախ եմ առանձնանում մեր տնամերձ գողտրիկ այգում: Խոսում եմ ծառ ու թփի հետ, սքանչանում բնության գեղեցկությամբ ու ապշում նրա կատարելությամբ: Գարնան մի գեղեցիկ օր սովորականի նման զբոսնում էի այգում, ըմբոշխնում թարմ օդը, ունկնդրում ծառերի՝ սյուքից սվսվացող տերևների երգը: Ու … թվաց՝ քայլում եմ Մթնաձորում՝ վայրի ու կուսական, այնքան թավ, որ արևի ճաճանչն անգամ չէր թափանցում ճյուղերից ներս (դեռ երեկ երեկոյան Բակունցի երկերն էի անհամբերությամբ ըմբոշխնում, զանգեզուրյան բնաշխարհի համն ու հոտն զգում):

23.10.2014

ԿՈՐՅՈՒՆ ԴԱՋՈՒՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (II տեղ), Վերիշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կորյուն Դաջունցի աշխատանքը 

<<Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զգացմունքին, երազներին…Մթնաձորի երգիչը, ինչպես անվանում էին նրան, նոր էր ոտքը դուրս դրել հայրենի անտառներից, նոր էր հայացքը դարձրել դեպի հեռուները>>:
Ռուբեն Զարյան 

Ընդամենը տասը տարի գրական կյանքով ապրեց Ակսել Բակունցը, սակայն մշտական եղավ նրա հետմահու կյանքը: Նա կարծես զգացել է, որ ստեղծածին նորից ստեղծագործորեն անդրադառնալու ժամանակ չի ունենալու, գրել է կատարյալ:

22.10.2014

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Քարահունջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիետա Բաղդասարյանի աշխատանքը

Ակսել Բակունցի <<Մթնաձոր>>-ը յուրօրինակ պատմվածաշար է՝ ողողված գեղջկական կյանքի տարբեր տեսարաններով, բնապատկերներով, մաքուր ու անկեղծ զգացմունքներով, մարդկային կյանքի բազմազան էջերով ու փոխհարաբերություններով: Բակունցը իր պարզ խոսքով կարողացել է ամենաճիշտ ձևով նկարագրել հայ գեղջուկին՝ մեկ՝ պարզ ու շիտակ, մեկ՝ ոխակալ ու դաժան, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ սերտորեն միահյուցված բնությանն ու հողին:
Ես էլ գյուղացի եմ, բայց միայն Բակունց կարդալուց հետո կարողացա հասկանալ գյուղացու աշխարհը, զգալ Սյունյաց աշխարհի բնության ու եղանակի գեղեցկությունը:

19.10.2014

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԻՍԻ ՏՈՆԻՆ

Ակսել Բակունցի տուն-թանգարանի հնօրյա, գեղեցիկ տոներից մեկը՝ <<Բակունցյան օրեր>>-ը, վերջին տարիներին վերաճել է համաքաղաքային մեծ տոնախմբության և նշվում է որպես Գորիսի հիմնադրման տոն: 144-ամյա քաղաքն ունի հոգևոր-մշակութային փառավոր կենսագրություն, որով էլ չափվում է նրա լինելիության որակական կշիռը և պատմական ընթացքի մեջ հաստատվում հավերժական ուղեգնացությունը: Սյունեցին գիտակցում է հոգևոր արժեքների ազգապահպան ու սերնդակերտիչ նշանակությունը և արժանապատվորեն տեր է կանգնում իր մեծերին, որոնք իրենց փառքը, անունն ու գործը նվիրաբերեցին հարազատ ժողովրդի ոգեղեն կերպարի ամբողջացմանը: <<Գորիսյան օրեր>> ամենամյա տոնակատարությունը բարեպատեհ առիթ է՝ Սյունյաց մեծերին վերստին պատվելու, մշակութային ավանդույթները, արժեքները վերակոչելու ու վերագնահատելու, մեր ինքնեղությունը, ինքնության ոգին աշխարհին ներկայացնելու:

09.10.2014

ՄԱՐԻՆԵ ԲԱԿՈՒՆՑ / Աշակերտների մտածողության զարգացումը ամփոփման դասի ընթացքում (Համո Սահյանը որպես բանաստեղծ)

Գիտատեխնիկական աննախընթաց վերելքը նոր պահանջներ է ներկայացնում դպրոցականի մտավոր զարգացմանը և հնարավորություն ընձեռում ուսուցման պրոցեսի գիտական կազմակերպման համար: Կրթության բովանդակության իրականացման համար ուսուցչի առաջնահերթ խնդիրն է դասավանդման մեթոդների կատարելագործումը:
Դասաժամի բարձր մակարդակի ապահովումը դառնում է ուսուցչի ամենօրյա հոգսը, ուստի առաջին պլան է մղվում ուսուցչի գիտական-մեթոդական պատրաստականության բարձրացումը, որով էլ պայմանավորվում է աշակերտների արդյունավետ մտածողությունը:
Ուսուցչի ստեղծագործական աշխատանքով և դասի կազմակերպվածությամբ են պայմանավորված աշակերտների ճանաչողական ակտիվությունը, ծրագրային նյութի հաստատուն յուրացումը, շերտավորված և անհատական աշխատանքի ձևերը դասի պրոցեսում և դրանից դուրս:

01.10.2014

ԼՈՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ


Սեպտեմբերի 24-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանի անհատական ցուցահանդեսը: 
Լորիկ Մինասյանը ծնվել է 1958 թվականին Կապանում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը: 2002 թվականից ՀՀ Նկարիչների միության անդամ է: Ունեցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: Գորիսում Լ.Մինասյանը արվեստասեր հասարակությանը ներկայացավ անհատական անդրանիկ ցուցահանդեսով: 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցներ, քաղաքի մշակութային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած պատվիրակության անդամներ:

23.09.2014

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս <<Սյունյաց երկիր>> պարբերականը հատուկ թողարկումով անդրադարձել է մեր հայրենակից, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանի կեսդարյա ստեղծագործական ճանապարհի գնահատությանը: Ինչպես թերթի մյուս հատուկ համարները՝ նվիրված գրականության ու մշակույթի մեծերին, այս թողարկումը նույնպես ընտրանյութով, որակով, մնայունն ու արժեքավորը տեսնելու-գնահատելու անխախտ սկզբունքով, նպատակով, թե ինչու՞ է ստեղծվում և ու՞մ է հասցեագրվում, բացառիկ է և կապրի ի՛ր ժամանակի, ինչու չէ, նաև պատմության մեջ:
Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ ու բազմավաստակ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու:

17.09.2014

ՌՇՏՈՒՆԻ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ / Պատմվածքներ

Ռշտունի Խուրշուդյանը ծնվել է 1954 թվականին Գորիսում: 
Իբրև գրողի նկարագիր՝ ինքնատիպ երևույթ է Սյունյաց գրական դաշտում: Գրել սկսել է 1980-ականներից: Նրա ստեղծագործական աշխարհը առանձնանում է իմաստային հարստությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Գրական նախասիրությունը պատմվածքի ժանրաձևն է: Պատմվածքներից տպագրվել են <<Զանգեզուր>>, <<Սյունիք>>, <<Բանբեր Գորիսի>>, <<Սյունյաց երկիր>> և այլ պարբերականներում, <<Գրական Սյունիք>> անթոլոգիայում: Առանձին ժողովածուով դեռևս չի ներկայացել ընթերցողին: Ստորև ներկայացվող <<Լույսի շուշաններ>> և <<Հացի համը>> պատմվածքները, որոնց ընթերցողը ծանոթ է մամուլից, հոգեբանական խտացումների փայլուն նմուշներ են, մնայուն արժեքներ մեր արձակագրության մեջ: 
Լ Ո Ւ Յ Ս Ի    Շ Ո Ւ Շ Ա Ն Ն Ե Ր

Այդ ժամանակ ես տասնչորս տարեկան էի:
Ամռան վերջերին, երեկոյան, երբ գյուղին փարվում էր աղջամուղջը, և լուսինը, աստիճանաբար գունատվելով, երկնակամարում ցցում էր իր դեղնած սեխակտորը, մեր գոտիների տաքացած շրմփոցներից խախտվում էր գյուղի հովվերգական անդորրը, և կալի մոտ օր օրի փքվող բուրավետ խոտադեզերը ասես բռնկվում էին չարացած ճտճտոցներով:

10.09.2014

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / Իմ պարտեզում

Հատված Ս.Այվազյանի <<Ասուր, հե՜յ Ասուր>> ինքնակենսագրական վեպից

Մեր հին գյուղը հազարամյակների պատմություն ուներ. քանդեցին, բարձրացան սարահարթ: Վերացրին մի հին, հարուստ պատմություն, որ մնաց Ձորում, ապրածների սրտերի, հիշողությունների մեջ և կմնա այնքան, ինչքան նրանք կլինեն: 
Ձորի մեր տունը, ինչպես բոլոր տները, մի ուրիշի տան վրա էր: Այսինքն՝ այդ ուրիշի տան կտուրը մեր տան բակն էր: Երբ ես փոքր էի, ուզեցի, որ մեր տան առաջ պարտեզ ունենանք: Պարտեզում ծաղիկներ լինեն, ծառեր ու մեծ ընկուզենի, որ ընկերներիս հետ պահմտոցի խաղամ՝ թաքնվեմ նրա թանձր սաղարթների արանքում: Որ ամռանը, լուսնյակ գիշերներին, նստենք նրա տակ և, ծաղիկների հոտը շնչելով՝ նայենք աստղերին, երազենք ու զարմանանք: Որ այդ ընկուզենու տակ, մեզ հետ նստի և ջաղացպան Ներսեսը՝ պատմություններ անի, մենք էլ լսենք ու չհագենանք: 
Մի օր մտածեցի ու գտա, որ կարելի է այդպիսի պարտեզ ունենալ:

03.09.2014

ԼԻԼԻԹ ԹՈՒՆՅԱՆ / Գեղարվեստական ժամանակի ու տարածության դրսևորման ձևերը Համաստեղի արձակում*

Համաստեղի գեղարվեստական արձակում ժամանակն ու տարածությունը հանդես են գալիս մի կողմից իբրև կառուցվածքային նշանակություն ունեցող կատեգորիա, մյուս կողմից՝ իբրև հեղինակի գեղագիտական վերացարկման արդյունք:
Գեղարվեստական գրականության մեջ ժամանակի և տարածության փոխադարձ կապը Մ. Բախտինն անվանել է քրոնոտոպ (հունարենից բառացի թարգմանությամբ նշանակում է` ժամանակատարածություն), որը <<որոշում է գրական ստեղծագործության գեղարվեստական միասնականության կապերը իրական դեպքերի հետ>>[1]:
Առաջինը գերմանացի քննադատ Գ. Լեսսինգն իր հայտնի <<Լաոկոոն կամ գեղանկարչության և բանաստեղծության սահմանների մասին>> աշխատության մեջ անդրադարձավ ժամանակի և տարածության միասնականության խնդրին, արվեստի երկերը բաժանեց` ըստ իրենց ժամանակային և տարածական հատկանիշների:

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ / Ծիծաղում է Խնձորեսկը

Հեղինակի կողմից

<<Այս գիրքը ստեղծել  են խնձորեսկցիները, որոնք հնուց ի վեր հայտնի են եղել իրենց սրամտությամբ, զվարճախոսությամբ, խոսքը կատակով համեմելու նախանձելի կարողությամբ: Ժողովուրդը դարեր շարունակ ստեղծագործել է, ժամանակների հետ բյուրեղացել է նրա միտքը, հարստացել, ստացել նոր իմաստ ու բովանդակություն: Գրքում տեղ են գտել ժողովրդի կողմից ստեղծված իմաստասիրական, կենցաղային-ընտանեկան, հասարակական-քաղաքական բնույթի շատ կատակներ ու խոսքեր, որոնք իրենց արդիականությունը պահպանել են մինչև այսօր: ... Խնձորեսկը սրամիտների ու զվարճախոսների պակաս չի զգացել:

01.09.2014

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ / Սեպտեմբերյան ղողանջներ


Պէտք է հայ մանուկը յանձնել միայն հայ դպրոցին: րամ Ա. կաթողիկոս ) 

Դպրոցական եմ դարձել

Մեր դպրության դարբնոցում
Կրկին տոն է, ցնծություն,
Պայծառ արև, ուրախ դեմքեր,
Սեպտեմբերի մեկն է եկել:
Մեր դպրության դարբնոցում
Կրկին զանգերն են ղողանջում,

30.08.2014

ՆՈՐ ԱՆՈՒՆ ՀԱՄԱՍՏԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2014 թվականի հունիսի 18-ին ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ մեր հայրենակցուհի, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ Լիլիթ Թունյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքում նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Գրականության տեսություն» (Ժ.01.04) մասնագիտությամբ: 
Լիլիթ Թունյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 28-ին Գորիսում: Միջնակարգ կրթություն ստացել է Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցում: 2004-2010 թվականների ընթացքում սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատում, ապա՝ նույն բաժնի մագիստրատուրայում՝ ավարտելով գերազանցության դիպլոմներով: 2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Գրականության տեսություն» բաժնում ձևակերպվել է որպես հայցորդ և բ.գ.դ., պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի ղեկավարությամբ մինչև 2014 թվականը աշխատել «Համաստեղի արձակի պոետիկան» թեմայով ատենախոսության վրա, որի փայլուն պաշտպանությամբ էլ, ի վերջո, նա ստացավ իր հայցած գիտական աստիճանը:

28.08.2014

ԿԱՄՍԱՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ

Օգոստոսի 23-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց աբստրակտ նկարչության ճանաչված վարպետներից մեկի՝ Կամսարի (Կամո Սահակյանի) անհատական ցուցահանդեսը: 
Կամո Սահակյանը ծնվել է 1961 թվականին Եղեգնաձորում: Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում(Վան Եղյանի դասարանում), այնուհետև ավարտել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1980 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային մի շարք մրցույթների, ունեցել խմբակային ու անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ: 1989 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

23.08.2014

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ / ««Մթնաձոր»-ը կարդալուց հետո...»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակի առթիվ «Միրհավ» գրական խմբակը հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ ««Մթնաձոր»-ը կարդալուց հետո...» խորագրով*:

Մրցույթի պայմանները.
-Մրցույթին կարող են մասնակցել Գորիս քաղաքի / նաև շրջակա գյուղերի/ հիմնական և ավագ դպրոցների աշակերտները:
-Աշխատանքների ընդունումըմինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներառյալ:

19.08.2014

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ / Ու՞ր է արդի բանաստեղծությունը

Հարցազրույցը վարել է գրող Կարապետ Փոլադյանը

-Ի՞նչ է արվեստը ձեզի համար:

Արվեստը ճակատագիր է…

-Ճակատագի՞ր… Այո՛, կհասկնամ. Իսկ հայ բանաստեղծությու՞նը… Ի՞նչ կմտածեք հայ բանաստեղծության մասին: 

Մեր հին գրականությունը, մեջն առնելով նաև այսպես կոչված պատմագիրները, մանավանդ բանաստեղծական է: 

-Եղիշե՜ն, Խորենացի՜ն, Նարեկացի՜ն…

Այո՛, այդ բանաստեղծության պատմությունը դեռ չէ գրված և բաղդատական կերպով չէ ուսումնասիրված: Չէ բնորոշված նրա հիմնական շեշտը և հայ ոգու առանձնահատուկ բնույթը: 

-Բայց ընդհանուր բնորոշումով մը ի՞նչ է այդ բանաստեղծությունը:

04.08.2014

ԼՈՐԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Պարույր Սևակը իմ հուշերում

Երանությամբ եմ հիշում անցյալը, երբ երիտասարդ, թռվռուն աղջիկ էի, և պոեզիան էր իմ կյանքի տարերքը: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն բան ենք կորցրել մեր երիտասարդ տարիներին, ինչքա՜ն կարևոր արժեքներ չենք գնահատել, որի համար տառապում, ցավում ենք այսօր: Այդպես էլ ըստ արժանվույն չկարողացա գնահատել իմ և եղբորս՝ Ալբերտ Իսաջանյանի՝ Պ.Սևակի հետ ունեցած սրտագին բարեկամությունը:
Առաջին անգամ Սևակին հանդիպել եմ, երբ դեռատի մի աղջնակ էի, իր խոսքերով ասած՝ <<Լորիկ-բալիկ>>:
Դպրոցում էի, տասներորդ դասարանում: Ավագ ջոկատավարը դասամիջոցին մտավ դասարան և, դիմելով ինձ, ասաց. <<Քաղաքային գրադարանից քեզ շտապ կանչում են>>: Հասկացա, որ Նինա Հովսեփյանն է կանչում, որը գրադարանի վարիչն էր և միաժամանակ <<Միրհավ>> գրական խմբակի ստեղծողն ու ղեկավարը:

01.08.2014

ՆՈՐ ԳՐՔԵՐ


Դուխիկ Հայրապետյան, Լռությունս ճաք է տվել, Գորիս, 2014թ., 194 էջ: 

Դ.Հայրապետյանը ծնվել է 1947 թվականին Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինը: Գրել սկսել է դպրոցական տարիներից: Բանաստեղծությունները տպագրվել են շրջանային և հանրապետական մամուլում: Բանաստեղծական առաջին ժողովածուն՝ <<Իմն է երգն այս>> խորագրով, լույս է տեսել 2001 թվականին: <<Գրական Սյունիք>>, <<Գորիսապատում>>, <<Սյունիքի գրողները մանուկների մասին>> անթոլոգիաներում տպագրվել են նաև Դ.Հայրապետյանի բանաստեղծությունները: 2011 թվականին լույս է ընծայել <<Հայրենի եզերք>>, 2013-ին՝ <<Զորաց ձորեր>>, իսկ 2014-ին՝ <<Լռությունս ճաք է տվել>> ժողովածուները: Դ.Հայրապետյանը Սյունիքի լրագրողների միության անդամ է:

29.07.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Նինա Հովսեփյանի հուշերից

Խփում է ցուրտը ձմռան,
  Մտնում ես քո ներսը դու...
Տեսնու՞մ ես, թե ես ու դու
Որքան ենք իրար նման...
Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է (Սիսիանի շրջանի Լոր գյուղ), մեր դասախոսներից մեկը՝ Կարեն Սահակյանը, համալսարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանի խնդրանքով գնաց Լոր՝ թերթի առաջին համարի համար շնորհավորանքի խոսք բերելու:

24.07.2014

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ / Մանրապատումներ


ՎԱԽ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1993 թվականի գարնանային մի օր ինձ և ընկերոջս վիճակվեց բեռնատարով արկ տեղափոխել դիրքերում գտնվող մեր <<Գրադ>> կայանքների և հրանոթների համար: Թշնամին հաճախակի կրակում էր Գորիսի ենթամարզի գյուղերի և Գորիս քաղաքի վրա, մերոնք էլ, բնականաբար, պատասխանում էին:
Ծանր բեռնված ավտոմեքենայով մի կերպ բարձրացանք Քարաշեն գյուղի մոտ գտնվող բարձունքը: Արկերի մի մասը բեռնաթափելուց հետո ճանապարհվեցինք դեպի Տեղ գյուղի դիրքերը:

22.07.2014

ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / Էտյուդ

Ծաղիկ,կանաչ,երկինք,սև:

-Տե՜ս, Երկրարարա'ծ, մրջյունների շուրջը սողուններ են հավաքվել:
-Ոչի՜նչ, ի՞նչ կա որ, բնական է: Դու ուշադրություն դարձրու մրջյունների գլխին տարածված կապույտին:
-Դու իսկապե՞ս տեսնում ես այդ կապույտը:
-Այո:
-Ամե՞ն օր:
-Իհակե ոչ, հակառակ դեպքում ինչպես մրջյունների շուրջը հավաքված սողուններ ամեն օր տեսնելիս, այնպես էլ այդ կապույտից կձանձրանայի ու կնողկայի:
-Լավ, իսկ ի՞նչ ես տեսնում կապույտի մեջ:
-Համենայն դեպս ոչ նրան, որին կարծում ես:
-Իսկ ես ո՞ւմ նկատի ունեի:
-Այն արարածին, որի արարման մասին ոչ մեկին հայտնի չէ, և որին բոլորն են տեսնում կապույտում: Իսկ ես ասում եմ՝ թող կրակի բաժին դառնա նա, քանզի ամենամեծ չարագործն է, բոլոր մեղքերի ակունքը:
-Լավ, արի առաջ գնանք, հոգիս հանեցիր քո մտատանջումներով:

16.07.2014

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Հանգը Համո Սահյանի բանարվեստում

Գորիսի պետհամալսարանի մագիստրանտ, Կապանի Եվրոպական քոլեջի դասախոս Հ.Գրիգորյանի սույն հոդվածը (գիտ.ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թ.Մարության, գրախոս՝ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Լ.Հայրապետյան) ներկայացվել է ԵՊՀ -ի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 24-28-ը:ԵՊՀ Գիտական խորհրդի ս/թ հունիսի 25-ի որոշմամբ Հ.Գրիգորյանի աշխատանքը նույնպես երաշխավորվել է հրատարակության նստաշրջանի հոդվածների ժողովածուում: 

Համո Սահյանի չափածոն հատկանշվում է տաղաչափական յուրահատկություններով, հնչյունական նուրբ ընկալմամբ, հանգավորման ինքնատիպ համակարգով, երաժշտականությամբ, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել ձևաբովանդակային ներդաշնակության: Լինելով հնչյունային կրկնությունների հիմնական ձևերից մեկը՝ հանգը Սահյանի բանարվեստում առանձնակի տեղ է զբաղեցնում՝ հաճախ հանդես գալով ոչ միայն իր առաջնահերթ՝ հնչյունային դերով, այլև ստանձնելով կառուցվածքային, բովանդակային, սյուժետային, ոճական դեր:

12.07.2014

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի մահվան տարելիցին



Հուլիսի 8-ին լրացավ Ակսել Բակունցի եղերական մահվան 77-րդ տարելիցը, ինչի առթիվ <<Միրհավ>> գրական խմբակի նախաձեռնությամբ գրողի տուն-թանգարանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ: 
Ներկաները ծաղիկներ դրեցին թանգարանի բակում տեղադրված Բակունցի խորհրդանշական շիրմաքար-հուշակոթողին, այնուհետև այգու տաղավարում հոգեթաս բարձրացրին գրողի ապրող հիշատակի ու շարունակվող ներկայության համար: Ժամանակի արյունոտ եղելությունների մասին սրտառուչ խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը՝ ոգեկոչելով ոչ միայն Բակունցի, այլև ստալինյան բռնակագին զոհ դարձած մյուս եղերաբախտ գրողների հիշատակը:

06.07.2014

Ակսել Բակունցի մահվան 77-րդ տարելիցը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ գորիսեցիներ.
Բակունցի տուն-թանգարանը սիրով հրավիրում է բակունցասերներին՝ ներկա լինելու գրողի եղերական մահվան 77-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին, որը տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 13:00-ին, տուն-թանգարանում: 

29.06.2014

Lratvutyun.am-ի ակնհայտ ոտնձգությունը

«Միրհավ» գրական խմբակի բլոգ-կայքի ադմինիստրացիան իր վրդովմունքն է հայտնում հանրապետական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի՝ lratvutyun.am-ի դեմ, որը, խախտելով «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի պարտադիր պահանջները, լուսանկար է արտատպել mirhav.blogspot.com-ից՝ առանց պատշաճ հղման: Սկզբնաղբյուրի նշումը պարտադիր էր, ինչը չարակամորեն անտեսվել է նշված կայքի կողմից: Ավելին, «կողոպտված» լուսանկարը, որը պատկերում է Գորիսում Ակսել Բակունցի 115-ամյակին նվիրված հանդիսույթից մի դրվագ, որևէ առնչություն չունի նյութի հետ՝ հրապարակված lratvutyun.am-ի հունիսի 26-ի լրահոսում:

22.06.2014

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՈՐԻՍՈՒՄ / Գևորգ Մշեցի Ջավրուշյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Հարգելի՛գորիսեցիներ.

Հունիսի 24-ին, ժամը 15.00-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի անհատական ցուցահանդեսը: 
Գորիսի քաղաքապետարանը և ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղը սիրով հրավիրում են բոլոր արվեստասերներին՝ ներկա լինելու ցուցահանդեսի բացմանը: 
Ցուցահանդեսի հովանավորն է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակույթի տունը:





17.06.2014

ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԸ


Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ մայրաքաղաքից, Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից գրողի ծննդավայր էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ գրական աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, պաշտոնական անձինք՝ արժանին մատուցելու մեծ գրողի անվանն ու <<մյուռոնի նման սրբազնագույն>> գործին: 
Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Ակսել Բակունցի կիսանդրու և ապա՝ խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով, այնուհետև շարունակվեցին գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի կրթամշակութային կառույցների համատեղ ստեղծագործական ուժերով կազմակերպվել էր ցերեկույթ:

11.06.2014

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԲԱՆՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ


Բակունցի հետ բանտային կյանքի նույն դժնի օրերը կիսած Գուրգեն Մանուկյանը պատմել է հետևյալը. <<Բանտում Բակունցը որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա լուցկու այրված ծայրով, որոնք պահպանելը հնարավոր չէր, քանի որ այրված լուցկու փոշին թղթի վրայից անէանում էր: Նրա մէջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ո՛չ էլ՝ թանաք: … Բակունցը շատ կենսասէր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Նա երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել:

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ / Չարենցի գրչով Բակունցին նվիրագրված առաջին բանաստեղծությունը


Ակսել Բակունցի հետ Չարենցը անձնապես մտերմացել է 1926-ի մարտի վերջին, երբ Բակունցը բնակություն հաստատեց Երևանում: «Այդ գունատ սուբյեկտը» Բակունցին նվիրված առաջին բանաստեղծությունն է, որից հետո Բակունցին նա անդրադարձավ «Մթնաձոր» ժողովածուն լույս տեսնելուց հետո և 1927-ին գրեց «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» բանաստեղծությունը, որն ունի նաև «Ա-ին» վերնագրով երկրորդ մաս: 1929 թվականի հոկտեմբերի 16-ին գրեց և «Էպիքական լուսաբաց»(1930) ժողովածուում զետեղեց «Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից» ծրագրային բանաստեղծությունը: 1936-ին, երբ շատերի հետ մեկտեղ Բակունցը Երևանի բանտում կանգնած էր հավատաքննիչների առջև, Չարենցը նրան ձոնեց «Ա.Բ.-ին» («Եվ բառերի համար քո մարմարյա…». 1936.14.X) բանաստեղծությունը:

09.06.2014

ԿՆՇՎԻ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԸ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ արձակի ամենաերևելի ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովը տեղեկացնում է, որ, համաձայն հաստատված ժամանակացույցի, հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին Գորիսում՝ Բակունցի կիսանդրու և ապա՝ թանգարանում գտնվող խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով: Նույն օրը՝ ժամը 11:30-ին, թանգարանում կկազմակերպվի գրական-երաժշտական ցերեկույթ՝ Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, տուն-թանգարանի «Միրհավ» գրական խմբակի, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի, Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ ստեղծագործական ուժերով: Հոբելյանական միջոցառումը կեզրափակվի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական խմբի պատրաստած ներկայացումով: 
Տարվա ընթացքում տուն-թանգարանում և քաղաքի այլ մշակութային ու կրթական օջախներում կկազմակեպվեն Բակունցյան ընթերցումներ, գիտաժողովներ, բաց դասեր, թեմատիկ ցուցահանդեսներ, գրական վիկտորինաներ ու շարադրությունների մրցույթներ՝ նվիրված մեծանուն Գորիսեցու 115-ամյա հոբելյանին:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


05.06.2014

«Խորին ակնածանքով է այստեղ ոտք դնում յուրաքանչյուր ոք...» / ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Միրհավ» գրական խմբակի հարցազրույցը Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, հաճելի է Բակունցի տուն-թանգարանը տեսնել բարեկարգ, նորոգ ու ներկայանալի վիճակում: Ի՞նչ աշխատանքներ են տարվել, ու՞մ կողմից և ի՞նչ արդյունքներ ունեք:

Երեք տարի, համարյա անընդմեջ, տուն-թանգարանում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են ընթացել: Վերջակետ դրվել է այս տարվա գարնանը՝ նոր ցուցադրության բացմամբ: Շենքը հիմնանորոգվել է, փոխվել է տանիքը, ամրացվել են կցակառույցի պատերը, անց է կացվել ջեռուցման, հակահրդեհային և արագ արձագանքման, լուսավորության համակարգեր: Այգու թերի բազալտե սահմանապատը ամբողջացվել է ու բազիքապատվել-ցանկապատվել: Փողոցի կողմից նույնպես թանգարանը բարեկարգվել է՝ առվի եզրաքարեր, ծաղկանոց ու մայթի ասֆալտապատում: 
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, մարզպետարանի և, հատկապես, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Սյունյաց նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ջանքներով: Այժմ տուն-թանգարանը, իմ կարծիքով, ներկայանալի է անգամ ամենաքմահաճ ու բարձրաճաշակ այցելուի համար: 

-Թանգարանում դեռ կա՞ն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, խոսեք առաջիկա ծրագրերի մասին:

01.06.2014

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ / Իմ բողբոջներ արևաբույր...


Սուսաննա Մինասյանը ծնվել է 1952 թվականին Գորիսում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի: Սիրում է մանուկների աշխարհը և գրում է արձակ ու չափածո ստեղծագործություններ մանուկների մասին ու մանուկների համար: 2011 թվականին լույս տեսած «Սյունիքի գրողները մանուկների համար» գրքում զետեղվել են նաև Ս.Մինասյանի ոտանավորները: Լույս է ընծայել երկու ժողովածու՝ «Ծիածան»(2012), «Իմ բողբոջներ արևաբույր»(2012): Տպագրվել է «Փերի» մանկական ամսագրում, «Գրական Սյունիք» թերթում:

30.05.2014

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ


Եղիշե Չարենցի «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» չափածո անդրադարձից սկսվեց ու ցայսօր շարունակվում է Մեծ գորիսեցուն և նրա «մյուռոնի նման սրբազնագույն երկերին» նվիրված ոգեշունչ բանաստեղծությունների ընթացքը, հիմքում՝ Ակսել Բակունցի ծավալով ոչ ստվար, բայց զարմանալի պայծառ, կենսունակ գրականությունը և դրան համարժեք՝ կարճատև, եղերական, սակայն սխրալից կյանքը, գրողի ժամանակակիցների ձևակերպմամբ՝ «Բակունցյան լեգենդը»:
Սիրով ձեզ ենք ներկայացնում գորիսեցի բանաստեղծների հեղինակած ստեղծագործությունների այս սքանչելի բույլը՝ նվիրագրված Ակսել Բակունցին:

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ

Անաղմուկ բացել հնձանիդ դուռը,
Ո՞ր կածանով ես անդարձ հեռացել...

Քեզանից հետո՝
Տարիներ անվերջ
Սրսփացել է Սոնան հնձանում,
Հին դրնբոնում կաքավն է թախծել,
Ամպ է ծանրացել Կաքավաբերդում,
Եվ մանուշակն է գիշերով լացել...

27.05.2014

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ / Բացառիկ գծանկար, արժանի բնութագրություն

Գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանը 2010 թվականին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Գորիսում: Ներկայացնում ենք նրա դիտարժան գծանկարներից մեկը՝ «Հայրենի եզերք» շարքից, որում պատկերված է Ակսել Բակունցի տուն-թանգարանը:
«Նկարիչն այն մարդն է, ով նկարչի հայացք ունի և տեսնելու ու տեսածը զգալու կարողություն: Իմ համոզմամբ ամենաերևելի հայ նկարիչը Ակսել Բակունցն է: Բառերով նա այնպիսի պատկերներ է ստեղծում, որ վրձինն ի զորու չէ արտացոլելու դրանք»:
Լևոն Լաճիկյան

21.05.2014

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ՈՒ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM–The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ, մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանների միջազգային օր ունի թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:

03.05.2014

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ / «Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը...»

Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. հունիսի 14-ին Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Աշխատել է Գորիսի գյուղվարչությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին և զոհվել 1992 թվականին: 
Ստեղծագործել է պատանեկան տարիներից, սակայն կենդանության օրոք չի տպագրվել: Միակ ժողովածուն՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս է տեսել հետմահու՝ 1993-ին: 
Ժողովածուն բացվում է Համո Սահյանի նախախոսքով, որը ներկայացնում ենք ստորև. 

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է… Անհունորեն ցավալի և հաճելի մի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ… Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:

30.04.2014

«Պոեզիան հոգեվիճակի վավերագիրն է...» / Զրույց ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

ՄԻՐՀԱՎ գրական խմբակի հարցազրույցը բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Սահակյան, ստեղծագործել սկսել եք պատանեկան տարիքից: Գրական ի՞նչ ազդակ է Ձեզ մղել գրիչ վերցնելու, մեծերից ո՞վ է առաջմղիչ դեր ունեցել:

-Չափածո խոսքի նկատմամբ սեր իմ մեջ արթնացրել է Թումանյանը: Տասներեք տարեկանից փորձեցի միտքը դնել կաղապարի մեջ՝ բնավ էլ կարևորություն չտալով դրան: Ես այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլ էի սիրում ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ (միջանկյալ ասեմ, որ մինչև քսանհինգ տարեկանս խաղացել եմ Գորիսի հավաքականում և ''Զանգեզուր'' թիմում): Իսկ պոեզիան միշտ ապրել է իմ մեջ, երբեք չի լքել: Ինձ ոգևորել են Սուրեն Այվազյանը, Գևորգ Էմինը և Սերո Խանզադյանը: Մի քանի անգամ այրել եմ գրածներս, բայց ամեն անգամ փոշմանել, վերադարձել եմ պոեզիային, որը, ինչպես հետո պարզվեց, ինքնահաստատման իմ միակ հնարավորությունն էր: