22.10.2014

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Քարահունջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիետա Բաղդասարյանի աշխատանքը

Ակսել Բակունցի <<Մթնաձոր>>-ը յուրօրինակ պատմվածաշար է՝ ողողված գեղջկական կյանքի տարբեր տեսարաններով, բնապատկերներով, մաքուր ու անկեղծ զգացմունքներով, մարդկային կյանքի բազմազան էջերով ու փոխհարաբերություններով: Բակունցը իր պարզ խոսքով կարողացել է ամենաճիշտ ձևով նկարագրել հայ գեղջուկին՝ մեկ՝ պարզ ու շիտակ, մեկ՝ ոխակալ ու դաժան, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ սերտորեն միահյուցված բնությանն ու հողին:
Ես էլ գյուղացի եմ, բայց միայն Բակունց կարդալուց հետո կարողացա հասկանալ գյուղացու աշխարհը, զգալ Սյունյաց աշխարհի բնության ու եղանակի գեղեցկությունը:
Հաճախ են մեզ մոտ ձգձգվում մառախլապատ օրերը՝ ներծծված անձրևով ու թաթախված սառնությամբ, և հաճախ էլ մենք սկսում ենք տրտմել այդ օրերին , բայց ինձ համար հիմա այդպես չէ: Հիմա այդ միգապատ օրերին ես մտովին տեղափոխվում եմ բակունցյան աշխարհ, որտեղ բաց վարդագույն թափանցիկ օդը պարուրում է լեռների կատարները, հովիտներով հոսում են հոտերը, և հովիվները, կեռումեռ ցուպերը ձեռքներին, իրենց վեհությամբ նմանվում են հնադարյան առաքյալների: Թվում է՝ նրանց հազարամյա ցնցոտիները դեռ պահում են իրենց մեջ ոչխարի պանրի, կայծկլտուն հոտերի և անմարմին մշուշի բիբլիական բուրմունքը...
Այդ աշխարհում ինձ մեկ-մեկ էլ հյուրընկալվում է ինքը՝ Բակունցը: Նստում ենք կարմրին տվող մի մասրենու տակ ու սիրտ սրտի զրուցում: Այդ ընթացքում մեր առջևով անցնում են մթնաձորյան բոլոր հերոսները՝ Մինա բիբին՝ սառած դեմքով ու փլված սրտով, Դիլան դային՝ մտասույզ նստած հնձանի պատի տակ, խոնարհ աղջիկը՝ կարմիր զոլավոր շորով ու երազող աչքերով, Լառ Մարգարը՝ արևից խանձված ոտքերով... Բակունցն ինձ հարցնում է, թե Մթնաձորի ո՞ր հերոսին եմ սիրում: Ես ինքս ինձ ու Նրան խոստովանում եմ, որ սիրում եմ այդ հերոսները ստեղծողին, այդ փոքրիկ, բայց կլանող աշխարհն արարողին: Նա ինձ համար և՛ Դիլան դայի է, և՛ Մինա բիբի, և՛ անտառապահ Պանին, և՛ Աթա ապեր... Նա ժպտում է, ձեռքիցս բռնում ու ինձ ման տալիս Ծիրանի տափում, ապա քաշում-բերում է կուշտ կերած ձիերը, ու մենք սլանում ենք դեպի Մթնաձոր, Օրանջիա, Միր ու Մրոց... Այնտեղ մեզ սիրով ու գորովանքով են ընդունում. յուրաքանչյուրը հրավիրում է իր տուն, ու ամեն մեկի տանը մի ուրույն աշխարհ ենք բացահայտում… Ես հասկանում եմ, թե որտեղից է Բակունցը մթնաձորյան իր հետաքրքիր պատումները ստեղծել, մի պահ ինքս ինձ գրող եմ զգում, մեջս մտքեր են կուտակվում-կուտակվում, ու որոշում եմ. <<Իմ աշխարհ վերադառնալուն պես Բակունցի նման գրելու եմ բնաշխարհի, գյուղի ու գյուղացու կյանքը պատկերող պատմվածքներ>>… Բայց երբ <<ետ եմ գալիս>> այդ պայծառ, <<սրբազնագույն>> աշխարհից, ու մտքերս փորձում թղթին հանձնել, մոռանում եմ ամեն-ամեն ինչ, որովհետև… միայն Բակունցին էր վերապահված արվեստի կատարելությամբ պատկերել բնաշխարհն ու նրա մարդկանց հոգևոր գեղեցկությունները այնպես, ինչպես որ կա… Չեմ տխրում, միտքս իմաստնանում է ու հասկանում եմ ամենակարևորը, որ ես վերցրել եմ այդ աշխարհից այն ամենը, ինչը Բակունցը կամեցել է փոխանցել ինձ ու ինձ նման բազմաթիվ երջանիկ ընթերցողների…

Комментариев нет:

Отправить комментарий