Показаны сообщения с ярлыком սփյուռքահայ գրողներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սփյուռքահայ գրողներ. Показать все сообщения

11.12.2017

ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ / Հայաստանեայց գրականութիւն

Ատենը եկած է, մենք կը կարծենք, մէկդի նետելու մեր գրականութեան մէջ մուտք ունեցող այն տժգոյն, անիմաստ ու պապուկ բացատրութիւնները, որոնք պահ մը յոխորտօրէն պտտեցան հրապարակին վրայ: 
Մեր գրականութիւնը մէկ է: Ան կու գայ վարէն, հեռաւոր շրջաններէն: Բարբառներու այլազանութեանը տակ նոյն արիւնն է, որ կը քալէ, ապրեցնելով ցեղին մէջ, դարեր ու բացուածքներուն վրայ ցոլացիկ մեծութիւններ: 
Ան կ՚ելնէ ամբոխին մէջէն երգի, արձանի, գմբէթի ձեւերուն տակ, կը կերպարանաւորէ ցեղին մտքի կեանքը (vie d’esprit), կը բաղադրէ անոր հոգին: Բոլոր հայերուն ժառանգութիւնն է ան: Ու ան ունի կեդրոնական նկարագիր: 
Մենք կը մերժենք պոլսահայերուն արհամարհոտ ասութիւնները, որոնք մեր գրականութեան միութիւնը կը վտանգեն:

* * * 
Հայաստանեայց գրականութիւն յղացումը (concept) կը տարածուի հաւասարապէս հայ ցեղին ամէն մասնիկներուն վրայ: Ան կը մերժէ լեզուի անհրաժեշտ կապանքները, բարբառները յոխորտացնող յատկանիշները, վեր է լեզուի գեղագիտական ըսուած երեւոյթներուն որոշադրութենէն:

05.08.2015

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ / Ծափիդ ու ապտակիդ համար

Յարգան՛ք քեզ, հայ ժողովուրդ - ո՛չ այն յարգանքը, որ ուղղւած է քու նահատակութեանդ՝ Հայ Վշտի Երգիչին՝ Ա.Ահարոնեանի բառերով՝ <<Նահատակ ժողովուրդ>>, - այլ յարգա՛նք՝ քու զոյգ ձեռքերուն ափերուն:
Դուն քու մէկ ափովդ ապտակ կը զարնես, երկու ափերովդ՝ ծափ: 
Ապտակ զարնես մէկ ափովդ, թէ ծափ՝ երկու ափերով յարգա՛նք քեզ, հայ ժողովուրդ, ես քու ծափդ ու ապտակդ կ'ընդունիմ նո՛յն սիրով, հաւասար չափով: 
Ես քու զաւակդ եմ հարազատ՝ ինծի ապտակ զարնես թէ ծափ, վասնզի ափսո՜ս, շա՜տ ափսո՜ս, նոյնն են քու ծափդ ու ապտակդ: 
Երեսուն տարի, մինչեւ երէկ, ինծի ապտակ զարկիր մէկ ափովդ, երբ ես Ղարաբաղ ու Նախիջեւան պահանջեցի, Արեւմտեան Հայաստան, Վան ու Մուշ պահանջեցի, իսկ հիմա երկու ափերովդ ծափ կը զարկես երբ ես զանոնք չեմ պահանջեր, եւ կ'աղօթեմ առ Տէր, որ առ այժմ եղածը պահէ: 
Ապտակէդ, ես վրջեցի իմ հօրս ձիուն պէս, իսկ հիմա կուց-կուց արիւն կու լամ, երբ ծափ կը զարնես ինծի, այնքա՜ն ուժգին ու բուռն: 
Ծափդ ու ապտակդ երանի՜ թէ տարբեր, շա՛տ տարբեր ըլլային: 
Բայց դարձեալ, միշտ ու յաւիտեանս յաւիտենից, յարգա՛նք քեզ, հայ ժողովուրդ:

27.04.2014

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ / Ո՞վ է մտավորականը

Չկայ պատուի տիտղոս մը, որ հայ կեանքը աւելի դիւրութեամբ նետէր առաջին հանդիպողին ուսերուն, քան թէ մտաւորականի այս ցնցոտին: Հայ եկեղեցիին քահանաներն անգամ քառսունքը աւարտելէ  յետոյ միայն իրաւունք ունին իրենց հնամենի փիլոնը կրելու: Մինչդեռ հասարակ նախակրթարան մը աւարտողն իսկ` քիչ մը չ’ամչնար անգամ, եթէ զինքը մտաւորական յորջորջեն:
Որո՞նք են իրապէս մտաւորականութեան գլխաւոր, զատորոշող յատկանիշները: Ուսումն ու զարգացումը, հմտութիւնն ու մշակութային միւս տարրերը, տաղանդն ու բնական ձիրքերը, գիտութիւնն ու փորձառութիւնը, ընթերցումներն ու ասոնց ընկերացող մասնայատկութիւնները կը բաւե՞ն միթէ որեւէ անհատի մտաւորական բարձր տիտղոսը տալու համար: Անտարակոյս ոչ:

31.01.2014

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / Մտածումներ արվեստի և գրականության մասին





Կարևորագու՛յնը արվեստի մեջ. սիրել խանդագին, բացարձակ, անսահման սիրով: Սիրել օրերի և երևույթների ամբողջությունը իրենց իսկության և խորհուրդի մեջ, և միաձայն թրթռալ տարրերի, ծաղիկների, ջուրերի, բուրումների հետ: Ու սիրո ժամին լսել իր հոգին, և խառնիխուռն ձայների մեջ կարողանալ նշմարել սկիզբնասկիզբ հնչյունները, նշանաբան դաշնակությունները և ամբողջական երաժշտությունը: Կարողանալ ղեկավարել իր հոգու խմբերգը և ծնծղաների դղրդոցի մեջ քաղել լռությունները, - այդ է արվեստը: 

Մշակույթը … հոգեկան արկածախնդրություն է, վսեմ մի խենթություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: 

Իսկական արվեստը ստեղծում է` բնավորություններից և հոգիներից գաղտնի գիծերով առած, նոր բարոյական մթնոլորտ, նոր իրականություն, որին հավատում ենք ու ընդունում իբրև ճշմարտություն, որովհետև նա հոգեղինացած, բյուրեղացած, աստվածային շունչով օծված մի իրականություն է, որ մեզ ավելի մոտ է ու սիրելի, քան մեզ շրջապատող կյանքն իսկ:  
Արվեստը կյանքի առջևից է քայլում և լուսավորում ապագան: Այն գերազանցորեն գիտություն է ու գերագույն իրականություն: 

Ուժական արվեստը պետք է որ ամենեն ավելի ուղղակի արտահայտությունը ըլլա իրականի շարժումին, պետք է որ ոգեկոչե հոգվույն խորհուրդները, և տիեզերական համերգությունը, և զգայնացնելով ամեն ինչ, պետք է որ հայտնատեսության միջոցով թափանցե Ապագայի պատրանքներու վսեմ կրկներևույթներուն մեջ: