24.10.2014

ՀԵՂԻՆԵ ԹՈԽՍԱՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (III տեղ), Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Թոխսանցի աշխատանքը 

Սիրում եմ բնությունը և հաճախ եմ առանձնանում մեր տնամերձ գողտրիկ այգում: Խոսում եմ ծառ ու թփի հետ, սքանչանում բնության գեղեցկությամբ ու ապշում նրա կատարելությամբ: Գարնան մի գեղեցիկ օր սովորականի նման զբոսնում էի այգում, ըմբոշխնում թարմ օդը, ունկնդրում ծառերի՝ սյուքից սվսվացող տերևների երգը: Ու … թվաց՝ քայլում եմ Մթնաձորում՝ վայրի ու կուսական, այնքան թավ, որ արևի ճաճանչն անգամ չէր թափանցում ճյուղերից ներս (դեռ երեկ երեկոյան Բակունցի երկերն էի անհամբերությամբ ըմբոշխնում, զանգեզուրյան բնաշխարհի համն ու հոտն զգում):
Երկյուղը պատեց ինձ, անմիջապես ցանկացա վանել մտքերս, սակայն զգացի, որ վախիս միահյուսվել էր հպարտությունը: Ես հպարտ էի, որ մթնաձորյան առասպելների, դարավոր ավանդույթների տերն ու կրողն եմ: Ասես մթնաձորյան հերոսը ինքս լինեի՝ ձուլված բնության հավերժությանը, անվախճան կյանքին: Սարսափեցի, որ կարող եմ մենամարտել արջի հետ. ախր չէ՞ որ բնությունը հավասար իրավունքով է ապրեցնում մարդուն ու գազանին: Հետզհետե վախս տեղի տվեց, մթնաձորյան ահազդու պատկերները ավելի լուսավոր դարձան: Աչքիս առջև պատկերացավ Մթնաձորի <<չարքը>>՝ Ասյան՝ այն գեղադեմ աղջիկը, որ կարող էր համակրանք առաջացնել անգամ վայրի լեռնականի մեջ:
Քայլերս ակամա տարան այգու խորքը: Չգիտեմ, թե ինչպես պատահեց՝ ոտքովս տրորեցի մի փոքրիկ մանուշակ, ու նույն պահին էլ աչքիս առաջ պատկերացավ Բակունցի հերոսը՝ գեղեցիկի նկատմամբ անտարբեր հնագետը, որ անխնա կոխկռտում էր մանուշակները՝ նրանց կապույտ աչուկներից կորզելով ցավ ու մորմոք...
Ափսոսանքի զգացումով շարունակեցի քայլերս և… կարծես երազում հայտնված լինեի, գունավոր մի բզեզ բազմանիստ էր գծում օդում, ապա մխրճվեց մի ամոթխած մանուշակի թերթիկների մեջ ու չկարողացավ դուրս գալ առեջների միջից: Գուցե չուզեց դուրս գալ…
Ես էլ որոշեցի զրուցել նրա հետ, հարցնել՝ արդյո՞ք Բակունցի՝ ծաղկափոշու մեջ թաթախված բզեզը չէ. ախր շատ նման էր նրան և ասես գրքի էջից էր պոկվել: Նրա հետ խոսեցինք Բակունցյան հերոսներից, տեղաոխվեցինք Կաքավաբերդ, եղանք Մթնաձորում, վշտացանք մարդկային խեղված ճակատագրերի համար, ընկղմվեցի հիշողության գույնզգույն թելերից աշնան արևի ճառագայթների հենքին հյուսված Դիլանի կարոտների աշխարհը...
Նայեցի բզեզին. նա, իրոք, քուն էր մտել, իսկ ծաղկի առէջներն ասես օրօր էին ասում նրան: Նայեցի նրան, ու շուրթերս ակամայից բարբառեցին. <<Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան>>: Ես դա շշնջացի Բակունցի լեզվով, որի մասին Բակունցը գրել է. <<Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը…>>...
Ես երջանիկ էի, որովհետեև հասկացա, որ ժամանակը չի կարող խունացնել ու թուլացնել Բակունցի արվեստը, որ մերթ կայծքարի նման խշշացող, մերթ պողպատի պես զրնգացող Բակունցյան տողերից ամեն մի նոր սերունդ քաղում է հայրենի հողի, մայրենի լեզվի, հայրենիքի բնության ու ճշմարտության սեր, որ բոցավառվում է ոգեղեն շնչով՝ լցնելով մարդկային փխրուն հոգիները:

   

Комментариев нет:

Отправить комментарий