19.06.2015

ՐԱՖՖԻ / ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքը մեր գավառական քաղաքներում շատ նման է միմյանց, բավական է վերցնել մի քաղաքի երիտասարդությունը, և մյուսների մասին կստանանք համանման տեղեկություն:
Այստեղ ավելի պարզ կերպով աչքի է զարկում այն սթափումը, որ նշմարեցինք գյուղերում: Ամեն ինչ մի անհայտ խթանով ձգտում է դեպի նորը, դեպի ավելի վայելուչը: Տարակույս չկա, որ ամեն մի փոփոխություն կյանքի մեջ, որ ինքնուրույնաբար չէ ծագում նույնիսկ կյանքի փոքր առ փոքր և հաջորդաբար քաղաքակրթվելուց, այլ միանգամով ընդունում է ամեն ինչ դրսից և օրինակից — մի այսպիսի կապկությունը շատ անգամ կարող է ձգել և ծուռ ճանապարհի վրա: Այդ դեպքում քաղաքների վիճակի մեջ մեծ դեր է խաղում Թիֆլիսը:
Միայն մի քանի գավառական քաղաքներ ունեն արքունի գիմնազիաներ, մյուսները պրոգիմնազիաներ, իսկ մեծ մասը տարրական միջնակարգ դպրոցներ: Բացի հիշյալներից,համարյա բոլոր քաղաքներում հայերն ունեն իրանց ազգային կամ թեմական կամ ծխական դպրոցները: Վերջինները լցված են լուսավորչական հայերով միայն, օտարազգիներ,կաթոլիկ կամ բողոքական հայեր չեն ընդունվում: Արքունական դպրոցների մեջ նույնպես հայ աշակերտների թիվը մեծամասնություն է կազմում, կարելի է մոտավորապես ասել,որ 10 ուսանողից 9-ը հայ է: Բայց պետք է գիտենալ, որ ռուսական Հայաստանի քաղաքներից շատերի մեջ, որպես են` Հին-Նախիջևանը, Օրդուբադը, Շուշին, Գանձակ, Շամախի, Նուխի, Բաքու, Դերբենդ, մահմեդականները, եթե մեծամասնություն չեն կազմում, գոնե թվով հայերից շատ պակաս չեն, այսուամենայնիվ նրանց զավակները դպրոցների մեջ ամենաչնչին տեղն են բռնում: Կրոնական մոլեռանդությունն առաջնակարգ դեր է խաղում այստեղ:
Զարմանալին այն չէ, որ դպրոցները լցված են ըստ մեծի մասին հայ աշակերտներով, այլ այն, թե որպես այդ ողորմելի հիմնարկություններից դուրս են գալիս նշանավոր մարդիկ, որ սովորել էին միայն ռուսերեն գրել, կարդալ և սխալներով խոսել: Ես ճանաչում եմ նահանգական դատարանի նախագահ, հաշտարար դատավորներ, նոտարիուսներ, և այլ բարձր պաշտոնավարներ, որոնք բացի գավառական միջնակարգ դպրոցներից, մի այլ տեղ չեն սովորել: Հասկանալի է, որ դրանք իրանց առաջադիմությունով պարտական են ոչ թե դպրոցներին, այլ իրանց սեփական աշխատությանը, որ սկսելով ստոր ծառայություններից, և գործնականապես վարժվելով, զարգանալով, վերջապես ծերության հասակում հասել են բարձր պաշտոնների:
Դժվար է որոշել, թե ո՛ր դասակարգի մանուկները հաճախում են արքունական և ո՛րը բուն ազգային դպրոցները, բայց այսքանը հայտնի է, որ արքունական դպրոցները մտնում են գլխավորապես որդիները մանր աստիճանավորների, որոնց ծնողները միջոց չունեին նրանց Թիֆլիս ուղարկելու, որ պահանջում է մեծ ծախսեր: Իսկ մեր թեմական և ծխական դպրոցները մտնում են որդիները վաճառականների և արհեստավորների, որոնք շատ պետք ունեն ռուսաց լեզվի մեջ, և կամենում են շարունակել իրանց հորերի պարապմունքները: Բայց լինում են և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէ, որոնք ազգային վարժարաններում պատրաստվելով, մտնում են արքունական դպրոցները:
Բոլոր աշակերտները բնակվում են իրանց ծնողների հետ և բացի հոր տնից և ուսումնարանից մի ուրիշ տեղ չեն ճանաչում, շատ-շատ կարելի է տեսնել նրանց հասարակաց այգում, խումբով նստած իշոտիքի վրա, անշարժ նայում են զբոսնողներին: Մինչև անգամ մերձակա գյուղերից եկած աշակերտները չեն վարձում առանձին սենյակներ բնակության համար, այլ կենում են մի բարեկամի կամ ծանոթի ընտանիքի մեջ: Ծնողները վճարում են, գյուղից ուղարկելով յուղ, պանիր, ալյուր և այլն: Շատ գյուղացի աշակերտներ, որոնց ծնողները բոլորովին աղքատ են, վճարում են իրանց ծառայությամբ: Դա մի զարմանալի միջոց է ուսում առնելու, որով հայտնվում է այն սաստիկ ծարավը, որ քաշում է մեր մանուկներին դեպի դպրոցը: Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ որպես ծառա, առավոտյան վաղ վեր է կենում, տնային գործերը կատարում է, հետո գնում է վարժատուն, այնտեղ մնում է մինչև ճաշ, և վերադառնալով, կրկին շարունակում է իր տնային ծառայությունները. ե՞րբ է պատրաստում նա իր դասերը — դա մի հրաշք է, միայն գոհ է, որ նրան տալիս են մի կտոր հաց, հագցնում են տան հնոտիքներով, թեև պատահած ժամանակը սաստիկ ծեծում են, եթե գտնում են որևիցե զանցառություն իր պարտավորությունների մեջ: Այսպես է սկսում գյուղացի աղքատ ուսանողը, և պատերազմելով ահագին դժվարությունների հետ, հասնում է մինչև համալսարան:
Գավառներում ծնողները սաստիկ խիստ են դեպի ուսանող աշակերտը, նրան պահում են զգույշ հսկողության ներքո, որպես մի աղջիկ, և դրսումը կորցրած ամեն մի ավելորդ րոպեի համար հաշիվ են պահանջում: Միջոց ունեցող հայրերը որդուն առանց սպասավորի դպրոց չեն ուղարկում, և նա երեխայությունից սովորում է այն բանին, որ միշտ մեկը պետք է առաջնորդեր նրան կյանքի մեջ: Այսպես, բարոյականության հետ պահպանվում է և աշակերտի անծանոթությունն աշխարհի հետ: Ամենահարուստ աղայի որդին գրպանում չունի մի կոպեկ ծախսելու համար, և այդ, հոր կարծիքով, կպահեր նրան շռայլությունից, բայց որդին երբեմն խարջելու փող է գտնում... Որտեղի՞ց. աստված գիտե…
Գավառական քաղաքներում նշմարվում է նույնը, ինչ որ տեսանք գյուղերում, այսինքն, թե մանուկների և թե ծնողների մեջ մի սաստիկ բաղձանք դեպի բարձրը և դեպի ավելի կատարյալը: Ավարտելով տեղային տարրական դպրոցում, աշակերտն աշխատում է դիմել Թիֆլիս, ինչ հնարքով և լիներ, մտնել այնտեղի գիմնազիաներից մեկի մեջ, և հետո Մոսկվայում կամ Պետերբուրգում համալսարանական բարձր ուսում ստանալ: Բայց ոչ բոլոր ծնողներն ունեն այնքան նյութական միջոցներ, որ կարողանային հոգալ որդու ծախսերը. այն ժամանակ ապրուստի հոգսն ընկնում է որդու վրա: Ես ծանոթ եմ եղել Թիֆլիսում մի քանի գավառացի աղքատ գիմնազիստների հետ, որոնց աշխատությունները և անձնազրկությունը կատարյալ հերոսության են հասնում: Բնակվում են մի քանի հոգի միասին մի խոնավ և նեղ սենյակում, առանց սպասավորի, կերակրվում են օրը մի անգամ ամենաէժանագին հյուրանոցում, շատ անգամ ամբողջ օրեր անց են կացնում մի կտոր երշիկ ուտելով. բայց դարձյալ միշտ կտեսնեք նրանց ուրախ և գոհունակ դեմքով:Գիմնազիայից տուն դառնալով, նրանք շտապով ճաշում են, հետո տարածվում են քաղաքի մեջ, ընտանիքներում կամ մասնավոր դպրոցներում դասեր տալու: Շատ անգամ նրանց աշակերտները մեկը մյուսից կես վերստ կամ ավելի հեռավորության վրա են գտնվում, բայց այդ հոգ չէ, միայն թե դասեր լինեին: Ամբողջ ճաշից հետո պտտելով քաղաքի մեկ ծայրից մինչև մյուսը, վերադառնում են տուն ուշ-գիշերային պահուն, բոլորովին ուժաթափ: Մի կամ երկու գավաթ թեյը սև հացով կազդուրում է նրանց, այնուհետև սկսում են պատրաստել իրանց սեփական դասերը: Ամառային արձակուրդները մեծ հունձք են ընծայում գավառացի աղքատ գիմնազիստներին: Նրանք պատրաստում են զանազան դպրոցների այս և այն դասատունը մտնելու համար աշակերտներ և փող են ստանում: Այսպես մի կողմից իրանց ապրուստը հայթայթելով, մի կողմից իրանք սովորելով, մյուս կողմից ուրիշներին սովորեցնելով, աղքատ գիմնազիստները շարունակում են իրանց ուսումը: Միևնույն ժամանակ նրանք չեն զրկում իրանց մի քանի բավականություններից ,որպես են` երբեմն թատրոն գնալ, տեսնել մի լավ պիեսա, լսել մի նշանավոր երաժշտի, հասարակաց գրադարանից գիրք վեր առնել, կամ ընկերությամբ վճարելով, ստանալ մի լրագիր, ամսագիր և այլն: Լինում են և այնպիսի երախտավորներ, որ իրանց վաստակած փողի ավելորդով օգնում են ընկերներին, կամ ուղարկում են իրանց չքավոր ծնողներին,որոնց թողել էին հայրենիքում: Հայտնի բան է, որ միջոց ունեցող գիմնազիստները, որոնք ստանում են ծնողներից ամսական 50-60 ռուբլի, բոլորովին տարբեր պայմանների մեջ են սովորում: Լավ կահավորված սենյակ, լավ ճաշ, զանազան տեսակ զվարճությունները և զբոսանքները նրանցից շատ ժամանակ են խլում, և այս պատճառով նրանք լինում են ավելի թույլ ուսանողներ, քան թե իրանց աղքատ հայրենակիցները:
Ես դառնում եմ դեպի այն աշակերտները, որոնք ուսանելու համար Թիֆլիս կամ ուրիշ քաղաքներ չեն գնում, այլ ավարտելով գավառական միջնակարգ դպրոցներում, մնում են այնտեղ և գործում են իրանց հայրենիքում:
Մեր ժամանակից 20-30 տարի առաջ, և կարելի է ասել այն օրից, երբ ռուսները տիրապետեցին Կովկասը, հայ երիտասարդության առջև բացվեցավ մի ընդարձակ ասպարեզ:Նոր տիրապետողներն անծանոթ լինելով երկրին և տեղային պայմաններին, և որ ավելի կարևորն է, իրանցից պատրաստի մարդիկ չունենալով, որ գիտենային զանազան ցեղերիլեզուները, կարոտ էին տեղային գործիչների` նոր կառավարության բոլոր հիմնարկությունների մեջ: Հայերի մեջ գտան ընդունակ գործիչներ: Փոքր ի շատե ռուսերեն խոսողերիտասարդը, փոքր ի շատե ռուսերեն գրել-կարդալ իմացողը ստացավ տեղ, պաշտոն և ծառայություն: Դատարանները, պոլիցիաները, գանձատները, պոստերը ևմաքսատները լցվեցան հայերով: Ժամանակի սաստիկ պահանջը խտրություն չէր դնում ոչ անձերի և ոչ ընդունակությունների մեջ, բավական էր, որ գործը «յոլա էին տանում»:Այսպես շատերը հարստացան, շատերը բարձր աստիճանի հասան:
Բայց հետզհետե պահանջը պակսելով, կառավարության հիմնարկություններն ավելի կանոնավոր ձև ստանալով, ծառայել ցանկացողներից պահանջվեցավ մի որոշ չափովգիտություն: Այժմ կարելի է հասկանալ, թե գավառական դպրոցներից դուրս բերած ողորմելի գիտության համեմատ ստացած պաշտոնն ինչ կլինի: Համարյա բոլորավարտողները սկսում են գրագրությունից կամ ստոր պաշտոններից: Սարսափելի բան է ամբողջ կյանքում, թեքված լինել գրասեղանի վրա, գրել և միշտ գրել: Մարդը դառնում է կատարյալ մեքենա, երբ աշխատում է ձեռքը միայն, իսկ գլուխը մնում է անգործ: Այստեղից հասկանալի է այն իդիոտության հասած բթամտությունը մեր ծառայողների, որ իսկույն աչքի է զարկում, երբ նրանց հետ խոսում ես: Մշտապես թեքված լինելով գրասեղանի վրա, նրա իրանը նույնպես ծալված դիրք է ստանում — այդ ներգործությունն անցնում է սրտի, հոգու և ամբողջ բնավորության վրա: Նրա մեջ ուղիղ ոչինչ չէ մնում: Սաստիկ դյուրաթեք է լինում նա. ամեն հողմից շարժվում է և ամեն ճնշման ներքո խոնարհվում է: Այդ հատկությունները նպաստում են նրա առաջադիմությանը, և քիչ է պատահում, որ ծերության հասակում դառնում է ստոլնաչալնիկի օգնական, կամ մի ավելի բարձր պաշտոն է ձեռք գցում:
Դատաստանական բարենորոգումներից հետո` ռուսերեն խոսել և գրել-կարդալ իմացող երիտասարդների համար բացվեցավ մի նոր ասպարեզ ևս, ավելի ազատ և ավելի շահավետ: Բոլորը վարակվեցան փաստաբանության ախտով և սկսեցին սերտել օրենքների ստատուսներ: Շատերն առանց ամենափոքր տեղեկություն ունենալու իրավաբանությունից, ընդունում էին մեծ-մեծ գործեր: Դրանք ավելի թարգմաններ էին իրանց հավատարմատարների կողմից, քան թե փաստաբաններ: Ժողովուրդը չգիտեր դատարանի լեզուն, ստիպված էր խոսող վարձել: Բայց այս տեսակ անկիրթ, անուս փաստաբանների հաջողությունը մի քանի տարի միայն տևեց, երբ սկսեցին նրանցից պահանջել մի որոշ չափով գիտություն և վկայական: Մեծ մասը զրկվեցավ իր պարապմունքից և ասպարեզը մնաց բարձր ուսում ստացածներին:
Գավառական դպրոցներում ավարտող երիտասարդներից ոչ բոլորը մտնում են արքունական ծառայությունների մեջ: Ստոր պաշտոնով, չնչին ռոճիկ ստանալով, դժվար է ամբողջ ընտանիք պահել: Նրանք տեսնում են, որ վաղեմի ժամանակների շահերը չեն մնացել, և ինչպես ասում են` «խերը դուրս է եկել»: Իսկ զինվորական ծառայության մեջ մտնողները բոլորովին աննշան թիվ են կազմում: Շատերը սկսում են վաճառականություն անել, ձեռք են զարկում կապալների, կամ ազգային դպրոցներում վարժապետությունեն անում: Սակավ է և այսպիսիների թիվը, որ քահանա դառնային, կամ մտնեին մի վանքի մեջ վարդապետ լինելու համար: Առհասարակ պետք է ասել, որ գավառական դպրոցների պտուղները խիստ փոքր առաջադիմություն են գործում կյանքի մեջ: Այժմ օրըստօրե սահմանափակվում է այն բախտավորների ասպարեզը, որոնք շատ փոքր գիտությամբ, կամ ոչինչ գիտություն չունենալով, կարողանում էին առաջ գնալ: Ես չեմ խոսում մի քանի անհատների մասին, որոնք ինքնակրթությամբ և բնական խելքով իրանց համար ճանապարհ են բաց անում առաջ գնալու:
Այժմ խոսենք գավառացի ուսանողների մասին, որոնք դիմում են Մոսկվա, Պետերբուրգ, արտասահման, և համալսարանական բարձր ուսում ստանալով, վերադառնում են դեպի իրանց հայրենիքը:
Գավառացի ուսանողները գլխավորապես ավարտում են իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում. երկու մասնագիտություններ, որոնց մասին այժմ մեծ պահանջ կա: Վերադառնալով իրանց հայրենիքը, փոքրիկ քաղաքի տժգույն և տխուր կյանքը կարծես շուտով ձանձրացնում է նրանց. մի քանի ամիսներ որպես հյուր մնում են ծնողների մոտ, հետո գնում են Թիֆլիս, ուր կյանքն ավելի վայելուչ պայմանների մեջ է դրված, ուր ասպարեզը լայն է, ուր վերջապես կարող են մի հարուստ աղջկա հետ պսակվել: Կարծես նրանք այնքան մեծ և խոշոր մարդիկ լինեին, որ փոքրիկ քաղաքներում չեն զետեղվում: Խիստ սակավներին միայն պատահում է մնալ գավառներում, բայց նրանք ևս իրանց կնիկները բերում են Թիֆլիսից, հայրենիքում իրանց զույգը չեն գտնում: Իրավաբանները կամ պարապում են փաստաբանությունով, կամ նահանգական դատարանի անդամի պաշտոն են վարում, կամ բաց են անում նոտարիուսի կանտորա և կամ հաշտարար դատավոր են դառնում որևիցե փոքրիկ քաղաքում: Բժիշկները չեն պարապում ազատ պրակտիկայով, այլ արքունական պաշտոնի մեջ են վարում իրանց ծառայությունը:
Բայց ինչ որ ավելի աչքի է զարկում, այն է, որ այդ բարձր ուսում ստացած երիտասարդները գավառներում շուտով ենթարկվում են շրջանին, այն աստիճան փոխում են իրանց գույնը, որ չես կարող ճանաչել, թե մի ժամանակ դրանք ուսանողներ են եղել: Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որոնք իսկապես չեն կորցրել իրանց արժանավորությունները, գործում են, աշխատում են, և ցույց են տալիս կենդանության նշույլներ: Բայց մեծ մասն այն աստիճան վայրենացել և բթամտացել են, որ կարծես թե,ապրում են մի առանձնացած կղզու մեջ, որը բոլորովին կտրված էր ուսումնական աշխարհից: Ոչինչ չեն կարդում, ոչ մի ժամանակակից հարցով չեն հետաքրքրվում, ուտում են, խմում են, քնում են, հաստանում են, և պատահած ժամանակ արհամարհանքով ժպտում են, երբ խոսում ես նրանց հետ մի ազգային կամ հասարակական խնդրի վրա, կարծես, կամենալով ասել, թե «մենք ամեն բան փորձեցինք, այստեղ ոչինչ չէ կարելի շինել»: Մեր դպրոցները, մեր եկեղեցին, մեր նոր լեզուն, մեր լրագրությունը, մեր նոր ծաղկող գրականությունն այն աստիճան բարկացնում են նրանց, որ մինչև անգամ ասել են տալիս, թե «խենթացել եք, ո՞ւմ համար եք աշխատում, ո՞ւմ համար եք գրում, եթե մեզ համար է, մենք ամեն բան գիտենք, իսկ եթե ամբոխի համար է, նա չէ կարդում»: Անցնում են տարիներ, բարձր ուսում ստացած երիտասարդն ալևորվում է, պառավում է, բայց դարձյալ նա իրան երևակայում է նոր մտքի, նոր գաղափարների ներկայացուցիչ, չնայելով, որ նրա շուրջը ամեն ինչ փոխվել էր, իսկ ինքն անշարժ, անփոփոխ մնացել էր իր տեղում,առաջադիմության մի քայլ անգամ չանելով:
Կհաղորդեմ մի քանի գծեր առհասարակ գավառական երիտասարդության կյանքից:
Հասարակական կյանքը գավառական քաղաքներում, եթե չասեմ բոլորովին քարացած է, բայց և չէ արտահայտում այն կենդանությունը, որ կարելի է տեսնել փոքր ի շատե զարգացած հասարակության մեջ: Գավառները դեռ չեն թոթափել իրանցից հին պարսկական փոշին, ասիականությունը դեռ տիրում է իր բոլոր այլանդակ ձևերի մեջ: Ամեն մարդ իր տխրությունը և իր զվարճություններն անց է կացնում իր տան չորս պատերի մեջ: Նա իր զգացմունքները չէ բաժանում հասարակության հետ: Ամեն մարդ իր շահերի համար է աշխատում, իսկ հասարակաց շահերի վրա չէ մտածում: Այստեղից ինքնըստինքյան առաջ է գալիս անհատների առանձնությունը, և մի ընդհանուր կապ չէ ամբողջացնում նրանց այն միության մեջ, որ կոչվում է հասարակական կյանք: Այս բանին փոքր արգելք չէ լինում և այն, որ հասարակությունը կազմված է տարբեր ցեղերից, որոնք բոլորովին բաժանված են միմյանցից թե լեզվով, թե կրոնով, թե սովորություններով և թե իրանց շահերով:
Երիտասարդությունն անց է կացնում իր օրերը կատարյալ դատարկության մեջ, եթե նա իր գործերով զբաղված չէր, ուրիշ մի զվարճություն չկա, որ պարապ ժամանակում զբաղեցներ նրան: Մի քանի քաղաքներում վերջին տարիներում միայն հայտնվեցան հասարակաց պարտեզներ, ուր ծառերը դեռ ստվեր չեն ձգում, և ճեմելիքները ծածկված են խոտերով: Խիստ սակավ երեկոներ կարելի է տեսնել այնտեղ մի ծառայող ռուս զբոսնում է իր կնոջ հետ. տեղացի կնիկները տան մեջ փակված են, նրանց դուրս չեն թողնում: Վաճառական և արհեստավոր մարդիկ չեք տեսնի այդ պարտեզներում, նրանք ամբողջ օրը զբաղված են իրանց գործերով, երեկոյան խանութները կկողպեն, կգնան-կմտնեն իրանց տունը, դռները կփակեն: Ժողովրդի այդ դասերն առողջության վրա չեն մտածում: Պարտեզներում կարելի է տեսնել երբեմն մի քանի ծառայողներ, և մանր աստիճանավորներ միայն, և երբեմն դպրոցների վարդապետներին, երբ մանավանդ ածվում էր զինվորական մուզիկա:
Կաֆեներ և հյուրանոցներ կամ բոլորովին չկան գավառական քաղաքներում, կամ եթե պատահում են այսպիսիները, նրանք ծառայում են անցուդարձ անող օտարականների համար միայն, երբ ցանկանում էին բավական թանկ գնով մի փոքր ի շատե մաքուր տեղ գտնել օթևանելու: Ասիական հին քարվանսարաները դեռ չեն կորցրել իրանց նշանակությունը. նրանք ծառայում են և՛ որպես մթերանոց ապրանքների, և՛ որպես հյուրանոց նույն ապրանքները կրող անասունների և վաճառականների: Վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ այն քաղաքներում, որ ավելի մոտ էին կռվի դաշտին, որպես են` Երևանը, Ալեքսանդրապոլը, հայտնվեցան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք անմիջապես փակվեցան պատերազմը վերջանալուց հետո: Կաֆեն և հյուրանոցը դեռ ժողովրդի պահանջ չեն դարձել գավառներում. բնիկներից ոչ ոք այնտեղ չէ մտնում, չէ ճաշում. ամեն մարդ ունի իր խոհանոցը. իսկ մի քանի ծառայող ռուսներով հյուրանոց պահպանել անկարելի է: Պետք է ասած, որ նրանք էլ ենթարկվում են տեղային սովորություններին: Եվ այսպես, հիշյալ հիմնարկությունները կամ գոյություն չունեն, կամ եթե գտնվում են, երիտասարդությունը նրանց մեջ չէ խմբվում: Միայն Ալեքսանդրապոլում կարելի է տեսնել մի տեսակ կաֆեներ տաճկական ձևով, ուր կարելի է նարգիլե ծխել և փոքրիկ ֆինջաններով դառն սուրճ խմել: Այնտեղ հայտնվում է երբեմն մի թափառական երգիչ, ածում է թամբուրայի վրա և երգում է: Դա տաճկական սրճանոց է, որ բերել էին իրանց հետ այդ քաղաքի գաղթական բնակիչները Թուրքիայի Հայաստանից: Ուրիշ հիմնարկություններ ես չեմ ճանաչում, ուր կարելի լիներ հավաքվել, խոսակցել և ժամանակ անցկացնել, բացի գինետներից: Այդ անբարոյականացնող հիմնարկությունները մեծ դեր են խաղում գավառացիների կյանքի մեջ:
Վերջին տարիներում միայն մի քանի քաղաքներում հիմնվեցան կլուբներ, որոնք միացնում են իրանց մեջ և հյուրանոց, ուր կարելի է կերակուր գտնել, եթե մի ժամ առաջ կպատվիրեիր պատրաստել: Կլուբները դարձյալ բնիկների պահանջներից առաջ չեն եկել, նրանց հիմնողները կամ ինիսիատիվ տվողները եղել են ռուս և օտարազգի ծառայողները, որոնց պետք էր մի կենտրոն հավաքվելու համար: Բայց որովհետև միայն փոքրաթիվ ռուսներով կլուբները պահպանվել կարող չէին, այս պատճառով և հայ ծառայողներն իրանց ռուս մեծավորների «խաթրը չկոտրելու համար», հարկադրված անդամ են գրվել: Թե այսպես և թե այնպես, կլուբները, իրանց որոշյալ պայմանների պատճառով, հասարակաց հիմնարկություն չէ կարելի համարել, որովհետև նրանք մատչելի չեն այս և այն վիճակի մեջ գտնվող երիտասարդներին, եթե անդամակցություն ունենալու միջոցներ չունեին: Այս բոլորից կարելի է եզրակացնել, թե ինչ տեսակ հասարակություն է հավաքվում կլուբներում — միայն զինվորական և քաղաքական ծառայողներ,անգործ ազնվականներ, երբեմն վարժապետներ, բայց ոչ երբեք մի վաճառական կամ արհեստավոր մարդ: Այնտեղ հավաքվում են միմիայն թուղթ և բիլիարդ խաղալու համար: Թեև մի առանձին սենյակում ձևի համար գրասեղանի վրա ածած են մի քանի լրագրներ, բայց նրանց ոչ ոք չէ նայում: Թղթախաղը որպես ժանտախտ տարածված է գավառներում, մանավանդ այն հասարակության մեջ, որ համարվում է ընտրյալ, բարձր հասարակություն: Եվ այդ շատ բնական է, քանի որ ուրիշ զբաղմունք չկա. պետք է մի բանով սպանել ժամանակը: Բայց մեծ մասը ընտրել է թղթախաղը որպես ապրուստի միջոց: Կլուբներում շատ անգամ ամբողջ գիշերները լուսացնում են խաղալով: Շատ անգամ խաղում են առանց գրպանում մի կոպեկ փող ունենալու — պարտքով միայն: Ամսական 15 ռուբլի ստացողը մեկ գիշերվա մեջ տանել է տալիս մի քանի հարյուրներ: Ո՞րտեղից պետք է վճարե: Աստված գիտե: Կլուբներում երբեմն լինում են պարահանդեսներ, ուր պարում են գլխավորապես ռուս կամ օտարազգի աստիճանավորների կանայքը, որոնք այնքան սակավ են թվով, որ հազիվ 10 կավալերին հասնում է մի դամա:
Գավառներում թատրոններ չկան. շատ-շատ ամեն տարի լինում է սիրողների մի կամ երկու ներկայացում բարեգործական նպատակով: Տոմսակները զոռով են ծախվում:
Հասարակաց գրադարան կամ ընթերցարաններ չկան: Ինձ պատահել է տեսնել մի քանի քաղաքներում բուն հայոց ընթերցարաններ, բայց երբեք չեմ տեսել, որ մի մարդ այնտեղ նստած կարդալիս լիներ: Եվ ինչպե՞ս կարելի է այդ ողորմելի հիմնարկություններն ընթերցարաններ կոչել, ուր բացի մի քանի հնացած գրքերից, բացի երկու-երեք լրագրից կարդալու համար ուրիշ բան չես գտնի: Գրավաճառանոց ոչ մի քաղաքում չկա, եթե հարկավոր էր մի գիրք, պետք է բերել տալ Թիֆլիսից:
Կինը, որպես գյուղերում, այնպես էլ գավառական քաղաքներում բոլորովին աննշան դեր է խաղում երիտասարդների կյանքի մեջ: Կարելի է կարճապես ասել, որ նրանք բացիիրանց մայրերից և քույրերից ուրիշ կնոջ երես չեն տեսնում: Եղբայրը եղբոր կնոջ հետ խոսակցելու իրավունք չունի: Այստեղից հասկանալի է, որ օտար ընտանիքների մեջ մտնելիս, երիտասարդները միայն կարող են տղամարդերի հետ տեսնվել: Հարեմական դրությունը դեռ տիրում է ընտանիքի մեջ: Թողյալ այդ, երիտասարդները մուտք չունեն օտար ընտանիքների մեջ, եթե մերձավոր ազգական չլինեին: Գավառներում մի բարեկամի կամ ծանոթի տուն կարող ես մտնել այն ժամանակ միայն, երբ քեզ հյուր են կանչում: Գործի համար կարելի է տեսնվել փողոցում կամ բազարում, ուր կարող ես ուզած մարդիդ միշտ գտնել: Եթե մի երիտասարդ սկսում է հաճախել որևիցե տուն, իսկույն աչքի է զարկում. իսկույն կասկածանքով են նայում` «այստեղ մի բան կա», մտածում է ամեն մարդ: Չամուսնացած երիտասարդը վարում է կատարյալ ամուրի կյանք: Գավառներում բացարձակ ախտեր չկան: Խիստ սակավ է այն կնիկների թիվը, որ թեթև վարքի տեր լինեին: Մնում են «համբերատար տները», ուր չես գտնի երկու կամ երեք կին ամբողջ քաղաքի համար: Այստեղ մտնում է երիտասարդը մեծ երկյուղով, ամաչում է ոչ միայն ծնողներից, այլև մինչև անգամ իր մտերիմ ընկերներից: Հասարակությունը խիստ սուր աչքով է նայում դեպի այս տեսակ մոլությունները: Եթե պատահում է մի կին, որ փոքր ի շատե շեղված լիներ բարոյական ճանապարհից, անպատճառ նա եկած պիտի լիներ Թիֆլիսից: Այսպիսիները լինում են ըստ մեծի մասին եկվոր ռուս ծառայողների աղախինները, որ չեն ցանկանում հետևել տերերին` նրանց վերադարձի ժամանակ: Տեղային հայ կնիկները չեն մտնում հասարակաց տները. եթե պատահում է մեկին մեղանչել, այդ անում է նա ծածկաբար: Իսկ մահմեդական կնիկներին միշտ սպասում է մահ իրանց հավատակիցների կողմից, երբ ոչ մահմեդականների հետ հարաբերություն են ունենում: Կրոնական ֆանատիզմը մեծ վիհ է ձգել հաղորդակցությունների մեջ:
Վերջացնում եմ գավառացիների մասին, ձգելով մի թեթև հայացք նրանց հասարակական, ազգային և կրոնական հատկանիշների վրա:
Առհասարակ պետք է ասել, որ գավառներում դեռ նոր է սկսվել նոր սերունդի մաքառումը հնի դեմ: Հաջողությունը նորերի կողմն է. հները հետզհետե կորցնում են իրանց բռնած դիրքերը, որոնց վրա դարերով ամրացած, իշխում էին: Ժամանակը, կյանքի այժմյան պայմանները, որոնց մեջ անընդունակ են հները, և մտավոր զարգացումը նպաստում են նոր սերնդի հաղթությանը: Ոչ միայն ապագան դրանց է պատկանում, այլև ձեռք են ձգել և ներկայի մի մասը: Առաջ որդին հորից խորհուրդներ էր հարցնում, այժմ հայրը ստիպված է որդու հետ մասլահաթներ անել: Գործը, իրավ է, դանդաղ է ընթանում, բայց հաջողությունը մեծ ապագա է խոստանում:
Երիտասարդությունն այժմ աշխատում է իր տիրապետության ներքո առնել հասարակաց առաջադիմության երկու գլխավոր գործիչները` ընտանիքը և դպրոցը: Ընտանիքի մեջ նա ջանք է անում վերանորոգություններ մտցնել, իսկ դպրոցի հոգաբարձությունն իր ձեռքն առնել: Այդ անում է նա գուցե առանց նախատեսության, առանց սկզբից խորհածնպատակների, և միայն դրդվելով իր հասակին հատուկ զգացմունքներից, բայց հետևանքը բարի է: Ընտանիքի վերանորոգությունը սկսվում է կնոջ դրությունից. նոր պսակված երիտասարդն աշխատում է իր ամուսնին փոքր ի շատե ազատ վիճակի մեջ դնել. փոխում է նրա հագուստի հին ձևերը, ցանկանում է, որ նրա հետ վարվեին որպես մարդու հետ,և պատահած ժամանակ նրան չէ թաքցնում իր բարեկամներից: Օրինակները սակավ են, բայց այդ սակավ օրինակները բազմաթիվ հետևողներ են գտնում: Նույնը անում է երիտասարդը և իր քույրերի վերաբերությամբ: Երբեմն պատահում են ընդդիմադրություններ, ալևոր ծնողները հակառակում են, և երիտասարդը ստիպված է լինում թողնել իր հայրենական տունը և առանձին բնակվել:
Հասարակական գործերում բացի դպրոցից, երիտասարդությունը մի ուրիշ հող չունի: Բայց պետք է նկատել, որպես ընտանիքի մեջ դեռևս իր հեղինակությունը չի կորցրել ծերունի հայրը, այնպես էլ հասարակական գործերում դեռևս մեծ նշանակություն ունի աղան և աղայությունը: Դպրոցների հոգաբարձությունից խիստ դժվար է լինում հեռացնել այդ հիմար, տգետ և բոլորովին անգրագետ փառասերներին, որոնք բացի վնասից և խռովություններից, մի այլ օգուտ չեն բերում: Բայց երիտասարդությունը փոքր առ փոքր հաղթող է հանդիսանում և իր ձեռքն է ձգում դպրոցները:
Խոսելով դպրոցների հոգաբարձության վրա, ես չեմ կարող չհիշել վարժապետներին, որոնք ներկայացնում են գավառական քաղաքների մտավոր զորության գլխավոր մասը: Ամեն տեղ դպրոցների սաստիկ բազմացնելու և նոր դասատներ բացվելու համեմատ, պատրաստի վարժապետների թիվը շատ փոքր լինելով, յուրաքանչյուր բախտախնդիր, յուրաքանչյուր անուս տիրացուն մուտք է գտնում գավառական դպրոցներում: Թիֆլիսում անգործ թափառող անաջողակները վազում են դեպի գավառները և իրանց ձեռքն են առնում կրթության գործը: Հայտնի է, որ մարդիկ, որոնք իրանց գիտությամբ չէին կարող ասպարեզ բաց անել, միշտ դիմում են խարդախ և անազնիվ միջոցների: Դրանով կարելի է բացատրել, թե ինչու ինտրիգան և խռովությունները միշտ անպակաս են լինում գավառական դպրոցներից: Այստեղից հասկանալի է, թե ինչ բարոյական ազդեցություն կարող էր ունենալ վարժապետն իր աշակերտների վրա, որոնք ամեն օր լսում են նրա մասին շատ գայթակղական խոսքեր, նկատում են նրա մոլի վարքը, ականատես են լինում նրա կռիվներին իր ընկերների հետ: Վարժապետի բարոյականությունն ազդում է նույնիսկ ժողովրդի վրա, որ քննում է նրա յուրաքանչյուր քայլը, և որի վարմունքը չէր կարող անհայտ մնալ փոքրիկ քաղաքում, ուր բամբասանքը հասարակաց խոսակցության գլխավոր նյութն է կազմում:
Մի քանի խոսք գավառների մտավորապես զարգացած երիտասարդության մասին, որոնք ներկայացնում են, եթե այսպես կարելի է կոչել, գավառների ինտելիգենցիան: Բարձր ուսում ստացած համալսարանական երիտասարդությունը, որպես նկատեցի այս գլխի մեջ, իրան հեռու է պահում ազգային գործերից, նա ապրում է իր համար, հասարակությունը չէ հետաքրքրում նրան: Նրանք անպատվություն են համարում թղթակցել որևիցե հայոց լրագրին (պետք է խոստովանել, որ շնորհք էլ չունեն), աշխատակցել մի ամսագրի, կամ հրատարակել մի փոքրիկ գրքույկ: Ուսումը նրանց ոչինչ չէ արդյունաբերում: Բացառությունները խիստ մասնավոր են: Փոքր ի շատե կենդանություն երևում է ոչ մի բարձր դպրոցում չավարտած, ինքնուս երիտասարդների մեջ. դրանք են, որ ամեն բանի վրա գրում են, ամեն բանի վրա դատում են, շատ անգամ ծուռ և սխալ կերպով, բայց գրում են, քանի որ ուրիշ լավը չկա: Դրանք գործում են, որքան կարող է գործել մի մարդ, որ բնական խելք և սաստիկ եռանդ ունի, բայց մի նշանավոր բան արդյունաբերելու համար պակասում է նրան հիմնավոր գիտությունը:
Կրոնական զգացմունք ավելի վառ է պահված գավառներում: Երիտասարդությունը թեև չէ համակրում եկեղեցականին, բայց սիրում է իր եկեղեցին: Սնահավատությունը երիտասարդների մեջ կորցրել է իր նշանակությունը, նախապաշարմունքները չեն կաշկանդում նրան: Շատերի մեջ հայտնվում է բողոք դեպի եկեղեցական այս և այն ծիսապաշտությունը: Բայց դարձյալ նրանք հաճախում են հանդեսներին, որովհետև կարծում են, թե այդ բոլորը դեռևս հարկավոր են անզարգացած ժողովուրդն իր եկեղեցու հետ կապված և հայության մեջ հաստատուն պահելու համար: Ազգայնության գաղափարն ավելի զարգացած է գավառական երիտասարդության մեջ. նա հասնում է մինչև ազգասիրական մոլեռանդության: Բացի մի քանի սարսաղ ծառայողներից, բացի մի քանի մանր աստիճանավորներից, չեք գտնի մեկին, որ ամոթ համարեր հայերեն խոսելը: Որպես հայ հասարակության մեջ, այնպես էլ ընտանիքներում տիրապետում է մայրենի լեզուն: Բայց չեմ կարող չհիշել հայերի այն ընդհանուր մոլությունը, որ սովորական է դարձել և մեր գավառներում. տեսնում ես մի տեղ, մի ժողովի մեջ, մի խմբի մեջ տասն հայ, իսկ նրանց թվում մի օտարազգի, անպատճառ տասը հոգի հայերը կսկսեն մեկ օտարականի լեզվով խոսել, ինչ ազգից և լիներ նա: Չգիտեմ ե՞րբ պետք է հայն ազգային հպարտություն ունենա:


Комментариев нет:

Отправить комментарий