27.01.2014

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԻՍ/ Տիգրան Գրիգորյան

«Նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն»:

                                          ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՂԵՐՍ

Ցերեկը՝ լու՛յս լինի,
Երեկոն՝ հու՛յս լինի,
Գիշերը՝ կա՜նչ...

Քեզ ականջ դնո՛ղ լինի,
Աստղադո՜ղ... ու հող լինի,
Բի՜լ երազանք...

Հոգիդ անքե՛ն լինի,
Հավատդ՝ շե՜ն լինի,
Կյանքդ՝ հորձանք:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Մեղքդ հույզերի անմահությունն էր...
Կյանքդ՝ խելահեղ խայտա՜նքը նրա,
Միտքդ միշտ խղճի թարգմանությունն եր,
Խելառ պոռթկումդ՝ երդու՛մը նրա:

Վիշտդ ճշտության անճարությու՜նն էր...
Արդարությունը՝ հավա՜տդ չքնաղ,
Իղձդ երազի խաղաղությու՜նն էր...
Սմքած թախիծդ՝ հեքիաթը նրա:

Հույսդ անընդհա՜տ Աստծուն մերվելն էր,
Համբերությունդ՝ հանճարիդ վկան,
Ճշմարտությունդ լու՜յս-մոլությունն էր...
Տվայտանքներդ՝ պսա՛կը նրա:
Պայքարդ հոգու ազատությունն էր,
Պարտություններդ՝ սրբի՛ ինքնություն.
Արհամարհանքդ ներման աղե՜րսն էր...
Զզվանքդ՝ քենի ողորմածություն:

Ատելությունդ սեթևեթանքն էր...
Հեգնանքդ՝ խռո՜վք կատարելության,
Հոգսդ կասկածի հավերժությունն էր,
Սերդ՝ հրա՜շքը հավիտենության...

Աղմուկն աշխարհի՛ քո լռությունն էր,
Անճառ ցասումդ՝ երկու՜նքը նրա...
Ցավդ անհունի իմաստությունն էր,
Իսկ տառապանքդ՝ պարծա՜նքը նրա:



ՏԱՌԱՊԱԼԻ ԱՌԵՂԾՎԱԾ

Հո՞ղն է շատ տանջվում,
Թե՞ այդ հողի հետ գգված այն խոտը,
Որ չորանում է...

Ինձ թվում է, թե
Հո՛ղն է շտ տանջվում...
Բայց ինչու՞ է սա
Նրանից հետո հա՜ ծլարձակում...

Այդ էլ եմ, կարծեմ,
Ես լավ հասկանում.
Տանջում է նրան հիշողությունը:

Հիշողությու՜նը...
Որ չի կրկնվում.
Միայն հին ցա՜վը նորացնում է...

Է՜հ,
Գուցե խոտն է ավելի տանջվում,
Որ չորանալիս՝
Հողի հետագա ցավե՜րն է տեսնում:

Ա՛խր, ինչու՞ եմ այսպիսի խրթին
Հարցեր միշտ դնում:

...Եթե արմատին ձայն տային մի պահ՝
Հաստատ կըոռնար՝
Ապրել եմ ուզում...

ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՂՁՈՒԿԻ ՄԵՋ

Մինչ ուղնուծուծն իմ ես բանաստեղծ եմ...
Վաղու՜ց եմ թքել Պառնասում ծնկած այծերի վրա,
Բայց կասկածներն ինձ էլի՜ կրծում են...
Որ, վայ թե հանկարծ, սիրտս չպարպած՝ մի օր մահանամ:

Ու չե՛մ անիծում, որ քեզ սիրել եմ,
Հոգուս կարոտն ու հավա՜տը փռել քո ոտքերի տակ.
Երազանքնե՜րս քեզ հիթիռել են...
Բայց թախծիդ պահին շվարելու ես միշտ իմ աստղի տակ:

Այս կյանքում ինձնից պրծընել չկա՛...
Ինքս էլ, ավա՜ղ, չեմ կարողանում լքել ոչ մեկին...
Մի երևելի հիմար եմ անկամ,
Որ չփորձեցի երբևէ կյանքում փոխել իմ հոգին:

Ու լաց եմ լինում... Ինչքա՜ն անուժ եմ...
Գուցե սիրուց եմ, սիրուց հոգնա՜ծ եմ արտասվում հիմա...
Բայց ես այնպիսի անկաշառ գիժ եմ՝
Նույն խելառությամբ պատրաստ եմ թքե՛լ արցունքի վրա:


Комментариев нет:

Отправить комментарий