07.03.2016

ԿԱՐԱ - ԴԱՐՎԻՇ / «Ո՞վ եմ ես (իմ ինքնակենսագրությունը)»

Հայկական ապագայապաշտությունը 20-րդ դարասկզբի հայ գրական կյանքի արժանահիշատակ իրողություններից մեկն է: Կարա-Դարվիշի (Հակոբ Մինասի Գենջյան) ամբողջ կյանքն անցավ այդ հոսանքին նվիրվածությամբ՝ տեղիք տալով և՛ լուրջ առարկումների, անգամ ծաղրուծանակի, և՛ գնահատումների, անգամ՝ գերագնահատումների: Կարա-Դարվիշն այսօր իր գործունեությամբ ու ստեղծագործությամբ թեև ունի ավարտված գրապատմական նշանակություն, բայցև չի կորցրել իր <<շեղված>> կերպարի հետաքրքրությունը: 
<<Ո՞վ եմ ես (իմ ինքնակենսագրությունը)>> նրա լավագույն բանաստեղծություններից է, եթե ոչ գլուխգործոցը. պահպանվել է հայերեն, ինչպես նաև ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն թարգմանություններով: Անթվակիր է, ամենայն հավանականությամբ գրված պետք է լինի 1921-ին: 

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Ես ցնորամիտ երազկոտ եմ -աստղերը և լուսինն են իմ երազը:
Ես հաստատուն երկրացի եմ - հողը և բնությունն է իմ արմատը:
Ես արթուն պահապան եմ - ամեն արժեքներու աչալուրջ հսկողն եմ:
Ես համաշխարհային քաղաքացի եմ - աշխարհն է իմ հայրենիքը:
Ես մարդ եմ, և մարդն է իմ ընկերը - ազգակիցը:
Ես սատրապ-բռնակալ եմ - բոլոր կեղծավորների, փարիսեցիների դահիճն եմ:
Ես ստրուկ եմ, գառն եմ, աղավնի ու մանուկ - բոլոր արդարների, ճշարտախոսների ղուլն եմ, կամակատարն եմ:
Ես դաշնակցական եմ - առաջին հայն եմ, որ սիրում եմ հայ ազգը, ինչպես քառասուն հազար քաջերի եղբայրներ:
Ես բոլշևիկ եմ - մինչև մազերիս ծայրը դեմոկրատ եմ, սոցիալիստ:
Ես անարխիստ եմ - մահ, որոտ և կայծակ եմ բոլոր քարացումներու համար:
Ես մաքսիմալիստ եմ - արմատից եմ պոկում, հանում - փտած է, հնացած է, մարած է:
Ես փոթորիկ եմ - հպարտ ու գոռոզ կուռքերու փշրողն եմ, հաստատուն պատվանդաններից գլորողը - ջարդողը - վանդալը:
Ես խելառ սիրահար եմ - բոցավառ համբույրներ եմ դրոշմում գեղեցկուհու կրծքին և կատաղի թևերով սեղմում բուռն փոթորկոտ ու տարփոտ գրկումս:
Ես ամեն ինչ եմ և ոչինչ եմ:
Ես Կարա-Դարվիշն եմ:

* Կարա -Դարվիշի նկարը՝ Ի.Զդանևիչի

Комментариев нет:

Отправить комментарий