01.03.2015

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ / Ի լուր արտույտին, որ կերգե բարձրը...

Դալարագեղ մանկություն, այս է ահավասիկ ուրախությունը:
Ահա կրկին փոփոխություն է եղանակի ու արյունս, ինչպես ամեն տարի, գարնան առաջին ամսուն, խենթացած է իր բերկրութենեն: Հիշատակն իսկ նորածին ուլերուն, մաքիներու հղի աչքերուն, ուր կը զգայիր աղապատանքը նորածագ մայրության մը, կովերու բառաչին եղերական փողոցներու մեջ ու ցորենի բարձրացող ծիլերուն, կը բավե, որպեսզի պոռալու խելագար ծարավ մը պատռե կոկորդս:
Որքան մերձ, անմիջական ու քաղցր ես, դալարագեղ մանկություն: Կըսեմ ահա փոփոխություն է եղանակի ու արյունս քեզ զորությամբ կը հիշե: Ահա գյուղաքաղաքը կը զարթնու կրկին, առավոտյան կապույտ մշուշին մեջ ու դուն կը հետևիս կիրակի առավոտով, արորին լուսացայտ հետքերուն: 
Արտի եզերքի դալարիքներուն վրա սարյակները խենթ ճիչերով գարնան հաղթանակը կերգեն: Ամբողջ հողը կը ծխա, զի նորազարթ արեգակը շեշտ իր ճառագայթները կը խրե մայր երկրին ծոցը: Եզներու պիրկ ու քաջ գավակները կը պրկվին այդ հրաշալի ճիգեն ու ակոս առ ակոս երկիրը կը պատռվի: Վայրկյաններ կան, որ այդ բարի անասուններուն ողնասյունը կը կորանա, որովհետև ծանր է հողին բեռը ու հողին շողուն շերտերին մեջ՝ խոփին ցոլացող դանակը կը հանդիպի շնատամի աներես արմատներու:
Գնա՛, գնա՛, դալարագեղ ու ապերասան մանկություն, հանգստի ժամին մանուկ ափերդ դիր եզներու հևացող թիկունքներուն ու զգա անոնց գաղջ քրտինքը: Տե՛ս ինչպես անոնց ռնգունքը խոնջենքեն կը  հևան, ռնգածակերը շոգի կարձակեն: Դիտե անոնց վեհափառ ու ծանր գեղեցկությունը արտին մեջ: Ահա՛ ծառերը, իրենց ամբողջ հասակներով, կը կործանին անոնց աչքերուն խորը ու ամբողջ դաշտանկարը կը զգենու մանրանկար ջրանկարի մը սահուն ու կարծես թրջած գեղեցկությունը: Գնա՛, գնա՛, դալարագեղ մակություն, խոպան մնացած արտերուն եզերքը կարթննան առաջին ծաղիկները: Ափդ դի՛ր հողին վրա ու զգա անոր գաղջ լիությունը: Պառկած փորի վրա, դեմքդ քսե ցողաթաթախ խոտերուն ու մի վարանիր կրծել նորածիլ ծաղիկները, ինչպես ճագարը, որ կը դեգերի հանդերն ի վար: Ինչպես բարկ է համը խոտի այդ քնքուշ թելերուն ու ինչպես ահա մարմինդ կը զգա հողին ուրախությունը, որ կը զարթնու, կաճի, կը բռնվի երկունքի ու հուսկ ահա կը պայթի ծաղիկներով: 
Ահա՛ ասիկա է ուրախությունը, դալարագեղ ու ապերասան իմ մանկություն: Անդամներդ կը զգան զով հաճույքը երեկ գիշերվան անձրևին, երբ հովը կը գրկե քեզ: Ու հետո, երբ միջօրեի արևը կը շռայլե իր ջերմությունը, արյունդ կը տաքնա, կըմբոշխնե այդ հեղուկ երջանկությունը, ինչպես սկյուռը մեր տան պատին վրա: Այժմ տխուր ու հուսահատական է երկիրը այս քաղաքին մեջ: Ահա շաբաթներե ի վեր՝ ձեռքերդ չեն հպած արթուն, սիրելի, կանաչ բանի մը: Օ՜, դալարագեղ մանկություն, ըսե՛, ինչպե՞ս կրնաս սիրել իրենց ծղոտներեն փրցված ու ջերմանոցային այս հիվանդ ու ցուցամոլ ծաղիկները, որ ծառուղիներու վրա դրամով կը ծախվին: Ըսե՛, ինչպես կրնաս հպիլ ծեր ու տրտում ձիուն, որ վաղ առավոտյան որևէ աղբակառք կը տանի այս խոնջ ու ապառողջ պողոտաներեն: Ըսե՛, ինչպե՞ս կրնաս սիրել այս գեշ ու թունավոր հովը, որ կը հավաքե քաղաքի ամբողջ փոշին, ծխնելույզներու ծուխը ու աղքատ տուներու ծանր շունչը:
Վերադարձի՛ր քու դալարիքներուն, հողին ու բոլոր շնչող, աճող ու գեղեցիկ բաներուն: Ու երբ հասնիս արտին եզերքը՝ ի լուր արտույտին, որ կերգե բարձրը, գարնան գեղածիծաղ հաղթանակը, ձայնդ ձգած կանչե՛ ընդհանրական ուրախության գալուստը ու ցնծա՛, խատուտիկ ուլերուն հետ, արոտատեղիներուն վրա, կայթե՛ ու պարե՛՝ դալարագեղ, դալարագեղ իմ մանկություն...

Հատված Վազգեն Շուշանյանի 
<<Ներքին դաշտանկար>>  ստեղծագործությունից

Комментариев нет:

Отправить комментарий