1915 թվականի հուլիսի 26-ին Շուշիի <<Փայլակ>> թերթում Թեզ գնացող ստորագրությամբ տպագրվում է Բակունցի <<Մաթվեյ Մաթվեիչը...>> ֆելիետոնը Գորիսի քաղաքագլխի և գավառական վարչության դեմ: Քաղաքագլուխ Մատթեոս Տեր-Գրիգորյանի կարգադրությամբ Բակունցը բանտարկվում է: 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից՝ պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը։ 1915-1916 թթ. նա դասավանդում է Լորի դպրոցում։ Այդ օրերի տպավորությունների ծնունդ է «Խոնարհ աղջիկը» չքնաղ պատմվածքը։
Ստորև ներկայացնում ենք Բակունցի հայտնի ֆելիետոնը:
ՄԱԹՎԵՅ ՄԱԹՎԵԻՉԸ
Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ
Վա'հ… Մի՞թե չեք ճանաչում Մաթվեյ Մաթվեիչին. մի՞թե կարելի է չճանաչել նրան... Դիցուք, կարելի է չճանաչել մի Վիլհելմի, մի Հինդենբուրգի... բայց չճանաչել Մաթվեյ Մաթվեիչին, առնվազն հանցանք է:
Թվենք նրա պաշտոնները, որ հասարակությունը ճանաչի յուր <<անհայտությամբ հայտնի>> մարդուն: Նա Գորիս քաղաք կոչվածի քաղաքագլուխն է, նախագահ քաղաքային ինքնավարության, նախկին նախագահ տեղական ճյուղի, նախագահ ազգային բյուրոյի տեղական ճյուղի, նախագահ և ...կանանց ընկերության:
Զարմացաք, չէ՞... Ո՞նց թե տղամարդը նախագահ կանանց ընկերության: Ես էլ եմ զարմանում, ուր մնաց դուք:
Բայց Գորիսում ինչ ասես, որ չի լինում:
Սակայն այդ էլ գալիս է ցույց տալու, թե նա որքան է տարված հասարակական գործերով, որքան է մտածում ազգի, հայության և բուլվարի մասին:
Վերջերս էլ, երբ տեղումս կազմվեց աշակերտական մի խմբակցություն, Մաթվեյ Մաթվեիչը առաջարկեց յուր թեկնածությունը նախագահ լինելու համար: Չէ՞ որ իրավունք ուներ... Չէ՞ որ Գորիսում նա նախագահությունը կապալով է վերցրել: Բայց աշակերտները վախեցան նրա ակնոցներից և <<հուժկու>> ձայնից, որ այնքան ծանոթ է գորիսցիներին՝ <<Փոշտի Անտոնից>> մինչեւ Աբբասը...
Աշակերտները վախեցան այդ <<անթագակիր թագավորից>> և ... ընտրեցին... իրենցից... Բարկացավ Մաթվեյը... Փրփուր դառավ բերանը, աչքերից կայծեր էին դուրս թափվում, և վրեժը հանեց յուր թիկնապահից՝ Կիրիգ-Գրիգորից:
Իսկ այժմ նա արհամարհում է աշակերտներին և... չի բարևում այդ <<խենթուկներին>: Մաթվեյ Մաթվեիչը քաղաքագլուխ լինելուց բացի դերասան էլ է: Երեք տարի խաղացել է Պոլսում, տասնհինգ տարի՝ Գորիսի դրամատիկ խմբում, վերջերս էլ ռեժիսորն էր էյվազլարի բեմի հայկական սեկցիայի: Այսօր էլ նա գործում է... կանանց ընկերության ներկայացումն է: Ինքն էլ է մասնակցում, անունն էլ Մաթվեյ չէ, այլ Ս.Մարտիկյան...
Այո՛, մարտիկի պես մարտնչում է նա հանուն ազգի, հանուն Գորիսի բուլվարի բարենորոգության:
Թեզ գնացող
P.Տ. Մոռացա մի բան ևս նրա գործունեությունից: Առաջ Գորիսի բուլվարում խոտ էր բսնում, այժմ՝ յոնջա: Առաջ ակացիա չկար բուլվարում, թթի ծառեր էր, իսկ այժմ կա: Առաջ քաղաքը արդյունաբեր աղբյուր չուներ, իսկ այժմ երկու հնդկահավ կա, որոնց ձվերը առաջ արտահանվում էր Գերմանիա, Վիլհելմի նախաճաշի համար:
Նույն
<<Փայլակ>>, N 40, 26 հուլիսի 1915թ.
Комментариев нет:
Отправить комментарий