Հարգելի՛ գյուղապետ, նախ՝ շնորհակալություն Ձեզ <<Սյունյաց երկիր>> թերթի՝ Սուրեն Այվազյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հատուկ համարը հովանավորելու համար: Բարի ու մնայուն գործ է: Գովելի են բոլոր այն ջանքերը, որոնք միտված են մոռացված արձակագրի անունն ու գործը հանրայնացնելուն ու գնահատելուն:
Թերթին Դուք հոբելյանական հարցազրույց եք տվել (<<Սյունյաց երկիր>>, 1 հոկտեմբերի, 2015թ., N 25(368), էջ 3-4): Առիթն ինքին ներկայացել է գրողի դարադարձի առթիվ արվածն ամփոփելու, անելիքները հստակեցնելու, և Դուք, որպես Խնձորեսկ համայնքի՝ հայրենանվեր համբավ ունեցող ղեկավար, անդրադառանում եք բազմաթիվ կարևոր հարցերի, որոնք տեղին ու ժամանակին չեն լուծվել և, ինչ խոսք, չեն կարող պատիվ բերել ո՛չ գրողի ծննդավայրին, ո՛չ նրա հարազատներին, ո՛չ էլ գրական ու գիտական հասարակայնությանը: Անելիքները շատ են, և հուսանք՝ Ձեր և գրական հանրության՝ փոքր-ինչ ուշացած մտահոգությունները գոնե այսուհետ կտան ցանկալի արդյունքներ, և խոսքը կփոխվի գործի:
Երանի թե <<Սյունյաց երկիր>> թերթի հարցերին տված Ձեր խոսքառատ պատասխանները համապատասխանեին իրականությանը, և գյուղն իսկապես ունենար այն բացառիկ, հարգալից վերաբերմունքը Խնձորեսկի բոլոր ժամանակների ամենամեծ մարդու նկատմամբ, ինչը Դուք ակնարկում եք: Իսկ Ձեր հաստատումը, թե <<Խնձորեսկը … հնարավորության սահմաններում նշել և պատրաստվում է նոր միջոցառումներով նշանավորել հոբելյանը>>, առնվազն մտապատրանք է: Բազմակետը տեղին է, և շատ ավելին է ասում:
Գրականագետ Մարտին Գիլավյանի՝ <<Գրական թերթի>> հուլիսի 10-ի համարում գրողի հոբելյանի առթիվ հրապարակած հոդվածի զարմացական մուտքը, թե <<խիստ տարօրինակ է, որ Այվազյանի 100-ամյակի առթիվ ոչ մի արձագանք չեղավ, ոչ մի քայլ չձեռնարկվեց>>, կարելի է թերևս պատճառաբանել հայրենի քաղաքի գրական-մշակութային կյանքից նրա կտրվածությամբ ու անիրազեկությամբ, բայց Ձե՛ր մոտեցումը, այն է՝ գրողի հոբելյանի առթիվ Խնձորեսկում <<Միրհավ>> գրական ակումբի իրագործած եզակի, կարևոր, այսպես ասած, մեկնարկային ձեռնարկները ՉՎԿԱՅԱԿՈՉԵԼՆ առնվազն տարակուսանք է հարուցում, եթե հաշվի առնենք Ձեր տեղեկացվածությունը ու նաև անմիջակա՛ն մասնակցությունը միջոցառումներից մի քանիսին:
Ամբողջ մտավորական հասարակությունը գիտի, որ Սուրեն Այվազյանի հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ հունվարի 9-ին (Սուրեն Այվազյանը, իր իսկ վկայությամբ, ծնվել է հունվարի 9-ին: Ինքնակենսագրական պատումներում, նոթագրություններում նա բազմիցս նշել է իր ծննդյան թվականի ու օրվա անստուգության մասին՝ 1915 թվականի և հունվարի 9-ի ընտրությունը հիմնավորելով մոր վկայումներով, ըստ որոնց՝ ինքը ծնվել է <<Քրիստոսի ծննդյան օրերին>> և կոտորածի տարում, երբ <<առուն արյուն էր, առուն արցունք էր>>: Հունվարի 9-ը գրողը ընտրել է՝ նկատի ունենալով <<Արյունոտ կիրակին>>: Ի՞նչ հունվարի 15-ի մասին է Ձեր խոսքը) կազմակերպված պաշտոնական այցը և Խնձորեսկում՝ նրա շիրմաքարի մոտ, հարգանքի տուրքի մատուցման արարողությունը տեղի է ունեցել <<Միրհավ>> գրական ակումբի անմիջական նախաձեռնությամբ, քանզի գյուղը որևէ միջոցառում չէր նախատեսել՝ ըստ մեր կողմից կանխօրոք արված հարցումների ու առաջարկների (հոբելյանին ընդառաջ մեր մտահոգություններն ու ծրագրային առաջարկները հրապարակվեցին նաև <<Սյունյաց երկիր>> շաբաթաթերթի 2014թ. դեկտեմբերի 27-ի համարում՝ <<Սուրեն Այվազյանի շիրմաքարի առջև>> խորագրով): Ավելի վաղ այցելելով Խնձորեսկ, հանդիպելով գրողի եղբորորդու՝ Վ.Այվազյանի, ինչպես նաև ՀԳՄ Սյունիքի գրողների միության նախագահ Ա.Ծատուրյանի հետ, իրազեկվելով անցած–դարձածից, գրողի հայրենի տան տխրահռչակ ճակատագրից, իմանալով Այվազյանի հանդեպ գյուղի՝ փոքր-ինչ անտարբեր վերաբերմունքի, նաև ծննդյան օրը նշելու Ձեր ոչ հուսադրող դիրքորոշումի մասին, որոշեցինք սեփական նախաձեռնությամբ կազմակերպել գրողի ծննդյան օրվա խորհրդին պատշաճող միջոցառումը: Ձեզ, գյուղական հասարակությանը, պաշտոնատար անձանց, <<Սյունյաց երկիր>> թերթի խմբագիր պարոն Ալեքսանյանին և էլի ուրիշների, մենք ՀՐԱՎԻՐԵ՛Լ ենք:
Ավելին, գյուղը միջոցառում չձեռնարկեց նաև գրողի մահվան տարելիցի օրը՝ մայիսի 19-ին: Հիշատակարժան այդ օրվա առթիվ դարձյալ ցավ ի սիրտ տեղեկանալով, որ գյուղը որևէ միջոցառում չի ձեռնարկել, կազմակերպեցինք հուշ-ցերեկույթ Խնձորեսկի ԱՄԵՆԱՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ շիրմաքարի մոտ. հրավիրյալները շատ էին, ներկայացողները՝ սակավաթիվ: Ներկա էիք նաև Դուք և միջոցառման կեսից հեռացաք:
Հունվարի ցրտաշունչ եղանակը և դպրոցական արձակուրդները նկատի ունենալով՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը հունվարի 9-ին գրողի շիրմաքարի մոտ հավաքվածներին խոստացավ, որ մայիսին անպայման կազմակերպելու են հոբելյանական մեծ միջոցառում. փաստորեն, այն տեղի չունեցավ, հավանաբար, դեռ կազմակերպման ընթացքի մեջ է, հուսանք՝ մինչև տարեվերջ կլինի…
Ցավալի է, որ <<Միրհավ>> գրական ակումբի կողմից նախ՝ Այվազյանի հոբելյանին ընդառաջ ձեռնարկված կարևորագույն քայլերը՝ հանդիպումները, հարցազրույցները, մամուլում բարձրացված հարցերը, խնդրադիր հրապարակումները, և ապա՝ գրողի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական հանդիսությունը, հիշատակի ցերեկույթը՝ մահվան տարելիցի առթիվ, տարվա ընթացքում՝ գրական հանդիպումները, դասախոսությունները, գրողի ստեղծագործությունների ծրագրային ընթերցումներն ու քննարկումները, որոնք ըստ հարկի բարձրացրին գրական հոբելյանի նշանակությունը և Այվազյանի անվան ու գործի շուրջ ձգողական դաշտ ստեղծեցին, չեն վկայակոչվում… նույնիսկ ակնարկով:
Ինչու՞ եք զլանում ուրիշների կատարած բարի, մնայուն, անշահախնդիր գործերի մասին էլ վկայել, եթե պատեհ առիթ է ներկայացել և օրախնդիր հարցեր են առաջ քաշվել: Դրան հակառակ՝ բավականին պերճախոսորեն ներկայացվել են գյուղի՝ … դեռ <<գլուխ չբերած>> գործերը՝ ի նշանավորումն գրական հոբելյանի:
Գովելի է, որ Դուք մեծ խնդիրներ եք դրել Ձեր առջև՝ կապված տան հիմնանորոգման, տուն-թանգարան դարձնելու, կորսվածը հետ բերելու և այլնի հետ, որոնց մասին վաղուց լսել ենք և հուսով ենք՝ ի վրեջո, սայլը տեղից կշարժվի, բայց չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է նախ <<փոքրիկ քայլերի արվեստով>> (Էկզյուպերի) <<աշխատել>> հանրային գիտակցության վրա, տարբեր ձեռնարկներով մշակութային պատշաճ, հարգալից, հիացական վերաբերմունք ձևավորել բնօրրանի տաղանդավոր զավակի, նրա գրական ու մարդկային նկարագրի, ստեղծած արժեհամակարգի նկատմամբ, որպեսզի գոնե ծննդյան ու մահվան օրերին <<մեծ ու փոքր>> ինքնաբերաբար քայլեն դեպի Խնձորեսկի <<պանթեոն>>՝ գլուխ խոնարհելու գյուղի բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդու շիրմաքարին...
Եվ վերջապես, հարգելի՛ գյուղապետ, Ձեզ դիմելու գլխավոր դրդապատճառը հետևյալն է. հարցազրույցում Դուք առաջնային խնդիր եք համարել <<գյուղի կենտրոնում կամ գրողի տան բակում՝ շիրիմի վրա, հուշարձան կանգնեցնելը>>: Բարի նպատակ է, բայց չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է նախ և առաջ եղածը պահպանել, ոչ թե ոչնչացնել: Չենք կարող աչք փակել մի տարօրինակ ու տխուր երևույթի վրա, որին ականատես եղանք Խնձորեսկում՝ մայիսի 19-ին: էլ ինչո՞ւ ենք նեղանում մեր թշնամիներից, երբ պատմական հուշարձանները ոչնչացնում ենք հենց մե՛նք՝ ջնջելով դրանցից <<հիշողության գրերն ու թվերը>>... Պարզաբանենք: 30 տարի առաջ Սուրեն Այվազյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով շրջանային ղեկավարությունը՝ ի դեմս Անժիկ Բուդաղյանի, պատվիրում է Այվազյանի հիշատակը <<հավերժացնող>> ցայտաղբյուր-հուշակոթող, որը հանդիսավորապես տեղադրվում է գրողի տան բակում՝ շիրմաքարից քիչ հեռու: Վկայախոս-ցայտաղբյուրը թեև 30 տարի <<ջրի երես չտեսավ>>, բայց, որպես պատմական հուշարձան, վկայեց գրողի 70-ամյա հոբելյանի հանրային հնչեղության, այդ առթիվ մտավորականության ու ղեկավար անձանց ցուցաբերած ուշադրության, գրողի հիշատակը ինչ-որ ձևով հավերժացնելու ազնիվ մղումների մասին: Եվ կոչված էր վկայելու դարեր, եթե ինչ-որ մեկի ծուռ մտքով չանցներ <<ջնջելու>> հիշողության գիրը: Բանն այն է, որ գրողի 100-ամյակի առթիվ երևի թե ինչ-որ բան արած լինելու նկրտումով, ցայտաղբյուրին, այսպես ասած, երկրորդ կյանք տալու որոշում կայացվեց, և ինչ-որ մեկի թեթև ձեռքով 70-ը վերաքանդակվեց 100-ի(մեղա՜ Աստված): Արդյունքում ունեցանք հուշակոթող՝ նվիրված ոչ թե Սուրեն Այվազյանի 70-ամյակին, այլ 100-ամյակին: Մի՞թե սա մշակութային վանդալիզմի ցցուն օրինակ չէ: Ինչու՞ Դուք, հարգելի՛ գյուղապետ, չեք վերահսկում ու չեք կանխում <<հիշատակ ջնջելու>> այս մերժելի ու անպատիվ երևույթները:
Ձեր ամեն մի խոսքին ու գործին պատմությունն է նայում:
Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий