23.06.2019

ԱՆԳԵԼԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ / Նամակ Ակսել Բակունցին

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Ասկերանի շրջանի Խնձրիստանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անգելինա Վարդանյանի աշխատանքը: 

Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում: 

* * * 
Բա´րև Բակունց … 

Ես Անգելինան եմ: Չնաշխարհիկ ու հերոսական Արցախի գողտրիկ անկյուններից մեկի` Խնձրիստան գյուղի դպրոցում եմ սովորում, XI դասարանում:Այսօր քեզ հետ հաղորդակցվել եմ ուզում: Շուտով ծնունդդ է, սրտանց քեզ շնորհավորել եմ ուզում. գիտեմ դա անհնար է, բայց ուզում եմ մի կերպ երախտագիտությունս հայտնել քո մթնաձորյան աշխարհի համար, շնորհակալ լինել, որ դու եղել ես և այսօր ապրում ես երկրորդ կյանքով` մեր սրտերում: Չարագործները դա երևի չէին գիտակցում, զորու չէին հասկանալու, որ ընկածները (դու էլ ընկար մի անօրինակ մարտի դաշտում) իրենց հուշով, վրեժով են սարսափելի: Այդ վրեժը քո տաղանդին սիրահար սերունդն է, որ անհագ կարդու՜մ է, կարդու՜մ և կրկին կարդալ է ուզում քո քերթվածները: Ես երախտապարտ եմ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, որը, պաշտելով Ձեզ, ստիպեց մեզ անպայման ընթերցել Քո ստեղծագործությունները: Գիտե՞ս, սիրելի´ Բակունց, այսօր, ցավոք, շատ քիչ են գեղարվեստական գրականություն ընթերցում: Ժամանակակից սերնդի հետաքրքրության շրջանակներն այլ են: Համացանցն ու բջջային հեռախոսները «հափշտակում են» սովորողներիս ժամանակը և կտրում Ե.Չարենցի նկարագրած «անեզր տիեզերքից»` գրքերի աշխարհից: Ես էլ համակարգչի առաջ շատ ժամանակ եմ անցկացնում և չէի պատկերացնում, որ ուսուցչուհուս հանձնարարած կապույտ շապիկով հաստափոր գիրքը, որի վրա ինձ արդեն հոգեհարազատ դարձած Քո անուն-ազգանունն է, կկարողանամ ընթերցել: Քիչ ասել է ընթերցել. ես շնչում եմ այդ գրքով, ապրում ու վերապրում պատմվածքների հերոսների թախիծը, տառապանքը, լուսավորվում նրանց պայծառությամբ:

12.05.2019

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼԻ «ՏԱՐԱՍ ԲՈՒԼԲԱՆ»

Հայ գոգոլագիտության մեջ միանգամայն նոր ու խորքային գնահատականի մի ծփանք էր Ա.Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը: Այն տպագրվել է որպես առաջաբան Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» երկի հայերեն նոր հրատարակության (1934, Պետհրատ): Թարգմանիչը հենց ինքն էր` Ակսել Բակունցը

*** 
«Տարաս Բուլբան», որի հայերեն առաջին լրիվ հրատարակությոունն ահա լույս է տեսնում, Նիկոլայ Գոգոլի նշանավոր երկերից է[1]: Իհարկե, Գոգոլը հանճարեղ հեղինակ է յուր «Մեռած հոգիներե պոեմով, բայց և այնպես, այս երկի մեջ ևս, թեև պակաս չափով, շողում է նրա բարձր հանճարը, նրա վառ երևակայությունը և պատմելու մեծ վարպետությունը: Կոզակների և Ուկրաինայի հին կյանքից գրած նրա մի շարք պատմվածքների և վիպակների մեջ ամենից հոյակապը «Տարաս Բուլբանե է, այս երկը, որ հիշեցնում է հին գուսանների հորինած զրույց, մեկն ուրկրաինական այն «դումաններիցե, որ փանդիռի նվագակցությամբ ալեմորուս ծերունիները պատմում էին Ուկրաինայի գյուղերում, երբեմն իբր չափածո և երբեմն` արձակ պատմվածքի ձևով: 
Դեռևս Նեժինի գիմնազիայում, բարձր դասարանների աշակերտ Գոգոլը սիրում էր լսել պատմության առարկայի այն դասերը, երբ ուսուցիչը պատմում էր ուրիշ երկրների և, հատկապես, Ուկրաինայի Միջին դարերի պատմությունը: Հին օրերի եղելությունների մասին պատմում էր նաև հեղինակի հայրը` Վասիլիյ Գոգոլը, փոստի մի հասարակ ծառայող, բայց շառավիղը ազնվական մի տոհմի, որից շատ ներկայացուցիչներ իրենց թրադաշյունի զորությամբ փորձել էին լեհական շլյախտիչների, Ղրիմի թաթար խաների և Ցարգրադի[2] սուլթանի դեմ մղած արշավանքներում, որպես կոզակ զորագնդերի ատամաններ:

27.02.2019

Թեհմինա Մարության / ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ԱՐՁԱԿԸ

Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, գրական-մշակութային ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած երկու տասնյակից ավելի գրքերով, կազմած ու խմբագրած ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի երախտավորը սպասում է իր վաստակի արժանի գնահատությանը: 
Ա.Ծատուրյանի ստեղծած գեղագիտական արժեհամակարգի գլխավոր երակը հուն է առնում հայրենի հողից, ավանդույթից, պատմությունից, աշխարհայացքից, ինքնուրույն հղացումից՝ մարմնավորված առավելապես արձակի փոքր ժանրաձևերի մեջ: 
Գրողի, գրական մարդու կոչմանը հավատարիմ՝ Ծատուրյանը պատմել, վավերագրել, հուշագրել է այն ամենը, ինչը տվել է նրան կյանքի լայնահուն ճանաչողությունը, կյանքի ճշմարտության անխաբ զգացողությունը: Ապրվածը, անհատական փորձառության բովով անցածը, վավերագրականը, ստուգապատումը արձակագրի ի՛ր մտասևեռումներն են: 
Ծատուրյանի արձակը մերթ պատմվածքի կառույց է, մերթ ակնարկի պատում, մերթ տպավորապաշտ նկարագրություն, այդքանով հանդերձ՝ մի գրաշխարհ, որ վաղուց բռնել է ընթերցողի սրտի, ճաշակի հետ հարազատություն պահող երակը:

26.02.2019

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

19.11.2018

ԱԼՎԱՐԴ ԲԵՔՄԵԶՅԱՆ / Ինչու՞ «Միրհավ»

Սկսել Բակունցի մասին գրվել են բազմաթիվ մենագրություններ, կատարվել են ուշագրավ հետազոտություններ: Բակունցն այն գրողներից է, որն անսպառ նյութ է տալիս խորհելու և մտածելու, նորանոր գրականագիտական ուսումնասիրությունների ու դիտարկումների համար: Մեզ հետաքրքրող հարցը հիմնականում առնչվում է «Միրհավ» պատմվածքի վերնագրի ընտրությանը: Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարևոր և էական դեր է խաղում վերնագիրը: Ընդհանրապես այն մեծ մասամբ սիմվոլի արժեք ունի, որն էլ կարող է բանալի հանդիսանալ մեկնաբանելու համար տվյալ երկի մեջ հեղինակի գեղագիտական և աշխարհայացքային ըմբռնումները: Երկար ժամանակ մեզ հանգիստ չէր տալիս այն հարցը, թե ինչու է Բակունցն իր պատմվածքը վերնագրել «Միրհավ»: Սպառիչ պատասխան չգտնելով Բակունցի մասին եղած գրականագիտական աշխատություններում` մենք որոշեցինք պատասխանը փորձել գտնել բուն պատմվածքի ներտեքստային շերտերում:

18.11.2018

«Թանգարանային շաբաթ» ծրագրին մասնակցեց նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանը (լուսանկարներ, տեսանյութ)

2018թ. նշվում է «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: Երկու կազմակերպություններն էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում մեծ դեր են խաղացել թանգարանային ոլորտի արդիականացման և զարգացման գործում: 
ԻԿՕՄ Հայաստանը և Թանգարանների ասոցիացիան ՀԲԸՄ-ի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը Երևանում կազմակերպեցին «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով միջոցառումների շարքը, որը եզակի հնարավորություն ընձեռեց Հայաստանի թանգարաններին, տուրիստական ընկերություններին և կրթական կազմակերպություններին՝ քննարկելու նոր համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները: 
«Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ մարզային ինը թանգարաններ, որոնց թվում նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանը, մասնակցեցին «Թանգարանային շաբաթ»-ին՝ ներկայացնելով իրենց մշակութային ժառանգությունը: