Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, գրական-մշակութային ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած երկու տասնյակից ավելի գրքերով, կազմած ու խմբագրած ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի երախտավորը սպասում է իր վաստակի արժանի գնահատությանը:
Ա.Ծատուրյանի ստեղծած գեղագիտական արժեհամակարգի գլխավոր երակը հուն է առնում հայրենի հողից, ավանդույթից, պատմությունից, աշխարհայացքից, ինքնուրույն հղացումից՝ մարմնավորված առավելապես արձակի փոքր ժանրաձևերի մեջ:
Գրողի, գրական մարդու կոչմանը հավատարիմ՝ Ծատուրյանը պատմել, վավերագրել, հուշագրել է այն ամենը, ինչը տվել է նրան կյանքի լայնահուն ճանաչողությունը, կյանքի ճշմարտության անխաբ զգացողությունը: Ապրվածը, անհատական փորձառության բովով անցածը, վավերագրականը, ստուգապատումը արձակագրի ի՛ր մտասևեռումներն են:
Ծատուրյանի արձակը մերթ պատմվածքի կառույց է, մերթ ակնարկի պատում, մերթ տպավորապաշտ նկարագրություն, այդքանով հանդերձ՝ մի գրաշխարհ, որ վաղուց բռնել է ընթերցողի սրտի, ճաշակի հետ հարազատություն պահող երակը:
Կենսական այն ապրումներն ու տպավորություները, որոնք բանաստեղծութամբ չկարողացավ խտացնել, հանձնեց արձակի թռիչքներին, և այդ դաշտում արձանագրեց նվաճումներ: Հայ գեղարվեստական արձակի արժեքավոր էջերից են Ծատուրյանի «Հողի սիրով», «Մի՛ կրակեք հայերի վրա», «Ապրելու իրավունքով», «Առանց հայրենիք չի կարելի», «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից», «Ծուխ ծխանի» ժողովածուները, որոնցում շահեկանորեն արծարծվել է արդի հայ արձակում այժմեականություն պահպանող Արցախյան ազատամարտի թեման: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում մանկավարժական պատմվածքները («Պապիս քառասուն դասերը»), մեմուարները («Սուրեն Այվազյանի հետ», «Ես տեսա Արևմտյան Հայաստանը»):
Ծատուրյան անհատի ու ստեղծագործողի ուրույն դիմապատկերը ամբողջացնում են հայրենի եզերքին նվիրված բանահյուսական-ազգագրական բնույթի աշխատությունները: Ծատուրյանը առանձնահատուկ, գրեթե առաքելական նվիրվածություն ունի ծննդավայր Խնձորեսկի հանդեպ: Ընթերցողի առջև իր գյուղին, իր բնաշխարհին հավերժորեն սիրահարված մարդն է, հողի արյան դարավոր կանչով կրկին հողին միախառնվելու երանավետ զգացողությամբ իր կյանքի ճանապարհը անցնող գրի երդվյալ սպասարկուն, ով նույնանշանակ չափանիշներով էլ ստեղծեց հոգևոր կյանքի վավերականություն ունեցող իր գեղարվեստական գործերը:
Ծատուրյանը նաև հմուտ բանահավաք է և ջանք ու մտաեռանդ չի խնայել՝ մոռացումից փրկելու բնօրրանի հոգևոր հարստությունները և դրանք կրող մարդկանց՝ խնձորեսկցիներին: Ծատուրյանի պատմվածքներով, բանահյուսական վկայումներով գրականություն է մտել խնձորեսկցիների ապրելու բարոյականությունը, գունեղ լեզվամտածողությունը, յուրօրինակ աշխարհատեսությունը, հնարմատ սովորություններն ու կենցաղավարությունը:
Ծատուրյանի առաջին գրքից մինչև («Թուրուսի խութի գրավումը») վերջինը երկարող մայր երակը իրապես կազմում է գրական մի ծրագիր, որի բնութագրումը մեկ բառով ամփոփելու համար կարող ենք դիմել վկայագրություն եզրույթին:
Նշեցինք, որ իբրև արձակագիր՝ Ծատուրյանը ձևավորվել է «ռազմաճակատային» նյութի գրականացման փորձով: Արցախյան ազատամարտի թեման, առհասարակ, գրողի տարերքն է և լայնորեն տողանցում է նրա ստեղծագործությունը:
Պետք է նկատել, որ Արցախյան ազատամարտի գրանյութը, չնայած բազմածավալ արծարծումներին, առանձին արժեքավոր ձեռքբերումներին, չի ինքնորոշվել իբրև գեղարվեստական համակարգ, չի ստեղծել իր գեղագիտությունը: Կարծիքներ են շրջանառվել (Վ.Հակոբյան, Հ.Վարդումյան), ըստ որոնց՝ հերոսամարտի մասին ստեղծված գրականության անբավարար լինելու պատճառը նյութի բնույթն է, նաև ժամանակային նստվածքի պակասը: Հրանտ Մաթևոսյանը մի առիթով նշել է, թե համազգային ու նվիրական թեմաներ կան, որոնք դժվարությամբ են գեղարվեստականացվում: Հայ գրողի համար այդօրինակ թեմա է Արցախյան հերոսամարտը, բայց էական է շեշտել, որ գրական ձիրքի բացակայության դեպքում ոչ մի նյութ՝ անկախ կենսական շեշտադրումների արդիականությունից, գեղարվեստական բարձրարվեստ յուրացում չի կարող ունենալ: Արժեքայնության չափանիշ ձևավորվում է գրվածքի նախ՝ գեղարվեստական հատկանիշներով և ապաª թեմատիկ-գաղափարական հարցադրումների համակարգով:
Ստեղծագործական խնդրադիր նյութի կարևորությունը պայմանավորված է պատմությունից՝ գրականություն, փաստականությունից՝ գեղարվեստականություն անցումով: Այդ սահմանագծում էլ Արցախյան պատերազմն անդրադարձնող արձակը ի հայտ է բերում գեղարվեստականության կազմատարրեր, բայց ընդհանրության մեջ հեռու է գրականությանը ներկայացվող գեղագիտական պահանջները բավարարելուց:
Ժամանակի հեռավորությունից կուտակված կենսանյութը մշակելու-գրականացնելու փորձերը հայտնակերպվում են տարբեր ժանրաձևերով՝ քնարական ստեղծումներից մինչև արձակ երկեր՝ վեպ, վիպակ, պատմվածք, ակնարկ, խոհագրություն ու օրագրություն: Հաճախադեպ են նաև ժանրային փոխաձևումները:
Հղացքի գեղարվեստավավերագրական արծարծումների շրջանակում (Լ.Խեչոյան, Հ.Վարդումյան, Հ.Երանյան, Ա.Նազարեթյան, Վ.Իսրայելյան, Վ.Հակոբյան, Հ.Բեգլարյան, Ա.Խաչատրյան, Ա.Շեկոյան, Ի.Մամյան, Ս.Հարությունյան, Ն.Սողոմոնյան, Վ.Բաղրյան, Ա.Բեգլարյան և ուրիշներ) գրապատմական որոշակի արժեք են ներկայացնում Արկադի Ծատուրյանի ստեղծագործությունները:
Գորիսի ու շրջակա գյուղերի (Խնձորեսկ, Կորնիձոր, Տեղ, Հարթաշեն, Շուռնուխի և այլն) տարածական ընդգրկումով հեղինակը կենդանագրել է Ղարաբաղյան շարժման տարիներին պատերազմական իրադրության մեջ հայտնված բնակավայրի կյանքը, սահմանամերձ ժողովրդի ծանր ու համառ պայքարը ազերիների դեմ՝ հանուն գերակա նպատակի՝ Արցախի ազատագրության ու անկախության հաստատման:
Անկախ ենթախորագրային հուշարկումից՝ պատմվածքների բոլոր դիպաշարերը չէ, որ զարգանում են ռազմաճակատային հարթության վրա: Իբրև գեղարվեստական տարածություն՝ ռազմաճակատը հաճախ սիմվոլիկ նշանակություն ունի: «Այստեղ բոլորը՝ կին, երեխա, տղամարդ, մեծ ու փոքր, բոլորը պատերազմի մասնակիցներ են,-վկայում է գրողը,-մասնակիցներ են, քանզի ռազմաճակատը անցել է մեր փողոցով, մեր բակով»:
Հեղինակը պահպանել է նյութին անհրաժեշտ փաստական ստուգություն, բայց անցումը վավերականությունից ընդհանրացում նրան քիչ է հաջողվել: Ժողովածուներում ի մի բերված գրվածքներից շատերը բնույթով փաստավավերագրություններ են, ակնարկներ, հուշագրային, օրագրային նոթեր («Զինվորի օրագրից», «Կամո»), քան պատմվածքներ՝ գրական տեսակի հատկականությամբ: Որոշ պատումներ դրվագային բնույթ են կրում կամ հեղինակի զրուցախոսություններն են՝ հաճախ վերամբարձ ոճավորումով: Քարոզչականությունը տեղ-տեղ թուլացրել է դեպքերի կուռ-հետևողական զարգացումը: Բոլոր դեպքերում հեղինակը պատումի մեջ է ներքաշել իր պատերազմական տպավորությունները և պատմաքաղաքական բազմաթիվ տարրերի համադրությամբ իմաստավորել տեսած, լսած դեպքերն ու պատմությունները ազատամարտիկների կյանքից:
«Ապրելու իրավուքնով» ժողովածուի առաջաբանում հեղինակը բնութագծում է նյութի տեսածիրում դիտված իրականությունը. «Սա մեր տեսած ու ապրած օրերից հյուսված գեղարվեստապատում ասք է՝ ժամանակաշրջանի պատմական անցքերի և իրադարձությունների ֆոնի վրա: Իրադարձություններ, որոնք, իրոք, պատմական են, բայց դեռ չեն հասցրել դառնալ պատմություն»:
Գրողը ոչ մի պարագայում չի հեռանում վավերականությունից, ճանաչելի է թողնում կերպավորված անձանց՝ նշելով նրանց իրական անունները, նույնիսկ՝ մականունները: «Առանց հայրենիք չի կարելի» ժողովածուի պատմվածքներից մեկում հեղինակը գրում է. «Ուզում եմ բոլորին մեկ-մեկ հիշել: Ամեն մեկի մասին դրվատանքի մի խոսք ասել: Չէ՞ որ նրանք արժանի են մեծարման»: Տղերք - այսպես է հեղինակը անվանում նախակերպարային հավաստիություն ունեցող հերոսներին, որոնք մարտնչել են ինքնապաշտպանական տարբեր գծերում: Պատմվածքներից մեկում («Գյուղը ոտքի է կանգնում») գրողը ուղղակի «ցուցակագրել է» նրանց՝ թվարկելով 104 անուն-ազգանուն՝ կամովին զինվորագրված ազատագրական պայքարի: «Իրենց լեռների պես կարծր» տղերքի կերպարներն են գրական ներշնչումների տարել գրողին:
Փաստականությունը գեղարվեստական պատումի մեջ է ներմուծել շատ պատմական դեմքերի, որոնց գրողը մարմնավորել է բարձրագոչ հերոսականությամբ՝ երկրապահ ջոկատների ընդհանուր հրամանատար Ս.Խաչատյանից մինչև գնդապետ Ս.Գրիգորյան, առանձին ջոկատների հրամանատարներ Ս.Բեգլարյան, Մ.Պողոսյան, Ս.Բաղդասարյան, ներքին գործերի բաժնի պետ Մ.Խոլյունց և ուրիշներ:
Գրողի համար դժվարին գործ համարելով ժամանակակցին կերպավորելը՝ Ծատուրյանը մտավախություն է հայտնում մի նուրբ խնդրի շուրջ՝ կկարողանա՞ արդյոք ընթերցողին համոզել, որ հերոս կարող է լինել իր կողքին ապրող, իր հետ առօրեական շփումներ ունեցող մարդը: Մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկներին ժողովուրդը արժանապես սրբացրել է, հերոսացրել, իսկ ովքեր կռվի դաշտում ճակատագրի բարեհաճությամբ կենդանի են մնացել, այսօր ապրում են մեր կողքին՝ որպես սովորական մարդիկ: Նրանց անունն ու գործը նույնպես արձակագիրը ամենայն վավերականությամբ կյանքից տեղափոխում է գրականություն՝ ժամանակակից ընթերցողին ցույց տալու, որ նրանք երբևէ զենքը ձեռքին մաքառել են թշնամու դեմ և կենդանի հերոսներ են՝ արժանի իր հիշատակող ու մեծարող գրչին:
Խնձորեսկ գյուղի ինքնապաշտպանական դրվագները՝ ջոկատի հրամանատար Սանոյի գլխավորությամբ, փառազարդում են Ծատուրյանի ռազմաճակատային արձակը: «Առանց հայրենիք չի կարելի» ժողովածուն գրողը նվիրել է ազատամարտում զոհված խնձորեսկցի ազատամարտիկներին և առանձնաշեշտել նպատակը՝ պատկերել «լեգենդար Սանոյի ու նրա ջոկատի մարտական ուղին, սխրանքները»: «Մեծի ու փոքրի հրամանատար, ամենահրամանատար» Սանոն գյուղում սիրված, բոլորանվեր ու արծվասիրտ մարդ էր՝ յուրաքանչյուր նահատակվող զինվորի հետ հոգեպես մեռնող, բայց ներքին գերհերոսական ճիգով պայքարը շարունակող հմուտ առաջնորդ: Իմաստուն ասույթի սեղմությամբ է հնչում Սանոյի նահատակության սրտահույզ տեսարանը ներկայացնող պատմվածքի վերջին տողը՝ «Բոլորը հերոսացան, Սանոն դարձավ լեգենդ» («Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք»): Սանոյի կերպարը առանձնանում է հոգեբանական դիմագծման տեսակետից: Պատմվածքներից մեկում հատկանշական է զրույցը, որ տեղի է ունենում նրա ու Կուճի Մինասի միջև («Անմահություն»): Սանոյի հրամանով «տղերքը» նախապատրաստվում են հարձակման՝ կանխելու Այնախուլի ձորերը հսկող հայկական դիրքերը վերացնելու թշնամու գաղտնի մտադրությունը: Վերահաս վտանգավոր մարտի տագնապահույզ սպասումի մեջ զինակից ընկերը հրամանատրին համոզում է, որ եղբորը՝ Սուրիկին, տուն ուղարկի. «Զոհեր կարող են լինել, իսկ ձեր տնից երկուսդ եք, դու և Սուրիկը, թող այս անգամ նա տուն գնա»: Սանոյի ձայնը հրամանի շեշտվածությամբ կախվում է օդում. «Նա տանն է իմ եղբայրը, այստեղ նա ընդամենը զինվոր է, բոլորին հավասար զինվոր: Զինվորը այստեղ պետք է լինի և ոչ թե տանը»: Սանոն կյանքին պարզում է ի՛ր ճշմարտությունը: Աննշան թվացող խոսքը խտանում-թանձրանում և կարծես ամփոփում է վիճակը: Համանման պատկեր կա «Մեր վերջը ապրելն է» պատմվաքծում: Հերթական մարտից հետո իմանալով, որ զոհվել է հարթաշենցի մի ուսուցիչ, Սանոն խորին ցավ է ապրում և կարգադրում տուն ուղարկել իրենց շարքերում գտնվող բոլոր ուսուցիչներին. «Նրանց փոխարեն էլ մենք կկռվենք, թող գնան երեխաներին դաս տան»: Տպավորիչ է նաև «Բարձունքի վրա» պատմվածքը: Քաշաթաղքը գրավված է. թշնամին փախչում է: Ղարաբաղի ու Գորիսի ազատամարտիկ-զինյալները, հավաքված շրջակա բարձրադիր լանջին, հայացքով հետևում են փախչող ազերիներին, հրամայված է՝ չկրակել: «Հայը կրակողի վրա է կրակում, փախչող-հեռացող մարդկանց վրա չի կրակում»,- մեկնաբանում է գրողը: Եվ հետո՝ այս կանայք ու երեխաները ի՞նչ մեղք ունեն: Կրակելու իրավունք չունեն, բայց ուրախանալու իրավունք ունեն տղերքը և Սանոյից կերուխումի թույլտվություն են խնդրում: Ահա հրամանատարի պատասխանը. «Ես արգելում եմ խորոված ու խրախճանք անել երեխաների ու կանանց լաց ու ողբի տակ»: Ոչ ոք չի համարձակվում առարկել նրան: «Ընդհակառակը,-ավելացնում է ականատես-գրողը, -հրամատարի կարգադրությունից հետո բոլորն իրենց մեղավոր էին զգում»:
Որդեկորույս մոր հոգեբանական ծանր ապրումների սրտաշարժ պատկեր է բացվում «Կոռնիձորյան պատմություն. մայրը» պատմվածքում: Կոռնիձորի սահմանները հսկող քաջ տղերքը գերի են վերցնում Աշխեն մայրիկի որդուն մասնատած թուրքին և քարշ տալիս գյուղ՝ հանձնելով նրա ձեռքը, որ «խեղդի, Մարտունի վրեժն առնի, սիրտը մի քիչ հովանա»: Սակայն ի զարմանս հրապարակում հավաքված գյուղացիների՝ «այն ձեռքերը, որ պիտի խեղդեին գերուն, թուլանում, կախվում են անզոր, ոտքերը, որ պրկված ջղերով մոլեգնում էր դեպի թշնամին, կարծես միանգամից դառնում են անարյուն, մարում, հանգչում է կրակը ակնակապիճներում, խամրում ու դառնում անլույս»: Մոր ձեռքերը ընդունակ չեն մարդ սպանելու,- եզրակացնում է հեղինակը: «Մի՞թե դու այդքան թույլ մայր ես»,- վրդովված ձայն են տալիս: Նույնիսկ ատրճանակ են դնում գերու դիմաց արձանացած կնոջ ձեռքին, սակայն նա ատրճանակը շպրտում է մի կողմ և ընկրկում՝ ձեռքերով ծածկած վշտահար դեմքը: «Չքվի՛ր աչքիցս, դև, ես զզվում եմ քո արյունից» - այս խոսքերն է միայն կարողանում արտաբերել զավակին կորցրած հայ մայրը՝ արդար դատաստանի փոխարեն, քանի որ «մայրը կյանք է արարում և ոչ սպանում»:
Հաջորդ պատմվածքներում պատկերագծվում են ազատագրական պայքարի բնորոշ դրվագներ, պատերազմական վիճակի մեջ հայտնված առանձին մարդկանց ու ընտանիքների դառնաղետ կյանքի պատկերներ:
Պատմվածքի գրական տեսակը պահանջում է որոշակի ավարտվածություն, բայց Ծատուրյանի պատմվածքներում կարևորվում են ոչ այնքան դեպքերի սկիզբն ուվերջը, որքան տպավորված պահի պատկերումը: Դա է պատճառը, որ պատմվածքներից շատերի վերջաբանները մնում են անորոշ: Հեղինակը հաճախ պատկերում է որևէ վիճակ, որը չի ստանում գեղարվեստական լուծում («Սրտի թելադրանքով», «Ազգովին՝ թիկունք»). հուզապրումային բազմազեղուն զուգորդությունների մեջ ասելիքը չի որոշակիանում: Բացի պատկերվող նյութի դրվագը մեկ պահի մեջ ներկայացնելու մասնահատկությունից, Ա.Ծատուրյանը փորձել է ընդարձակել պահի տարողությունը և պատկերել դրա հետ կապված գործողությունների շղթան: Այս տեսակետից առանձնանում են «Ավերակների տակ», «Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք» և ուրիշ պատմվածքներ: Մի քանի պատումներում կյանքի ծանր իրադեպերը ներկայացված են բավականին հեշտ հոգեբանական անցումների մեջ. հատկանշական են «Լուսինեն», «Ռազմիկը», «Հայր Խաչատուրը» և այլն:
Շուռնուխի գյուղի կամավորական ջոկատի գերեվարության պատկերը դարձել է «Գերության մեջ» պատմվածքի հիմքը: Հեղինակը պատումի մեջ է առել բազմաթիվ կերպարներ և մանրամասնորեն նկարագրել նրանց չարչարանքները գերության մեջ և թուրքի որոգայթներին արժանապատվորեն դիմակայելու ներքին պայքարը: Բացի ծեծից ու զանազան նվաստացումներից ազերիները հայ գերյալներին ենթարկում էին «հոգեբանական մշակման». պահանջում էին ասել, որ Շահումյանը թուրք է, որ Ղարաբաղը հազար տարի թուրքինն է: Մայոր Շահբազյանին կախեցին միայն այն պատճառով, որ բարձրաձայն ասել էր, որ ինքը հայ է ու ծնվել է Ղարաբաղում: «Ղարաբաղում հայ չի եղել և իրավունք չունի լինելու»,-ասացին ու կախաղանի օղակը գցեցին վիզը»,-պատմում է ականատես-հերոսը, որ գերության մեջ էր Շուշիի բանտում:
Ներքին միասնություն ունեցող ժողովածուներում ի մի բերված շատ պատմվածքներ թողնում են մեկ գեղարվեստապատումի առանձին մասերի տպավորություն: Դեմքերը նույնն են, բայց և ամեն մի պատմվածք նոր գործողությունների ու նոր հարաբերությունների մեջ է ներքաշում հերոսներին:
Ազգային կյանքի այդ ծանր օրերի ականատեսը արձանագրում է փաստը՝ չհետևելով պատմվածքի զարգացման ներքին տրամաբանությանը՝ ջանալով կորստից փրկել Արցախյան գոյապայքարում իր հայրենակիցների սխրանքների հիշատակները: Մեկ լավ պատկերը կամ հոգեբանական խտացումը քիչ է, գրողը պետք է կարողանա կենսական իր դիտարկումներն ու տպավորությունները վերածել լիարժեք պատմվածքի: Շատ են դեպքերի պարզունակ արձանագրումները, դիպաշարային նկատելի ցրվածություն կա:
Հերոսամարտի ուշարժան անցքերը հիշատակելու-վավերագրելու հրատապ մղումով Ծատուրյանը հաճախ զրկել է իրեն գրողական հնարքներից, երևակայության ընձեռած թռիչքներից, կենսանյութը ստեղծաբանական-գեղագիտական մշակման ենթարկելու գրական ազատությունից, նյութի թելադրած ոճակառուցվածքային յուրատիպ լուծումներից և ընտրել է գեղարվեստական խոսքը կաշկանդող առարկայական ճշգրտության «զսպաշապիկը»: Սրանով հանդերձ՝ նա կարողացել է պահպանել գեղարվեստական խոսքի մայր հատկանիշների մեծ մասը՝ անբռնազբոս ոճը, լեզվական դյուրահաղորդությունը, հուզավառ տողանցումները: Շատ են հեղինակային իմաստախոսությունները՝ «Ապրել է նա միայն, ով սրի դեմ սուր է վերցրել», «Զենքի ընկերությունը երդվյալների միություն է, «Մեր վերջը ապրելն է», «Ով ֆիդայի է գրվել, դա հենց նրա երդումն է», «Մեր զորությունից չեն վախեցել, մեր խորությունից են վախեցել», «Ուրիշները գնալով շատացել են, մենք կորցնելով՝ բյուրեղացել», «Եթե աշխարհում հաշտություն է պետք, պետք է առաջին հերթին մայրերի համար», «Մոր վշտի դեմ անզոր են բոլորը» և այլն:
Պատերազմի նյութի յուրացման ծատուրյանական փորձը առավելապես դիտարկելի է գեղարվեստական վավերագրության կամ փորձարարական արձակի ժանրաձևային դաշտում, քանզի չի բնորոշվում խորքային կառուցումներով, գեղարվեստական լայն ընդհանրացումներով, կերպարակերտման բարձր արվեստով:
Պատմությունը հոգեբանական, գաղափափարա-իմաստասիրական ու գեղագիտական խտացումներով է գեղարվեստապատում դառնում, իսկ առանց այդ խտացումների պատմությունը ընդամենը վավերաթուղթ է:
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Комментариев нет:
Отправить комментарий