Հայ գոգոլագիտության մեջ միանգամայն նոր ու խորքային գնահատականի մի ծփանք էր Ա.Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը: Այն տպագրվել է որպես առաջաբան Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» երկի հայերեն նոր հրատարակության (1934, Պետհրատ): Թարգմանիչը հենց ինքն էր` Ակսել Բակունցը:
***
«Տարաս Բուլբան», որի հայերեն առաջին լրիվ հրատարակությոունն ահա լույս է տեսնում, Նիկոլայ Գոգոլի նշանավոր երկերից է[1]: Իհարկե, Գոգոլը հանճարեղ հեղինակ է յուր «Մեռած հոգիներե պոեմով, բայց և այնպես, այս երկի մեջ ևս, թեև պակաս չափով, շողում է նրա բարձր հանճարը, նրա վառ երևակայությունը և պատմելու մեծ վարպետությունը: Կոզակների և Ուկրաինայի հին կյանքից գրած նրա մի շարք պատմվածքների և վիպակների մեջ ամենից հոյակապը «Տարաս Բուլբանե է, այս երկը, որ հիշեցնում է հին գուսանների հորինած զրույց, մեկն ուրկրաինական այն «դումաններիցե, որ փանդիռի նվագակցությամբ ալեմորուս ծերունիները պատմում էին Ուկրաինայի գյուղերում, երբեմն իբր չափածո և երբեմն` արձակ պատմվածքի ձևով:
Դեռևս Նեժինի գիմնազիայում, բարձր դասարանների աշակերտ Գոգոլը սիրում էր լսել պատմության առարկայի այն դասերը, երբ ուսուցիչը պատմում էր ուրիշ երկրների և, հատկապես, Ուկրաինայի Միջին դարերի պատմությունը: Հին օրերի եղելությունների մասին պատմում էր նաև հեղինակի հայրը` Վասիլիյ Գոգոլը, փոստի մի հասարակ ծառայող, բայց շառավիղը ազնվական մի տոհմի, որից շատ ներկայացուցիչներ իրենց թրադաշյունի զորությամբ փորձել էին լեհական շլյախտիչների, Ղրիմի թաթար խաների և Ցարգրադի[2] սուլթանի դեմ մղած արշավանքներում, որպես կոզակ զորագնդերի ատամաններ:
«Տարաս Բուլբայի» մեջ հիշատակված հերոսներից շատերը ոչ միայն պատմական անձնավորություններ են, որոնց մասին Գոգոլը տեղեկություններ է քաղել հին տարեգրություններից, այլև ոմանք եղել են հեղինակի նախահայրերը, և նրանց մասին ավանդել է տոհմական քրոնիկան: Գոգոլի մանկության օրերի ամենավաղ հիշողությունները կապված են նրանց տան հարուստ բարեկամ, կոմս, Տրոշչինսկու ընտանեկան թատրոնի հետ, որտեղ ներկայացնում էին հեղինակի հոր Վասիլիյ Գոգոլի գրած պիեսները, որոնց մի մասը ուկրաիներեն լեզվով պատկերացնում էր Ուկրաինայի մոտիկ անցյալը` կոզակների սխրագործությունները, նրանց կյանքն ու ասպատակները և նրանց հերոսական մահը: Եվ, վերջապես, Գոգոլի ստեղծագործության համար պատկերների, ոճի և նյութի անսպառ աղբյուր էր այն անգիր վեպերն ու զրույցները, որ նա լսում էր բանդուրիստներից և շնորհալի պատմող ծերունի կոզակներից: Եվ «Տարաս Բուլբայի» շատ էջեր, հատկապես պատերազմի նկարագրությունները, ամբողջովին, երբեմն ընտրությամբ, առնված են այդ անհայտ պատմիչների ավանդած պատմություններից:
«Տարաս Բուլբայի» մեջ հիշատակված հերոսներից շատերը ոչ միայն պատմական անձնավորություններ են, որոնց մասին Գոգոլը տեղեկություններ է քաղել հին տարեգրություններից, այլև ոմանք եղել են հեղինակի նախահայրերը, և նրանց մասին ավանդել է տոհմական քրոնիկան: Գոգոլի մանկության օրերի ամենավաղ հիշողությունները կապված են նրանց տան հարուստ բարեկամ, կոմս, Տրոշչինսկու ընտանեկան թատրոնի հետ, որտեղ ներկայացնում էին հեղինակի հոր Վասիլիյ Գոգոլի գրած պիեսները, որոնց մի մասը ուկրաիներեն լեզվով պատկերացնում էր Ուկրաինայի մոտիկ անցյալը` կոզակների սխրագործությունները, նրանց կյանքն ու ասպատակները և նրանց հերոսական մահը: Եվ, վերջապես, Գոգոլի ստեղծագործության համար պատկերների, ոճի և նյութի անսպառ աղբյուր էր այն անգիր վեպերն ու զրույցները, որ նա լսում էր բանդուրիստներից և շնորհալի պատմող ծերունի կոզակներից: Եվ «Տարաս Բուլբայի» շատ էջեր, հատկապես պատերազմի նկարագրությունները, ամբողջովին, երբեմն ընտրությամբ, առնված են այդ անհայտ պատմիչների ավանդած պատմություններից:
Գոգոլը մինչև վերջ մնաց պատմության սիրահար. նրա մեծագույն իղձերից մեկն էր` գրել Ուկրաինայի բազմահատոր պատմությունը, որի համար երկար տարիներ նա հավաքում էր անտիպ նյութեր, զանազան հիշատակարաններ, ձեռագրեր և այլն: 1833 թվի դեկտեմբերին, այսինքն` այն ժամանակ, երբ Գոգոլն արդեն ձեռնամուխ էր լինում «Տարաս Բուլբային» նա գրում է Պուշկինին, թե որքան լավ կլիներ, եթե իրեն ուղարկեին Կիևի համալսարանի ընդհանուր պատմության դասախոս. «Ես նախորոք արդեն սքանչանում եմ, երբ երևակայում եմ, թե Կիևում ինչպես կեռան իմ աշխատանքները: Այնտեղ ես գրվանի տակից կհանեմ բազմաթիվ բաներ, որոնցից ձեզ դեռևս բոլորը չեմ կարդացել: Այնտեղ ես կվերջացնեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարավի պատմությունը և կգրեմ ընդհանուր պատմություն, որ, ինչպես հարկն է. մինչև այժմ, ցավոք սրտի, դեռ չկա ոչ միայն Ռուսաստանում, այլև նույնիսկ Եվրոպայում: Իսկ այնտեղ ինչքան կհավաքեմ ավանդություններ, հավատալիքներ, երգեր և այլ բաներ»: Ճիշտ է, որպես պատմության դասախոս նա անհաջողության հանդիպեց, և երբեք չիրականացավ նրա երազը`ստանալ պատմության ամբիոնի պրոֆեսորի կոչում, այնուամենայնիվ, նա հավաքեց բազմաթիվ ավանդավեպեր և յուր ծրագրած Ուկրաինայի և համայն աշխարհի ընդհանուր պատմության փոխարեն սերունդներին ժառանգություն թողեց «Տարաս Բուլբան», որտեղ պատմական իրողություն գուցե ավելի շատ կա, քան մի կարգ հաստահատոր «պատմությունների» մեջ:
Ասացինք, որ Գոգոլի գլուխգործոցը նրա «Մեռած հոգիները» պոեմն է, Սորակևիչի, Նոզդրևի, Մանիլովի[3] և այլ ուրիշ մեռած հոգիների պատկերահանդեսը, որտեղ յուրաքանչյուր պորտրե ամբողջական դեմք և բնավորություն է, նկարված հանճարեղ վրձինով, ամենաչնչին մանրամասնություններով, և որոնց խմբանկարը պատկերն է մանրակալվածքային Ռուսիայի` Նիկոլայ I-ի կայսրության[4] խուլ պրովինցիայի, յուր վարք ու բարքով, սովորություններով, պատկերը պրովինցիայի քաղաքի` քնած և քարացած պարապությունից ապուշ կտրած ավելորդ մարդկանցով, որոնց թվում է. թե իրենք են երկրի աղը, և որոնք առհասարակ ոչնչություն են, դժբախտ չնչինություն, որը չի գիտակցում իրեն և նույնիսկ անկարող է երբևիցե հասկանալ, թե պատմությունը վաղուց է անցել իր վրայով, և արդեն վրա են հասել այլ ժամանակներ: Իրենց կալվածքներում նստած այդ մարդիկ որևէ ակնկալություն չունեին. խխունջը մտել էր պատյանը, և նրանք գոհ էին, որ դեռ մնուն են ճորտ գյուղացիները, որոնք ցանում էին, հնձում և հաց թխում, հագցնում և կերցնում էին պարապությունից և ձանձրույթից կիսապուշ բարինին, որի հեռուն գավառական քաղաքն էր, որի առօրյա զբաղմունքը բամբասանքն էր և երազահանի ընթերցումը, ամենախիզախ քայլը` հարևան կալվածատիրոջ տանը հրավիրած պարահանդեսին մասնակցելը:
Ռուս գրողներից և ոչ ոք այդքան վառ գույներով չի նկարել այդպիսի պորտրեներ: Գոգոլը կամեցե՞լ է, որ ընթերցողները ծիծաղեն այդ մարդկանց վրա, որոնք կազմում էին նրա շրջապատը, թե՞ խղճահարություն է հայցել նրանց համար, կամ գուցե կամեցել է, որ նրանց վրա ծիծաղեն արցունքն աչքերին, ինչպես ինքը,- այդ հարցերի պատասխանը դուրս է մեր հոդվածի սահմաններից: Մեզ միայն հարկավոր է ընդգծել, որ Գոգոլի ստեղծագործության գլխավոր պորտրեները, այն մարդիկ, որոնք նրա կենդանի շրջապատն էին, և որոնց, ականջներից բռնած` նա դուրս հանեց պրովինցիայի խուլ խորքերից, և անմահացրեց, - այդ մարդկանց միջավայրը գորշ, անհրապույր և անհամակրելի էր Գոգոլի համար: Այդ մարդիկ ոչինչ լուսավոր չունեին, նրանց մանր առօրյան տաղտկալի էր, նրանք ձանձրույթ էին սփռում, նրանցից բարձրանում էր նեխման դատապարտված խավի գարշահոտություն, և նրանք քայքայվում ու խարխլվում էին, ինչպես այն բնակարանը, որի պատուհանները փակ են, պատերը խոնավությունից բորբոսնել են, արևը ներս չի մտնում, ամեն ինչի վրա նստել է հազարամյա փոշին և նույնիսկ սարդերը լքել են իրենց ոստյաները, որովհետև այդ լուռ աշխարհում այլևս կենդանի ոչինչ չկա: Դրամա-փոխանակային հարաբերությունները հետզհետև աճող թափով խարխլում էին մանր կալվածատերերի տնտեսական հիմքը: Իսկ խարխլվողներից և ոչ մեկը գեթ աղոտ չափով, չէր հասկանում և չէր էլ կարող հասկանալ շրջապատի իրադարձությունները, որովհետև հասկանալը ևս աշխատանք է, իսկ այդ մարդկանց համար աշխատանքը մահ էր:
Գոգոլը բարձր էր յուր շրջապատից: Նա տեսնում էր, որ բոլոր Մանիլոները դատապարտված են անխուսափելի ոչնչացման: Սակայն նրա միտքն ավելի խորաթափանց չէր, որպեսզի տեսներ ելքը և այն առաջատար ուժը, որ գալիս էր` խորտակելով հինը: Եվ դեռ ավելին. յուր ըմբռնումներով Գոգոլը հետադիմական բանակի մարդ էր: Սլավյանաֆիլների խմբակի[5] հետ ունեցած նրա երկարամյա բարեկամությունը պատահական չէր: Նրա համոզմամբ` Ռուսաստանի փրկությունը կալվածատիրական կարգերն անխախտ պահելու մեջ էր. մանր կալվածատերի հոգեբանությամբ` Գոգոլը ծիծաղում էր նրանց վրա, որոնք շաքարի, սպրիտի, կաշվի և այլ գործարաններ էին հիմնում: 1848 թվի հեղափողությունը նա համարում էր պարապ մարդկանց հիմարություն: Ամեն առիթով նա ցույց էր տալիս, որ ինքը ռուսական կայսեր խոնարհ հպատակն է: Վերջապես` հայտնի է Բելինսկու նշանավոր պատասխանը Գոգոլին, վերջինիս հետադիմական կարծիքների առթիվ: Գոգոլը մինչև ուղն ու ծուծն աղոթասեր և հավատացյալ մարդ էր: Այն ժամանակ, երբ առաջավոր սերունդը նրա «Ռևիզորը» դրոշ էր դարձրել, երբ գավառական քաղաքի պաշտոնեության ծաղրի մեջ նրանք իրավացի տեսնում էին ծաղր կայսերության հիմքերին, ներքևից մինչև վեր, մինչև համառուսական գորոդնիչի Նիկոլայ կայսրը,- ինքը` հեղինակն ուխտադրության էր գնում Երուսաղեմ` տեսնելու «սուրբ վայրերը»: Երբ Սոբակևիչները, Պլյուշիկները և մյուսները դարձել էին հասարակ անուններ, Նիկոլայ Գոգոլը խոր հուսահատութույնից ավելի և ավելի էր փարվում ուղղափառ հավատի վեմին: Եվ հայտնի է, որ վերջին տասը տարին նա մի մոլեռանդ հավատացյալ էր, որը մաշում էր իրեն ծոմերով և պահքով, որը վառեց երկար տարիների աշխատանքի արդյունքը` «Մեռած հոգիների» երկրորդ հատորը, որի ընթերցանության գիրքն Ավետարանն էր և «Յայսմաւուրքը», ամենամոտիկ բարեկամները` զանազան անապատականներ, ջադու պառավներ և կրոնամոլ քահանաներ, որոնցից մեկը նրան հասցրեց մինչև ոչնչացում:
Այդպես էր Գոգոլը և նրա շրջապատը: Երկուսի միջև հաշտություն չկար և չէր կարող լինել: Գոգոլը բարձր էր շրջապատից. նա իրեն համարում էր մի մարգարե, որ առաքելություն ունի, մի խարազան, որի հարվածներով մարդկանց պիտի սթափեցնի: Շրջապատի մարդիկ առհասարակ գործունյա չէին. նրանք ավելի հղփացած անասուններ էին, քան ջղերի և բանականության տեր մարդիկ: Գոգոլը գավառից և գավառական միջավայրից փորձեց քաղաք տեղափոխվել. նրա ստեղծագործական ուղին ընկավ այն տրորված ճանապարհով, որով նույն պրովինցիայի «Երջանիկ խիզախները» գնում էին քաղաք, որպեսզի տեղավորվեն որևէ դեպարտամենտում և, իբրև չինովնիկներ, շարունակեն նույն անիմաստ և անասնական կյանքը: Գոգոլի չինովնիկները նույն մանր կալվածատերերն են, որոնք պապենական հին քուրքը փոխարինել են չինովնիկի մունդիրով: Գոգոլի համար քաղաքի այդ մարդիկ ևս նույնքան գորշ և տաղտկալի էին: Այդ հին միջավայրն էր, մի ընդարձակ մեռյալ ծով, որտեղ չէր խլրտում մարդկային որևէ առաքինություն[6], չկային պայծառ դեմքեր, քաջարի և կամքով հզոր մարդիկ, որոնց սխրագործություններն ու հերոսական կյանքը գոհացում տար նրա անհանգիստ ոգուն, պրպտող մտքին և վառ երևակայությանը: Շրջապատում չկային այդպիսի մարդիկ. ապագան նա մշուշոտ էր տեսնում և սխալ: Մնում էր այդպիսի հերոսներ փնտրել անցյալում, այն հերոսական ժամանակներում, որից մնացել էին ավանդություններ, ձեռագիր հիշատակարաններ և անգիր զրույցներ:
Այդպես ծնվեց «Տարաս Բուլբան»:
***
Սխալ և իզուր կլիներ «Տարաս Բուլբան» համարել պատմական վեպ: Ուշադիր ընթերցողը կնկատի այն սպիտակ թելերը, որոնցով մի կերպ իրար են միացված երկի զանազան մասերը: Կան հատվածներ, որոնք առանձին ամբողջություն են, և թվում է, թե արհեստական կերպով են հագցված նյութին: Չափազանց պրիմիտիվ է նաև երկի կառուցվածքը, չկան բարդ հանգույցներ, որոնք առհասարակ հատուկ չեն Գոգոլի ստեղծագործության: Եթե ընթերցումից հետո փորձենք պատմել այս երկի բովանդակությունը, կթվա թե առանձին բան չկա պատմելու, դեպքերը և նրանց կապը բազմակողմանի չեն: Տարաս Բուլբան նույնպիսի կոզակ է, խոսում է նույն կերպ, ինչպես մյուս կոզակները:
Նրա որդի Օստապը նույն Տարաս Բուլբան է, իսկ վերջինս ոչնչով չի տարբերվում ծերունի Բովդյուգից: Նրանք բոլորը միանման դյուցազուններ են և կռվում են հավատի ու հայրենիքի ազատության համար: Նրանք միևնույն ատելությամբ են լցված լեհ ազնվականների, կաթոլիկ հոգևորականների և հրեաների հանդեպ: Թվում է, թե ամբողջ զորաբանակը միատեսակ մարդկանց խումբ է, ավելի ճիշտ, մի մարդ է, որից տարբերվում է միայն Տարասի որդի Անդրին:
«Տարաս Բուլբան» ճիշտ կհասկանանք, եթե այդ երկն ընդունենք իբրև նմանություն ժողովրդական ավանդավեպի. իբրև մի զրույց, որ փանդիռի նվագակցությամբ պատմում էին ուկրաինական գյուղերում: Այդ միայն մի երգ է, մի պարզ պատմություն: Գոգոլը վերցրել է ո´չ միայն ավանդավեպի նյութը, այլև ձևը: Նա պատմում է էպիկական հանդարտությամբ. նա հաճախ ընդհատում է դեպքերի ընթացքը` կողմնակի խորհրդածությունների համար: Երբեմն ինքն է դիմում հերոսներին, ողբում է նրանց հերոսական մահը, երգում է նրանց գովքը, հիշատակում է մի կողմնակի հանգամանք,- և այդ եղանակով սաստկացնում է ընթերցողի հուզական տրամադրությունը: Լիրիկական շեղումներից բացի, Գոգոլը դիմում է էպիկական համեմատությունների, չափազանցությունների և կրկնաբանությունների եղանակին, և տեղ-տեղ, պատմությունն իրականին ավելի նմանեցնելու համար, գործ է ածում պատմիչի սառն ու զուսպ ոճը: Այսպիսիով` «Տարաս Բուլբան» չի կարելի պատմել, որովհետև ոճի գեղեցկությունը և պատմելու բարձր արվեստը ծածկում են երկի բովանդակությունը:
Սակայն Գոգոլը պարզ նմանողությամբ չի օգտագործել ժողովրդական ստեղծագործության ձևերը: Այդ ձևերը նա մշակել և հարստացրել է: Ուկրաինական «դումա»-ները հարուստ չեն բնության տեսարանների նկարագրով, այնինչ «Տարաս Բուլբայի» մեջ պեյզաժի նկարագիրը հասնում և երբեմն գերազանցում է ռազմի պատկերներին, որոնցով հարուստ էին ժողովրդական երգերը: Բնության նկարագիրը, որ ադամանդի մանր ու խոշոր քարերի նման հեղինակը ցրել է յուր երկի զանազան մասերում, ինչպես և ռազմի տեսարանները կազմում են մի տեսակ շրջանակներ, որոնք ավելի հոյակապ են դարձնում կոզակներին: Կարծես պատերազմ չէ, այլ ազատ և ընդարձակ ստեպում խրախճանքի են եկել դյուցազունները: Նրանք ամեն ինչ կարող են անել. այդ քաջերն թրերով են որոշում կարելիության սահմանը: Նրանք նույնքան վիթխարի են և հզորությամբ գեղեցիկ, որքան Դնեպրը, որքան նրանց հայրենիքի անեզր ստեպը: Նրանք վեհագույն են նույնիսկ դաժանության ժամին. երբ Բուլբա հայրն ահեղ գոչում է որդուն. «Ես եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»,- գոչում և արձակում է հրազենը, չգիտես ո՞վ է ումից հզոր և գրավիչ` Տարա՞սը, թե՞ Անդրին, թե՞ երկուսն էլ հավասարաչափ:
Օգտվելով ժողովրդական բանահյուսության ձևերից և նյութ դարձնելով իրական մի դեպք, Գոգոլը յուր հերոսներին պարգևել է նաև այնպիսի մտքեր, որոնք այդ մարդկանց հատուկ չեն: Այդ մտքերն իրեն` Գոգոլի սեփականությունն էին: Պատմական ճշմարտության հակառակ են «Տարաս Բուլբայի» այն հատվածները, որոնց մեջ մեռնող կոզակները մեկը մյուսի հետևից գովաբանում են ռուս իշխաններին, ռուս թագավորին և ուղղափառ հավատը: Զապորոժյան Սեչը[7] առնչություն չուներ ռուս իշխանների և ռուս թագավորի հետ: Գոգոլին հայտնի էր այն, որ ռուս թագավորներն իսպառ վերացրին կոզակների ազատ եղբայրությունը: Հետին թվով Սեչի կոզակների բերանը դնելով այդպիսի խոսքեր` Գոգոլն արտահայտում էր միայն և միայն յուր խոնարհ հպատակի զգացումները ռուսական գահի հանդեպ: Այդ միայն ժամանակի տուրք չէր, այլ կազմում էր Գոգոլի համոզումների հիմքը: Նույնը կարելի է ասել կրոնի և Գոգոլի կրոնական զգացումների խոր ազդեցության մասին: Ժողովրդական «դումա»-ների մեջ հավատի խտրությունը դեր չի խաղում, այնինչ Բուլբան ներկայացված է ուղղափառ հավատի նույնքան ջերմ պաշտպան, որքան և ինքը հեղինակն էր: Կրոնի խոր ազդեցությամբ պիտի բացատրել նաև այն ներքին և սխալ նմանությունը, որ կա Տարասի և մյուս կոզակների ու քրիստոնեական հավատի առաքյալների միջև: Ճակատամարտից առաջ Տարաս Բուլբայի գինարբուքը հիշեցնում է Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը[8]: Հավատի համար մեռնող կոզակների հոգիները երկինք են բարձրանում և նստում են «ընդ աջմէ աստուծոյ»: Կաթոլիկ վանքի և ժամերգության նկարագրությունը ոչնչով պակաս չի ստեպի նկարագրությունից: Ի դեպ, հարցի այս առումով որքան են իրար նման «Տարաս Բուլբան» և …Եղիշեի «Վասն պատերազմին Վարդանանաց» պատմությունը, և սխա՞լ կլիներ արդյոք ենթադրել, որ վերջինս ևս սոսկ գրական գործ է, որի հեղինակն առավել կամ պակաս չափով օգտվել է յուր ժամանակի գուսաններ երգերից[9]:
Սակայն ամփոփենք մեր դիտողությունները:
Գոգոլը զուրկ չէր ուրիշ, ավելի շքեղ աշխարհի տենչանքից: Որքան գորշ և տաղտկալի էր շրջապատը, այնքան ավելի զորեղ էր նրա ներքին մղումը` այլ ոլորտներում գտնելու այնպիսի մարդկանց, որոնք հերոս էին: Ուկրաինայի պատմությունը Գոգոլին կարող էր մատնացույց անել միայն կոզակներին, որոնց կյանքը խոր հետքեր էր թողել ժողովրդական բանահյուսության մեջ: Եվ ահա տեղի է ունենում հոգու յուրատեսակ մի փախուստ` մռայլ ժամանակից և անհրապույր շրջապատից դեպի հինը, դեպի կոզակների ազատ եղբայրության ժամանակները: «Օ¯, որքան գարշելի է իրականությունը, գարշելի նրանով, որ նա հակառակ է ցնորքին»,-բացականչում է Գոգոլը յուր հերոսներից մեկի բերանով: Ահա այդ «գարշելի իրականությունից» նրան պիտի ազատեր յուր ցնորքը, նա պիտի հասներ յուր չքնաղ պաննային, ինչպես Գոգոլ-Անդրին: Միակ հնարավոր ելքը այդ էր:
Եվ ինչեր նա պիտի տեսներ այդ ճանապարհին: Նրա հանճարեղ երևակայությունը պիտի ստեղծեր և հագենար այն ամենով, ինչը ամենից չքնաղն է «Տարաս Բուլբայի» մեջ. ստեպը` արևով ողողված, նրա անսահման հարթությունը, որտեղ Գոգոլի երևակայությունը, ինչպես սանձակոտոր նժույգը, կարող էր անարգել խայտալ. նա կարող էր ճախրել ինչպես հպարտ ուրուր, նա հողմի նման կանցներ Դնեպրի առափնյա եղեգների վրայով, վարար ջրերի հետ, կաղմկեր Սև ծովի վրա և կհրդեհեր ծովը: Ռուս գրողներից և ո´չ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ո՜չ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՀՏ 4, Ե., 1984, էջ 111-118:
[1] Ավելի վաղ «Տարաս Բուլբան» հայերեն է թարգմանել Մ.Աբեղյանը (տպագրվել է ԹԻֆլիս, 1892, 181 էջ):
[2] Ցարգրադ – այսպես Ռուսաստանում առաջ կոչվում էր Կոստանդնուպոլիսը:
[3] Սորակևիչի, Նոզդրևի, Մանիլովի… - Գոգոլի «Մեռած հոգիներ» երկի հերոսներն են:
[4] Նիկոլայ 1-ին - իշխել է 1825-1855թթ.:
[5] Սլավյանաֆիլների խմբակ – 19-րդ դարի 40-50-ական թթ. ռուս հասարակական մտքի պահպանողական հոսանքներից մեկի ներկայացուցիչներ, որոնք Ռուսաստանին զարգացման հատուկ ուղի էին վերագրում` կապված սլավոնների ինչ-ինչ առանձնահատկությունների հետ:
[6] Չէր խլրտում մարդկային որևէ առաքինություն… - Մ.Նալբանդյանի արտահայտությունն է` փոքր-ինչ խմբագրված և քաղված «Մեռելահարցուկ» վեպի «Վերք Հայաստանիի» բնութագրմանը նվիրված ծանոթագրությունից (Տե´ս Մ.Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 1, Ե., 1979, էջ 311): Նալբանդյանն օգտագործել է «խլրտում է առաքինությունը» ոճը (խմբ.):
[7] Զապորոժյան Սեչը – այսպես է կոչվել 16-18-րդ դդ. Կազակների հիմնած ինքնավար ռազմական կազմակերպությունը, որ գտնվում էր Դնեպր գետի սահանքներից ներքև (Ուկրաինա) ` Խորտիցա կղզում: Պատերազմում էր Թուրքիայի, Ղրիմի խանության և Լեհաստանի դեմ պահպանելով Ուկրաինայի անկախությունը:
[8] Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը – նկատի ունի Քրիստոսի երեկոյան ընթրիքը Երուսաղեմում, իր տասներկու աշակերտների հետ Զատկի տոնի առթիվ, մատնվելուց առաջ (Մատթ. ԳԼ. 26, Մարկ. 14, Ղուկ. 22, Հովհ. 13):
[9] Իրականում Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկը պատմական երկ է և վավերական աղբյուր, պարզապես հեղինակի ոգևորությունը պատճառ է դարձել, որ նրա խոսքը հաճախ բանաստեղծական երանգ ստանա:
Комментариев нет:
Отправить комментарий