27.06.2019

ՏԱԹԵՎԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի երկրորդ տեղի մրցանակակիր, Մարտակերտի Վ.Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը:                                                                        
Ես էլ Կաքավաբերդ եկած ճամփորդներից էի, բայց իմ ուղեկիցների նման գնացել էի այնտեղ ո՛չ հետազոտելու, ո՛չ էլ գանձեր փնտրելու նպատակով, ես եկել էի զրուցելու ալպիական մանուշակի հետ, նա էր իմ որոնելի գանձը: Ահա նստել եմ քարերի վրա՝ նրա կողքին, և ինձ էլ նրա ծաղկափոշին վայելող բզեզի նման աշխարհը թվում է ծիրանագույն հսկայական բուրաստան, ալպիական մանուշակ: Ես սկսում եմ իմ զրույցը ալպիական մանուշակի հետ... Հիշում եմ իմ ճանապարհը նրան հասնելուց առաջ և անհագ ցանկությամբ ուզում եմ պատմել նրան, որ իմ ուղեկիցները մարդիկ էին, ովքեր ընկալում էին աշխարհը յուրովի, ամեն մեկը տեսնում, զգում էր այդ աշխարհն իր հոգու աչքերով: Նա է՝ ալպիական մանուշակը: Երկնամուխ բուրգերի և պարիսպների հնության շնչով օծված ավերակներին տիրում է նրա թարմ շնչառությունը: Ամպերը ցրող քամին օդի թարմ քուլաները տանում է հեռուները՝ Բասուտա գետից մինչև Կաքավաբերդի անմատչելի բարձունք։ Գորշ ավերակների ու պարիսպների ամայության մեջ կենդանություն բերող Բասուտա գետի ալիքներից բացի կա ևս մեկ մխիթարություն՝ բնաշխարհի միակ ծաղկունքը՝ ալպիական մանուշակը։ Հետաքրքիր է՝ ինչպես է բուրում քարերի վրա բուսած այդ ծիրանագույն ծաղիկը։ Լուռ է, լուռ են պարիսպների՝ երկնքից կառչած ավերակները, որոնք իրենց երբեմնի հզորության տարիներին այնպե՜ս կանգուն էին, իսկ անգղերն իրենց սուր կռինչներով լցնում են օդը համատարած աղմուկով, որ իրենց արձագանքներն են գտնում Կաքավաբերդի բարձունքին: Ինձ լսելի չեն այդ ձայները, և ո՛չ էլ Բասուտա ալիքների ահագնացող ճիչն է գրավում իմ ուշադրությունը, ալիքները վիրավոր առյուծի պես թարմ վերքի ցավից մռնչում են, ափ դուրս գալիս, բայց ես չեմ զգում նրանց հորձանքները, բնաշխարհն ուզում է կլանել ինձ ամբողջությամբ, մինչ ես հայացքս չեմ կարողանում կտրել նրանից, որ իր խոսուն լռությամբ թաքնված է քարերի հետևում:

ԼՈՒԻԶԱ ՄԱՄՈՒՆՑ / Բակունցի լռությունը

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթում «Գրական ձիրք» անվանակարգի մրցանակակիր, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Մամունցի աշխատանքը:                                                                 
Գիշերային աղջամուղջում տեղս նորից չեմ գտնում... Խավարի մեջ սարսուռով պատված՝ ես կրկին ճոճվող կամրջին եմ կանգնած: Մեղմ հովիկը շուրջս բոլորել, այս կյանքում միշտ զգոն է ինձ պահել, բայց այսժամ նա էլ ինձ լքել և միայնակ է թողել... Ու՞ր ես, «ընկե՛ր» իմ բարի, իմ դառն օրերի միա՛կ փերի: Ես արագ քայլերով առաջ եմ սլանում, իսկ ամպերն իրար են խառնվել և դույլերով անձրև են թափում: Ես անտառի թավուտում անհույս քայլերով դեպի հարավ եմ շարժվում: Մտքիս կծիկն էլ խճճվել ու ինձ կորցրած եմ կարծես: Իմ աչքերում ինչ-որ լույս է առկայծում, ես դեպի այդ լույսն եմ շարժվում: Խոզանով պատված մի փոքրիկ տնակ է աչքիս առջև, որը կարծես զորեղ ուժ ուներ, սթափեցնող ոգի... Հուշիկ քայլերով մոտենում և դուռն եմ կամացուկ ծեծում: Մի ծերուկ է բացում և սփրթնած դեմքով նայում ինձ: Վայրկյաններ անց հյուծված ձայնով ինձ ներս է հրավիրում: Նա մագաղաթ ուներ՝ սեղանին դրված, փետրածայր գրիչ ու թանաքաման և փոքրիկ լամպակալ: Ես թրջված վարսերով մոտեցա սեղանին և վարսերիցս անձրևի կաթիլներ գլորվեցին ու մագաղաթի վրա բծեր ծաղկեցրին: Ծերուկը մոտեցավ և շոշափեց... Մանուշակն իր առաջին ծիլերը տվեց: Նա լուռ էր, խոհուն հայացքով, մտազբաղ: Կարծես Կաքավաբերդի ատամնաձև պարիսպներն էր մտքում ստվերում և դրա գլխին ցինի ու անգղի բույնն էր ուրվագծում: Եվս մի կաթիլ գլորվեց վարսերիցս և երկայնքով ողողեց մագաղաթը. ծերուկի աչքերում Բասուտա գետն էր աղմկում: Կաթիլները գլորվելով՝ Կաքավաբերդի բարձունքն ալպիական մանուշակներով են ծածկում. այն ցողուն ուներ՝ կաքավի ոտքի պես կարմիր, և ծաղիկ՝ ծիրանի գույն:

24.06.2019

ԼՈՒՍԻՆՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Լուսինյա Գասպարյանի աշխատանքը:

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ, միմյանցից անկախ: Երբ ծնվում ենք, ամեն ինչ շատ նոր է լինում, ամեն ինչ հրաշալի, ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում: Այդպես է կյանքի դրվածքը, բայց կյանքի ճանապարհին հանդիպում ենք մարդկանց, որոնցից կախվածություն է առաջանում: Մարդը, կարծես, կորցնում է իր ազատությունն ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից` երբեմն և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես: Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Երբեմն նայում եմ երկնքին ու երանի եմ տալիս թռչուններին, որովհետև ամբողջ երկինքը իրենցն է, ազատության թևերով թռչում են ուր որ ուզեն ու վայելում են այդ անծայրածիր երկինքը, երանի եմ տալիս ծաղիկներին, որովհետև նրանք էլ վայելում են ոչ միայն բնության, այլ նաև` մարդկային սեր: Իսկ ես…ես նույնպես մտքերով նորից օդում եմ,թռչում եմ երկնքում: Այնքան փոփոխական է այս կյանքը: Ինչքան բան հնարավոր է փոխել մեկ օրվա, մեկ ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում: Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել, ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ, մարդկանց հանդեպ վերաբերմունքդ: Ամեն ինչ, կարծես, մահանում է ներսումդ ու նորից ծնվում: Այդպես էլ բնության և մարդկային ճակատագրի մի հիասքանչ դրսևորում էլ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ն էր, ով մահացավ, սակայն ծնվեց նորովի ու յուրովի` նվիրված Արփենիկ Չարենցին: Սակայն մինչ Չարենցի կնոջ հիշատակին նվիրելուց՝ Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Պատմվածքում նույնիսկ տողեր կան, որոնք գաղտնազերծում են Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: 

ԱԿՍԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆ / Նամակ Ակսել Բակունցին

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտ Ակսել Ավանեսյանի աշխատանքը:

Ակսե՛լ…Ամեն անգամ ակնածանքն ու ներքին հպարտությունն է համակում ինձ, երբ սկսում ենք ուսումնասիրել քո պատմվածքները, քո կյանքի ուղին, քո ապրած լուսավոր տարիները: Իսկ հպարտությանս պատճառն այն է, որ ես կրում եմ զանգեզուրյան լեռների պես սեգ ու արցունքի պես ջինջ արձակագրիդ հնչեղ անունը: 
Իմ և քո միջև մեկդարյա անդունդ կա, մենք կանգնած ենք ժայռածերպերին, ու ես զգում եմ քո հոգու պարզությունը, իմ անմա՛հ բարեկամ, տեսնում եմ այն մաքրությունը, որ թևածում է քո պատմվածքներում,աչքերիդ հայելու մեջ ալպյան թափանցիկություն եմ տեսնում, միրհավի անմեղություն և բզեզի կենսասիրություն:Կարդում եմ պատմվածքներդ և ակամայից հայտնվում Կաքավաբերդի գմբեթին, ձայնս դառնում է երկնահաս, ձուլվում միրհավի կանչին՝ արթնացնելով այն բարբարոսության խիղճը, որ քեզ մահվան դատապարտեց:Ու ցավում է սիրտս, լցվում կսկիծով, և կրծքիս վրա զգում եմ այն ցավը, որ քեզ պատճառեցին բիրտ 37-ին: Ցավից ուզում եմ գոռալ, անզորությունից սիրտս պայթել է ուզում, խոցվում է այն մատղաշ հպարտությունը, որ փարվել է ինձ քո անվանակիցը լինելու մտքից: Հետո մեզ բաժանող անդունդի վիհից ականջիս է հասնում քո աղերսագին ձայնը…«Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք…»: Մոլեգնում եմ, մոլագարվում… Ցասումը դուրս է ժայթքում իմ հոգուց և տարիների միջով սլանալով` հասնում ու բռնում այն ծախված դատավորի կոկորդից, որ գնդակահարության դատապարտեց հայ գրականության Ալպիական մանուշակին, մի մարդու, ով այնքան անապական է, այնքան նուրբ, զանգեզուրյան լեռների պես վեհ, Բասուտա գետի պես կարկաչուն, Մթնաձորի պես հավերժական: Գլխատվեց մեղեդային արձակի վարպետը, մղկտաց Ծիրանի փողը, ցնցվեց Կաքավաբերդը, ծղրտաց Միրհավը, իսկ եռոտանու առջև չոքած գեղջկուհին լուռ շարունակում էր փչել կրակին, փչում էր, փչում, և նրա շնչից կրակե շապիկ են հագնում վերջալույսները:

23.06.2019

ԱԼԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետության Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեն Ղահրամանյանի աշխատանքը: 
* * * 
Դու յոթնապատիկ անմեղ նահատակ, 
Անհուն ու անեղծ այս երկնքի տակ 
Որտե՞ղ որոնեմ հանգրվանը քո, 
Որ գամ, խոնարհվեմ մի ուշ երեկո, 
Գրկեմ շիրիմը քո նվիրական 
Եվ այն լվանամ ես ալպիական 
Մանուշակների անարատ ցողով, 
Կորուստդ ողբամ ծիրանի փողով: 

Ակսել Բակունցը նորագույն հայ արձակի ամենախոստումնալի ներկայացուցիչներից է, գրականության անմշակ ցելերի սերմնացանը, ով ընդամենը երեսունութ տարեկան էր, երբ դարձավ ստալինյան բռնա-պետության զոհը:Այդ մութ ձորերի լուսավոր հանճարը Լոր գյուղում որպես վարժապետ աշխատելու տարիներին հաճախակի հանդիպեց հայ գյուղացուն, տեսավ նրա չարքաշ աշխատանքն ու ընչազրկության տառապանքը: Գյուղացու տանջանքը, զօր ու գիշեր կատարած դժվարին աշխատանքը, Բակունցը գրել է «Մթնաձոր» պատմվածքների ժողովածուում: Այդ շարքի ստեղծագործություններից է «Ալպիական մանուշակը», որը նվիրված է Արփենիկ Չարենցին: Ստեղծագործությունը սկսվում է Կաքավաբերդի նկարագրությամբ, որտեղ տարին բոլոր ամպ էր, կուտակված նրա դիմացի ձորում աղմկում է Բասուտա գետը: Կաքավաբերդի պարիսպների արանքում բուսնում էր ալպիական մանուշակը, որը «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:

ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ / Նամակ Ակսել Բակունցին

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից,ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Հայրապետյանի աշխատանքը: 

Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:

Բարև՛… Մեր օրերում գրեթե ոչ ոք նամակ չի գրում, այնպես որ մի քիչ դժվար է գրել, մանավանդ երբ նամակդ անպատասխան է։ 
Գիտե՞ք՝ Ձեզ շատ բան ունեմ ասելու։ Այնքան շատ, որ չգիտեմ՝ ինչից սկսեմ։ 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր աշխարհի համար։ Այդ աշխարհը, որի մասին Դուք եք գրել, եղել է Ձեզանից առաջ, այսօր էլ կա և գոյություն կունենա դարեր։ 
Իմ երկիրն էլ նման է Ձեր աշխարհին, իմ գյուղը՝ Ձեր Կաքավաբերդին։ Նրա վրա էլ տարին բոլոր ամպ է նստում, ու կան գեղեցիկ, չքնաղ մանուշակներ, որոնց կապույտ աչիկներում տեսնում ենք այն քնքշանքը, գեղեցկությունը, որոնք բոլորել էին Ձեր ծիրանագույն մանուշակները։ Այսօր էլ <<բզեզի>> վտանգ կա, ինչպես նաև <<սև ամպերի>>, որոնք, ամեն վայրկյան հիշեցնելով իրենց մասին, անգամ չեն ահաբեկվում հպարտ կանգնած, դարերի պատմությունը իր մեջ ամփոփած ու դեպի անհունները հավատով նայող իմ Գանձասարից։ 
Կարդալով Ձեր ստեղծագործությունները՝ մենք մտովի ընկնում ենք Ձեր աշխարհը և ապրում այնտեղ։ Ամեն մի ստեղծագործություն կարդալիս տեսնում ենք աշխարհը այնպես, ինչպես տեսնում էիք Դուք, նկատում ենք ամեն մի գեղեցիկ մանրուք, որը չէինք նկատում մինչ Ձեզ և սիրում այն։ 

ՆՎԵՐ ԱԴԱՄՅԱՆ / Բակունցի լռությունը

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Ստեփանակերտի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նվեր Ադամյանի աշխատանքը: 

Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:

* * * 
Տարօրինակ է, բայց ամեն անգամ թերթելով Բակունցի ժողովածուները, մի տեսակ հոգիս խաղաղվում է, սիրտս թրթռում է մթնաձորյան թավուտ անտառների կուսական նրբությունից,ու ես փակում եմ աչքերս,որ մենության ու լռության մեջ վայելեմ մեծ գրողի արարչագործությունը: 
Շուրջս լռություն է, խորհրդավոր լռություն: Լուռ է աշխարհը, լուռ են մարդիկ, ու այդ լռության մեջ միայն ինձ հասկանալի հնչյուններ են ծիածանվում հեռավոր Մթնաձորում: 
Մի ակնթարթ ու ես այդ կուսական ու վայրի աշխարհում եմ ՝բարձր սարերի ստվերում: Ես եմ ու Բակունցի հերոսները,ես եմ ու նրա ապրումները, որ լռության մեջ պատկերների են վերածվում: 
Բակունցի լռությունը… 
Այն այնք՜ան հոգեհարազատ է ինձ: Հաճախ ինձ թվում է, որ նրա լռությունը հյուսվել է Մթնաձորի անտառների ու Ալպիական մանուշակների քնքուշ պատկերներից, հյուսվել է Խոնարհի լուռ սիրուց,Սոնայի զրնգուն ծիծաղից ու անցյալի քաղցր հուշերից: 
Հեռվում Կաքավաբերդն է: Ու նրա ատամնաձև պարիսպները կրկին ծրարվել են ճերմակ ամպերով… 
Ձորում Բասուտա գետն է գալարվում իր հունի մեջ, փորձում փշրել կապանքները: 
Նայում եմ շուրջս: 
Հուշերն ինձ ավելի հեռու են տանում: Նայում եմ մեծ գրողի դիմանկարին,կրկին ձեռքս առնում գիրքը, որ գոնե այսպես հաղորդակցվեմ՝ չխաթարելով նրա խոսուն լռությունը: Ինձ դուր է գալիս այս տարօրինակ լռությունը: Ինձ դուր է գալիս իմ երևակայական աշխարհը: Ինձ դուր է գալիս կուսական բնությունը: