23.06.2019

ՆՎԵՐ ԱԴԱՄՅԱՆ / Բակունցի լռությունը

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Ստեփանակերտի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նվեր Ադամյանի աշխատանքը: 

Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:

* * * 
Տարօրինակ է, բայց ամեն անգամ թերթելով Բակունցի ժողովածուները, մի տեսակ հոգիս խաղաղվում է, սիրտս թրթռում է մթնաձորյան թավուտ անտառների կուսական նրբությունից,ու ես փակում եմ աչքերս,որ մենության ու լռության մեջ վայելեմ մեծ գրողի արարչագործությունը: 
Շուրջս լռություն է, խորհրդավոր լռություն: Լուռ է աշխարհը, լուռ են մարդիկ, ու այդ լռության մեջ միայն ինձ հասկանալի հնչյուններ են ծիածանվում հեռավոր Մթնաձորում: 
Մի ակնթարթ ու ես այդ կուսական ու վայրի աշխարհում եմ ՝բարձր սարերի ստվերում: Ես եմ ու Բակունցի հերոսները,ես եմ ու նրա ապրումները, որ լռության մեջ պատկերների են վերածվում: 
Բակունցի լռությունը… 
Այն այնք՜ան հոգեհարազատ է ինձ: Հաճախ ինձ թվում է, որ նրա լռությունը հյուսվել է Մթնաձորի անտառների ու Ալպիական մանուշակների քնքուշ պատկերներից, հյուսվել է Խոնարհի լուռ սիրուց,Սոնայի զրնգուն ծիծաղից ու անցյալի քաղցր հուշերից: 
Հեռվում Կաքավաբերդն է: Ու նրա ատամնաձև պարիսպները կրկին ծրարվել են ճերմակ ամպերով… 
Ձորում Բասուտա գետն է գալարվում իր հունի մեջ, փորձում փշրել կապանքները: 
Նայում եմ շուրջս: 
Հուշերն ինձ ավելի հեռու են տանում: Նայում եմ մեծ գրողի դիմանկարին,կրկին ձեռքս առնում գիրքը, որ գոնե այսպես հաղորդակցվեմ՝ չխաթարելով նրա խոսուն լռությունը: Ինձ դուր է գալիս այս տարօրինակ լռությունը: Ինձ դուր է գալիս իմ երևակայական աշխարհը: Ինձ դուր է գալիս կուսական բնությունը:
Հեռավոր մշուշի մեջ ուրվագծվում է Պանինի մտախոհ հայացքը: Քիչ հեռվում Օհան պապն է,իսկ ծառերի ստվերում մի խումբ գյուղացիներ են նստել հանգստանալու: Նրանց մեջ է նաև Սիմոնը: Ինչք՜ան տխրություն ու վախ կա նրա աչքերում: 
Նայում եմ Բակունցին: Նրա երիտասարդ դեմքին ուրվագծված է միայն ինձ տեսանելի մի քնքուշ ժպիտ: Ինձ համար հաճելի է հասկանալ մեծ գրողի փիլիսոփայությունը, հաճելի է զգալ նրա ներկայությունը և լսել ձայնը՝ կենսուրախ ու քնքուշ: 
Ինձ զարմացնում է նրա նրբագեղ հոգին, որ արտացոլվում է ամեն մի բառի մեջ: 
Կարծես աշխարհն է անթեղվել նրա անապակ հոգում և լռության մեջ սպասում է վերածնվելուն:  
Արդեն կեսգիշեր է: Անշշուկ փակում եմ գիրքը, չեմ ուզում խաթարել նրա հոգու լռությունը, չեմ ուզում խոսել, որովհետև բառերն այստեղ անելիք չունեն: 
Նայում եմ պատկերին ու ժպտում, որովհետև ես հասկացել եմ ամենակարևորը: Նրա լռությունը իր ստեղծագործ ոգու երևակայական ուժն է, որ կերտել է մի ուրույն աշխարհ: 
Այդ աշխարհում կա գեղեցկություն, կա կյանք ու հոգու թռիչք:  
Այդ աշխարհում կա մի մեծ երազանք ու անսպառ կարոտ:  
Ես խոնարվում եմ մեծ գրողի վեհության առաջ և անլսելի շշնջում... 
«Քո լռությունը նման է կենսատու լույսի, որից ջերմանում է մայր բնությունը, քո լռությունը քո գրվածքներն են, ու ես սիրում եմ քո լռությունը»: 
Սիրում եմ գունեղ բնությունը, նրա քնքշաբույր շրշյունը, որից շառագունում է արևը և կրկին ամպի շվաքում պատսպարվում: Ինձ թվում է մի պահ, որ արևից են ծնվել քո ոգեղեն պատկերները: 
Լուռ նայում եմ հեռուն, այն անհայտությանը, ուր միայն աստվածային էակներն են թևածում, ուր լռության մեջ միայն մի շրշյուն կա՝ քո հոգու թախծոտ նվագը: 
Սիրելի՛ Բակունց, ես այնքան եմ սիրում քո լռությունը, որ այս պահին ուզում եմ կոչ ուղղել մարդկությանը. 
-Ապրե՛ք ու շնչե՛ք Բակունցի ստեղծագործ ոգով, կերտե՛ք ու արարե՛ք, բայց մի՛ խաթարեք այն լռությունը, որը կենսատու սաղմեր է սփռում աշխարհին: 

ՙ 



























Комментариев нет:

Отправить комментарий