30.05.2014

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ


Եղիշե Չարենցի «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» չափածո անդրադարձից սկսվեց ու ցայսօր շարունակվում է Մեծ գորիսեցուն և նրա «մյուռոնի նման սրբազնագույն երկերին» նվիրված ոգեշունչ բանաստեղծությունների ընթացքը, հիմքում՝ Ակսել Բակունցի ծավալով ոչ ստվար, բայց զարմանալի պայծառ, կենսունակ գրականությունը և դրան համարժեք՝ կարճատև, եղերական, սակայն սխրալից կյանքը, գրողի ժամանակակիցների ձևակերպմամբ՝ «Բակունցյան լեգենդը»:
Սիրով ձեզ ենք ներկայացնում գորիսեցի բանաստեղծների հեղինակած ստեղծագործությունների այս սքանչելի բույլը՝ նվիրագրված Ակսել Բակունցին:

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ

Անաղմուկ բացել հնձանիդ դուռը,
Ո՞ր կածանով ես անդարձ հեռացել...

Քեզանից հետո՝
Տարիներ անվերջ
Սրսփացել է Սոնան հնձանում,
Հին դրնբոնում կաքավն է թախծել,
Ամպ է ծանրացել Կաքավաբերդում,
Եվ մանուշակն է գիշերով լացել...

27.05.2014

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ / Բացառիկ գծանկար, արժանի բնութագրություն

Գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանը 2010 թվականին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Գորիսում: Ներկայացնում ենք նրա դիտարժան գծանկարներից մեկը՝ «Հայրենի եզերք» շարքից, որում պատկերված է Ակսել Բակունցի տուն-թանգարանը:
«Նկարիչն այն մարդն է, ով նկարչի հայացք ունի և տեսնելու ու տեսածը զգալու կարողություն: Իմ համոզմամբ ամենաերևելի հայ նկարիչը Ակսել Բակունցն է: Բառերով նա այնպիսի պատկերներ է ստեղծում, որ վրձինն ի զորու չէ արտացոլելու դրանք»:
Լևոն Լաճիկյան

21.05.2014

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ՈՒ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM–The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ, մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանների միջազգային օր ունի թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:

03.05.2014

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ / «Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը...»

Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. հունիսի 14-ին Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Աշխատել է Գորիսի գյուղվարչությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին և զոհվել 1992 թվականին: 
Ստեղծագործել է պատանեկան տարիներից, սակայն կենդանության օրոք չի տպագրվել: Միակ ժողովածուն՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս է տեսել հետմահու՝ 1993-ին: 
Ժողովածուն բացվում է Համո Սահյանի նախախոսքով, որը ներկայացնում ենք ստորև. 

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է… Անհունորեն ցավալի և հաճելի մի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ… Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:

30.04.2014

«Պոեզիան հոգեվիճակի վավերագիրն է...» / Զրույց ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

ՄԻՐՀԱՎ գրական խմբակի հարցազրույցը բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Սահակյան, ստեղծագործել սկսել եք պատանեկան տարիքից: Գրական ի՞նչ ազդակ է Ձեզ մղել գրիչ վերցնելու, մեծերից ո՞վ է առաջմղիչ դեր ունեցել:

-Չափածո խոսքի նկատմամբ սեր իմ մեջ արթնացրել է Թումանյանը: Տասներեք տարեկանից փորձեցի միտքը դնել կաղապարի մեջ՝ բնավ էլ կարևորություն չտալով դրան: Ես այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլ էի սիրում ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ (միջանկյալ ասեմ, որ մինչև քսանհինգ տարեկանս խաղացել եմ Գորիսի հավաքականում և ''Զանգեզուր'' թիմում): Իսկ պոեզիան միշտ ապրել է իմ մեջ, երբեք չի լքել: Ինձ ոգևորել են Սուրեն Այվազյանը, Գևորգ Էմինը և Սերո Խանզադյանը: Մի քանի անգամ այրել եմ գրածներս, բայց ամեն անգամ փոշմանել, վերադարձել եմ պոեզիային, որը, ինչպես հետո պարզվեց, ինքնահաստատման իմ միակ հնարավորությունն էր:

27.04.2014

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ / Ո՞վ է մտավորականը

Չկայ պատուի տիտղոս մը, որ հայ կեանքը աւելի դիւրութեամբ նետէր առաջին հանդիպողին ուսերուն, քան թէ մտաւորականի այս ցնցոտին: Հայ եկեղեցիին քահանաներն անգամ քառսունքը աւարտելէ  յետոյ միայն իրաւունք ունին իրենց հնամենի փիլոնը կրելու: Մինչդեռ հասարակ նախակրթարան մը աւարտողն իսկ` քիչ մը չ’ամչնար անգամ, եթէ զինքը մտաւորական յորջորջեն:
Որո՞նք են իրապէս մտաւորականութեան գլխաւոր, զատորոշող յատկանիշները: Ուսումն ու զարգացումը, հմտութիւնն ու մշակութային միւս տարրերը, տաղանդն ու բնական ձիրքերը, գիտութիւնն ու փորձառութիւնը, ընթերցումներն ու ասոնց ընկերացող մասնայատկութիւնները կը բաւե՞ն միթէ որեւէ անհատի մտաւորական բարձր տիտղոսը տալու համար: Անտարակոյս ոչ:

25.04.2014

ԱՅՍՕՐ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում ենª մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին §ամուսնանում է¦ տվյալ երկրիհողի հետ: Հիրավի, արարչագործ է Սյունյաց ոգին: Գուսան Աշոտի երևույթը ևս այդ իրողության փայլուն վկայությունն է: Նրա արվեստը ստեղծվել, դարբնվել է ըստ Սյունյաց հողի անարատ ոգուԱյստեղ է Գուսան Աշոտի մեծությունը, նրա արվեստի բանալին
Աշոտի անունը սիրելի ու թանկ է ոչ միայն իր ծննդավայրումª հնամենի Գորիսում: Նրա ստեղծագործությունը հայ գուսանական արվեստի բարձրագույն թռիչքն է: Գուսանը որպես երևույթ մեր ազգային մշակույթի, բնաշխարհիկ ոգու ամենաբնորոշ ու հնչեղ դրսևորումներից էՆա ստեղծեց  իր խորապես անկրկնելի երգաշխարհըª կենսական ճշմարտության հավերժախոս խորհրդով, այն էª կյանքի մասին երգել կյանքի՛ ձայնով: Ժողովրդական երգը նա ընդունել է ամբողջ էությամբ, կարծես միացել, խառնվել է հետը: Գուսանը կարողացել է հողի ոգին գիտակցել և աննման, սրտաբուխ իր երգի միջոցով այդ գիտակցությունը բարձրացնել համաշխարհային արժեքների մակարդակի: