Բակունցը, ինչպես ճշմարիտ և բնատուր տաղանդ ունեցող գրողները, մեծ գրականություն է մտնում ծննդավայրից: Հենց ծննդավայրում է կազմավորվում նրա հոգեկերտվածքը, ուղղորդվում միտքն ու մտածումը, խմորվում ստեղծագործվող անհատի ասելիքի բաղադրությունը, մարդկային խառնվածքն ու նկարագիրը: Մանկության տարիներից հայրենի եզերքում ունեցած շփումները, ստացած տպավորությունները, հուշերն ու հիշատակները, դեպքերն ու դիպվածները, կոշտ ու կոպիտ, նուրբ ու փափուկ հարաբերումները, ստացած դասերն ու լսած զրույցները մեծ հետք են թողնում նրա ներաշխարհում: Այս որակները հետագայում ամրակայվում են ճեմարանական միջավայրում: Պատանի Բակունցի զգայությունների աշխարհում բացվում են նոր պատուհաններ: Մանկության տարիների տպավորություններն ու նոր գիտելիքները, պատերազմական տարիներին՝ Կարինից մինչև Սարդարապատ անցած ճանապարհի, և ապա՝ քաղաքական վայրիվերումների փորձառությունները տիրական ազդեցություն են թողնում երիտասարդ մարդու հոգեկերտվածքի վրա: Այս ամենը վարար հոսքերով ներծծվում է նրա հոգու ու արյան մեջ, այնպես, ինչպես սև ցելերն են կլանում և իրենց մեջ պահում խոնավությունն՝ առատ բերք ապահովելու երաշխիքով, ինչպես լեռնալանջին, կամ մեծ անտառից զատված հանդամիջյան ճամփեզրին վեհորեն կանգնած միայնակ կաղնին՝ հաղթահարելով հողի կարծրությունը, խորացնում է արմատները՝ սաղարթների ստվերում հանդի մշակներին հանգիստ պարգևելու համար: Բակունցը մեր արձակի այդ միայնակ կաղնին է, սև ցելերի անօրինակ ու քաջարի սերմնացանը, որ իր գրական հերկերում ցանում է սիրո ու բարության, առաքինության ու նվիրումի, հույզերի ու զգացումների, թրթռացող ապրումների ծփացող գունախաղերով, լույսերով ու ջերմությամբ շաղախված սերմեր: 24.04.2017
ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ / Շարունակվում է Շենի հին կռիվը…
Բակունցը, ինչպես ճշմարիտ և բնատուր տաղանդ ունեցող գրողները, մեծ գրականություն է մտնում ծննդավայրից: Հենց ծննդավայրում է կազմավորվում նրա հոգեկերտվածքը, ուղղորդվում միտքն ու մտածումը, խմորվում ստեղծագործվող անհատի ասելիքի բաղադրությունը, մարդկային խառնվածքն ու նկարագիրը: Մանկության տարիներից հայրենի եզերքում ունեցած շփումները, ստացած տպավորությունները, հուշերն ու հիշատակները, դեպքերն ու դիպվածները, կոշտ ու կոպիտ, նուրբ ու փափուկ հարաբերումները, ստացած դասերն ու լսած զրույցները մեծ հետք են թողնում նրա ներաշխարհում: Այս որակները հետագայում ամրակայվում են ճեմարանական միջավայրում: Պատանի Բակունցի զգայությունների աշխարհում բացվում են նոր պատուհաններ: Մանկության տարիների տպավորություններն ու նոր գիտելիքները, պատերազմական տարիներին՝ Կարինից մինչև Սարդարապատ անցած ճանապարհի, և ապա՝ քաղաքական վայրիվերումների փորձառությունները տիրական ազդեցություն են թողնում երիտասարդ մարդու հոգեկերտվածքի վրա: Այս ամենը վարար հոսքերով ներծծվում է նրա հոգու ու արյան մեջ, այնպես, ինչպես սև ցելերն են կլանում և իրենց մեջ պահում խոնավությունն՝ առատ բերք ապահովելու երաշխիքով, ինչպես լեռնալանջին, կամ մեծ անտառից զատված հանդամիջյան ճամփեզրին վեհորեն կանգնած միայնակ կաղնին՝ հաղթահարելով հողի կարծրությունը, խորացնում է արմատները՝ սաղարթների ստվերում հանդի մշակներին հանգիստ պարգևելու համար: Բակունցը մեր արձակի այդ միայնակ կաղնին է, սև ցելերի անօրինակ ու քաջարի սերմնացանը, որ իր գրական հերկերում ցանում է սիրո ու բարության, առաքինության ու նվիրումի, հույզերի ու զգացումների, թրթռացող ապրումների ծփացող գունախաղերով, լույսերով ու ջերմությամբ շաղախված սերմեր:
Բաժիններ:
Ակսել Բակունց,
գրականագիտություն,
Կիմ Աղաբեկյան,
հոդված
14.04.2017
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՐՄԱՏԻՆ...
Համո Սահյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար, որովհետև նրա արվեստի հաղորդականության մեծ ուժով անընդհատ ուզում ես դիմել իր իսկ բնորոշումներին, կրկնաբերել իր իսկ «ինքնեկ» տողերը: Ստացվում է «զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանելու» նման մի բան...
Համո Սահյանը 103 տարեկան է: Դարադարձով հաստատապես դեպի հազարամյակ: Ինչպես ռուս քննադատներից մեկն է ասել, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս… Իր համեստ մտահոգությունը՝ «Թե միգուցե երբևէ կհիշես, որ նոր սահանքում նաև մի Սահյան է եղել աշխարհում», այլևս չեղյալ կարելի է համարել: Տարիները սահեցին, և այդ սահանքները ի զորու չեղան տեղաշարժելու, թուլացնելու, քայքայելու հայրենի հողի մեջ խորացած, հայրենի հողից սնվող Սահյանի արմատը… Ասել է՝
Ես բախտավոր եմ աշխարհում
Որ հավատում եմ իմ արմատին
Եվ զորանում եմ իմ արմատով
Եվ խորանում եմ ու բարձրանում…
Եվ, իսկապես, տարիների հետ ինչքան խորանում, ամրանում է այդ արմատը, այնքան բարձրանում-ամբողջանում է նա է իր գրական հմայքով, բնատուր ու ինքնահատուկ մարդկային նկարագրով: Համո Սահյանի պոեզիան նվաճել է հոգևոր անչափելի տարածք և մագնիսի պես իր շուրջն է համախմբում ճշմարտիտ բանաստեղծության սիրահարներին:
Թեհմինա Մարության / ԿԱՆԱՅՔ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կյանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց եղել են նվիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին:
Մտերիմներից Ռաֆայել Աթայանը ուշագրավ բնութագիր է տվել գրողի խառնվածքին. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»[1]:
Արվեստի ամեն մի գործ, գրական ամեն մի ստեղծագործություն ծնունդ է հոգեկան որևէ ապրումի: Աննա Ախմատովան այսպիսի բանատող ունի՝ «Կպակասի մի հույս, կավելանա մի երգ»: Որքան հուզառատ ու գեղեցիկ է մարդու ներաշխարհը, նույնքան նրբահյուս է նրա ստեղծած գործը: Բակունցը զգայուն, երազող, ի բնե ռոմանտիկ էություն ուներ: Հուգում կրում էր բանաստեղծական անսահման մի տրտմություն, որ, ինչպես ժամանակակիցներն են վկայում, խորապես արտահայտված էր նաև դիմագծերի վրա: Հոգեկան այդպիսի բյուրեղյա, անարատ նկարագիր ունեցող մարդը կարող էր ստեղծել գրական նույնատիպ մի աշխարհ՝ անտեսված գեղեցկությունների ու լուռ ցավերի թանձր պատկերներով:
30.03.2017
Շահան Նաթալին «վերադարձավ» հայրենիք
2016 թվականի սեպտեմբերին Սուրեն Խաչատրյանի բարեշահ նախաձեռնությամբ ու մեկենասությամբ Գորիսի պետական համալսարանի բակում փառավորապես հանգրվանեց Շահան Նաթալիի հրաշակերտ կիսանդրին, որի քանդակագործն է Նարեկ Օրդյանը: Մինչդեռ մեծահամբավ հայորդու մասունքները հայրենի հողին խառնվելու նվիրական կարոտ են զգում, առաջին անգամ «քարե արձանի տեսքով Նաթալին վերադարձավ հայրենիք»:
Տպավորիչ մուտք Սյունյաց մայր կրթօջախ՝ մեծ հայի, գրողի, իմաստասերի, հրապարակախոսի, հասարակական-քաղաքական երախտառատ գործչի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո:
Շահան Նաթալիի անունն ու գործը գալիս լրացնում են ազգային պանծալի հերոսների շարքը, որոնց հենց ինքը՝ Նաթալին, հաջող կերպով տվել է «սրբազան խելագարներ» անվանումը՝ համոզված, որ «ազգերը փրկված են միշտ խելագար քիչերու ձեռքով» և «հայ ազգը զուրկ չէ սրբազան խելագար քիչերէ, որովհետև ավազի հատիկների չափ շատ են ավազացած նահատակները»:
Ապրելով սփյուռքում` Նաթալին իր հասարակական-քաղաքական, գրական-հրապարակախոսական սևեռումներով ու իրագործումներով պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ որպես իրավ ու համազգային արժեք:
Նա ապրեց, մտածեց, գրեց ու գործեց ճշմարիտ հայի ու հայրենասերի զարկերակով, ազգային խնդիրների խորքային ճանաչումով՝ հաճախ կրելով նաև սխալ հասկացվելու «հայկական պատիժը»:
Արտասահմանում ապրող հայ մտավորականներից ոչ ոք հայ ազգային-քաղաքական խնդիրներին, հայ դատի հիմնահարցին չի մատուցել այն անուրանալի և միանգամայն դրական ծառայությունները, որ անխոնջ ու հարատև աշխատություններով, հանդուգն ու ազգուխտյալ ձեռնարկներով մատուցել է Շահան Նաթալին, նույն ինքը՝ Նեմեսիսը, Վրեժխնդրության աստվածը, մարմնացյալ «Արդար բարկություն»-ը, կամ մեկ ուրիշ քիչ հայտնի գրական կեղծանունով՝«Ճոն Ահին», որ թարգմանաբար նշանակում է «Մահվան ոգի»:
Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին:
24.03.2017
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ / Գոգոլի արձանը
Պատմում են, որ Հայրենական պատերազմի ժամանակ ֆաշիստները վայր գլորեցին Գոգոլի արձանը և գնացին:
Բայց ինչո՞ւ արին այդ, Գոգոլին ոչնչացնելու համա՞ր, կարելի է ոչնչացնել մի շենք, ավերելով, ցրիվ տալով, ջարդելով գերանները... Բայց ի՞նչ կարելի է անել իրեն՝ Գոգոլին, վայր գլորելով նրա արձանը և գնալով:
Գոգոլը կծիծաղեր, թշնամու հետևից կնետեր իր խոսքի նետը և կսպաներ։
Օ ՜, որքան վտանգավոր է ձեռք բարձրացնել Գոգոլի վրա:
Բաժիններ:
Գոգոլ,
Դերենիկ Դեմիրճյան,
մանրապատումներ
ՔԱՂԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ «ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ» ՎԻՊԱԿԻՑ
... Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ օղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ վարելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում․ նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը։ Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։
— Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես, — ասաց նա, — աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ։ Աոաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեզ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ,ուր տեսնես, թե մի կոպեկի անգամ շահ ունիս, ամեն միջոց գործ դիր այդ շահը չկորցնելու։ Վնաս չունի, հարկավոր եղած ժամանակ սուտ էլ ասա, միայն թե մեջտեղ շահ ունենաս։ Վերջապես, միշտ մտաբերիր Քրիստոսի պատվերը․ «Եղեք խորամանկ, ինչպես օձ, իսկ միամիտ՝ ինչպես աղավնի»։
Բաժիններ:
Գործակատարի հիշատակարանից,
Շիրվանզադե
20.03.2017
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԳՐԱԴԱՐԱՆ
Մի ամբողջ մարդկության աչքեր նայում են այս պահարաններից։ Բազմահազար այս գրքերում մտածում և լռում է պայքարող, հիացող և թախծող մի մարդկություն։ Ահա սեղանների շուրջը բազմաթիվ գլուխներ, նույնպես խորհող և ստեղծագործող կքվել են այդ գրքերից շատերի վրա։ Մարդկային հոգու անհուն աշխարհը։ Ի՞նչ են որոնում նրանք այդ գրքերում։ Կյա՞նք և հավերժությո՞ւն։— Ապրե՞լ, մնալ անվե՞րջ, հասնել ապագայի՞ն, գնալ նրա հետ դեպի անմահությո՞ւն... Բայց սա ի՞նչ է թրթռում օդի մեջ։ Պլպլացող փոքրիկ աղոտ լույսի պես անցնում է նա այղ գլուխների վրայով, կտրում գրադարանի տարածությունը։
Օ՜, ցեցն է դա։
Ցեցը ̀գրադարանների տխուր բնակիչը։ Սպառնալիքը ամեն տեսակ գրքերի։ Այնքան փոքրիկ է նա, բայց ինչքան մեծ սառնություն է փչում նրա թևիկներից։ Չար մահվան շունչ կա այդ սառնության մեջ: Ես կարծեմ տեսնում եմ նրա փոքրիկ միկրոսկոպիկ դեմքը, որ անհուն թախիծով և իրոնիայով նայում է չորս կողմ... Նայում բոլոր ստեղծագործողներին, մտածողներին, հավերժության համար գրողներին։
Կարծեմ ժպտում է նա օձային ժպտով, թե մռայլվում է իբրև մահվան դիմակ։
Եվ ճախրում է նա այդպես մարդկային մտքի և ստեղծագործության վրայով։ Իմաստության վրայով։
Զգո՜ւյշ նրանից։ Դա մտքի, հոգու ցեցն է:
Բաժիններ:
Դերենիկ Դեմիրճյան,
մանրապատումներ
Подписаться на:
Сообщения (Atom)





