24.04.2017

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ / Շարունակվում է Շենի հին կռիվը…

Բակունցը, ինչպես ճշմարիտ և բնատուր տաղանդ ունեցող գրողները, մեծ գրականություն է մտնում ծննդավայրից: Հենց ծննդավայրում է կազմավորվում նրա հոգեկերտվածքը, ուղղորդվում միտքն ու մտածումը, խմորվում ստեղծագործվող անհատի ասելիքի բաղադրությունը, մարդկային խառնվածքն ու նկարագիրը: Մանկության տարիներից հայրենի եզերքում ունեցած շփումները, ստացած տպավորությունները, հուշերն ու հիշատակները, դեպքերն ու դիպվածները, կոշտ ու կոպիտ, նուրբ ու փափուկ հարաբերումները, ստացած դասերն ու լսած զրույցները մեծ հետք են թողնում նրա ներաշխարհում: Այս որակները հետագայում ամրակայվում են ճեմարանական միջավայրում: Պատանի Բակունցի զգայությունների աշխարհում բացվում են նոր պատուհաններ: Մանկության տարիների տպավորություններն ու նոր գիտելիքները, պատերազմական տարիներին՝ Կարինից մինչև Սարդարապատ անցած ճանապարհի, և ապա՝ քաղաքական վայրիվերումների փորձառությունները տիրական ազդեցություն են թողնում երիտասարդ մարդու հոգեկերտվածքի վրա: Այս ամենը վարար հոսքերով ներծծվում է նրա հոգու ու արյան մեջ, այնպես, ինչպես սև ցելերն են կլանում և իրենց մեջ պահում խոնավությունն՝ առատ բերք ապահովելու երաշխիքով, ինչպես լեռնալանջին, կամ մեծ անտառից զատված հանդամիջյան ճամփեզրին վեհորեն կանգնած միայնակ կաղնին՝ հաղթահարելով հողի կարծրությունը, խորացնում է արմատները՝ սաղարթների ստվերում հանդի մշակներին հանգիստ պարգևելու համար: Բակունցը մեր արձակի այդ միայնակ կաղնին է, սև ցելերի անօրինակ ու քաջարի սերմնացանը, որ իր գրական հերկերում ցանում է սիրո ու բարության, առաքինության ու նվիրումի, հույզերի ու զգացումների, թրթռացող ապրումների ծփացող գունախաղերով, լույսերով ու ջերմությամբ շաղախված սերմեր: Զարմանալի այդ պայծառ մարդը, ինչպես իր ստեղծագործությամբ, այնպես էլ քաղաքական նկարագրով, մարդկային խառնըվածքով, մանավանդ իրականության և իրադարձությունների նույն ու հիմնարար ընկալումներով, լուրջ ու հավասարակշռված վարքաբանությամբ, իր սերերով ու մտահոգութուններով էլ առանձնանում է իբրև խոշոր ու խորապես ինքնատիպ անհատականություն, ափեափ լցված անշեղ հայեցիությամբ: Նա ժողովրդի կեցության ու կացության, կարոտների ու ձգտումների, նրա մշակույթի անմիջնորդ կրողն է: Ավելի ստույգ՝ իր ցավն ու տառապանքը, սերն ու կարոտը բխում են ժողովրդական ոգու ներքին շերտերից: Այս երևույթն աներկբայորեն նկատելի է նույնիսկ նրա անկըրկնելի բնապատկերների մեջ, որոնք շնչում են հայերեն և առավել խտացնում մեծ գրողի՝ մարդու նկատմամբ դրսևորած սերն ու կարեկցանքը: Սեփական փորձով գիտեմ՝ ընթերցողն ամեն անգամ Բակունցի էջերից դուրս է գալիս հարստացած, մաքրագործված ու նորացված և ամեն անգամ զգում, վերապրում գրողի տագնապներն ու մտահոգությունները. «… Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը»: Տագնապներն ու մտահոգություններն իրական էին, ցանկությունը՝ խմորված մեծ հավատքով: Ինքը գիտեր իր մեծությունը, հավատում էր քարափի ու ժողովրդի հավերժությանը: Համատարած երկյուղի ու վախի մեջ ժողովուրդը սրբությամբ պահեց իր պայծառ զավակի հիշատակը և գրական անկրկնելի ժառանգությունը: Նա այն սերմնացանն էր, որ «… արյունաքամ սողացել էր թաց հողի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը: Հետո երեսնիվայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ»:(Ա., Բակունց, Երկեր, հ. 1, 1976 թ., էջ 331): Գրողը մշտապես իր հերոսների հետ էր, իրեն տեսնում էր նրանց մեջ, նրանց կրում իր մեջ, թիկունքում մշտապես զգում նրանց տաք շնչառությունը և նրանց ճակատագրի բեկբեկումները: Նա կյորեսեցի բրուտ Ավագն է և սասունցի Հազրոն, Արթին պապն է և Աթա ապերը, Երանի Սեթն է և սիրահար Դիլանը… «Ցերեկը քարայրն ամայի էր, դուռը՝ կողպ: Բրուտ Ավագը նստում էր քարի գլխին, ինչպես մեկը այն հեքիաթային ձևերից, որ կերտել էր մութ տարերքի քմահաճույքը: Այդ արձանացած մարդը ամայի ձորի վրա մաղում էր այն տխուր երգերից, որոնց հնչյունները մաքուր են, ինչպես արցունքը և հնամյա, ինչպես անտառի խշշոցը, գետի անվախճան գանգատը»(Բակունց, Երկեր, հ. 1, 1976 թ., էջ 251): Բակունցն այդ մեկն է: Այդ մեկը Բակունցն է, որ «Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի ու նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը»: Բակունցը շատ կարճ ժամանակամիջոցում, մեղմ ու փափուկ ծավալումներով ստեղծեց իր խորապես ուրույն, մկանուտ ու անտրոհելի ստեղծագործական աշխարհը՝ հայրենի եզերքից մինչև «հայոց լեռան նախաստեղծ կատարը», իր տարաբնույթ հերոսների և պատկերած իրականության գունագեղ ու հմայիչ պատկերասրահը: Մեր կողմից վկայակոչված վերոհիշյալ մեջբերումները կատարված են որոշակի դիտավորությամբ: Բակունցի երկերը գնահատելիս առաջին հերթին պետք է ճանաչել հեղինակին, նրա սերերի և մտահոգությունների աշխարհը: Այդ պարագայում հասկանալի կդառնա, որ ոչ միայն անարդար, այլև ուղղակի մոլորություն է մեծ գրողին «գյուղագիր» համարել: Բակունցը լայն ընդգրկումների հեղինակ է: Ճշմարիտ է՝ տիրապետողը գյուղական միջավայրն է, բայց նա գրում է մարդու ճակատագրի, սոցիալ-քաղաքական, բարոյահոգեբանական փլուզումների մասին, լայնորեն բացում նրա զգայությունների աշխարհը, հայտնաբերում զարմանալի և զրնգացող գեղեցկություններ, ցավի ու տառապանքի այրող շիթերով ջրդեղված պայծառ երազների մասին: Եվ այս ամենը ողողված՝ մարդու նկատմամբ ունեցած խորունկ սիրով ու կարեկցանքով: Ասենք, նա ոչ թե «իդեալականցնում» է Մինա Բիբու գյուղական կենցաղը, այլ խորապես տագնապում է արմատներին խորթացած նրա թոռան անորոշ վիճակի համար: Անցյալը տխուր է, ներկան՝ անորոշ, գալիքը՝ անհայտ: Օտար քաղաքակրթությունների բռնի ներմուծումը նվաստացնում, պղտորում, աղավաղում է ենթակա ազգերի սովորություններն ու բարքերը, ջլատում ազգակցական, սոցիալ-հոգեբանական կապերը: Սա Բակունցի ստեղծագործություններում ելակետային դրույթ է: Բակունցը երբեք չգնաց ինքն իր դեմ, չդեգերեց գրական ու քաղաքական պարտադրված տեսությունների մոլոր ուղիներում, հեռու մնաց, չանդամակցեց տարափոխիկ հիվանդությունների նման տարածվող գրական խմբավորումներից որևէ մեկին, մնաց ինքն իր նման, անդավաճան իր ներքին ձայնին: Նկատված խոսք է՝ ոճը մարդն է: Երբևիցե չփոխվեց Բակունց մարդու ոճը: Նա մշտապես և բոլոր պարագաներում բացարձակապես նույն բյուրեղյա հոգու տեր մարդը: Մեծ գրողի երկերում առանձնանում է մի թեմատիկ թանձր շերտ՝ նվիրված Կյորեսի և կյորեսեցիների, ասել է, թե Շենի՝ Գորիսի. նոր ձևավորվող քաղաքային բարքերի դեմ վարած գոյատևման կռիվներին: Թեմայի այսօրինակ մասնավորումը չի սահմանափակում նյութի տարածական ամբողջականությունը: Բակունցյան՝ Կյորես - Գորիս համադրումը մեր վիրավոր ու վերքաշատ հայրենիքի մանրակերտն է և հաստատում է մեծ գրողի տաղանդի զորավոր ուժն ու ստեղծագործական խիզախումի առանձնահատկությունը: Քիչ է ասել, թե Կյորեսն ու կյորեսեցիները մշտապես եղել են գրողի ուշադրության կենտրոնում: Բակունցի բոլոր երկերին էլ հատուկ են, այս դեպքում, կյորեսեցու կենսափիլիսոփայությունը, լեզվամտածողությունը, կյորեսերենի հմայքը, ազգային ոգու համընդհանուր կոփվածքը: Նույնիսկ կիրճերն ու լեռնապատկերները, քերծերն ու քարափները, անդունդ գլորվող քարերի արձագանքները, գետերի սառնությունն ու գահավիժման ձայները, թանձր լռությունն ու չասված խոսքերը, դաշտանկարներն ու քարքարոտ կածանները, փոշեպատ ճամփաները խոսում են կյորեսավարի: Պարզապես պետք է ընդգծել, որ Բակունցի գրականության ատաղձը, նրա հիմնական ակունքն իր հայրենի եզերքն է: Մեծ գրողը կարողանում է մասի մեջ տեսնել ամբողջը, սիրո մի համբույրի մեջ տեսնել մարդկային երջանկությունը, մի կաթիլ արցունքի մեջ տեսնել մերժված հոգիների տրտմությունն ու տխրությունը: Բակունցը նույնացել է իր բնաշխարհի և այնտեղ ապրող մարդկանց հետ, իսկ այդ բնաշխարհը բոլորովին էլ գավառ չէ, այլ ամբողջական հայրենիք է՝ իր փլուզումներով, թանկագին կորուստներով, վիճակների անորոշությամբ, երկրի բախտով ապրող մարդկանցով: Բակունցի «կյորեսականում» լսվում է ոչ միայն եզերքի, այլև ամբողջ Հայաստան աշխարհի տնքոցը: «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա», տագնապում է Արթին պապը, տագնապում է և գրողը: Ինչպես Կյորեսը և կյորեսեցիները, այնպես էլ Գորիսն ու գորիսեցիները Բակունցի ստեղծագործության մեջ արմատ են ձգել նրա գրական փորձառության առաջին շրջանում, ճեմարանական ուսումնառության տարիներին: Գրողի, ինչպես ինքն է նշում, «Գրական մկրտությունը» կարելի է համարել 1915-ին՝ հուլիսի 26-ին (Շուշիի «Փայլակ» N 40 թերթում), լույս տեսած «փոքրիկ ֆելիետոնը»՝ Թեզ գնացող ստորագրությամբ: Ֆելիետոնը գրված է Գորիսի քաղաքագլուխ Մաթվեյ Մաթվեիչի և «գավառական ադմինիստրացիայի դեմ»: Գրողը երգիծում ու դատապարտում է քաղաքագլխի էժան փառասիրությունը, մեծամիտ հավակնոտությունը: Նա չի բավարարվում իրեն տրված պաշտոնով, և, որպեսզի հասարակությունը ճանաչի իր «անյայտութեամբ յայտնի» մարդուն, Մաթվեիչը զավթում է քաղաքային ինքնավարության, կանանց ընկերության, աշակերտական խմբակցության, հասարակական կազմակերպությունների տեղական ճյուղերի նախագահական պաշտոնները. «Չէ՞ որ իրավունք ուներ… Չէ՞ որ Գորիսում նա նախագահությունը կապալով էր վերցրել»: Այս ֆելիետոնը Բակունցի տպագրած երկրորդ գրությունն է, որտեղ զգացվում են զուտ բակունցյան լեզվի ու ոճի տարրերը, երևույթները բացահայտելու ժողովրդական մտածողության և հոգեխառնվածքին հարազատ մոտեցումների, նրա գրողական ձեռագիրը: «Բայց Գորիսում ի՞նչ ասես, որ չի լինում»: Հայրենի քաղաքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ ունեցած այս զարմացական հայացքը դեռ երկար է ուղեկցելու մեծ գրողին և «Կյորես» վիպակում արտահայտվելու մի ուրիշ հնչերանգով: Վերոհիշյալ «փոքրիկ ֆելիետոնը» գրողի հեռագնա ճանապարհի առաջին քայլն էր, և քայլն արված էր՝ մեծամիտ և հավակնոտ, հասարակությունն այլասերող, նույն հասարակության տականքը մերանող քաղքենիության դեմ: Նկատենք, որ քաղաքագլխի պաշտոնը զբաղեցրած Մաթվեիչը ֆելիետոնի էջերում այնպիսի ճշմարտացիությամբ և մեծ վարպետությամբ է ներկայացվում, որ թողնում է կատարյալ գրական կերպարի տպավորություն: Այսօր էլ նրանք կան, և այդ իրենց «անհայտությամբ հայտնի» պաշտոնամոլներին կարելի է հանդիպել ամենուր: «Փոքրիկ ֆելիետոնին» հաջորդեցին փոքրիկ պատմվածքներ, գրական պատկերներ, ակնարկներ, որոնք ակնհայտորեն խոսում էին Բակունցի բնական տաղանդի և ստեղծագործական կարելիությունների մասին: Առաջինը «փայլուն ապագա խոստացող» երիտասարդ գրողին նկատեց Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը: Բայց, դժբախտաբար, նրան չհաջողվեց իրականացնել Բակունցին եվրոպական կամ ամերիկյան կրթության տալու իր իսկ բուռն ցանկությունը (Այդ մասին տես՝ Սիմոն Վրացյան «Հին թղթեր նոր պատմության համար» գիրքը, Բեյրութ, 1962 թ.): Բակունցի ստեղծագործական ընդհանուր թեմատիկայի մեջ Կյորես-գորիսյան թեման խստորեն պահպանելով գրողի վերակերտած գրական աշխարհի ընդհանուր մթնոլորտի ամբողջականությունը՝ հասցեագրվում է իր ծննդավայրում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական իրադարձությունների, համակարգային փոփոխությունների ընթացքի և թողած հետևանքների պատմությանը: Այս առումով գրական ճշմարիտ, հանրագումարային վկայություն է «Կյորես» վիպակը, որին հասնելու ճանապարհն անցնում է տարաբնույթ պատումների միջով: Այդ պատումներից է «Հյումբաթի ձոր» ակնարկը: «Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ո՛չ կռիվ է եղել և ո՛չ էլ կոտորած» (Բակունց, Երկեր, հ.1, 1976 թ., էջ 343), բայց «… երբ առաջին մովրովը հրամայեց տափարակի վրա կառուցել քարե զորանոց, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց»: (Բակունց, Երկեր, հ.1, 1976 թ., էջ 343): Ինչպես հիշատակում է տարեգրությունը, «գյուղի մասսայական տեղափոխություն չի եղել»: Ասել է, թե Գորիսի կառուցապատումը սկզբնավորվել է մասնակի դիպվածով, բայց և որի արդյունքում գյուղը վերածվել է ավերականոցի: Այդ մասնակի դիպվածից հետո՝ 1926-ին, պետական որոշումով, Շենի ողջ բնակչությունը պարտադրված էր տեղափոխվել Գորիս: Բակունցը ժամանակային տարբեր չափումների մեջ ներկայացնում է Շենի ամայացման տխուր պատմությունը: Նա մեկից ավելի անգամներ կրկնում է, որ Կյորեսի երեք թաղերից և ոչ մեկում «ո՛չ կռիվ է եղել և ո՛չ էլ կոտորած», բայց ամայացել է մի շեն բնակավայր, այնպես, ինչպես դա կատարվում է մեծ զուլումներից, կոտորածներից, բռնի տեղահանումներից հետո: Գյուղից նախ հեռացան ոսկի ունեցողները: Գյուղի նախկին կրպակատերերն էլ իրենց ունեցվածքով փոխադրվեցին քաղաք, նրանց հետևեցին ուրիշները: Գյուղն ունեզրկվեց, գյուղացին դարձավ վարձու աշխատող, մանր առևտրական, պարտքերի դիմաց վաճառքի հանեց ամբողջ ունեցվածքը: «Քաղաքը մեծացավ: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում, Գյունեյ թաղում մնացին հացթուխներ, գզրար կանայք, լվացարարներ, գորգագործ պառավներ, անտառից շալակով ուրիշի համար ցախ բերող մարդիկ, սրա-նրա դռանը օրահացի աշխատող աղջիկներ և մանուկներ, որոնց ամենամեծ հրճվանքը քաղաքում օրնիբուն լվացք անող մոր վերադարձն էր, գոգնոցի ծալքում համեղ պատառը: Այսպես հալվեց ձորի գյուղի աստղը»: Այս ակնարկային պատումի մեջ գրողը Հյումբաթի ձոր էր եկել պետական հանձնառությամբ՝ ժողով գումարել, համոզել երբեմնի շեն ու մարդաշատ գյուղում ապրող տանջահար մնացորդացը՝ փնտրել նոր գյուղատեղ: Բայց մեծ գրողն իրականության խորունկ դիտարկումներով, համակող սիրով ու թանձր թախիծով առավել տեսանելի է դարձնում երևույթի հեռագնա ողբերգականությունը: Հազար թելերով, հոգով ու մարմնով իր հանդ ու հողին հարազատացած մարդուն հանում են իր միջավայրից, խաթարում բնական զարգացման ընթացքը: Մարդը դադարում է գյուղացի լինելուց, բայց և քաղաքացի էլ չի դառնում: Կնշանակի, որ մարդու քաղաքացիական կարգավիճակի մեջ առաջ է գալիս մառախլապատ մի անորոշություն, որից դուրս գալու ուղիներ չկան: Երբեմն մի բառով, դիպուկ մի արտահայտությամբ գրողն ուղղակի տեսանելի է դարձնում կտրուկ պարտադրանքներով և կոպիտ միջամտություններով գյուղում կատարվող գործողությունների դաժան ընթացքը և ավելի քան տխուր հետևանքները: Մարդիկ հեռանում են, գյուղը դատարկվում է. «Այսպես էր սկըսում իր չուն վաչկատուն ցեղն անցած դարերում»: Դատարկվող գյուղի ավերակների վրա իջնում է ամայի տխրություն: Կյորես-գորիսյան տարեգրության ստուգապատում էջերից է «Հյումբաթի ձորը», որով ընդհանրացվում է նաև Միջին մահլայում և Գյունեյ թաղի, ասել է, թե Շենի ամայացումը: Բնակավայրերի այս կարգի փլուզումները աղավաղում են դարերով համակարգված բարքերն ու սովորությունները, փոխվում է մարդը՝ աշխատանքի, հող ու հանդի, վար ու ցանքսի, արտի ու արոտի նկատմամբ ունեցած իր խորապես բնական վերաբերմունքով: Մարդը կտրվում, հեռանում է բնությունից՝ կորստի մատնելով մի ողջ մշակույթ: Սա է, որ մեծ ցավ է պատճառում գրողին՝ թանձրացնելով նրա տխրությունն ու կարեկցանքը նույն մարդու նկատմամբ: «Բրուտի տղան» պատմվածքում արդեն որոշակիորեն զգացվում են աստիճանաբար կոշտացող, մի տեսակ արագություն հավաքող սոցիալ-բարոյական, քաղաքացիական հարաբերությունները: Վաճառականների, խանութպանների, պաշտոնյաների երեխաները խորթանում են անգամ իրենց պատանեկության ընկերներից, իրենց պապերի լեզվից ու երգերից: «Ամառ երեկոները սպիտակ շորերով աղջիկներ ու տղաներ գալիս են ու քարափի վրա նստում: Նրանք նվագում են մանդոլին, կիթառ, նրանք երգում են ռուսերեն, ապա բարձր ծիծաղում են, և ձորի քարանձավներում նրանց առույգ ծիծաղն արձագանք է տալիս ահավոր կերպով, ասես ձորը քրքջում է նրանց հիմարության հանդեպ»,- նկատում է գրողը: Քաղքենին թանձր սահմանագիծ է քաշել, օտարացել երեկվա ընկերներից, հայրենական բարքերից ու սովորություններից, կորցրել տոհմիկ առաքինությունները: Անճանաչելի են դարձել երեկվա դասընկերուհիները՝ Սոնան, Մաշոն… Մենք կարող ենք վկայակոչել այլ պատմվածքներ, որոնց պատկերային համակարգում, հեղինակային միջամտությունների, հավելյալ բացատրությունների, տողերի և բառերի ենթատեքստում, խոսուն լռության մեջ հասունանում է «Կյորես» վիպակի գաղափարն ու գրելու գրական-կենսական անհրաժեշտությունը: 
Բակունցը ձգտում է փրկել «մոռացության խավար խորքում սուզվող» Կյորեսը և կյորեսեցիներին և նրանց վարքն ու բարքը համադրել նոր ձևավորվող հասարակական ու քաղաքական հարաբերությունների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Մեծ գրողն իր ելույթներում և պատմվածքներում մի անգամ չէ, որ խոսել է գրողի դերի և գրականության նշանակության մասին: Գրողն իր ժամանակի պատմիչն է, հասարակաց դրսևորած վարք ու բարքի, կենցաղի, լայն առումով ազգային կյանքի և ժամանակի անմիջնորդ վկան: Մեծ գրողն աշխատում է այդ տագնապաշատ և անհանգիստ օրերի մեջ աստիճանաբար ահագնացող մակընթացության ու տեղատվության հորձանքից փրկել ժողովրդական կյանքն ու մարդկային հարաբերությունները կանոնակարգող այն բնականորեն ձևավորված որակները, որոնցով առաջնորդվել է հայ հասարակայնությունը դարեր ի վեր: Նոր ձևավորվող քաղաքային հարաբերություններն աղավաղում, ախտահարում են նաև կյորեսեցիներին: Նահանջում է Կյորեսը, նահանջում է կյորեսեցին, նահանջում է լեզուն, նահանջում են բնաշխարհի բարքերն ու սովորությունները և դրանցով համակարգված Կյորեսի քաղաքակրթությունը: Իսկ այդ քաղաքակրթությունն իրապես մերանված է մարդու և հողի նախապես դաշնությամբ, հանդ ու հողի ինքնատիպ բույրերով, լույսով ու ջերմությամբ, կարեկցանքով ու գթասրտությամբ, խղճով ու սիրով, ինքնաբավ աշխատանքով, ընտանի դարձած դժվարություններով, տոհմիկ առաքինություններով, տոհմիկ դաստիարակությամբ, մարդասիրությամբ, անխախտ ու անդավաճան բարեկամությամբ… Որակներ, որոնք հատուկ են կյորեսեցիներին և որոնք ուղեկցել են մեծ գրողին՝ սկսած նրա վաղ մանկությունից: «Իբրև վաղեմի պատմագիր՝ դողացող ձեռքերով ես գրում եմ իմ պատմության վերջին էջերը: Հարկավոր է պատրույգը բարձրացնել, և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը» («Բրուտի տղան»): Պահի այսօրինակ զգացումը պայմանավորված է ինչպես պատանեկան տարիների հուշերը փրկելու քաղցրությամբ, այնպես էլ անցյալի և իր ապրած օրերի գեղարվեստական վավերացման անհրաժեշտության գրողական մտահոգությամբ: Նա ուղղակի լսում էր հողի ձայնը, զգում այդ հողի վրա օր-օրի ահագնացող խժդժությունների տագնապը: Ազգային ավանդներն ու մեծ բարոյականությունը, բնաշխարհիկ սովորություններն ու տոհմիկ դաստիարակությունը ճեղքեր են տալիս, և այդ ճեղքերից ծլում են օտարամոլության, ասել է թե ինքնանվաստացման, ինքնաուրացման արատներն ու ախտերը՝ ինքնին զորացնելով դրսեկ գաղափարախոսությունը: Այս որոմի կրողը քաղքենին էր, որի վրա հենվելով հին ու նոր մովրովները՝ գայթակղիչ խոստումներով, կեղծ հոգատարությամբ փաթեթավորված հրահանգավորումներով աստիճանաբար կրծում են տոհմածառի արմատները… Ստեղծում ճահճային, ահ ու սարսափի մի մթնոլորտ, որտեղ պարտվում, զոհաբերվում են ազնիվ հոգիները: Մեծ գրողն շտապում էր «մինչև ձեթի հատնելը» ամբողջացնել իր ասելիքը, մի բան, որ վիճակված չէր նրան: Նրա տարածը, անշուշտ, ավելի շատ էր, քան թողածը: Բայց և այնպես, Բակունցը հիմնավորապես տվեց իր ժամանակի անխարդախ վկայությունը, իրականության մեջ ծավալվող դեպքերի, իրադարձությունների, դրանց հեռագնա զարգացումների խճճվածքում հուսահատ պայքարի ելած բնության ազատ որդիների կռիվը քաղքենու դեմ: Եվ գրվեց «Կյորեսը»: Թվում է՝ բոլորովին էլ պատահական չէ, որ «Կյորեսը» առաջին անգամ լույս տեսավ «Եղբայրության ընկուզենիներ» երկի հետ մի գրքով և վերջինիս խորագրով, 1936-ին: Աներկբա է, որ այդ երկու երկերի միասնական հրատարակության գործում որոշակի դերակատարություն է ունեցել մոտալուտ տագնապների ներքին զգացողությունը: 
Եվ, սակայն, նկատենք՝ «Եղբայրության ընկուզենիներ»-ում գրողը պատկերում է 1919-1920 թթ. իրադարձությունները, պատերազմական օրերի դրամատիկ անցքերը, ծանոթ իրականության մեջ մարդկանց ներհոգեկան ու մտային դեգերումները, սրամիտ հորինումներով դժվար կենցաղը տանելի դարձնող տխուր աշխուժությունը, նրանց ուժը և թուլությունը: Կարծում ենք՝ այս միասնական հրատարակությամբ գրողը ցանկացել է ընդարձակել, հավելյալ տեղեկությամբ հարստացնել «Կյորեսի» համապատկերը, տալ հարազատ եզերքի առավել ամբողջական կենսագրությունը: Այս առումով միասնական հրատարակության մեջ «Եղբայրության ընկուզենիներ» պատմվածքն ընկալվում է իբրև նախադրույթ «Կյորես» վիպակի համար: Ինքնին հասկանալի է, որ գրողն առաջնորդվել է այս տրամաբանությամբ, չնայած գիրքը բացվում է «Կյորես» վիպակով, որտեղ նկարագրված դեպքերն ու իրադարձությունները, սակայն, հաջորդում են պատմվածքում կատարվող դեպքերին: Շուղանց քարատակը դարձել է հավաքատեղի: Այնտեղ մարդիկ զբաղվում էին ապրանքափոխությամբ, թուղթ էին խաղում, զրուցում, վիճում ամենատարբեր խնդիրների շուրջ, զայրույթով նեղանում իրարից, ներողամիտ կիսաժպիտներով ներում միմյանց: «Շուղանց նախկին հարդանոցում պատերազմական գործի հանճարեղ ղեկավարներ կային, ռազմական խորհուրդ», որ քննում էր պատերազմական խնդիրները: Հաճախ մի հատիկ արտահայտությամբ, մի փոքրիկ բնութագրումով կերպավորվում, գրական կերպար է դառնում սովորական, առտնի հոգսերով ապրող մարդը: Այս առումով հարուստ է Բակունցի պատկերասրահը և գունագեղ: Միջավայրը նույնն է, հոգսերն ու կարիքները՝ միանման, բայց մարդիկ առանձնանում են իրենց գործելակերպով, իրենց անհատականացված բնավորությամբ: Նա իր հերոսներին չի թելադրում, չի առաջնորդում, չի պարտադրում ինչ-ինչ գաղափարներ: Նա պարզապես շփվում է նրանց հետ, բացում նրանց խոհերի և զգայությունների աշխարհը, արձանագրում նրանց վերաբերմունքը այս կամ այն խնդրի նկատմամբ: Բակունցը և՛ սիրում, և՛ կարեկցում էր նրանց: Մի անգամ էլ ուզում ենք շեշտել այս զարմանալի մարդու և գրողի, բառիս բուն իմաստով բնատուր տաղանդի, գրականության նկատմամբ ունեցած անզիջում հավատարմությունը: Նա չարտոնեց պարտադրել իրեն ընթացիկ կյանքի «հերոսական առօրյայի», շողշողուն ապագայի «հաղթական» տեսիլականը: Նա իր նկարագրած իրականությունը չաղավաղեց հանձնարարված պատվիրանների պղտորությամբ: Նրա առաջ կանգնած էր հազար ու մի հոգսերի խճճվածքում մոլորված և ելքեր փնտրող մարդը՝ իր ապրած դրամայով, ճակատագրի դառնությամբ: Ընդհանուր աղմկարարության մեջ Բակունցը գտնում էր, որ գրականության զարգացման ճշմարիտ ուղին վերադարձն է «… Դեպի ժողովրդական ստեղծագործության իսկական ու խոր արմատները»: Այսինքն՝ պետք է զգալ և ճանաչել ժողովրդական այն աշխարհզգացությունը, որով կյանքի է կոչվել նրա գրական, մշակութային ժառանգությունը: Այս ելակետային դրույթն է ընկած նրա գրական կերպավորման հիմքում: Ինչպես գրողի, այնպես էլ նրա ստեղծած կերպարների կյանքը մշտապես եղել է, Հակոբ Օշականի խոսքերով ասած, «կշռույթին տակ իր ցեղին խոր օրենքներուն»: Մտովի հիշենք այս գծի վրա Բակունցի շքեղաշուք կերպարները և դրանց շարքում մեծ կյորեսեցու՝ Աթա ապոր կոթողային, անխոցելի կերպարը՝ Շուղանց քարատակի ամենաերևելի, ամենահեղինակավոր մարդուն, ազգային բախտի ու ճակատագրի, արտաքին ու ներքին կռվազանությունների շուրջ ունեցած անհանգիստ ապրումներով: Նա իր փորձառությամբ, հոգեկերտվածքով, բարոյական նկարագրով անցյալի ավանդների օրինապահ ժառանգորդն է: Հայ մարդու մի ինքնատիպ կերտվածք, որի հոգսերն ու ապրումները, դրսևորած վերաբերմունքն աշխարհի ու մարդու բախտի նկատմամբ, դժվարություններին ու փորձություններին դիմակայելու կամային որակներով, հուսահատներին հուսադրելու, բարոյական ու մարդասիրական աշխարհընկալումով, առաքինությամբ ու արդարադատությամբ խտացնում է մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը: Աթա ապերը հուսադրում, քաջալերում, դիմանալու և դիմադրելու կորով է ներշնչում հուսահատ սովյալներին, և մարդիկ հավատում են նրան. «ցորեն լեզու էր, որ նման էր ցորեն հացին»: Նա, իսկապես, հույսով ու հավատով կերակրում էր հասարակությանը: Բայց եղավ ամենասարսափելին: Երբ ապրելու, սովահարությունից փրկվելու հույսն այնքան մոտիկ էր, երևում էին «մուգ կանաչ դաղձի առաջին թփերը», «… Երեք օրում մեկը մյուսի հետևից մեռան հինգ երեխա, որից երկուսը մի տնից էին»: Հեղինակային նկարագրության մեջ էպիկական պատումի ուժը լիցքավորվում է մի նոր շնչառությամբ, որ թվում է՝ անցնում ես դարերի միջով: Աթա ապերը «այն լեռնեցի ծերունիներից է, որոնք… շատ անգամ են նայել մահի երեսին», անցել բազմաթիվ փորձություններ, ահերի ու սարսափների, «թրատված և արնաշաղախ» դիակների միջով «առանց արցունքի և հուզմունքի», «բայց մի փոքր երեխայի լաց կարող էր նրանց հուզել»: Տանը սուգ բարձրացավ: Թշվառ մայրը ողբում, աղերսում էր արևին՝ «կյանք տալ սառած մանուկներին»: Սա որդեկորույս մոր ողբ է, հայ մայրերի ողբ, որ «լսելով նրանց, թվում է, թե մոլորվել եք մի անտակ ձորում և ուր էլ գնաք բարձր ժայռեր են և փրկության դուռ չկա»: Բայց «… այդպիսի ողբ չասաց Աթա ապերը»: Աթա ապոր ողբն ամբողջական մի ասք է, մի զարմանալի, ողբերգական պատում, որ գալիս է դարերի խորքից, իր մեջ ներառում նոր ժամանակները, վերաճում էպիկական մի համաձուլվածքի՝ մարդու անցած ճանապարհի և գալիք տագնապների շողարձակումով: «Այդ ողբ չէր, այլ ահավոր բողոք կապույտ երկնքին, բողոք, որին ձայնակցում էր ձմեռվա քնից զարթնող բնությունը և քարե արծիվը, որ երգի աղմուկից դուրս էր թռել,‒ քարե արծիվն իր թևերի վրա տանում էր մարդու բողոքը մահի դեմ»: Մտքի հուսահատ դեգերումները, զգայությունների աշխարհում խմորվող բախումներն ու բռնկումները, պահի ծանրությունն ու միստիկ ապրումները ծերունուն մղում են մենակության: «Գերեզմանատնից Աթա ապերը գնաց Խուռուփի ձորը…»: Բնության մեջ ամեն գոյություն զբաղված է իր գործով. -Փա՜ռք քեզ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղին էլ անտես չես արել… - Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը՝ Աստծո՞, որ ապրում էր Խուռուփի ձորի արխաջում,- հին թթենո՞ւ հետ էր, որի փչակում գուցե ապրում է այն հոգին, որ Աթա ապոր նման սպիտակամորուս ծերունի է և տրեխներ է հագնում և մինչև անգամ արխալուղի գրպանում պղնձե բռնոթաման ունի: Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը,- ինքն էլ չգիտեր…: Սա հուսահատության այն պահն է, որ պարզապես անտանելի է դարձնում ապրելը, մարդը երես է դարձնում կյանքից և ապավինում Գերագույն ուժին: Այս երևույթը, ընդհանրապես, ծանր նստվածք է թողել հայոց միստիցիզմի վրա: Աթա ապերը ուղղակի հարաբերության մեջ է մտնում Աստծո կամ այն գերբնական ոգու հետ, որ կանոնակարգում է աշխարհի գործերը: Այլ կերպ չի լինի, որովհետև նա իրեն պատասխանատու է զգում ժողովրդի առաջ: -Մա՞հ էիր բաժանում,- արժանի մարդու տայիր… Հրեն Գիչունց պառավը երկու տարի աղատ-պաղատում է՝ հոգին առնես… Հապա դու կույր էիր, քո ձեռքն ինչպես բարձրացավ անմեղ փոքրիկ տղայի վրա: Հիմա ես ինչ պատասխան տամ խալխին: Առաջից սուր, հետևից սով. ձեռքդ պարանի ես քցում, օձ է դառնում: Ո՞ւր պիտի գնա էս ժողովուրդը, վերևից կոմիսարն է մեր գլխին կրակ թափում, ներքևից էս կրակն է մեզ խորովում: Ասա է՜, ասա…: Ուշադրություն դարձրեք «Ասա է՜, ասա» բառերի վրա, զայրութի ինչպիսի շիկացում, ինչպիսի բողոք, մարտահրավեր նետելու ինչպիսի կիրք: Այդ համատարած տառապանքի ու նույնքան համատարած չարության մեջ անգամ մեծ բարություն սերմանելու առումով Աթա ապերը կանգնած է աստվածամերձ տարածքում, նրա հետ խոսում է Դու-ով և հաշիվ պահանջում: Խուռուփի ձորից հետո Աթա ապերը արդեն բլրի գագաթին է, որտեղից պարզորոշ երևում է գետահովտի վրա փռված քաղաքը, «…որ շլացնում է և հմայում է և ահ է ներշնչում նրան, և մոլորված եղջերուի նման միտք է անում՝ ի՞նչ է այդ, թակա՞րդ, բարեկա՞մ, թե՞ դարանամուտ որսորդ… Միտք է անում և իրեն գցում ծանոթ թավուտները»: Իսկ գյուղում իրարանցում էր: Զինվորներն ու գյուղացիները հարձակվել էին Մելքումովների հացի հորերի վրա, բայց հորերը դատարկ էին: Աթա ապերը հանդարտեցնում է խռովահույզ սովյալներին, հորդորում, որ նրանց բռնած ճանապարհը սխալ է: Դեռ Շուղունց քարատակում էր նա Անդոյին ու նրա նման ջահելներին խորհուրդ տալիս «ծռել» միայն խառնակչության տանող իրենց ճանապարհը: Ճիշտ ուղին սրտի, սիրո և միասնության ու աշխատանքի ճանապարհն է «մարդուն մարդ դարձնողը»: «Աշխատեք է՜, դուք էլ աշխատեք մելքումովների նման դիզեք»,- խորհուրդ էր տալիս Աթա ապերը: Եվ սակայն տիրող քար լռության մեջ մարդիկ «օտար թվացին Աթա ապորը, ինչպես օտար ազգի մարդիկ»: Տանը «Օջախի առաջ Աթա ապերը միտք էր անում հին օրերից մինչև ներկան, նրան թվում էր, թե իր ամբողջ կյանքը եղել է մի արև ճանապարհի ծաղիկների մեջ, սառն աղբյուրների երկրում, որտեղ լեռնալանջին կարոտում է մորին, ձորերում՝ մոշը, և երբ կովերը տուն են գալիս, կաթը ցողի նման կաթկթում է ծաղիկների վրա»: Ինքնաբավության այս գեղեցիկ վերապրումը նորից պղտորվում է, երբ նա «մտքով գնում է Ցուրտ աղբյուր»: Աղբյուրը և ընդհանրապես «Շահ յուրդի տախտերը» կորցրել են ոչ միայն նախկին գրավչությունը, այլև աշխատավոր մարդուն վարձահատույց լինելու հպարտությունը: Որտե՞ղ է, սակայն, չարիքի ակունքը, որտե՞ղ է թաղված կռվազանության հունդը: «Աթա ապերը պտտվում է գետահովտի շուրջը, որտեղ փռված ընկած էր քաղաքը: Ամեն ինչ այնտեղից եկավ»: Քիչ վերևում մեջ բերված Աթա ապոր մտորումների մեջ եղած կասկածահարույց հարցականներն այստեղ արդեն որոշակիանում են: Իր ապրած կյանքի գեղեցկությունը ստվերվում է գալիքի մռայլ պատկերներով: Նրա մահվան ցանկությունն օրհնության մխիթարիչ գույներով է շաղախված, ու աղոթքի մրմունջներով այդ խառնակ աշխարհից պատվով հեռանալու բնական ցանկությամբ. «…Աթա… Դուի էն ժամանակ պիտի մեռնեիր, որ ո՛չ կռիվ կար, ո՛չ սով կար: …Դու միայն կիմանայիր, որ աշխարհում թողել ես ցուրտ աղբյուրներ, ծաղկած սարեր և ախպեր մարդիկ… Շա՜տ ես ապրել, Աթա…»: Ծերության շեմին հասած մարդը հաճախ է վերհիշում, վերապրում իր անցած կյանքը և երազում կյանքից հեռանալ, ժողովրդի լեզվով ասած «չոր ու լի աչքով»: Մինչդեռ նա զգում է գունաթափած բնության անամոք տխրությունն ու տկարացած, արմատներից հեռացած կռվազան մարդկանց բերած աղետները, որոնք ծանրացնում են Աթա ապոր տառապանքները, փակում դրանցից դուրս գալու ուղիները: Եվ գրողը հանճարեղ ներքնատեսությամբ շարադրում է հերթական դրվագը, որն էլ պայմանավորում է այս զարմանալի ասքապատումի խորագիրը: Աթա ապերը և Օրուջը ծանոթ ու ճանաչ մարդիկ են, միասին հաց են կտրել, ուրախ օրեր են անցկացրել նույն սուփրի վրա, հոգսեր ու դժվարություններ են կիսել: Բարեկամություն է ստեղծվել ընտանիքների միջև, գնալ - գալ ունեն: Աթա ապերը գիտի հարևան ժողովրդի հետ ունեցած բարեկամության գինը: Ժողովուրդները հարատևում են բարեկամության, նեղության պահին իրար օգնելով: Թուրք Օրունջն էլ սովահար ընտանիք ունի: Նա ապավինել էր Աթա ապորը և եկել օգնություն խնդրելու: Մշտական շփումները վերաճում են ժողովրդական մի ինքնատիպ դիվանագիտության, դառնում համակեցության կերպ, հարաբերվելու բարոյական նորմ, որ, սակայն, խաթարվում են օտար խաղերի խճճվածքում: Մենք անդրադարձանք գրողի կողմից մեծ վարպետությամբ դասդասված այն դրվագներին, որոնց միջով անցավ Աթա ապերը, բայց իր էությամբ ամենուր մնաց նույնը: Ասել է՝ ոչ թե հերոսն աճում է գրական տեքստի էջերում կատարվող դեպքերի ազդեցությամբ, այլ գրական տեքստում արձանագրվում են նրա մարդկային առաքինություններն ու խիղճը, ցավն ու կարեկցանքը, զայրույթն ու զարմանքը: Բոլոր պարագաներում գրողը բացահայտում է այդ խորապես բնաշխարհիկ մարդու մտածումների ուղղությունը, կենսափիլիսոփայության ակունքները՝ հյութավորված ժողովրդական-համազգային աշխարհզգացողությամբ: Կարելի է տպավորել, թե ես հեռանում եմ ինձ առաջադրված նպատակի որոշակիությունից: Բայց դա այդպես չէ: Աթա ապերը մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը խտացնող երևույթ է, որ իրմով բերում է կյորեսեցիների անցած պատմության կենսափորձն ու վարքաբանությունը և նոր օրերի տագնապները: Բակունցյան հերոսների պանթեոնում Աթա ապերը մշտական ներկայություն է՝ իբրև հիշատակ ու պատգամ, իբրև ազգային կենսամտածողություն: Նա իր խղճով ապրած կյանքի ազնվությամբ, գալիք օրերի տագնապներով, անորոշության, կարոտության մեջ տարուբերվող մարդկանց հուսադրելու կարողությամբ, մարդու, աշխատանքի, արդարության, համերաշխության և նմանօրինակ որակներով օժտված հայ մարդու կատարյալ տեսակն է: Ես զգում եմ նրա շնչառությունը Բակունցի աշխատասենյակում և նաև աշխատասենյակից դուրս: Աթա ապերը սրտի մարդ է և սրտով էլ պայքարում է իրականության բռնի ու դաժան վերաձևումների դեմ: Եվ շարունակվում է, սերնդեսերունդ փոխանցվում է Օհան պապի թոռան մասին հյուսված այս մեծախորհուրդ ասքապատումը. ‒Մեր գյուղում կար մի Աթա ապեր… ողորմի նրան: Եվ ինչպես էպոսում է ասվում, մենք էլ դառնանք և ողորմի տանք Աթա ապորը և նորից դառնանք և երիցս ողորմի տանք նրա կերպարն ստեղծող Ակսել Բակունցին: Մենք վերևում նշեցինք, որ այս պատմվածքը, իր ամբողջական և ավարտուն կառուցվածքով հանդերձ, մի ինքնատիպ նախադրույթի դեր է ստանձնում «Կյորես» վիպակի համար: Ինչպես կերպարի հոգեբանական խառնվածքը, նրա կողմից առաջադրված հարցադրումները և մանավանդ պատասխաններ գտնելու մտային որոնումները նրան տանում են, եթե ոչ նոր, բայց առավել լայն կենսատարածք: Եվ պատմվածքին զուգահեռ գրվում է «Կյորես» վիպակը: Ավանդները, բարքերն ու սովորույթնները, սերունդների տոհմիկ դաստիարակությունը, հարևանների հետ հարաբերվելու դիվանագիտությունը, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումը, բնական, ժողովրդի կենսափորձով հաստատագրված, հասարակական հարաբերությունները կանոնակարգող համակարգ է, որ աստիճանաբար փլուզվում է նոր ու ներմուծովի համակարգի ինքնահաստատման դաժանության տակ: «Կար Գորիս և կար Կյորես: Երկու տարբեր ժողովուրդ էին, և տարբեր էին նրանց լեզուները, սովորությունները, անունները, և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը: Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել»: Հինը պաշտպանվում էր, նորը՝ հարձակվում: Եվ չէին հասկանում իրար լեզու: Ամեն կարգի հեղափոխություն էլ երկատում է ազգային միասնությունը, ժողովուրդը բաժանում հակամարտ մասերի, մեկին հանում մյուսի դեմ. «Գորիսեցիք խոսում են շան լեզվով», «կյորիսեցիք՝ շենավարի»: Առաջին իսկ դրվագում գրողը մեծ վարպետությամբ բացում է հասարակական կյանքի վարագույրը և ցուցադրում երկփեղկված ժողովրդի հին, բայց և անզիջում կռիվը: Անցել են այն հին ու բարի ժամանակները, երբ կյորեսեցիք կարողանում էին զսպել քաղաքի հավակնոտությունը, փակել Կյորեսը կլանելու գորիսեցիների ախորժակը: Կյորեսը կարողանում էր դիմադրել, որովհետև «Շենն ուներ իր կտավագործները, իր դերձակները, իր իջևանատները… վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն՝ վար ու ցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում»: Ասել է թե կյանքի նորացումը, առաջխաղացումը բնականոն ընթացքի մեջ էին: Բայց շան լեզվով խոսող Բաղիրի թոռները, դրսեկ վաճառականները կործանում են «… հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների ցեղային դինաստիան, որ ի դեպ գլխավորում էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ»: Հայրենիքի վաղվա օրով մտահոգ, արժանապատվությամբ ապրելու դյուցազնական շնչով լիցքավորված մարդիկ հեռացել էին կյանքից: Պայքարի թափը թուլացել էր, այլևս Կյորեսն անկարող էր պայքարել: Երկրի աղը կազմող «ցեղային դինաստիայի» վերջին մոհիկանը Գյուրջի Օբին էր, որ հարբած հայհոյում էր «Կյորեսը կույր դանակով մորթողներին», ու որի վրա արդեն ծիծաղում էին գորիսեցիները, «ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին»: Իսկ Աթա ապերն ամեն անգամ քաղաքից վերադառնում էր ծանր տպավորություններով: Ազգային քաղաքացիական համակարգից նա դուրս էր շպրտում քաղաքային բնակչությանը: Նրանց, որոնք խորթացել էին աշխատանքին, կտրվել էին հողից, դարձել գող ու ավազակ, անաշխատ եկամուտներով հարստացող խաբեբա ու թալանչի, «նրանք մարդ պլոկող ազգից են…» և եթե… «նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ…»: Կյորես-Գորիս հակամարտությունը տարածվում է ամենուր, նույնիսկ նրանց ուխտատեղիներն առանձին էին: «… Նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց: Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին: Նրանց համար մեղք էր պղծված շուրթերով սրբատեղում աղոթք մրմնջալը կամ սուրբ քարը համբուրելը, և կյորեսեցի մի պառավ նրանց աղջիկների հետևից շպրտում էր «Հողս գլխիդ, տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել, էլ սուրբը քեզ հի՜նչ անի…»: Գրողը դրվագ առ դրվագ ցույց է տալիս Կյորեսի կործանման դաժան ու դժվարին ընթացքը: «Կյորեսը մեռնում է, ինչպես մեռնում է Խուռուփի ձորի վերջին կաղնին, «Անդունդ էր սուզվում հողագործների ազգը», իսկ նրա զայրացած ու զարմացած որդիները՝ հիասթափված ու հուսալքված, թողնում են պապենական հողը և գնում բախտ որոնելու ուրիշ հորիզոններում: Երկիրը դատարկվում էր իր աշխատավոր զավակներից: «… Հողը հողագործի ձեռքից գնում էր, և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը…»: Բայց դեռ կային մարդիկ, որ մի թաքուն մտայնությամբ երազում էին, որ կյանքի քաղաքական վերափոխումը կներդաշնակվի բնական առաջընթացի հետ: Աթա ապերը «իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, որ քաղաքի տեղը ինքը կամ ուրիշ կյորեսեցի վար կանի», իսկ Գյուրջի Օբին ուղղակի սպառնում էր, թե մի օր հայրենիքից հեռացած բնիկները կվերադառնան գերությունից և «բուլվարի ծառերից մեկ-մեկ պաշտոնավորներին»: Բայց հենց այդ օրերին Միրումովների պարտքերի տակ կքած Ծմակի Խաչին, փրկության ոչ մի ելք չգտնելով, իրեն նետում է քերծից՝ գոռալով «Քանդվե՜ս դու, Գորիս»: Սարսափը արձագանքում է լեռներում, մտնում տներից ներս, կյորեսեցիների սրտերն ու մտքերը լցնում վախի ու տագնապի սարսուռներով: «Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր լաստի խութը»: Հարկ չկա Բակունցի մասին ամեն անգամ խոսելիս այս իրողությունները վերագրել անցյալին: Այդպես էր երեկ, այդպես էր Բակունցի ապրած ժամանակներում, դժբախտաբար այդպես է և այսօր: Բակունցը հանճարեղ ներքնատեսությամբ արձանագրում է ուրիշների «քաղաքակրթությամբ» առաջնորդվելու ազգակործան գործընթացը, որ միշտ էլ հանգեցնում է աղետավոր հետևանքների, երկփեղկում ազգային ոգու միասնականությունը, երկիրը բաժանում Կյորեսի և Գորիսի: Այդպես է եղել մեր պատմության շրջադարձային բոլոր փուլերում, երբ կյանքը վերափոխվելու բնական ընթացքը տեղափոխվում է օտար ռելսերի վրա, առաջնորդվում օտար գաղափարախոսությամբ: Կարդում ես «Կյորեսը», և աչքերիդ առաջ հառնում են պատմության դասերը, անցյալ դարի խժդժությունները, կամայականություններն ու սպանությունները, վախերն ու տագնապները, «օտար խաղերի» մեջ թպրտացող հասարակական կյանքը: Պարտադրված քաղաքակրթություններով առաջնորդվելը միշտ էլ ժողովրդին տարել է խեղճության և թշվառության, բարքերի ապականության, վարակել ինքնաօտարացման մանրէներով, ապաբարոյականացրել տոհմիկ առաքինությունները, նվաստացրել ու նսեմացրել մարդուն, խարխլել մարդ-բնություն, մարդ-աշխատանք կապի ամբողջականությունը… մարդուն խորթացրել հայրենիքին, արտամղել պանդխտության: Օտար քաղաքակրթության առաջին և հավատարիմ սպասարկուն քաղքենիությունն է, որ հանուն փողի փափկակենցաղ բարեկեցության վաճառում և հեռանում է հայրենական ակունքներից, հրաժարվում մայրենի լեզվից ու բարքերից: Նա, կորցնելով ազգային նկարագիրն ու ծախելով հոգին, կազմալուծում է դիմադրողականության ոգին ու պայքարի կորովը: Այս և ազգային կյանքը նմանօրինակ ախտերից մանրէազերծելու խորհուրդ ունի «Կյորես» վիպակը, որ գրվել է երեկ, բայց գիրքն է այսօրվա և գիրքն է վաղվա, որովհետև, չնայած Կյորեսը պարտվել է, բայց Գորիսի դեմ ունեցած նրա հին կռիվը դեռ շարունակվում է: Կյորեսը ազգային արժեքների կրողն է, որոնց շուրջ կարող են համախմբվել երկատված ազգի հակամետ հատվածները, բայց վերին խավը չունի այս գիտակցությունը, որի բացակայությունն էլ երգիծական պատումին հաղորդում է ցավի ու մորմոքի, անափ տխրությամբ շամանդաղված, ողբերգական շեշտադրումներով ընդգծված անանց տպավորություն: «Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները՝ դյուքանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը: Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էին իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը՝ Շենը»: Յուրաքանչյուր դրվագ սկսվում է քննարկվող նյութին հարիր նախադրույթով և ապա մանրամասնորեն քննվում առաջադրված խնդիրները: Ովքե՞ր են այդ վաճառականները, պետական պաշտոնյաները, որոնց դեմ կռվում է Կյորեսը: Գորիսի ընդարձակ գավառը «իրար մեջ բաժանել էին վաճառականներն ու չինովնիկ մեծամեծերը», նրանցից ամեն մեկն ուներ «օրենքով» սեփականաշնորհված իր տարածքը և ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում էր այդ մահալում ապրող բնակչության հետ: Նրանք զբաղված էին առք ու վաճառքով, «նրանց ձեռքում էր դրամը», «վաշխ էին առնում՝ մանեթին երեսուն, քառասուն և ավելի»: Միրումով Կյուքին տղաներին դաստիարակում էր գայլային օրենքներով. «Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր, կամ մարդ է մեռել կամ սոված են, կամ տան տիրոջ ձեռքը նեղ տեղն է: Տո՜ւր, պարտք տուր, չարմեխի՛ր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի՛»: Հենց այս կերպ էլ նա մահվան դուռը հասցրեց Ծմակի Խաչուն: Կային առևտրականներ, որ «իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով: Նրանք դատ էին անում, եղբորը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում…»: «Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ», որոնք ևս ունեին «իրենց ազդեցության մահալներն ու գյուղերը»: Բեյերից ոմանք սերում էին հին ու նշանավոր տոհմերից, ոմանք էլ բեյեր էին դարձել կեղծ վկայություններով… և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում: Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր պետական ատյաններում: Աթա ապերը և ընդհանրապես կյորեսեցիները ազգային արմատներից հեռացած, խաբեությամբ ու թալանով ապրող, հայրենական ակոսներում թույն կաթացնող այս մարդկանց են համարում օտարականներ և մշտաբորբոք պահում իրենց Հին կռիվը: Գրողն ամենայն մանրամասնությամբ և ճշգրտությամբ ընթերցողին տեսանելի էր դարձնում հայրենի քաղաքի հատակագիծը, նոր ու հին կառույցների, նշանավոր շենքերի տեղն ու դիրքը, տների ու այգիների համաչափ ու ինքնատիպ համայնապատկերը: Այս ամենի կողքին առանձնահատուկ դեր է ստանձնում շուկան, որտեղ ավելի ակնառու են աղքատության թշվառությունը և հարստության լկտիությունը, ազնվությունն ու խորամանկությունը, կեղծ, շինծու սիրալիությունն ու միամիտ հավատը, օտարականներն ու կյորեսեցիները: Գավառի կենտրոնը Գորիսն էր, Գորիսի կենտրոնը՝ շուկան: Շուկա տանող ճանապարհների նկարագրությունն անգամ զրնգում է մի զարմանալի աշխուժությամբ, մրգերի, ապրանքների առատությամբ, անասունների բառաչով հանդիսավորությամբ, որ ընթերցողը մինչև տեղ հասնելը՝ իրեն զգում է շուկայական եռուզեռի մեջ: Շուկա մտնող յոթ ճանապարհներից գրողը նախընտրում է ջրաղացների կողքով բարձրացող այն հին ճանապարհը, որի վրա դեռ կան Կյորեսի հետքերը, ջրաղացպանը պատմում է չմոռացած հեքիաթները, խոսում անցած օրերի մասին և գտնում, որ «Ղաթրինի Աղալոյի մահից հետո Կյորեսում ապրելը հարամ էր», հիշում էր Ցուլ Օհանին, «որի ձայնից Դրանգանի ձորում գազանները թաքնվում էին», և գտնում, որ «մարդ-օլանը քանի գնում հեռանում էր, այսինքն՝ փոքրանում և վայրենանում էր…»: Եվ բացի այդ՝ հին ճանապարհը Կյորեսն էր Գորիսի մեջ», որ իր «գերի երեխաներով» միացած «Շենի տղաների հետ» կռվում էին «բուլկի ուտողների դեմ»՝ շարունակելով հին կռիվը, որ գալիս էր Ղաթրինի Աղալոյի առասպելական ժամանակներից»: Ճանապարհն ավարտվում էր նոր շուկայի ծայրամասում ընկած, արհամարհված հին շուկայում, որտեղ մանր-մունր առևտուր էին անում բնիկ կյորեսեցիները, և որոնց նոր շուկայի տերերը քշում էին դեպի Շենը: Այդ հին շուկայում մարդիկ մեղմ են, հանգիստ ու հանդարտ: Ավելի շուտ այն թողնում է խեղճ ու տխուր, բայց սրտակից մարդկանց զրուցարանի տպավորություն: Ասենք՝ Ավունց Ակու ամիի խանութը առևտրի համար չէ: Այստեղ հավաքվում են օտար ափերում բախտ որոնող կյորեսեցիների՝ հարազատներին ուղարկված նամակները, փոխանցվում հասցեատերերին, և գրվում պատասխան նամակներ: Անցյալում էր մնացել այդ շուկայի հմայքը: Այսօր այնտեղ «առևտուր անելը հավասար է կոտր ընկնելուն»: «Այլ է իսկական շուկան՝ Գորիսի սիրտը»: Այն մի քաղաք էր քաղաքի մեջ, որ տարածվում էր «Նազար բեյի տնից մինչև դավթարխանան, այնտեղից ուղիղ գծով մինչև Մաթևոս բեյի տունը, ապա մինչև դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին»: Շուկայում եռում է կյանքը, աշխույժ առևտուր, հանդիպումներ, զրույցներ, նայվածքներ, խաբեբայություններ, հռչակավոր վաճառատներ… 
«Կանչ, աղմուկ, շների կլանչոց»… ժխոր, որ «հասնում է մինչև Մեղրաքերծ», բայց «երբեմն հանկարծ լռում են, ինչպես ճնճղուկների երամը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ստվերը»: Սա այն դեպքերում, երբ հրապարակով անցնում են ոստիկաններն ու զինվորական ջոկատները: Կյորեսը մշտապես այդ ստվերի տակ է, և պատահական չէ, որ մեջբերված նախադասությունը նույն էջի վրա կրկնում է՝ ընդգծելով Կյորեսի անպաշտպանվածությունը: Այս ընդհանուր ժխորից անմասն է Պասաժը՝ կենտրոնական շուկայի զարդը: Այստեղ հիմնականում քաղքենին էր, և այստեղ չէր կարող հայտնվել սովորական մարդը, նրան անմիջապես դուրս էին շպրտում: Պասաժում չէր վաճառվում տեղական ապրանք, այնտեղ գնորդները բեյեր էին ու չինովնիկ մեծամեծերը: Պասաժում ամեն ինչ ազնիվ էր և ազնվացեղ, այնտեղ ռուսերեն էին խոսում, նույնիսկ նրանք, որ չգիտեին այդ լեզուն: «Լյուդմիլա Լվովնան և բժիշկ Տիկրան Պետովիչի կինը՝ Սառա Կասպարովան, նաև մի փոքրիկ շնիկ՝ կապույտ ժապավենով» խանութ են մտնում, և խանութպանի խոջա հայրը զարմացած նայում է. ‒Փառքդ շատ, Աստված… Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է… Խոջայի զարմանքը առավել շեշտավորվում է, երբ նրան դիմում են «Եփրեմ Նիկիտիչ» ձևով: Նրա ինքնասիրությունը շոյվում է. «Ուրեմն խոջա Մակիչը, Մուգամին Մկրտիչը դառավ Նիկիտ… Քեզ փա՜ռք Աստված…»: Լյուդմիլան, Պետովիչը, Կասպարովնան, Նիկիտիչը, բոլորն էլ այդ փոքրիկ շան կարգավիճակում են և բաժանում են շնիկի կենսուրախ ճակատագիրը: Նրանք հեռացել են իրենց արմատներից և կորցրել իրենց տեսակի ազնվությունը: Բակունցի հումորը միածալ չէ, այն ունի շերտեր, որոնք հավաստում են մեծ գրողի վերաբերմունքը Կյորեսի և Գորիսի նկատմամբ: Հպանցիկ, բայց մնայուն տպավորություն թողնող հեգնանքն ու երգիծանքը բացում են քաղքենիական ճահճում գունաթափված, թարախակալ, բնավորություն դարձող մի արտասովոր սովորություն, որ հատուկ լինելով այդ խավի համար՝ միաժամանակ, այլասիրության և ինքնաօտարացման բացիլներ են տարածում հասարակական կյանքում: Բակունցն անընդհատ խտացնում է նյութը, բացում հոգսերի ու կարոտությունների մեջ մոլորված մարդկանց ապրելակերպի և չինովնիկ մեծամեծերի վայելքի լկտիությամբ համադրված նոր տարածքներ: Բացվող առավոտների հետ բացվում էին մսավաճառների խանութները: Առավոտ կանուխ թարմ մսի հոտ առած անտեր շների հետ խառնված՝ մարդիկ վխտում են խանութների առաջ: Նրանք «… միս չէին առնում, այլ փորոտիք, աղիքներ, ոտքեր և գլուխ»: Քիչ հետո գալիս են պաշտոնյաները՝ մեծ ու փոքր չինովնիկները, Ներսես բեյը և ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը՝ իրենց սպասավորների հետ: Իրարահաջորդ մանրամասները ցուցադրում են քաղքենիական կյանքի տարաբնույթ տեսարաններ՝ առաջ բերելով զայրույթ ու զարմանք, հիասթափություն ու կարեկցանք: Իսկապես, «Այդ ի՞նչ էր կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք»: Վերջին բեյերի մուտքը անմիջապես փոխում է խանութներում ընթացող աշխատանքի ռիթմը, վաճառականների ստրկահաճ վերաբերմունքը, նրանց կախվածության գինը չինովնիկներից, որ փոխատուցվում է՝ «Դու՝ ինձ, ես՝ քեզ» բանաձևի լուռ համաձայնությամբ: Գրողը բացում է փակ դարպասների դռները, մտնում տուն ու խոհանոց և ամենայն մանրամասնությամբ ներկայացնում բեյական ընտանիքների քաղքենիական կենցաղավարությունը, բամբասանքներով, նախանձով, անիմաստ մրցակցությամբ թունավորված ապրելու նրանց կենսակերպը: 
Գրողի ամենատես հայացքի առաջ բացվում է այդ ընտանիքների մեծ ու փոքր անդամների հոգևոր աղքատոթյան խորշակված դաշտանկարը, լսելի դարձնում նրանց տաղտկալի ու ձանձրալի զրույցները, ընտանեկան դաստիարակության խաբկանքի կիսաձայն շշուկները և … կանանց դավաճանության անառակ պատմությունները: Քաղաքում կային շներ, որոնք «իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին»: Նրանք տերերի համար թիկնապահներ և գործընկերներ էին: «Խանլար բեյի Ջինդառ շունը, որ տիրոջ հետևից գնում էր գյուղերը հավ հավաքելու, այսինքն՝ աչքին ընկած հավը կուլ էր տալիս ու մնում էր անպատիժ, կարծես թագավորական խարջ հավաքող էր»: Այսպիսին են բեյերի շները: Նրանք էլ բեյերի նման քնում էին «հետկեսօրյա քնով… և նույնիսկ քնի մեջ պուֆ էին անում»: Պատկերն իր լրումին է հասնում «Սյունյաց նախարարության հին և գալիք ժամանակների մասին» Պավլի բեյի ունեցած մտորումներով և Ավետիսի ընտանիքի և նրա աղջիկներին ամուսնացնելու զվարթ ու տխուր պատմություններով: Իսկ թե ո՞վ էր Ավետիսը, ի՞նչ տառապանքների միջով էր անցել, ի՞նչ ճամփով է հասել Գորիս, ոչ ոք չգիտեր: Չգիտեին ոչ թե և ոչ միայն, որ «Գորիսում խեղճ մարդկանց մասին երկար չեն խոսում», այլև որ բացարձակապես անտարբեր էին հայրենիքի բախտի ու ճակատագրի նկատմամբ: Այդ հարսանիքները տեղի էին ունենում տուն-տեղից, հանդ ու հողից, վար ու ցանքից կտրված և Հին ճանապարհի վրա ապրող կյորեսեցիների տիրական ներկայությամբ: Փոխվել էր վերջիններիս վարքն ու բարքը: Նրանք «աղ ու հացի եղբայրներ էին» և դարձել են խրախճանքների ու գինարբուքների սիրահարներ և շարունակում էին Հին կռիվը, բայց հիշեցնելով ոչ թե Ղաթրինի Աղալոյի ուժեղ, պարտադրող ու խիստ ազդեցիկ, այլ Գյուրջի Օբիի թույլ ու վախվորած ժամանակները: Վիպակի վերջին դրվագները մի յուրօրինակ ամփոփում են, որտեղ գրողն առավել որոշակի է դարձնում ասելիքի ներքին հոսանքները, Գորիսի երկսեռ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտը: «Գորիսում կային տեսակետ ունեցող տիկիններ», որոնց զրույցներն սկսում էին տարաբնույթ թթուների և մուրաբաների համ ու հոտի մասին տեղեկատվությամբ և ավարտվում փեսացուի և հարսնացուի շուրջ հանպատրաստից հյուսվող բամբասանքներով: Այսպիսի դատարկ և անիմաստ զրույցներով էին զբաղվում «հոգևոր շահերից» զուրկ «Գորիսի բնակչությունը» և առավելապես բեյերը: «Նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահեր ունենային»: Հոգևոր շահերից զուրկ այս միջավայրում, հայրենի հողի վրա, հայրենի քաղաքում արհամարհվում, աղավաղվում են բարքերն ու սովորությունները, աղավաղվում է լեզուն, նսեմանում ու ծաղրվում, քամահարվում են ազգային արժեքներ: Անհեռատես ու նյութապաշտ, «հոգևոր շահերից» զուրկ բեյերից խորապես տարբերվում է Պավլի բեյ Օրբելյանը. տագնապաշատ է նրա հոգին, և նրա մտքերն անընդհատ պտտվում են ռուսացող Զանգեզուրի շուրջ, որի դեմն առնելու միակ պատնեշը «Սյունյաց նախարարության վերականգնումն է»: Համընդհանուր անտարբերության մեջ նա միակն է, որ օթևան է տալիս Ավետիսի ընտանիքին: Սեփական զորությունն ապահովելու համար նա քարոզում է հայ տղաներին՝ ամուսնանալ միայն հայ աղջիկների հետ: Տեղի է ունենում երեկ և այսօր շատ տարածված մի սովորական դեպք, որ իր մատյանում արձանագրում է Պավլի բեյ Օրբելյանը. «Արյունարբու և գազանաբարո ավազակներ, ազգով թուրք և ղարա-մամադ ցեղից զինված՝ հարձակվեցան ուխտավորաց վրա», բայց կյորեսեցիները «Միահամուռ արշավելով դարբադաշ արին ավազակերանց…»: Այսքանից հետո Պավլի բեյ Օրբելյանը հատուկ իմացնել է տալիս, որ «… գավառամասի պրիստավն Վոսկրեսենսկի, ազգով ռուս, հովանավորել է վերոհիշյալ ղարա-մամադ ավազակաբարո ցեղին և ինքն է մեծ կաշառու և հայատյաց…»: Ահա թե պատմության և պատմություն դարձող կենդանի օրերի որ դասն է արձանագրում մեծ գրողի աներկբա վստահությունը շահած և ճշմարիտ տարեգրողի պարտականությամբ «Կյորես» վիպակի պատումի մեջ մտած Պավլի բեյ Օրբելյանը: Սա օտար քաղաքակրթություններով առաջնորդվելու գինն է, որ խրխնջացող քուռակի պես վճարում է ազգային կյանքը «կանոնակարգող» քաղքենիությունը: Բակունցագիտության մեջ կան կարծիքներ, որոնց հեղինակները գրողի սերն ու կարեկցանքը հավասարապես տարածում են թե՛ Կյորեսի, թե՛ Գորիսի վրա: Հավատացած եմ, որ դա ոչ թե միամտության կամ սխալ մոտեցման արդյունք է, այլ արդյունք է քաղաքական զգուշավորության: Իհարկե, Բակունցը սիրում է իր ծննդավայրը մեծ ու անկրկնելի սիրով, և մի անգամ չէ, որ ափսոսանքի դառնությամբ ու ցավով կրկընում է. «… Այն ի՞նչ էր կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք»: Բակունցագիտության մեծ երախտավոր Ռ. Իշխանյանը վկայում է, որ «վիպակը նախապես կոչվել է «Գորիս և Կյորես», ապա հեղինակը գերադասելի է համարել «Կյորես» վերնագիրը, հավանաբար շեշտելու համար երկի բովանդակության մեջ էականը և հայտնելու իր համակրանքը գյուղական Կյորեսի նկատմամբ»: Մեր կողմից ընդգծված այդ էականը շատ ավելի մեծ ընդգրկում ունի: Մենք մեր շարադրանքի սկզբում գրեցինք, որ «Կյորեսը» մեր վերքաշատ ու վիրավոր հայրենիքի մանրակերտն է: Մեծ գրողը համազգային, համընդհանուր ցավի ու տառապանքի դիտակետից է նայում հայրենի քաղաքում ծավալվող դեպքերին: Երբ մարդկային, հասարակական հարաբերությունների մեջ իշխում էր փողը, քծնանքը, ծառայամտությունը… աղավաղվում է մարդու ազգային նկարագիրը: Քաղքենիությունը, ասել է թե քաղաքային բնակչությունը, հեռանում է իր ազգային ակունքներից: Ապազգայնացումը դառնում է ապրելակերպ ու նպատակ, և այդ հորձանքի մեջ նսեմանում են ազգային արժեքները, աղավաղվում է ազգային դիմագիծը: Ուժեղ է այն ժողովուրդը, որը հավատարիմ է մնում իր բարքերին ու սովորույթներին, և որոնց հիմքի վրա էլ բարձրանում է աշխարհի ու հարևանների հետ հարաբերվելու, երկիրը շենացնելու սեփական քաղաքակրթությունը: Իսկ այդ բարքերն ու սովորությունները, տոհմիկ դաստիարակությունը բնականոն ընթացքով բյուրեղանում ու հարստանում են գյուղում: Պատահական չէ գյուղի և գյուղացու նկատմամբ, օտար դասերով դաստիարակված քաղքենու արհամարհական, անհարգալից վերաբերմունքը, որովհետև գյուղն է ազգային արժեքների կրողը: Քաղաքի «… Տների թիթեղյա կտուրները ցոլցլում են՝ գոյացնելով կաթնագույն լույսի ծով, որի մեջ, ինչպես դեղին յուղագունդ, լողում է ռուսաց եկեղեցու ոսկե գմբեթը»: Քաղաքացու աչքերը մշտապես շոյում են օտարի հաղթական ներկայությունը, ականջներում հնչում՝ օտար բարբառի հնչերանգը: Գրողի մտահղացման հիմքում ընկած է գյուղաշխարհի կործանման ողբերգությունը և նույնքան ողբերգական հետևանքները: Նա անցել էր հեղափոխական վայրիվերումների միջով, տեսել ՆԷՊ-ի տնտեսական աշխուժացումները և… կոլեկտիվացման կործանարար հետևանքները: Վիպակի մեջ առավել լայն ու խորն են արմատական այն խընդիրները, որոնք պայմանավորել են մեր ժողովրդի պատմական ընթացքի առանձնահատկությունները: Պարզապես հայտնություն է Բակունցի հորինած վիպական այդօրինակ կառույցը, որ հնարավորություն է տալիս հանճարեղ գրողին ամբողջացնել իր բազմաշեշտ ասելիքը: Քաղաքում խոսում են տարբեր լեզուներով՝ վաճառականները՝ «չալ հայերեն, այսինքն ռուսախառն հայերեն, խոջաները՝ թուրքապարսկախառն մի լեզվով…»: «Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա: Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը»: Համոզված ենք, որ ամենասովորական ընթերցողն էլ զգում է, որ հեղինակային վերաբերմունքն առ Կյորես սկըսվում է վերնագրից և ձգվում մինչև վերջին էջը: Այն էլ ինչպիսի՜ էջ. Այնքան գեղեցիկ և հնչեղ է Կյորեսի լեզուն: Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում: Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր, Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն… Պատմության փորձառությունները կրկնվելու սովորություն ունեն: Ուժեղ են այն ժողովուրդները, որոնք կարողանում են այդ փորձառություններից դասեր առնել: Այսօր էլ լսվում է Մինա Բիբու լացի ձայնը և կյորեսերենի մղկտոցը: Շարունակվում է Շենի Հին կռիվը: Մնացածը թողնում ենք բոլոր ժամանակների համար գրված այս հանճարեղ վիպակի նորօրյա ընթերցողներին… 


Կիմ Աղաբեկյան, Հոդվածների ժողովածու, Ե., 2016թ: 


Комментариев нет:

Отправить комментарий