14.02.2014

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Հակոբ Պարոնյան-Վահան Թոթովենց. ստեղծագործական ընդհանրություններ

1918 թվականին Վահան Թոթովենցը գրում է <<Դոկտոր Բուրբոնյան>> երգիծավեպը, որը սկզբում ուներ <<Հերոսի մը վերադարձը>> վերնագիրը: 1921 թվականին վեպը լույս է տեսնում Կ.Պոլսում՝ <<Հայաստանի Տոն-Քիշոտը>> խորագրով: Մի քանի անգամ վերամշակվելուց հետո երկի կանոնիկ տարբերակը տպագրվում է 1923 թվականին Հայաստանում՝ այս անգամ արդեն <<Դոկտոր Բուրբոնյան>> խորագրով: Վեպի հերոս դոկտոր Բուրբոնյանի նախատիպը բժիշկ Խաչատուր Բոնապարտյանն է, որ Անդրանիկի զորագնդի հարյուրապետերից էր: Հախուռն, խրոխտ ու բռնկուն նկարագրով դաշնակցական գործչի հետ Թոթովենցը անձնապես ծանոթացել էր 1917-1918 թվականներին` Թիֆլիսում <<Հայաստան>> թերթի խմբագիր եղած ժամանակ:
<<Ծիծաղը լացի քաջությունն է>>,-բանաձևել է Վ. Փափազյանը: Այդպիսի մի քաջություն է Թոթովենցի հիշյալ ստեղծագործությունը՝ ուղղված հայ պոռոտախոս ազգայնականների դեմ: <<Այս վեպը գրած եմ, որ մարդիկ կարդան ու դառնապես արտասվեն>>,- գրում է Թոթովենցը իրականության խորին զգացումով:
Արևմտահայ դասական երգիծարվեստի (Պարոնյան, Օտյան) սկզբունքներով կերտած իր հերոսին Թոթովենցը ճանաչել էր կյանքում, բայց Բուրբոնյանը հավաքական-ընդհանրական դիմագծություն ունի, որովհետև Թոթովենցը նրան կերպավորել է բանահյուսությամբ ավանդված և գրական մշակումներով տարածված Քաջ Նազարի, Դոն Կիխոտի (այդ մասին է վկայում նաև վեպի վերնագրերից մեկը), Ե. Օտյանի <<Հեղափոխության մակաբույծներ>>-ի, <<Ընկեր Բ. Փանջունու>>, <<Ազգային բարերար>>-ի, <<Մեր երեսփոխաններ>>-ի և վերջապես Հ.Պարոնյանի <<Ազգային ջոջեր>>-ի հենքի վրա: 
Վ. Թոթովենցը <<Դոկտոր Բուրբոնյան>> վեպում ստեղծել է գեղարվեստական մի տիպ, որ հատկանշվում է տիպականացման բարձրարվեստ չափանիշներով և խտացնում է <<հավերժական>> բնութագծեր: Անարժան ու բախտախնդիր մարդը վերելնում է փառքի աստիճաններով: Այս մոտիվը գալիս է ժողովրդական բանահյուսությունից՝ ի դեմս Քաջ Նազարի, որ և նույնությամբ պահպանվել է <<Քաջ Նազարի>> գրական մշակումներում: Հատկանշական է, որ <<Քաջ Նազար>>-ում բախտի փիլիսոփայությունը յուրահատուկ դրսևորում է ստանում: Եթե խորամուխ լինենք, պարզ կդառնա, որ բախտը ծիծաղում է ժողովրդի վրա, այն ժողովրդի, որի թողտվությամբ նազարները բարձրանում են իրենցից և իշխում իրենց վրա: <<Քաջ Նազար>>-ում երգիծական խտացումներով են տրված հերոսի բացասական գծերը և քննադատությունը նրան մեծարող ժողովրդի նկատմամբ: Թոթովենցը ձգտել է ստեղծել դրության ծաղրի սուր վիճակներ՝ խոր ենթիմաստ հաղորդելով ծիծաղին, ինչն առկա է նաև Քաջ Նազարի կերպարակերտումներում:
<<Դոկտոր Բուրբոնյան>>-ի նախկին վերնագիրը՝ <<Հայաստանի Տոն-Քիշոտը>>, վկայում է, որ համանուն կերպարի մեջ ապրում է և Սերվանտեսի Դոն-Կիխոտը: Թեպետ Դոն Կիխոտը բացասական կերպար չէ, իր գաղափարներին անսահմանորեն նվիրված, անշահախնդիր հերոս է, բայց բախտախնդիր է և չի գիտակցում՝ ինչպես պետք է փրկել մարդկության ապագան, պարզապես գործում է պատրանքի թելադրանքով՝ որպես <<ուշացած ասպետ>>: Սերվանտեսը վեպի առաջին մասի նախաբանում գրել է, որ իր վեպը << ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովրդի մեջ…>>: Չլուսավորված ժողովրդի հավատը և կրած ազդեցությունը սին գաղափարներից քննադատվում է նաև <<Դոկտոր Բուրբոնյան>>-ում: Իսկ Բուրբոնյանի ծիծաղելի լինելը կարող ենք ցույց տալ Դոն Կիխոտին ուղղված քննադատի խոսքի վկայաբերումով. <<Դոն Կիխոտը ծիծաղելի է նաև այն պատճառով, որ նա ամեն ժամ և ամեն վայրկյան մեխանիկորեն, բառացիորեն և տառացիորեն ընդօրինակում է թափառող ասպետներին, հանդես է գալիս իր դարն ապրած ասպետական բարոյականության, պատվի, արժանապատվության, սիրո վերականգնողի դերում…>>[1]: Այդպես և Բուրբոնյանն է սնամեջ գաղափարներով հանդես գալիս մարդասերի և ազգասերի դերում, և ժողովուրդն էլ մեծարում է նրան: <<Դոն Կիխոտ>>-ում ժողովուրդը ակնհայտ ծիծաղում է նրա վրա, խելագար համարում, իսկ Թոթովենցի վեպում ժողովուրդը ծափահարություններով է դիմավորում իր <<բարերարին>>:
Դեռ Ե.Օտյանն է ցույց տվել, որ <<բարերարները>> մարդիկ են, ովքեր ազգային որևէ պաշտոն ընդունելով, <<հոգիով, մարմնով մեջը կմտնեն, գործերը կպրծոտեն և ալ չեն ուզեր ետ քաշվիլ>>. նրանք ազգի համար ոչ թե բարօրություն են անում, այլ կողոպտում են նյութապես ու բարոյապես և <<բարերարվածների>> մեջ մեռցնում հպարտությունը, արժանապատվությունն ու ազնվությունը: Այդ բարոյական աղետի դեմ Օտյանը պայքարեց նաև <<Հեղափոխության մակաբույծներ>>-ում, <<Ընկեր Բ. Փանջունի>> վեպում: Ժամանակի ոգին առաջ էր բերել ազգային-ազատագրական պայքարի անձնվեր գործիչներ, իրենց <<հեղափոխական>> հորջորջող բախտախնդիրներ, հեղափոխական շարժումից ծնված մակաբույծներ, <<անվավեր հերոսներ>>, որոնց կողքին հանգիստ կարող ենք դնել նաև Թոթովենցի Բուրբոնյանին: Այս գաղափարն է ընկած նաև Օտյանի <<Պրոպագանդիստը>> երգիծավեպում: Բուրբոնյանին համանուն, համարժեք տիպ է Ընկեր Փանջունին, որի մասին վիպասանն ասել է. <<Իրական դեմք մը չէ Փանջունի, այլ տեսակ մը ընդհանուր տիպ է>>: Ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալ. Սարուխանը այս գործի մասին գրել է. <<Թե ինչպես կործանիչ կրնան ըլլալ նույնիսկ լավագույն սկզբունքներ և բանաձևեր, երբ անոնք կը փորձվին կիրարկվիլ թերուս, իմաստակ և երազատես անպատասխանատու մարդոց կողմե, որոնք կը գործեն առանց երբեք նկատի առնելու զիրենք շրջապատող պայմանները: Ահա՛ գրքին բարոյական դասը>>: Այս <<բարոյական դասն >> է ընկած նաև <<Դոկտոր Բուրբոնյան>>-ի հիմքում:
Դոկտոր Բուրբոնյանը իր նկարագրով հաստատուն տեղ ունի նաև Հ.Պարոնյանի <<ջոջեր>>-ի շարքում, որ մեր քննության հիմնական նյութն է: 
<<Թեև առասպելներ ու զրույցներ չկապվեցան իր հայտնության շուրջը (ինչպես <<Ազգային ջոջեր>>-ում՝ Անտոն Հասունյանի, Մկ. Տիգրանյանի, Կարապետ Ութուճյանի, Հովհ. Տերոյենցի մասին-Հ.Գ.), բայց մանուկի (Բուրբոնյանի-Հ.Գ.) ծնունդը բոլորովին աննշան չանցավ>>[2]: Ինչպես <<Ազգային ջոջեր>>-ում Խորեն Գալֆայանի ծնված գիշերը երեք տեղ հրդեհ պատահեց՝ որպես նշան <<ազգային ջոջի>> ծննդի, այնպես էլ Բուրբոնյանի ծննդյան գիշերը աքլորները բարձր կանչեցին մինչև առավոտ, և հարևանները հասկացան, որ դա նշան է մեծ մարդու՝ Տիրատուրի ծննդի:
<<Մանուկը իր արևային կյանքի առաջին րոպեին իսկ …զայրացավ և դայեկին գրկին մեջ, աղված ժամանակ, ռազմական ճիչ արձակեց>>/ն.տ./: Այդպես և Նար-Պեյը իր առաջին ճիչով <<Չուշացավ հայտնել, թե յուր ծնունդով բանաստեղծ մ’ալ ավելցավ ազգին և ոչ թե փորձանք>>: Հիշենք նաև Ստ. Ասլանյանին, որի <<Մանկության առաջին ձայնը նոր աշխատասիրության մը ծանուցումն է>> (<<Ազգային ջոջեր>>, էջ 98): Սիմոն Ֆելեկյանը (<<Ազգային ջոջեր>>) աչքերը բացելով՝ զննում է քիթը և հասկանում, որ ազգային մեծ բանաստեղծ պիտի լինի: Կարապետ Հ. Փանոսյանը <<աշխարհ գալուն պես աչքերը բացավ և պոռաց` <<ի՜նչ թանձր տգիտության մեջ եմ մնացեր: Բարեկարգության և ազատության ջերմ սիրահար ցույց տվավ ինքզինքն՝ ոտներն ու ձեռներն միշտ դուրս հանելով խանձարուրեն>>: Այդպես իր ռազմական ճիչով Բուրբոնյանն էլ ցույց է տալիս իր մեծ հեղափոխական ու մեծ մարդ լինելը: Ծնողները զարմանում էին որդու առանձնահատկությունների վրա և հավատում, զգում, որ նրան մեծ ապագա է սպասվում. << Աքլորները մեզմե աղեկ գիտեն, այս տղան նշանավոր մարդ պիտի դառնա>>(էջ 7): Այսպես <<Ազգային ջոջեր>>-ում Կարապետ Փանոսյանի <<Հայրն ու մայրը նկատելով, որ իրենց զավակն փառավոր ապագա մը կը խոստանա, կորոշեն Կ. Պոլիս ղրկել զինքն, որպեսզի հոն դաստիարակություն առնե>>(էջ79): Եվ Բուրբոնյանի ծնողներն էլ նույն հիմունքով կրթության են տալիս իրենց որդուն:
Ինչպես մյուս ազգային ջոջերը, այնպես էլ Բուրբոնյանը ծնվելուց ութ օր հետո մկրտվում է, և քահանան էլ նկատում է տղայի առանձնահատկությունները. <<Եվ ծնավ մանուկ մեծ և սքանչելի>>(<<Դոկտոր Բուրբոնյան>>, էջ7):
Բուրբոնյանի անվան ընտրությունն էլ պատահական չէ (ինչպես <<Ազգային ջոջեր>>-ում են շատ անուններ կապվում հերոսի կյանքի ու գործի հետ). <<Հայրը պատահականորեն չկոչեց իր տղան Բուրբոն: Փոքրիկ Տիրատուրը հինգ տարեկանեն սկսավ տանը մեջ պոռալ. -Ես եմ…
Ակոբ աղան անմիջապես հիշեց Լյուդովիկոս ԺԴ-ի խոսքը (<<Պետությունը ես եմ>>), և երբ գտավ, որ Տիրատուրն ալ միևնույն ծանրությամբ և գոռոզությամբ <<ես եմ>> կը հայտարարե ՝ զայն կոչեց Բուրբոն>>: Անվան և էության առնչակցությունը առկա է նաև Օտյանի <<Ընկեր Բ Փանջունի>> գործում. Փանջունին ոչ մի սուրբ, առաքինի, ազնիվ բան չունի, Փանջունի մականունը մեկնաբանվում է՝ փան-բան չունի: (Եվ բոլորը, առանց հասկանալու անվան պատմական նշանակությունը, տղային այդպես էին անվանում: Իսկ Տիրատուր (Տիրոջ տված) անունը, որ համարժեք է <<Ազգային ջոջեր>>-ում Քրիստոսատուր (Քրիստոսի տված) Ղազարյանի անվանը, արժանի է նույն բացատրությանը, որը տրված է <<Ազգային ջոջեր>>-ում. <<Յուր անունովն քիչ մը Քրիստոսի պատվույն դպած է, յուր սատանայություններն մոտեն տեսնողները կըսեին. <<Եթե Քրիստոսին տուրքն այս է՝ պետք է, որ քրիստոնեություն թողունք>>>>: Եվ շատերը Բուրբոնյանի մասին գուշակում էին. <<Մեծ մարդ պիտի ըլլա>> և չէին էլ գիտակցում, որ հետո այդ <<մեծ>>-ը սին պաշտամունք պիտի դառնա, որին աստվածների պես կպաշտի ժողովուրդը՝ հայացք չնետելով իրականությանը, ինչպես <<Ազգային ջոջեր>>-ում: Եվ ինչպես ազգային ջոջերին աստվածացնում էին, հրաշագործ համարում (ինչպես, ասենք, պոլսեցիները Մկ. Տիգրանյանին էին հրաշագործ համարում), այդպես էլ հավատում էին Բուրբոնյանի հեղափոխական գաղափարներին ու հրաշագործություններին և մեծ շուքով էին դիմավորում նրան: <<Բուրբոնյանը նախքան գյուղ մը կամ քաղաք մը մտնելը՝ մարդ կը ղրկեր ծանուցանելու ժողովուրդին, թաղականներուն մասնավորապես, որ հեղափոխականը կուգա և պետք է դիմավորել: Ազատությամբ գինով ժողովուրդը այս լուրին վրա թափոր կը կազմեր և մեծ շուքով կընդուներ դոկտոր Բուրբոնյանը Փայլակին վրա նստած (այս պահը հիշեցնում է Քաջ Նազարին իր ավանակի վրա նստած-Հ.Գ.), հոխորտ և արհամարհոտ, քիթը այնքան վեր, որ կզակը զուգահեռական մը կը կազմեր իր ուսերուն հետ>>: Եվ միշտ <<կեցցեներու և ծափահարությանց ձայներու ունկնդրեց Բուրբոնյանը>>: Եվ ինչպես Կարապետ Ութուճյանին (<<Ազգային ջոջեր>>), այնպես էլ Բուրբոնյանին հավատում էին, որ <<Արդարության ջերմ և նախանձախնդիր պաշտպան է>>(<<Ազգային Ջոջեր>>): Հավատում էին նրա՝ ժողովրդականության ջատագով լինելուն, ինչպես Ստ. Փափազյանի ժողովրդականությանն էին հավատում՝ <<Ժողովրդականությունը Փափազյանե ծնունդ առած է>>: 
Ազգային մեծ գործիչները կանխազգում են, որ մեծ գործեր պիտի կատարեն ազգի համար: Բուրբոնյանն ի սկզբանե գիտեր, որ կյանքը նվիրելու է հայրենիքին, ժողովրդին. <<Անիկա որոշում տված էր նվիրվիլ և զոհվիլ հայրենիքին համար և կին մը երբեք արգելք չպիտի ըլլար իր հեղափոխական քայլերու>>, և նետվեց հեղափոխության գիրկը: Այդպես Խորեն Նար-Պեյը <<Նախազգացմամբ գուշակեց, թե յուր կյանքն աստծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար: Ուստի օր մը աչերն ի վեր առնելով կնկան մը երես չէր նայեր…բազմության մե…>>: Այդպես Տիգրան Յուսուֆյանը. <<Տիգրան էֆենտին այնչափ կը փափաքի ազգին ծառայություն ընել, որ հարյուր հոգվո գլուխ հանելիք գործը միայն կուզե կատարել>>: Այդպես և հայրենանվեր մյուս <<ազգային ջոջերը>>:
Պարոնյանի <<ջոջեր>>-ի, ինչպես և Բուրբոնյանի մարդկային տիպարում առաջնորդելու, ազգային գործիչ լինելու հակումը մանկուց է եղել. Նար-Պեյի մասին Պարոնյանն ասում է. <<Հազիվ 4 տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղար>>: Թոթովենցն իր հերոսի մասին գրում է. <<Ծխական վարժարանի մեջ խաղի ժամանակ Բուրբոն կը հրամայեր. <<Ես պիտի ըլլամ ձեր առաջնորդը>>…Եթե պատահեր, որ մեկն ու մեկը հարց բարձրացներ անոր ղեկավարության շուրջը, փոքրիկ Բուրբոն արհամարհանքով կը նայեր ըմբոստին վրա և կը հրամայեր ծեծի ենթարկել և զրկել զայն խաղի հաճույքեն>>: 
Ե՛վ Պարոնյանը, և՛ Թոթովենցը փայլուն երգիծանքով են կերտել իրենց կերպարներին, և եթե Թոթովենցի հերոսը, որ հանդգնել էր իրեն արդեն <<արքա>> հորջորջել, վերջում բանտ է ընկնում, Պարոնյանի հերոսները պատժվում են միայն հեղինակի գրչի խարազանով: Սա նման է Քաջ Նազարի ճակատագրին. մի դեպքում նա շարունակում է ծիծաղել աշխարհի, մարդկանց վրա (Թումանյան), մյուս դեպքում՝ գահընկեց է արվում (Դեմիրճյան):
Վերոբերյալ թեմատիկ, գաղափարական, կերպարային, սյուժետային ընդհանրությունները թույլ են տալիս մեզ Բուրբոնյանին հրավիրել <<բազմելու>> <<Ազգային ջոջեր>>-ի շարքում՝ կրկնաբանելով Խ. Միսաքյանի դիմանկարում տեղ գտած Պարոնյանի կոչ-հրավերը. <<Խունկ ծխեցեք յուր քթին, խնդրելով իրմե, որ աթոռ մը առնե և գա նստիլ Ազգային ջոջերու քով>>: 
Այսպիսով, Բուրբոնյանը հավաքական ու տիպական կերպար է, որ իր մեջ ամբողջացնում ու խտացնում է պոռոտախոս, իմաստակ ազգային գործիչներին, որոնց ամբողջ գործունեությունը ազգավնաս է ու աղետաբեր:




[1] Մամիկոնյան Հ., Արտասահմանյան գրականության պատմություն, Ե.,1961թ., էջ 472:
[2] Թոթովենց Վ., Երկեր, Ե.,1989թ.,էջ 5:



Հասմիկ Գրիգորյան 
Կապանի Եվրոպական քոլեջի դասախոս
Գորիսի պետական համալսարանի մագիստրանտ
ՄԻՐՀԱՎ գրական խմբակի անդամ 

Комментариев нет:

Отправить комментарий