Թշնամին Գորիսն ու շրջանի գյուղերը ավերում է: Տանկ ու թնդանոթ
դրած՝ հողին է հավասարեցնում մարդկանց տարիների վաստակը: Իսկ մենք զենք չունենք: Հասարակ հրացան չկա, որ տաս մարդու ձեռքը և ասես՝ հայրենիքդ
պաշտպանիր: Խորհրդային բանակն էլ եկել ու բոլոր եղած զենքերը հավաքել-տարել
է:
Սանոն տղաներից մի քանիսին կարգադրել է զենք փնտրել հին գյուղի ավերակներում: Ինչքան
չլինի մեր նախնիները զենք թաքցրած կլինեին պատերի ճեղքերում, հողի տակ, այր-քարայրներում:
Առաջին անգամ չէ: Մարդիկ են եղել, որ մարագների ու ժայռե կացարանների մեջ զենքերի տարբեր
տեսակներ են գտել…Սա հո նո՞ր կռիվ չէ թուրքերի դեմ: Շարունակ եղել է այս կռիվը,
ու մեր պապերը խոփը բռնած ձեռքով սուր էլ են կռել: Սա մեր պապերի ու ապուպապերի կռիվների շարունակությունն է: Սա մեր կռիվն է, մեր գոյության կռիվը: Պիտի պաշտպանենք մեր
հացը, որ մեր ձեռքից չխլեն, պիտի զինվոր լինենք, որ մեր կանանց ու աղջիկներին եսիր
չտանեն, պիտի զենq ունենանք, որ մեզ հաշվի առնեն ու մեզ կոխ չտան: Պիտի կաղնու պես
ամուր լինենք, որ մեզ մեր հողից չկարողանան պոկել: Մեզ միայն մենք կարող ենք պաշտպանել:






