12.03.2014

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Բանաստեղծություններ

Նարե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականին Գորիսում:  Ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը: Բանասիրական կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում (2008-2010): Աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը:
Թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, www.amsagir.am էլեկտրոնային կայքին: 
Բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», «Գրեթերթ» և այլ պարբերականներում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:
2006թ. տպագրվել է Նարե Հովհաննիսյանի «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծությունները ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», իսկ 2013-ին` «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիաներում:


***
Ողկույզը տապից մայրացել է,
մանկացել է մայրամուտի կտավին,
և բերկրանքն իր երգել է այգեկութի վանկերով՝
գինդեգինդ և առլեցուն,
հասունությամբ խաղացել խտղտանքն իր խաղողե,
ժողովարան է դարձել խաղալիքե օրերի:
Մայրամուտի կտավին ողջը եղել է արբանք,
և գինդավոր իր եռքով վազի թունդն է ափեափ
հեղել հոգիս պարսկական:
Եվ խաղող է իմ հոգում,
այգեկութն է իմ հոգու
մայրամուտի կտավին մայրացել ու մանկացել.
ի՜նչ մանուկ է լինելու Արևելքը վաղվանից,
և հոգի՜ է բուրելու այգաբացը վաղվանից:

***
Երբ երկինքն ես կարծել ինձ բամբակե օրոցք,
պարսից Արփին՝ կանթեղ՝ քնարբուքում եդեմ,
ու երբ լուսիններն ես հեգել ախորժաբար՝
իբրև ընծա՝ թեյատեսիլ ըմպումներին շրթնոտ,
գինին մեղր էր թորել մեր շուրթերի համար:
Օ՜,
չքնաղ է գինին,
արևելքի կույսիդ սրտալի՜ է գինին,
մայրանալու համար ի՜նչ վաստակ է գինին...
Եվ մենք՝ միմյանց գինի - գինին մեղր է թորում,
որ տիրանա անխոս մեր սրտերի բացին,
արևների պարսով եռա մեր կարոտի քիմքին,
և դու պեղե՛ս հոգիս, հեռուներից փութով
ըմպես շուրթերը իմ քո շուրթերով՝ կում-կում
դրախտ բացես բոցում իմ շուրթերի հրե:
Օ՜,
անվերջ է գինին,
մենք ամենքս՝ գինի մեր կողերի թասում:

***
Պսակ եմ հյուսում՝ արևապսակ,
որ փառաբանեմ իմ սիրագալը, սիրով երգելս:
Եվ ի՜նչ մեղրածոր լուսաշերտեր եմ
հղում դեպի հին մոլորակները,
որ փառաբանեմ իմ մենությունը, մենակ այրվելս:
Եվ մթնահյութի կես բաժակ թուրմով
լուսօծում եմ իմ աղավնությունը,
որ բարեհաճեմ
հյուրընկալմանը բազմաստվածների
և մեկ գիշերով հեթանոս լինեմ:
Որ ես բնության,
քո սահմանները հեղեղեմ ինձնով,
քեզ ինձնով կարգեմ՝
վայելելու քեզ հեթանոսաբար:

***
Հոգուս՝ կախման կետեր,
և մարմնիս էլ պիտի քեզ մեներգիչ կարգեմ,
որ դու երգերում ինձ բագին ընծայես՝
քեզ ինձ զոհաբերես:

Եվ երբ վաղը կարգվեմ Հուդա աստվածուհի,
դու ինձ էլ չես մատնի:
Հոգուս՝ կախման կետեր,
իսկ մարմնիս էլ պիտի քեզ մեներգիչ կարգեմ:

***
Քեզ գողացել եմ իմ սրտի համար
թովչական առասպելներից,
որ իմ տարփածին կարոտների
շարանը ձոնեմ էությանը քո,
որ գնչուական սիրատենչության
մի աշխարհ բացեմ միայն քեզ համար,
որ քո աչքերի և քո շուրթերի
կրքոտ լռությամբ ես ինձ բանտարկեմ,
սիրագողությամբ հանցագործ դառնամ
միայն քեզ համար:

Դու ինձ ինձնից գողացել ես՝ ես այլևս ես չեմ,
դու ինձ ինձնից վանկատել ես՝ ես էլ արդեն դու եմ,
դու ինձ թաքուն քեզ ես պահել՝ դու ինձ սրբացրել ես,
դու ինձ այնքան տաք ես շոյել՝ դու ինձ վեհացրել ես:
Ես իմ հոգուն անհայտ մի գոյ,
իսկ քեզ համար՝ սեր եմ -
դու ինձ ինձնից հեռացրել ես, և ես արդեն դու եմ:

***
Հեթանոս իմ,
քո կրքուհին
բագիններից պեղված վիմագիր է,
որի տողում նախամարդն է սեր կարդացել
և քանդակել կլոր արև:
Ես կրքերի բույլարանն եմ,
կրքի ոգին:
Դու մի՛ լռիր իմ հոգու  մեջ՝
քաղցածի պես ինձ հոտոտիր ափերից իմ:
Ժամանակը իմ հովազն է,
գիշատչելու իմ ընկերը,
որ սիրում է թարմությունը իմ օրերի:
Հովազի դեմ մենամարտիր
և նոր տողում պեղիր գիրն իմ՝ վիմագիրը,
Հեթանոս իմ:

Комментариев нет:

Отправить комментарий