1935 թվականի մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է մեծահռչակ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։ Քչերը գիտեն, որ նա բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև գեղեցիկ նովելներ:
Ենգիբարովի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք նրա նովելներից մի քանիսը:
ԱՂՋԿԱՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԹՌՉԵԼ
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։
Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։ Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։
Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։
Իմ սիրտը քո կրծքում է:
ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ
… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»: Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին… Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։
ԱՍՏՂԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ
Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել… Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը… Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին… Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը… Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները… Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։ Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։ Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։
ՔՈ ԴԵՄՔԸ

Комментариев нет:
Отправить комментарий