31.05.2018

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Վերադարձի վայելք

Մահից մեկ տարի անց լույս է տեսել Քաջիկ Դորունցի(Միքայելյան) բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Վերադարձի վայելք» խորագրով: Գրքի խմբագիր Խաչատուր Հայրապետյանը ջանք չի խնայել երախտաշատ իր գործը լավագույն կերպով իրագործելու համար: Բանաստեղծ Դորունցը ընթերցողի առաջ բացվում է լեզվի, ոճի ու ճաշակի շքեղությամբ, կյանքի ըմբռնումի ու մտածումի խորությամբ, այնպիսին, ինչպիսին իրական կյանքում էր` խոսքի ու գործի, մարդկային ու գրական կապերի մեջ: Հոգևոր անկեղծ հաղորդկացման մղող գիրք է սա, որ բանաստեղծի ստեղծագործական կենսադարձն է խորհրդանշում, ինչպես ինքն էր կանխազգացել՝ «Եղել եմ և դեռ կամ ու կգամ/Երկնաշող իմ աստղը վկա»...
Հայրենի եզերքի գրական ընտանիքում Քաջիկ Դորունցը պիտի գրավի այն տեղը, որ իրեն է վերապահված: Այս իմաստով նրա ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ: 
Դորունցի բանաստեղծական ժառանգությունը մի ինքնօրինակ հիշատակարան է, որ հնարավորություն է տալիս ըմբռնելու ու զգալու նրա հոգին` խորունկ մտասուզումների ու նրբահյուս բառապատկերների հանդիսարանը:  Ամեն տողի տակ բացվող հիշատակ կա, քնած կարոտ. դժվար չէ հիշողությունների թնջուկից վերակազմել Քաջիկի կենդանի ու մարդկային կերպարը, շարունակել հանկարծակի ընդհատված տաք ու սրտագրավ զրույցը գրականության մասին, ստեղծագործական ծրագրերի ու իղձերի մասին և, վերջապես, իր կյանքի գերագույն արժեքի, իր «արթմնի երազի»՝ Ակսել Բակունցի մասին...
Հիացք ու խանդավառություն, հիասթափություն ու հուսահատություն, կյանք ու մահ, իրականություն ու ժամանակ, սեր ու կորուստ, վերհուշ ու կարոտ, գավառական միջավայր ու հանճարեղ անհատ, ինքնաորոնման ընթացք ու ինքնաճանաչման վայելք. այս հանգույցների շուրջ են հյուսվում Քաջիկ Դորունցի բանաստեղծական խոհերը...
Կհարատևեն, անշուշտ, իր ստեղծած գրական արժեքները, իսկ մեզ` ժամանակակիցներիս համար` իր ինքնատիպ նկարագրի հիշողությունը...
Թ.Մարության
/Շարունակելի/
ՎԱՅԵԼՔ

Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Չկան էլ չկա ինձ համար,
Ամբողջ են, իմն են լիուլի
Եվ անցյալ, և ներկա, և գալիք…
Եղել եմ և դեռ կամ ու կգամ՝
Անգամ, երբ ձեզ հետ չեմ լինի՝
Երկնաշող իմ աստղը վկա՝
Չլինելս չի լինի, կգամ,
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Բարությունս ինքնակա ու համառ:

30.05.2018

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ / Զգու'յշ եղեք, մարդի'կ...

Ես իմ կյանքը տարա, որպես վերք ու դրոշ,
Ու բարձրացա համառ՝ մթին անդունդն ի վեր,
Ես թրծեցի հոգիս տարտարոսի հրով՝
Որբի նման անօգ եղա, որբի պես վեհ:

Անարցունք ու անլաց՝ ես կորցրի ամենն՝
Ինչ իմաստն էր կյանքի, կախարդանքը նրա:
Թողի, որ մկները իմ գրքերը ծամեն,
Մտա մի անանուն ու ահավոր մրափ...

Ու երբ ես զարթնեցի տասնյոթամյա քնից,
Ու երբ քայլամոլոր նորից աշխարհ մտա,
Չկար արդեն դևը, նա, որ մի գլխանի՝
Միլիոն գլուխ կերավ ու մավզոլեյ մտա:

Իշխում էր չոգունե սապոգավոր Նեռը
Երևանի վրա բիրտ ու ամբարտավան,
Տնքում էր սրբազան Քանաքեռի լեռը , -
Կանգնել էր իր սրտին օտար մի մարդասպան:

Ու առաջին անգամ հայ բանաստեղծը նենգ
Նրա փառքը երգեց քսու և լորձնաշուրթ,
Զոհեց խիղճ ու հոգի, ծախեց քնար ու երգ,
Գրչի տեղ նա բռնեց բանսարկության դաշույն:

Այդ նրան նա երգեց, ժան'տ դահիճն՝ որ պոկեց
Ժողովրդի սրտից Խանջյան մի Աղասի,
Չարենց մի Եղիշե, Ալեքսանդր մի Բակունց,
Լուսե զավակներին Գորիսի և Ղարսի...

02.05.2018

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ / Հակահեղափոխականը

 
Խորագիրս տեսնելով գուցե քիչ մը զարմանաք, թե ինչպես հակահեղափոխական մը դրած եմ հեղափոխության մակաբույծներու շարքին մեջ: 
Ընդհակառակը` շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է: Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության` այս մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը: Կփափաքիմ այդ կարգի մակաբույծներեն ձեզ ներկայացնել նմուշ մը միայն: 

* * * 
Նախկին վարժապետ մըն է պ. Միսաք, որ Եվրոպա կապրի իր նախկին աշակերտներու ծնողներուն, որոնք վաճառական են` ողորմությամբը: 
Հայերենի ուսուցիչ` այնչափ միտքը խճողած է լեզվաբանական նրբություններով, որ ալ կարծես քերականական օրենքները ազդած են իր նկարագրի վրա: Բայի մը պես կեղանակավորվի ժամանակներու համեմատ, գոյականի մը պես կհոլովվի, տերբայի հետ համաձայն է` երբ տերբային վաճառական մըն է, միշտ ներկա ընդունելություն է, երբ դրամ տալու երթան իրեն և բացասական մասնիկ` երբ դրամ խնդրեն իրմե: Ասկե զատ, հայելիե մարդ մըն է, որ կցոլացնե միայն իր վաճառականներուն գաղափարներն ու համոզմունքները, - հարուստ վաճառականի մը սալոնին հղկուն, մաքուր, անարատ հայելին, որուն վրա փոշի մը չես կրնար գտնել, որ բիծ մը չունի: 

24.02.2018

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

28.01.1964թ.
Իմ լավ բարեկամուհի,
                      սիրելի' Նինա
Շատ շնորհակալ եմ Ձեր անկեղծ, ջերմ ու մաքուր նամակի համար: Ես, ինչպես կարող եք Դուք ենթադրել, քիչ նամակներ չէ, որ ստանում եմ: Ձերը այն քչերից է (դժբախտաբար, քչերից), որոնց մեջ առկա է առաջին նախապայմանը՝ գրագիտությունը: Չնեղանաք, խնդրում եմ, այս բառիս համար: Ցավալի է, բայց իրողություն է: Գրագետներին օրը ցերեկով էլ պիտի ճրագով (ճիշտ կլիներ ավելի՝ էլեկտրական լամպարով) որոնենք...
Եվ իմ խոսքը միայն սովորական գրագիտության մասին չէ, այլև գրական գրագիտության (եթե կարելի է այսպես ասել): 
Գիտե՞ք ինչ, Նինա' սիրելի, հաճախ մարդ ամոթ է զգում անհարկի և չպատճառաբանված գովասանքից: Ձերը այդ «հաճախ»-ից չէ: Ես հեռվից հեռու էլ զգացի, որ Դուք իսկապես հասկանում ու սիրում եք բանաստեղծություն: Իսկ դա (բանաստեղծությունն իսկապես հասկանալն ու սիրելը) նույնպես տաղանդ է, որ քչերին է տրված: 

24.01.2018

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ / Սևակասիրությունից սևակագիտություն

Ե., «Զանգակ-97», 2006թ.
Վերջին տարիներին Պարույր Սևակի ժառանգության ուսումնասիրությունը նոր ճյուղավորումներ է ստացել: Գրականագիտական միտքը գեղարվեստի աշխարհից փորձում է իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել: Այդ որոնման ճանապարհը դյուրին չէ. տեսական-փիլիսոփայական բարձր խտացումնեի բաղձանքը երբեմն մնում է պարզ նկարագրականության, տարբեր գրքերից ժողոված մտքերի ու մեջբերումների իջևանատներում: Դրա համար կա մեկ վստահելի ճանապարհ` իմացություններով զինված գնալ դեպի սկզբնաղբյուրը, դեպի ակունքը: Նույնն է` ըստ որի ոչ թե պիտի քահանայի աջը համբուրես, այլ Եկեղեցի մտնես և Աստծու առջև քո մոմը վառես և քո աղոթքն ասես: Իսկ դեպի Տաճար տանող ճանապարհը, նորություն չէ այլևս, որ ոչ թե հոգու կանչ է, այլ ծես, դրա համար էլ, անկախ գնացողների քանակից, այդ ճանապարհը չի դառնում ոգու ճանապարհ: Ակունքը, Սկիզբը, Աստվածը մնում են մի կողմ` չկարդացված, չըմբռնված, չբացահայտված, կամ կարդացված, ըմբռնված ու բացահայտված այնքանով, որքանով ինչ-որ մեկն արել է, երբեմն նաև չտալով անգամ այդ մեկի անունը, իբր իրենք են, որ կան: 
Նույնը մեր աչքի առջև կատարվեց Պ.Սևակի ստեղծագործության հետ: Սևակագիտությունը պատսպարվեց սևակասիրության սահմաններում, գրողի խոսքի արտասանությունը դարձավ սոսկ ծես և ոչ թե էության մեջ թափանցելու, էությունը բացահայտելու անհրաժեշտություն:

07.01.2018

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ / Բառ-պատկերի հոգեբանական շերտերը Բակունցի պատմվածքներում

Հանգուցային բառեր` բնապաշտական փիլիսոփայություն, բառի ներաշխարհ, բանաստեղծական-խոհական մթնոլորտ, բառի հոգեբանական շերտեր, գունային մտածողություն: 

Ժողովրդական կյանքի արմատներից հյուսված բակունցյան արվեստը ինքնատիպ որակ էր դարասկզբի գեղագիտական հայացքների խմորման ընդհանուր հորդանուտում: Բակունցը, հավատարիմ մնալով ազգային բնապաշտության մեծահարուստ ավանդներին, ստեղծեց բնության և մարդու ներդաշն մի աշխարհ` բարդ հոգեբանական շերտերով և ինքնատիպ փիլիսոփայությամբ: Բակունցի բնապաշտական փիլիսոփայության, նրա գեղագիտական հայացքների առանձնահատկությունների մասին շատ է խոսվել: Մենք ուզում ենք խոսել Բակունցի պատկերավոր մտածողության, բառարվեստի, տեքստում բառի ներքին զգացողության առանձնահատկությունների մասին: Բառը Բակունցի պատմվածքներում մի խորհրդավոր աշխարհ է խոր փիլիսոփայությամբ և հոգեբանական բարդ շերտերով: Բակունցի պատկերային համակարգում իշխող է դառնում բառը, որը արձակի տիրույթներում գրավում է մեծ տարածքներ` խորացնելով կենսական և հոգեբանական հարստությունը, ժամանակի և ճակատագրերի բարդ անցումները: Բակունցը հայտնաբերում է բառի ներաշխարհը` բազմախորհուրդ հոգեվիճակների խտացումով: Գրողը լսում է բառի ներքին ձայնը, զգում բառի գույնն ու բույրը: Մարտիրոս Սարյանի հետ ունեցած մի զրույցի ժամանակ Ավ. Իսահակյանը ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների առթիվ խոսում են իբրև այնպիսի հրաշքի մասին, որը չի կարելի բառերով արտահայտել: Բայց, իմ կարծիքով, դա այնքան էլ  ճիշտ չէ: Հայաստանում կար մի գրող, որի բառերը զրնգում էին կոմիտասյան ուժով և փայլփլում էին քո կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է» /1/: Բառարվեստի և բառի այսպիսի նուրբ զգացողությամբ են ծնվել բակունցյան պատկերները, որտեղ բառ-փիլիսոփայությունը, բառ-հոգեբանությունը, գույն-բառը մեծ խորհուրդ ունեն:

11.12.2017

ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ / Հայաստանեայց գրականութիւն

Ատենը եկած է, մենք կը կարծենք, մէկդի նետելու մեր գրականութեան մէջ մուտք ունեցող այն տժգոյն, անիմաստ ու պապուկ բացատրութիւնները, որոնք պահ մը յոխորտօրէն պտտեցան հրապարակին վրայ: 
Մեր գրականութիւնը մէկ է: Ան կու գայ վարէն, հեռաւոր շրջաններէն: Բարբառներու այլազանութեանը տակ նոյն արիւնն է, որ կը քալէ, ապրեցնելով ցեղին մէջ, դարեր ու բացուածքներուն վրայ ցոլացիկ մեծութիւններ: 
Ան կ՚ելնէ ամբոխին մէջէն երգի, արձանի, գմբէթի ձեւերուն տակ, կը կերպարանաւորէ ցեղին մտքի կեանքը (vie d’esprit), կը բաղադրէ անոր հոգին: Բոլոր հայերուն ժառանգութիւնն է ան: Ու ան ունի կեդրոնական նկարագիր: 
Մենք կը մերժենք պոլսահայերուն արհամարհոտ ասութիւնները, որոնք մեր գրականութեան միութիւնը կը վտանգեն:

* * * 
Հայաստանեայց գրականութիւն յղացումը (concept) կը տարածուի հաւասարապէս հայ ցեղին ամէն մասնիկներուն վրայ: Ան կը մերժէ լեզուի անհրաժեշտ կապանքները, բարբառները յոխորտացնող յատկանիշները, վեր է լեզուի գեղագիտական ըսուած երեւոյթներուն որոշադրութենէն: