13.02.2017

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ / Դա հնարավոր չէ

Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը, կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,- վերադարձի'ր ինձ մոտ և տեղեկացրու̀ ինչ է գրված այնտեղ:
Մի անգամ, մարմնի և ոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:
-Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ»,- տեղեկացրեց նա:
-Գրությունը պատի՞ վրա էր, թե՞ դռան,-հարցրեց ուսուցիչը:
-Դռա'ն,-պատասխանեց աշակերտը:
-Լավ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին և բացի'ր այն:
Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն ̀ ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:
Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց: Եվ աշակերտը ներս մտավ:

09.01.2017

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 102-ԱՄՅԱԿԸ

Ասում են՝ գրողի ստեղծագործությունը մինչև խորքը հասկանալու համար պետք է ճանաչել նրա հայրենիքը, այն, որ հին հայերեն կոչվում էր ծննդյան ու սննդյան տեղի: Եթե այս պահանջն իրավացի է առհասարակ, ապա Սուրեն Այվազյանի պարագային պարտադիր ու ճշմարիտ է կրկնակի: Այն լեռնաստանը, ուր Սուրեն Այվազյանն է ծնվել, անցկացրել մանկությունը, ստացել նախնական կրթություն, որպեսզի հասուն տարիքում վերադառնա նրա գիրկը, հյուսվի նրա առօրյային ու պատմությանը, գրի նրա գեղարվեստական կենսագրությունը եւ վերջն էլ հավիտենական նինջով փարվի նրան` գումարվելով նրա դժվար պահվող սակավ հողին, - կոչվում է Զանգեզուր, իսկ հին անվամբ` Սյունիք-Սիսական: Երբ քայլում ես Սյունիք-Զանգեզուրում, քեզ հետ խոսում են սարերը, քեզ իր գիրկն է առնում այս բիբլիական լեռնաստանի բնակչության բազմահազարամյա պատմությունը, որի ամեն մի դարը լի է քաղաքական ու մշակութային մեծագործություններով: Բայց ամենից առաջ գրական կյանքով, ժողովրդական պատկերավոր մտածողական այնպիսի փայլատակումներով, որ հատուկ էր ոչ միայն կոչմամբ գրողներին` հինգերորդ դարի Մովսես Քերթողին կամ վեցերորդի Պետրոս քերական-բանաստեղծին, յոթերորդի Ստեփանոս Սյունեցուն կամ նրա քույր, հայոց առաջին բանաստեղծուհի-երաժշտագետ Սահակադուխտին եւ հաջորդ դարերի հայոց գրականությունը զարդարող շողշողուն անուններին, - այլեւ ամբողջ այս լեռնաստանի բնակչությանը` սովորական աշխատավորից մինչեւ իշխանավոր ավատատերը:

19.10.2016

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / «Աղոթք Ակսել Բակունցի լուսապայծառ հիշատակին կանգնեցված խաչքարի առթիվ»

2004 թվականին Ակսել Բակունցի 105-ամյակի առթիվ Սյունյաց մեծահարգ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու մեկենասությամբ գրողի տուն-թանգարանի այգում կանգնեցվեց քանդակագործ Ռազմիկ Արզումանյանի կերտած կոթողային խաչքարը: Հավերժության ոգով են շնչում խաչքարին փորագրված տողերը̀ «Կամաւն Աստուծոյ եւ արդեամբ մարզպետի Սիւնեաց Սուրեն Խաչատրեանա կանգնեցաւ սուրբ խաչս ի բարեխաւս Ակսել Բակունցա, որ չարաղետ ամի ՌՋԼԷ փոխեցաւ ի Քրիստոս եթող կսկիծ անսփոփ ազգիս հայոց»: 
Յուրաքանչյուր սյունեցի երախտագիտությամբ ու խոնարհաբար ընդունեց իր տաղանդավոր զավակի հիշատակը հավերժացնող այդ պարգև-հուշարձանը, քանզի Ակսել Բակունցը շիրմաքար չուներ: Հայրենի հողը բախտ չունեցավ ամփոփելու Բակունցի աճյունը, բայց ամփոփեց ոգին… 
Ձեզ ենք ներկայացնում Քաջիկ Դորունցի աղոթք-բանաստեղծությունը̀ գրված «Բակունցի լուսապայծառ հիշատակին կանգնեցված խաչքարի առթիվ»:

08.07.2016

ՆՈՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐ ̸ Ակսել Բակունցը ծնողների` Ստեփան Թևոսյանի և Բոխչագյուլի հետ

Այս ընտանեկան լուսանկարը Ակսել Բակունցի տուն-թանգարանի ֆոնդը համալրած վերջին ցուցանմուշն է: Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն այն հայտնաբերել է Գորիսի երկրագիտական թանգարանի օժանդակ ֆոնդում:

14.06.2016

ԱՅՍՕՐ ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում են՝ 1889 թվականի հունիսի 13-ին հայոց արձակի աստվածը հանգրվանել էր գորիսեցի Ստեփան Բակունցի հարկի տակ և դրանով է բացատրվում Ակսել Բակունցի լինելիության առեղծվածը: Անկասկած, բանաստեղծության անորսալի կապույտ թռչուններից մեկն էլ 1955 թվականի հունիսի 14-ին անաղմուկ բույն էր հյուսել վերիշենցի Սեդրակ Բակունցի հյուրընկալ օջախում և նախապատրաստել Սպարտակ Բակունցի գրական տեսլաժամը…
Երկրային կյանքի ընթացքում Սպարտակ Բակունցն իր սրտում անթեղել էր բանաստեղծության կրակը և ոչ ոք չիմացավ, որ անքուն գիշերներին նա մտորում ու զրուցում է Աստծու հետ, իսկ այդ զրույցները ձև ու իմաստ են ստանում, դառնում բանաստեղծություն: Մտերիմները, հայրենակիցները շատ ուշ իմացան, որ Սպարտակը բանաստեղծ է: Նա բանաստեղծ էր ծնվել, բայց գրական հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը, ցավոք, նրան գտավ հայրենի Վերիշենում` 1992 թվականի օգոստոսի 8-ին: Հրետանային այդ գրոհը Գորիսից հինգ զոհ տարավ: Մեկը Սպարտակ Բակունցն էր… Այդ մահով ծնվեց բանաստեղծը, նրա քնարը հնչեց հեղինակի լռելուց հետո…
Ս.Բակունցի <<Հայացքների պայքար>> ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի ողբերգական մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով և Նիկոլայ Մանուկյանի անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը տպագրության է նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը: 
Ներկայացնում ենք բանաստեղծություններ <<Հայացքների պայքար>> ժողովածուից:

13.06.2016

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ / Ղողանջ` համազանգի արձագանքով

Հունիսի 13-ը մեր Գորիսի միակ մարզպետ, քաղաքապետ, պետաց պետ, մեծ վարպետ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ծննդյան օրն է.
Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, և այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ և արդար մարդկանց մի մեծ բազմությամբ.- Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած մի կին, դարձել է, որովհետև եղել է միակը, և նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել և այլևս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ և ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, և ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է և իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին և ասել «Խոնարհս...», և գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ և մոլախոտի մի կապ. «Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա». հետո անցավ տասներկու տարի, «դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։

12.06.2016

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ / Բակունցի շունչը միշտ զգանք մեր ծոծրակին...

<<Ակսել Բակունցը Զանգեզուրի, Գորիսի ամենազուլալ գետն է, հայոց ամենախոս լեզուն է, մեր հնաբույր թախիծն է, էպոսից եկող մեր կանչն է, մեր տան աղոթքն է, էն կտրիճն է, որ գիտի իր սրտի զորությունը, էն նահապետն է, որ իր մեջ կրում է ընկուզենու իմաստուն լռությունը: Փա'ռք ու պատի'վ էս խրճիթին, էս դղյակին, վարար, զուլալ էս տանը, որ Բակունց է արարել ու տվել հայությանը: Դժվար է լինելու նրանց համար, ովքեր կփորձեն ճանապարհ անցնել առանց մեծն Թումանյանի, հախուռն Չարենցի, տեղով սեր ու բնություն, հենց հայրենիք ու Հայաստան լեզու Բակունցի: 
Բակունցի շունչը միշտ զգանք մեր ծոծրակին>>:
Խոնարհումով` Հ.Մաթևոսյան
14.06.2008