Լրացավ հայ գեղարվեստական արձակի արժանավորագույն դեմքերից մեկի՝ Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը, գրող, որ բարձադիր ու մնայուն տեղ նվաճեց հայ գրականության մեջ՝ գրողի, մտավորականի ու ազգային գործչի ամբողջական վաստակով:
Դեկտեմբերի 1-ին <<Միրհավ>> գրական ակումբի նախաձեռնությամբ Գորիսի քաղաքային պատկերասրահում կազմակերպվեց մեծանուն գրողի հոբելյանին նվիրված <<Խանզադյանական ընթերցումներ. գրողը և իր ժամանակը>> թեմատիկ ընդգրկումով գիտական նստաշրջան, որին ներկա էին Գորիսի մշակութային ու կրթական կառույցների ներկայացուցիչներ, գրողներ, գրասերներ, աշակերտներ, ուսանողներ, քաղաքապետարանի աշխատակիցներ՝ քաղաքապետ Վաչագան Ադունցի գլխավորությամբ:
Գրական հանդիպումն ուղեկցվեց Սերո Խանզադյանի գրքերի, լուսանկարների, ձեռագրերի, արխիվային նյութերի բացառիկ ցուցադրությամբ (78 ցուցանմուշ): Հնչեց նաև գրողի կենդանի խոսքը (ձայնասկավառակն իր արխիվից <<Միրհավ>> գրական ակումբին էր տրամադրել Քաջիկ Միքայելյանը: Խանզադյանի ողջույնի խոսքը Բակունցի տուն-թանգարանի երկարամյա տնօրենը ձայնագրել էր Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքային նոր համալիրի բացման հանդիսության ժամանակ):
Ս.Խանզադյանը ոչ միայն հայ ժողովրդի հոգեմտավոր արժեքների ու ավանդների պահապան գրողը եղավ, այլև հայ հանրային միտքը ժամանակի կշռույթին զուգահեռ վերանորոգելու շարժումին հավատարմագրված խոհուն մտավորականն ու հրապարակագիրը, ժամանակին համահունչ առաջ ընթանալու հայ ազգային ուժականության գաղափարախոսը:






