27.11.2014

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՐՈՂԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ... ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՈՐԾԵԼ / Ֆոտոշարք, տեսանյութ

2015-ին լրանում է հայ նշանավոր արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որ, անառարկելիորեն, պետք է նշվի պետական պատշաճ մակարդակով: Գրողի՝ աղմկահարույց <<ոդիսական>> ունեցող գորիսյան առանձնատունը Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհիվ մի քանի տարի է արդեն, ինչ պետության սեփականությունն է և կոչված է պահպանելու գրողի մասունքները: Գորիսի հյուսիս-արևմտյան հատվածի բարձրադիր, գեղատեսիլ լանջերից մեկին ծվարած ինքնատիպ շինությունը, չնայած մուտքին փակցված ցուցանակի ծանուցագրին, քիչ է նման կամ գրեթե նման չէ թանգարանի: Ամեն մի թանգարան, անկախ կառուցվածքից, մարդու կերտած մնայուն արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է, որ ունի գիտական ու ճանաչողական բացառիկ նշանակություն:

24.11.2014

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ

Օրերս <<Միրհավ>> ակումբի ձեռնարկած <<Բաց դասախոսություններ>> նախագծի շրջանակներում Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվել էր գրական հանդիպում՝ նվիրված սյունեցի տաղանդաշատ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանին: Օրվա հյուրը Գորիսի մտավորական ընտանիքի ավագներից մեկն էր՝ Ռեդիկ Հայրապետյանը, որ մարդկային ու ստեղծագործական ջերմ շփումներ էր ունեցել բանաստեղծի հետ և հոգու հուշամատյանում սրբորեն պահպանել մեծ բարեկամության լուսեղեն հետքերը: Ռեդիկ Հայրապետյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց սրտահույզ մի հուշապատում՝ <<Ալբերտ Իսաջանյանը և իր ժամանակը>> խորագրով, որ ժամանակի գրական անցուդարձի ֆոնի վրա ամբողջացնում էր Ալբերտ Իսաջանյան մարդու և գրողի բացառիկ նկարագիրը:

10.11.2014

«Հենց իր նման... թեյի բաժակը սեղանին դրեցի ու գրեցի իմ առաջին պատմվածքը» / ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՎԵՏԻՔ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ

Վերջերս <<Միրհավ>> գրական խմբակը հանդիպում ունեցավ սյունեցի մեծանուն արձակագիր Սուրեն Այվազյանի որդու՝ Ավետիք Այվազյանի հետ, որ նույնպես գրող է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և ստեղծագործական ծրագրերով գտնվում էր հայրենիքում: 
Ստորև ներկայացնում ենք Ա.Այվազյանի հետ <<Միրհավ>>-ի ունեցած բացառիկ հարցազրույցը: 

1.Պարոն Այվազյան, անչափ հաճելի է ծանոթանալ ու հաղորդակցվել մի մարդու հետ, ով մեզ՝ սյունեցիներիս(և ոչ միայն) համար այնքան սիրված գրողի՝ Սուրեն Այվազյանի արժանավոր որդին է, ինքն էլ՝ մարդկային արարող տեսակ, ստեղծագործական անհատականություն, որ ընթերցողին ներկայացել է ուրույն գրաշխարհով: Նկատի առնելով, որ Դուք մեծանուն սյունեցու որդին եք, զրույցը սկսենք հենց այդ նոտայից. ի՞նչ եք ամենից առաջ ժառանգել Ձեր հորից՝ անհատական խառնվածքի, արժեհամակարգի, գրական նախասիրությունների առումով: 

- Ինձ թվում է, որ տարիների ընթացքում մենք բոլորս ավելի ու ավելի ենք նմանվում մեր ծնողներին… Սակայն չեմ կարող ասել, որ ես հենց իմ հայրն եմ, քանի որ Այվազյանի նման երկրորդը անհնար է լիներ:

27.10.2014

ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ / Լեռնաշխարհն ու նրա մարդիկ Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակում

Ս.Խանզադյանի հարուստ գրական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ ունեն պատմվածքներն ու վիպակները: Հեղինակը ձգտում է պահպանել Սյունյաց լեռների մարդկանց բնատուր, տոհմիկ էպիկականությունը, բանաստեղծական գեղեցկությունն ու վեհությունը, որոնց գեղարվեստական առաջին դրսևորումներն ի հայտ եկան հենց պատմվածքներում և վիպակներում: Այս առումով խիստ ուշագրավ է <<Մատյան եղելությանց>> (1966) վիպակը, որը մեր գրականության մեջ <<քրոնիկոնի ժանրի>> բարձրագույն դրսևորումներից է: Վիպակը միանգամից լայն ընդունելություն գտավ:
<<Մատյան եղելությանց>> վիպակը լայն առումով չի տեղավորվում ժանրի դասական պատկերացումների մեջ: Կարելի է ասել, որ այն ո՛չ վիպակ է, ո՛չ վեպ, ո՛չ էլ վավերագրություն*, որովհետև այնտեղ ներկայացված է իսկապես ապրված մի իրողություն, որը հնարավորություն է տալիս պահպանել ժամանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այն ներկայացնել այնպես, որ ընթերցողին թվում է, թե ինչքան էլ ժամանակ անցնի, այն երբեք չի հնանա:

24.10.2014

ՀԵՂԻՆԵ ԹՈԽՍԱՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (III տեղ), Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Թոխսանցի աշխատանքը 

Սիրում եմ բնությունը և հաճախ եմ առանձնանում մեր տնամերձ գողտրիկ այգում: Խոսում եմ ծառ ու թփի հետ, սքանչանում բնության գեղեցկությամբ ու ապշում նրա կատարելությամբ: Գարնան մի գեղեցիկ օր սովորականի նման զբոսնում էի այգում, ըմբոշխնում թարմ օդը, ունկնդրում ծառերի՝ սյուքից սվսվացող տերևների երգը: Ու … թվաց՝ քայլում եմ Մթնաձորում՝ վայրի ու կուսական, այնքան թավ, որ արևի ճաճանչն անգամ չէր թափանցում ճյուղերից ներս (դեռ երեկ երեկոյան Բակունցի երկերն էի անհամբերությամբ ըմբոշխնում, զանգեզուրյան բնաշխարհի համն ու հոտն զգում):

23.10.2014

ԿՈՐՅՈՒՆ ԴԱՋՈՒՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (II տեղ), Վերիշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կորյուն Դաջունցի աշխատանքը 

<<Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զգացմունքին, երազներին…Մթնաձորի երգիչը, ինչպես անվանում էին նրան, նոր էր ոտքը դուրս դրել հայրենի անտառներից, նոր էր հայացքը դարձրել դեպի հեռուները>>:
Ռուբեն Զարյան 

Ընդամենը տասը տարի գրական կյանքով ապրեց Ակսել Բակունցը, սակայն մշտական եղավ նրա հետմահու կյանքը: Նա կարծես զգացել է, որ ստեղծածին նորից ստեղծագործորեն անդրադառնալու ժամանակ չի ունենալու, գրել է կատարյալ:

22.10.2014

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Քարահունջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիետա Բաղդասարյանի աշխատանքը

Ակսել Բակունցի <<Մթնաձոր>>-ը յուրօրինակ պատմվածաշար է՝ ողողված գեղջկական կյանքի տարբեր տեսարաններով, բնապատկերներով, մաքուր ու անկեղծ զգացմունքներով, մարդկային կյանքի բազմազան էջերով ու փոխհարաբերություններով: Բակունցը իր պարզ խոսքով կարողացել է ամենաճիշտ ձևով նկարագրել հայ գեղջուկին՝ մեկ՝ պարզ ու շիտակ, մեկ՝ ոխակալ ու դաժան, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ սերտորեն միահյուցված բնությանն ու հողին:
Ես էլ գյուղացի եմ, բայց միայն Բակունց կարդալուց հետո կարողացա հասկանալ գյուղացու աշխարհը, զգալ Սյունյաց աշխարհի բնության ու եղանակի գեղեցկությունը: