Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Լուսինյա Գասպարյանի աշխատանքը:
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ, միմյանցից անկախ: Երբ ծնվում ենք, ամեն ինչ շատ նոր է լինում, ամեն ինչ հրաշալի, ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում: Այդպես է կյանքի դրվածքը, բայց կյանքի ճանապարհին հանդիպում ենք մարդկանց, որոնցից կախվածություն է առաջանում: Մարդը, կարծես, կորցնում է իր ազատությունն ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից` երբեմն և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես: Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Երբեմն նայում եմ երկնքին ու երանի եմ տալիս թռչուններին, որովհետև ամբողջ երկինքը իրենցն է, ազատության թևերով թռչում են ուր որ ուզեն ու վայելում են այդ անծայրածիր երկինքը, երանի եմ տալիս ծաղիկներին, որովհետև նրանք էլ վայելում են ոչ միայն բնության, այլ նաև` մարդկային սեր: Իսկ ես…ես նույնպես մտքերով նորից օդում եմ,թռչում եմ երկնքում: Այնքան փոփոխական է այս կյանքը: Ինչքան բան հնարավոր է փոխել մեկ օրվա, մեկ ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում: Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել, ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ, մարդկանց հանդեպ վերաբերմունքդ: Ամեն ինչ, կարծես, մահանում է ներսումդ ու նորից ծնվում: Այդպես էլ բնության և մարդկային ճակատագրի մի հիասքանչ դրսևորում էլ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ն էր, ով մահացավ, սակայն ծնվեց նորովի ու յուրովի` նվիրված Արփենիկ Չարենցին: Սակայն մինչ Չարենցի կնոջ հիշատակին նվիրելուց՝ Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Պատմվածքում նույնիսկ տողեր կան, որոնք գաղտնազերծում են Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:






