Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել՝ հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով <<զինավառ>>: <<Օխտը տարի ծիծը կերածը>> դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում՝ ի մարտ:
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները <<քը՜ս>> էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք:
-Ա՜ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազից ա կախված, հենց որ շներին քարով տաք՝ կսկսվի:
Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի կագնել ու փլվել էր սահմանի <<կուրգանը>>: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք՝ երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ <<թամաշա անենք կռվին>>:
Այդ ժամանակ հեռվում՝ <<Խոզ>> աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղ-խորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում... Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար.
- Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը...







