10.07.2015

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Արևը բարձրանում է սարից

Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել՝ հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով <<զինավառ>>: <<Օխտը տարի ծիծը կերածը>> դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում՝ ի մարտ: 
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները <<քը՜ս>> էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք: 
-Ա՜ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազից ա կախված, հենց որ շներին քարով տաք՝ կսկսվի: 
Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի կագնել ու փլվել էր սահմանի <<կուրգանը>>: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք՝ երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ <<թամաշա անենք կռվին>>:
Այդ ժամանակ հեռվում՝ <<Խոզ>> աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղ-խորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում... Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար. 
- Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը...
Քաղաքից եկածը Ալեքսանդր վարժապետն էր, այն մարդը, որին ես այնքան երազել էի տեսնել: Նախ շենաթաղցիներին մոտեցավ, ընդհանուր բարև տվեց, և հետո սկսվեցին անհատական գրկախառնությունները: Հետո բարևեց մերոնց: 
-Ի՜նչ սիրուն սարեր ունեք, բա մարդ էս ծաղիկների ծովի մեջ կռիվ կանի՞,-ասաց նա, նստեց քարին, գյուղացիներին հարց ու փորձ արեց մեռնող-ապրողի, նրանց ապրուստի մասին, ապա բավականին ժամանակ խոսեց: 
Նրա խոսքերից շատ բան չլսեցի, չհասկացա և հիմա չեմ հիշում...
Խոսքը վերջացրեց, տեղից վեր կացավ և կարգադրեց, որ քարեր հավաքեն <<կուրգանի>> համար: 
<<Կուրգանը>> բարձրացավ Մարգերի ամենաբարձր բլուրի վրա: Ալեքսանդր վարժապետը կանգնեց <<կուրգանի>> մոտ, նայեց դիմացի սարերին, ձեռքը երկարեց և ասաց. 
-Մյուս կուրգանն էլ դրեք ա՜յ էնտեղ՝ <<Դավաբոյնու>> գլխին:
Սահմանը որոշվեց: Երկու գյուղերի դարավոր վեճի վերջին շիկացած կծիկները թաղվեցին նրա <<կուրգանների>> տակ: 
-Դե գնացեք, մեր պապերի գերեզմանները օրհնեցեք, հալալ լինի ձեզ, բարով վայելեք, ա ճուտ լորեցիք,-ասաց <<օխտը տարի ծիծ կերած>> Սարու Ավանեսն իր խռպոտ ձայնով և հոնի կոպալը տնկեց հողում՝ իբրև հավիտենական հաշտության նշան: 
-Շնորհակալ ենք, ա շենաթաղցիք,-պատասխանեց Վանեսանց Երկար Բեղավոր Պողոս ամին և կժերով ու կաթսաներով բեռնված էշին հրելով՝ սահմանն անցկացրեց: Մեր քոչը գնաց՝ վրաններ զարկելու Արագեղի <<Յուրդատեղում>>: 
Ես տեսա իմ երազած մարդուն՝ Ալեքսանդր վարժապետին: Հիմա ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները: Գրիչս անզոր է: Միայն երկու բան լավ հիշում եմ. մեկ այն, որ մտածում էի՝ թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենաթաղցիները ծպտուն չհանեցին, այլ, ընդհակառակը, սիրով հրավիրեցին և տարան իրենց գյուղը: Մեկն էլ այն, որ նախանձից պայթում և արտասուքից խեղդվում էի, թե ինչու՞ նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ դասընկեր Համբարձումը... 
Նրա գնալուց հետո Կուքի ապերն ասում էր՝ տեսա՞ք, թե Ալեքսանդր վարժապետը ոնց արևի պես բարձրացավ մեր սարից ու լույս տվեց ձորերին: Դե թող մեր գյուղի կովերը Արագեղի ծաղիկն արարծեն, ու կաթից էլ թող ծաղկի հոտ գա:
Ես տեսա Ալեքսանդր վարժապետին, որն այնքան մեծ հարգանք և հեղինակություն ուներ մեր գյուղում: Եվ հիմա էլ տասնամյակների միջով տեսնում եմ նրան՝ կանգնած Մարգերի ամենաբարձր բլուրի վրա՝ <<կուրգանի>> մոտ, ձեռքը դեպի Դավաբոյնու օբատեղերը պարզած: Տեսնում եմ նրան... Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները: Ես տեսա Ալեքսանդր վարժապետին... Նորից տարիներ անցան: Իմ դասագրքում կարդացի <<Ծիրանի տափը>>: Դա մեր երկու գյուղերի դարավոր վեճի պատմությունն էր, միայն անուններն էին փոխված: 
-Ո՞վ է այս Ակսել Բակունցը, որ այսքան լավ գիտեր մեր Արագեղի պատմությունը...
Վանեսանց Կուքի ապերն ասում էր՝ Ալեքսանդր վարժապետը կլինի, ուրիշներն ասում էին՝ չէ...
Հետո ես <<Խոնարհ աղջիկը>> կարդացի: Պատմությունը դարձյալ մեր գյուղից էր:
-Ո՞վ է այս հեղինակը, ե՞րբ է եղել մեր գյուղում, ի՞նչ լավ է ճանաչում մեր գյուղացիներին,-մտածում էի ինքս ինձ, և գաղտնիքը պարզել չէի կարողանում:
Գաղտնիքը պարզվեց: Տարիներ հետո Ակսել Բակունցի ինքնակենսագրության մեջ կարդացի. <<1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ <<հրավիրվեցի>> Զանգեզուրի Լոր գյուղը: Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ>>: 
Ես տեսա Ալեքսանդր վարժապետին... Բայց ի՞նչ իմանայի, որ նա իմ հայրենի գյուղում ապրելով միայն ինն ամիս, կդառնար նրա հավիտյան կենդանի բնակիչը:
Ի՞նչ իմանայի, որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ: 
Ի՞նչ իմանայի, որ նա կգար ու կգնար, և նրանից հետո եկող արձակագիրները նրա չքնաղ <<Միրհավի>> փետուրներով կզարդարեին իրենց պատմվածքների էջերը և <<Ալպիական մանուշակի>> ցողերը շաղ կտային իրենց տողերի վրա:
Ի՞նչ իմանայի, որ նա լույսի պես կշողար մեր գրականության երկնակամարում, կունենար ողբերգական մայրամուտ և հետո արևի պես կբարձրանար սարից, ինչպես բարձրանում է այսօր: 
1959թ.

Комментариев нет:

Отправить комментарий