Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը մեր ժամանակի հանրագիտակ մտավորականներից է․ նա ոչ միայն բանաստեղծ է, այլև գեղանկարիչ, քանդակագործ, թատերական, հասարակական գործիչ, գործարար:
Մաչանենցի գրական ժառանգությունը ընդգրկում է մի քանի ժողովածուներ, որոնք յուրատեսակ հանգրվաններ են նրա ստեղծագործական կենսագրության մեջ․ «Ժառանգությունս խենթություն» (1999թ.), «Դուռս կիսաբաց» (2004թ.), «Բաբելոնի ժառանգորդներ» (2008թ.), «Ձեռագրատունս» (2012թ.), «Մտքիս կծիկը» (2018թ.) և վերջապես «Իմաստության կոշիկներ» (2022թ.)։ Այս գրքերից յուրաքանչյուրն արձանագրում է հեղինակի գեղարվեստական որոնումների նոր փուլ՝ միաժամանակ վկայելով աշխարհայացքի ու ներքին համոզմունքների աստիճանական ձևավորման մասին։
Գրիգոր Մաչանենցի վեցերորդ գիրքը՝ «Իմաստության կոշիկներ»-ը (Ե., «Զանգակ» հրատ., 2022թ., 128 էջ), իր խորագրով արդեն իսկ առաջարկում է խորհրդանշական բանալի՝ ընթերցողի առաջ բացելով ոչ միայն գեղարվեստական, այլև փիլիսոփայական տարածք։
Գիրքը նվիրված է Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, և այդ նվիրումը այն դարձնում է հավերժական խոնարհում և հիշողության տեքստ։ Հատկանշական է, որ ժողովածուն ոչ միայն գրականության, այլև կերպարվեստի արտահայտություն է, քանի որ նկարազարդումները ևս հեղինակինն են՝ հիշեցնելով, որ Մաչանենցը բազմաշերտ արվեստագետ է։