23.11.2025

ԴՊՐՈՑ, ՈՐ ԴԱՐՁԱՎ ԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Լորի քարաշեն հին դպրոցի պատերը դեռ պահպանում են ժամանակի շունչը։
Դրանք լուռ վկաներն են մի պատմության, որ սկսվել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1915 թվականին, երբ 16-ամյա Ակսել Բակունցը առաջին անգամ կանգնեց ուսուցչի ամբիոնի մոտ։
Այստեղ՝ ձորերի խաղաղության մեջ, բացվեց ոչ միայն նրա մանկավարժական ուղին, այլև այն գեղարվեստական աշխարհը, որից պիտի ծնվեր հայ արձակի ամենանուրբ էջերից մեկը՝ «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։

Լորը՝ որպես բնաշխարհ և հիշողության վայր

Լորը Սյունիքի հնագույն գյուղերից է՝ ձորերի մեջ փռված, հիմնադիր Լորիկ իշխանի գերեզմանաքարով, հնամենի եկեղեցիներով, պաղ ջրերով ու «լուսնի մեջ քնած արտերով»։ Գյուղը հսկում են Ջրկասարի ու Գյազբելի լեռները, իսկ նրա հովիտների վրա դարեր շարունակ պտտվել է խաղաղ աշխատանքի և լռության երգը։
Այստեղ՝ 1905-ին, գյուղացիների ու Բաքվի հայ բարերար Գասպար Տեր-Մարգարյանի միջոցներով կառուցվեց դպրոցը՝ Լորի առաջին մշակութային օջախը։ Գյուղի ծերերը պատմում են, որ երբ հող էր պետք դպրոց կառուցելու համար, ոչ ոք չէր ցանկանում զիջել սեփական հողակտորը․ և միայն հին գերեզմանոցն էր, որ ընդունեց այդ սուրբ կառույցը։ Այդպես դպրոցը կանգնեց՝ որպես գրության տաճար մահվան լռության մեջ։
Հենց այստեղ էր, որ տարիներ անց պիտի հնչեր Բակունցի վարժապետական ձայնը, պիտի ծնվեր «Խոնարհ աղջիկը» պատմվածքի աշխարհը՝ լուսավոր ու տխուր, իրական ու առասպելական միաժամանակ։

21.09.2025

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Քայլել իմաստության կոշիկներով. Գրիգոր Մաչանենցի բանաստեղծական աշխարհը

Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը մեր ժամանակի հանրագիտակ մտավորականներից է․ նա ոչ միայն բանաստեղծ է, այլև գեղանկարիչ, քանդակագործ, թատերական,  հասարակական գործիչ, գործարար:
Մաչանենցի գրական ժառանգությունը ընդգրկում է մի քանի ժողովածուներ, որոնք յուրատեսակ հանգրվաններ են նրա ստեղծագործական կենսագրության մեջ․ «Ժառանգությունս խենթություն» (1999թ.), «Դուռս կիսաբաց» (2004թ.), «Բաբելոնի ժառանգորդներ» (2008թ.), «Ձեռագրատունս» (2012թ.), «Մտքիս կծիկը» (2018թ.) և վերջապես «Իմաստության կոշիկներ» (2022թ.)։ Այս գրքերից յուրաքանչյուրն արձանագրում է հեղինակի գեղարվեստական որոնումների նոր փուլ՝ միաժամանակ վկայելով աշխարհայացքի ու ներքին համոզմունքների աստիճանական ձևավորման մասին։
Գրիգոր Մաչանենցի վեցերորդ գիրքը՝ «Իմաստության կոշիկներ»-ը (Ե., «Զանգակ» հրատ., 2022թ., 128 էջ), իր խորագրով արդեն իսկ առաջարկում է խորհրդանշական բանալի՝ ընթերցողի առաջ բացելով ոչ միայն գեղարվեստական, այլև փիլիսոփայական տարածք։
Գիրքը նվիրված է Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, և այդ նվիրումը այն դարձնում է հավերժական խոնարհում և հիշողության տեքստ։ Հատկանշական է, որ ժողովածուն ոչ միայն գրականության, այլև կերպարվեստի արտահայտություն է, քանի որ նկարազարդումները ևս հեղինակինն են՝ հիշեցնելով, որ Մաչանենցը բազմաշերտ արվեստագետ է։