23.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ

ՆԱՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի     7-րդ դասարանի աշակերտուհի

Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...
Ե.Չարենց
Իրոք, այս անեզր տիեզերքում յուրաքանչյուր գիրք իր ուրույն տեղն ունի: Յուրաքանչյուրն ունի իր խոսքն ու ասելիքը, իր իմաստն ու նշանակությունը, ընթերցողին գրավելու բանալին: Այսօր քչերն են գնահատում այդպիսի պարգևը, բայց մի՞թե հնարավոր է առանց այդ ինքնահաստատման աղբյուրի: Գիրքն իմ անդավաճան ընկերն է, որի մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր:
Յուրաքանչյուր գիրք իր տեղում է գեղեցիկ ու հետաքրքիր, քանզի դժվար է տարբերակել դրանք իրարից և համեմատել միմյանց հետ: Յուրաքանչյուր անձ ունի իր ինքնությունը, հետևաբար և սեփական անձին ու մտածելակերպին հարազատ գիրք: Իմ կյանքում այդ տեղը զբաղեցնում է Վախթանգ Անանյանի <<Սևանի ափին>> գիրքը, որն առաջինն էր, որ ստիպեց ինձ զգալ յուրաքանչյուր նախադասությունը, սովորեցրեց գնահատել կյանքը: Եվ ամենագնահատելի արժանիքը, որ այդ գիրքը սերմանեց իմ մեջ, համառությունն ու նպատակասլացությունն է: Ընթերցելով գիրքը՝ ես հասկացա, որ չպետք է բավարարվել եղածով, այլ պետք է ձգտել ավելիին: Ընդօրինակելով գրքի հերոսներին՝ պատանի բնասերներին, որոնք արեցին հնարավոր ամեն ինչ իրենց նպատակին հասնելու համար և իրենց յուրաքանչյուր քայլին հանդես եկան խիզախությամբ ու միասնությամբ, ես սկսեցի ապրել՝ իմ առջև դնելով նպատակներ: Այժմ կյանքում իմ յուրաքանչյուր քայլը մտածված ու նպատակային է: Գիրքն իմ ամենավստահելի ու հարազատ ընկերն է: ԵՍ ՆՐԱՆ ԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ ԻՄ ՈՂՋ ՀՈՒՅԶԵՐՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ: Այն կախարդական է, չունի լեզու, բայց խոսում է քեզ հետ՝ գրավելով քո ուշադրությունը, տալիս է այն ամենը, որն անհնար է արտահայտել մարդկային լեզվով: Բավական է վերցնել և շոյել գրքի պատկերազարդ շապիկը և չպարուրվել ջերմությամբ, չզգալ քեզ ու գրքին կապող ուժը: Այդ հասարակ հպումով գիրքը կարող է դառնալ քոնը: Այն միակն է, որը պարունակում է ամեն տեսակի զգացմունք, գնահատում է միայն բարին ու վսեմը ու ստիպում է սիրել իրեն: Բավական է սուզվել գրքի անեզր օվկիանոսում, գտնել քեզ գրքի մեջ և գտնել գիրքը քո մեջ: Գիրքն անփոխարինելի է, այն մեզ է հասցրել արյունով գրված մեր պատմությունը, և մենք պետք է արյան գնով այն հասցնենք մեր սերունդներին: 
Այս խոսքերը թղթին հանձնելու ժամանակ ես հուզվեցի, զգացի սրտիս թրթիռը, և հասկացա, որ կատարվել է իմ վաղեմի երազանքը: Ես սովորել եմ սիրել ու գնահատել գիրքը: Իմ փոքր ու մութ սենյակում տեղի ունեցավ մեծ ու պայծառ հրաշք. ես սիրում եմ նրանց բոլորին՝ իմ ԳՐՔԵՐԻՆ: 

 Հ.Գ. Մասնակցելով այս մրցույթին, ես իմ առջև նպատակ ունեմ: Սակայն այն մրցույթի հաղթող ճանաչվելը չէ, այլ գիրքը զգալու և գիրքը սիրելու իմ չափանիշը ցույց տալն է: 

Комментариев нет:

Отправить комментарий