22.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լավագույն էսսե

Ստորև ներկայացնում ենք Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ
 ԳՈՌ ԱՐԶԱՆՅԱՆԻ աշխատանքը

       Գիրքը մի հրաշալիք է, որը տանում է ընթերցողին երևակայության գիրկը: Գիրքը թևեր է տալիս, որոնք  օգնում են բարձրանալ վեր՝ դեպի անվերջ գիտություն: Կան տարբեր գրքեր, տարբեր են նաև ընթերցողները: Նրանցից եմ  և  ես՝ իմ նախընտրած գրքերով, որոնք ավելի շատ հայրենիքի մասին են: Հաճախ եմ լսում ՝ <<Ախր ի՞նչ տարիքդ է այդ տեսակի գրքերի համար, դեռ հեքիաթ կարդա>>:  Բայց, իմ կարծիքով, գիրք կարդալու համար տարիք չկա: Մարդ պետք է ուղղակի գիտակցի և պատրաստ լինի հասկանալ,  թե ինչ է կարդում: Իմ կարծիքով, մարդուն չի կարելի ստիպել կարդալ որևէ գիրք, կամ սահմանափակել ընտրությունը:  Քանի որ մարդ գրքի ընտրության համար պետք է ինքն իր մեջ հասկանա՝ պատրա՞ստ է արդյոք կարդալու:  Քանի որ առանց հոգեպես պատրաստ լինելու  կարդալը նույնն է, ինչ  գույների հոգին չհասկացող մարդուն տանել գույների ներդաշնակության աշխարհ:
Գրքի ընտրության հարցում ինձ օգնում է իմ ընթերցասեր պապը, քանի որ այդ առումով մենք գրեթե  նույն կարծիքն ունենք: 
Այժմ իմ գրասեղանի խառնաշփոթի մեջ իր ուրույն տեղն է գտել Վարդանի սխրանքների մասին պատմող <<Վարդանանք>> գիրքը: Վարդանի քաջագործությունների, ըմբոստների և խաղաղասերների, դավաճանների ու նվիրյալների մասին  պատմող այս գիրքը, որին կյանք է տվել Դերենիկ Դեմիրճյանը, կոփում է իմ հոգին՝ որպես հայրենասեր, ազատասեր :
Ես այնքան եմ տարվել գրքի էությամբ, որ հաճախ թվում է՝ նա ինձ կանչում է և անընդհատ ուզում եմ կարդալ այն: Ընթերցելիս ես մտովի տեղափոխվում եմ այդ պատմական դարաշրջանը, և ինձ սուր ու վահան է պակասում, որպեսզի մարտնչեմ անարդարությունների դեմ: Ես զգում եմ Վարդանի այն ապրումները, երբ նա տենչում էր կայունացնել հայոց ազգի ճակատագիրը, ներշնչել հայոց ազգի հավատը դեպի հաղթանակ :
Դեմիրճյանի հիասքանչ նկարագրումների շնորհիվ իմ աչքի առջևով անցնում է յուրաքանչյուր դրվագ, պատկերացնում եմ մոլեգնած Վարդանի հարձակումը, իմ ժողովրդի ըմբոստ պայքարը: Ամեն անգամ ընթերցելով այս գիրքը, որին ես այսքան կապվել եմ, ամեն անգամ գտնելով մի նոր նվիրյալ կամ  հայտնաբերելով դավաճան՝ զարմանում եմ. մի՞թե նույն ազգը կարող է ծնել մի մարդու, որը պատրաստ է մինչև վերջին շունչը  և արյան կաթիլը մարտնչել և մեռնել հողի ազատության համար, իսկ մեկ ուրիշը՝ ոչ: Այսօր քիչ չեն Վարդանի նման հերոսները, որոնք նույնիսկ իրենց կյանքը չեն խնայի ազատությունը և ազգությունը պահպանելու համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի  նմանվել Վարդանին, քանի որ դժվարին պահերին ազգի փրկությունը կախված է հեռատես, սառը դատող և իրենց գործի մեջ հմուտ մարդկանցից, սակայն մեզ հաղթանակը չէ, որ պետք էր, այլ մեզ մեր ազատությունն էր պետք, որը մենք նվաճեցինք մեր հոգու կռվով: Դա է միակ ուժը, որ մեզ թույլ է տալիս քանդել ամեն կապանք, որը կփորցի սեղմել մեր ազատությունը:  Ինչպես բոլոր գրքերում և հեքիաթներում, այնպես էլ այստեղ կան դրական ու բացասական կերպարներ: Բայց ի տարբերություն հեքիաթների՝ սա հորինվածք չէ: Սա այն իրականությունն է, որ հայոց ազգն է ապրել: Ես հպարտ եմ, որ իմ հայրենիքը դժվար ժամանակաշրջանում կարողացել է հաղթահարել ամեն արգելք: Ես հպարտ եմ, որ իմ ազգը ծնել է մարդիկ, որոնք անմնացորդաբար նվիրվել են հայրենիքին:
Այս գիրքը ինձ բացահայտում է մի ճշմարտություն, որը մինչև այսօր պահպանվում է, դա հայրենիքի, ազգի, ընտանիքի և մյուս-մյուս բոլոր սրբությունների հանդեպ նվիրվածություւնն է: Հասկանում եմ, որ կյանքում միշտ եղել են ու կան լույսի ու խավարի կետեր, իսկ բոլոր գրքերը մեզ տանում են միայն դեպի լույսը :
Ինձ թվում է՝ գրքի հոգին  թաքնված չէ միայն բառերի մեջ, այլև այն մութ անկյունում, որը կլուսավորվի միայն միտքը հասկանալու արդյունքում :
<<Դավիթ Բեկ>>, <<Մխթար Սպարապետ>>, <<Պապ թագավոր>> և ուրիշ շատ ու շատ գրքեր դեռ իրենց տեղերը կգտնեն իմ խառնաշփոթ գրասեղանի վրա, և ես կփորձեմ յուրաքանչյուրի խորին խորհուրդները օգտագործել ճիշտ ապրելու համար :


Комментариев нет:

Отправить комментарий