24.02.2014

ՆՈՐ ԳՐՔԵՐ

ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Անթեղած կրակներ, Բանաստեղծություններ, Ե., Զանգակ-97, 2013, 240 էջ 

Ապետնակ Գրիգորյանը ծնվել է 1935թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1955-1956 ուստարում ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը: 1957-1960 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1962թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Տաթևհէկի շինարարությունում նախ՝ որպես ձևավորող նկարիչ, ապա՝ շինմոնտաժային տեղամասում՝ որպես մոնտաժող փականագործ: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հեռակա բաժինը: 1966թ. գործուղվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1969 թվականը: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-2005թթ. աշխատել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել է դպրոցական տարիներից: <<Անթեղած կրակներ>>-ը բանաստեղծի առաջին ժողովածուն է: 

ՈԳՈՐՈՒՄ

Հանգիստ չեն տալիս խոհերս կրկին,
Ու դարդն եմ անում ես այս աշխարհի,
Առել եմ երկրի ցավերը գրկիս,
Հանել ոսկեհատ հույզերիս բարին...
Ու սերմանում եմ ինչպես մարգարե,
Հարության հունդը՝ ճառագը հոգուս,
Ինչպես լուսատուն հար ու արդարև՝
Շարմաղ շողերով արեգնահամբույր:
Տալիս եմ երկնին, երկրին, աշխարհին,
Մարդկանց բարեգութ ու սրտախորով,
Ծփուն դաշտերիս ծիլին ու ծաղկին՝
Սերս անհատնում ու սրտագորով:

Բաշխում սրտաբաց ու հույսերով լի,
Ինձ տված տուրքն եմ տալիս աշխարհին,
Բարեմաղթանքս հանում սրբագիր,
Տեսնեմ հեգ գլխիս ինչեր են գալիս:
Չեմ համակերպվում այս օրերի հետ,
Չար աշխարհի դեմ ինքս եմ չարանում,
Կյանքը՝ տաղտկալի, հուզումներս՝ խենթ,
Դարը՝ անողորմ, չարը՝ բարձրանուն:
Ծանր եմ տանում, ընդվզում կրկին,
Ու դուրս եմ գալիս ես իմ ափերից՝
Վրեժով լեցուն, չար ու մոլեգին,
Կայծակին տվող շանթեր ձեռքերիս:
Ուզում եմ հրկիզել բները չարյաց՝
Անգամ ընկերքը նրանց չարածին, 
Գնալ աշխարհքիս բախտին ընդառաջ,
Վայելքն առնել վառ այգաբացիս...
Շիկնանքը հուրհեր ու վառ ծիրանի,
Շուլալվել դեղձան հրե բոցերում,
Արևի հուրն առնել այտերիս՝
Շունչ առնել բարձրիկ լեռան ծերպերում: 
Ու բարձրից ձայնել ի լուր աշխարհի,
Որ մարդկանց խղճի աչքերը բացվեն,
Շուրթերը բացեն, վատեն բարին,
Չարության մաղձը հոգուց դեն նետեն: 
Ցրտերը վանեն հոգու սառնության,
Բարեմտության հունդեր սերմանեն:
Կրքերը զսպեն հոգու չարության
Խռովքը մարդկաց սիրով դարմանեն:
Բարության ոգին մտնի ուղեծիր
Տիեզերաաչք երկնում ճառագի,
Բերկրի երկիրը ու երկինքը բիլ,
Աշխարհի ծիրում ողջ մոլորակի:
Ու խաղաղություն իջնի աշխարհին,
Իջնի մանրահատ ինչպես մանանա,
Չարը ետ կանգնի իր չար արարքից,
Կյանքը ցնծության ծեգում խենթանա: 

ՄԱՂԹԱՆՔ

Թող ծաղկուն լինի գարունդ,
Դաշտերդ ծայրեծայր հերկվեն,
Հոտևան լինի բուրումդ,
Հավքերդ եռաձայն երգեն:
Հունդերդ ավիշով լցվեն,
Բռնվեն երկունքի դողով,
Մանկան ժպիտի պես բացվեն
Ու շիկնեն արևի շողով: 
Իսկ հետո գժվեն, խենթանան,
Ու ծփան դաշտերը հուռթի,
Բոլորիս անեն խելքահան,
Ու բացվեն դռները գութի:
Թող որ հարսներդ մայրանան,
Ունենանք բարուրներ ժպտուն,
Մոլեգին կրքերը վերանան
Ու մեզ պես չլինեն ցրտում:
Լիությամբ երկիրս բերկրի,
Շնորհի ամենայն բարիք,
Տեր լինենք լիառատ բերքին,
Չունենանք ոչնչի կարիք:
Գինին թող եռա տիկերում՝
Ճողփյունը կարասում լինի,
Կնունքի նստենք բակերում,
Վայելենք մեղրածոր գինին: 
Ցնծախենթ հնչի քոչարին,
Զրնգա եղեգան փողով,
Պարը լեռնցի ռանչպարի՝
Շուլալված արեգան շողով:
Տաքանան շուրջպարով՝ ձգվեն
Ու անցնեն Հայկական պարով,
Հայաբույր հողերս գգվեն՝
Հայրենիս՝ տարագիր կարոտ: 

Комментариев нет:

Отправить комментарий