22.06.2017

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Միշտ Սյունյաց մեծերի կողքին

«Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի,
գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը»:
Հ.Թումանյան

Հրապարակի վրա է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը՝ նվիրված հայ աշուղական երգարվեստի երախտառատ դեմքերից մեկի՝ երգահան, բանաստեղծ Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: 
«Սյունյաց երկրի» մի նոր, բերկրառիթ խիզախությունը պետք է համարել այս մեծադիր հրատարակությունը: Մտահղացումն իրականացնելու հնարավորությունները շատ չէին, առավել ևս, որ Գուսանի արխիվը «հասանելի» չէր, սակայն խմբագրակազմը հաղթահարել է դժվարությունները՝ ընթերցողին մատուցելով հաջողված հոբելյանական համար՝ այդ ասպարեզում տարիների կուտակած հարուստ փորձի, մասնագիտական պատրաստվածության, հոգևոր արժեքների նկատմամբ նվիրական վերաբերմունքի շնորհիվ:
Հայ մշակույթին «Սյունյաց երկիր» թերթի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Մեր մեծերին նվիրված հատուկ համարները, որոնք տարիների ընթացքում հրատարակել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավամբ լրացրել են սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման ու լուսաբանման ասպարեզում եղած բացը: Հաճախ մեզանում գրական հոբելյաններն աններելիորեն անցնում են անտես ու անվերաբերմունք, ինչպես, օրինակ, Սերո Խանզադյանի ու Սուրեն Այվազյանի դարադարձերը 2015-ին, և միայն ի պատիվ «Սյունյաց երկրի»՝ պետք է առանձնաշեշտել այն մշակութանվեր առաքելությունը, որ հանձն է առել խմբագրակազմը՝ թերթի հատուկ հրատարակություններով գնահատելու մեծերին: Դրա համար նախ պետք է անհրաժեշտ չափով ի վիճակի լինես հասկանալու ժողովրդի հոգեկան գանձերը, դրանց սերնդակերտիչ ու սերնդապահպան դերը, ինչը «Սյունյաց երկրի» պարագայում կայուն աշխատանքային սկզբունք է ու աշխարհայացքային հանգանակ:

18.06.2017

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Վերհուշ

Ձեզ ենք ներկայացնում Քաջիկ Դորունցի բանաստեղծական հրաշակերտը՝ նվիրված Գուսան Աշոտի հիշատակին 








ՎԵՐՀՈՒՇ

Երազ դարձար, Գուսան Աշոտ,
Երազում էլ քեզ չեմ տեսնում...
Բայց արթմնի, այս առավոտ
Երգը շուրթիդ՝ եկար ինձ մոտ,
Ասիր՝ «Տաղն այս չեմ ասելու,
Չեմ երգելու և ոչ մեկիդ,
Լուսնի շողը բռնեք եկեք,
Թե կարոտեք իմ նոր երգին»:
Գուսան, իրավ, հասկանում եմ.
Նեղսրտել ես ու նեղացել,
Բայց երկրային հրաժեշտիդ
Մրմուռը մեր չենք ուրացել,
Օրերը մառ ու միգապատ,
Օրերը հիմա գեշ են այնքան,
Ընկել ենք գորշ մի անապատ,
Ուր մեռնում են հուշերն անգամ:

13.06.2017

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ / Պոետիկայի հարցերը «Ալպիական մանուշակ»-ում

Նաև կերպարաստեղծման ձևերի փնտրումի մեջ էր Սկսել Բակունցը: Այդ են հավաստում նրա գիտական ու գրական պրպտումները, նրա հայտնի հարցազրույցը «Լիտերատուրնայա գազետայում» տպագրված, և ճառը' գրողների առաջին համագումարում: Արվեստի ու իրականության փոխհարաբերության, իրականության ճշմարտացի պատկերման-արտացոլման, որ նույնն Է, թե՝ իրականության գեղարվեստական կերպավորման խնդիրը, ինչպես նաև գրական կերպարը սյուժեի հանգույցներում ու հանգուցալուծումներում և դետալի դերը կերպարաստեղծման մեջ ու այլ հարցերը «տեսականորեն» և ստեղծագործաբար ծավալվել են Սկսել Բակունցի «Ալպիական մանուշակ» և մի քանի ուրիշ գործերում:
«Ալպիական մանուշակ» պատմվածքը բակունցագիտության մեջ դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից: Համարել են «Նոր գյուղի ու կենցաղի պատկեր և հնի մնացուկների քննադատություն» և, որքան էլ որ տարօրինակ թվա, այսօր ոմանք էլ մնում են նույն կարծիքին: Համարել են բակունցյան գեղագիտության յուրօրինակ դրսևորում, ըստ որի, աշխարհի ամեն անկյունում ապրում Է գեղեցիկը, և, իբր թե, ըստ Բակունցի, արվեստագետի նպատակ-խնդիրն Է տեսնել միայն այդ գեղեցիկը, այն «փրկել» կոպիտ միջավայրից պատկերելով:

22.05.2017

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

1978 թվականից ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների: «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան 1992 թվականից միացել են նաև Հայաստանի ու Արցախի բազմաթիվ թանգարաններ: 
Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:
Թանգարանների միջազգային օրը ամեն տարի ունենում է խորհրդանշական թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:
Այս տարվա խորագիրն էր՝ «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում». թեմա՝ խորապես համահունչ հայ ժողովրդի կյանքի բազմաթիվ անկյունադարձերին: 
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Գորիսի համայնքապետարանի, Բակունցի տուն-թանգարանի «Միրհավ» գրական ակումբի և ԳՊՀ-ի Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ Ակսել Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվեցին թեմատիկ միջոցառումներ:

25.04.2017

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Սրտահույզ երգերի վարպետը

Իսկական երգն այն է, որ գարունն ավետող առաջին քնքուշ հովի պես աննկատելի շրջում է ամեն տեղ, մտնում ամեն օջախ, հուզում սարերի հովվի սիրտը, ընկերակցում լեռների ընդերքը պեղող հանքագործին, դառնում սիրահար պատանու, ուղեկիցը և երկար ու երկար ժամանակ չի ընկնում մարդու շուրթերից, նրա հետ է լինում բուռն ուրախության ու վշտի պահին, նրա տանը, հանդում, դազգահի մոտ, ամեն տեղ...
Լավ երգն ապրում է դարեր, փոխանցվում է սերնդից սերունդ ու երբեք չի մեռնում, չի կորչում։ Մարդիկ չեն ձանձրանում նրանից, ինչպես չեն ձանձրանում առավոտյան զեփյուռի փսփսոցից կամ ծարավ հագեցնող աղբյուրի քչքչոցից: Լավ երգը մարդուն ուղեկցում է նրա օրորոցից մինչև ծերության օրը, մինչև նրա արդար հանգչելու պահը...
Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը իր հոգու մաքրության, հյուրի առաջ իր սեղան-սուփրան բաց անելու ավանդական սովորության հետ միասին, պահպանել է իր հոգու, բազմաձև գանձերը, դրանց հետ նաև իր երգը՝ երբեմն խրոխտ ու մարտական, երբեմն քնքուշ ու թախծոտ, բայց ոչ երբեք նվացող ու հուսակտուր։ Պատահական չէ, որ ամեն մի նոր լավ երգ հացի պես քաղցր ու հանապազօրյա է դառնում մեզ համար, ապրում է մեր կյանքում ու կենցաղում, որպես նրա մի անբաժանելի մասը։
Նոր չէ, որ մեր ժողովուրդը ամենուրեք երգում է մեր նոր ժամանակների գուսանական երգի տաղանդավոր վարպետներից մեկի՝ գուսան Աշոտի ստեղծած սրտահույզ երգերից շատերը։ Երգում է, երբեմն մոռանալով, որ այդ երգի ստեղծողն իր անբաժան քյամանչայով ապրում է իր հետ, իր ժամանակակիցն է:

«Մենության իմ երգն է կայլակում»... / ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՔԱՋԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Կյանքից հեռացել է սյունեցի տաղանդաշատ բանաստեղծ, գրականագետ, մանկավարժ, Ակսել Բակունցի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն, Բակունցի ու, առհասարակ, գրականության նվիրյալ Քաջիկ Միքայելյանը(Դորունց)... 
«Միրհավ» գրական ակումբը խորապես ցավում է եզակի մտավորականի կորստի համար, վշտակցում նրա հարազատներին, գրչակից, սրտակից ու հոգեկից ընկերներին... 

ՀԱՑԸՆԿԵՐՆԵՐՍ
                                             Ընկերոջս՝ Սոկրատ Մկրտչյանին
Հիմա հավքերն են հացընկերներս.
Անկոչ են գալիս՝ չեն երկնչում,
Սեղանս բաց է, բարին տանտեր է,
Համբերությունս՝ կոչյալ թռչուն...

Հյուրերս գիտեն՝ մի քիչ հարբած եմ,
Եվ սիրտս բաց է սեղանիս պես,
Հյուրերս, հոգ չէ, մի քիչ սոված են,
Մի քիչ աներես, մի քիչ չտես...

Հոգ չէ, հավքեր են, բայց լավ ընկեր են,
Հարբելուս համար չեն նախատում,
Երևի գիտեն, որ շատ եմ հոգնել
Ոգու այս պարապ անապատում...

Թեպետ հավքեր են, բայց լավ ընկեր են,
Անխոս ուտում են, անխոս դատում,
Սրանց կտուցներն արժե համբուրել,
Ոչ բամբասում են, ոչ դրվատում...

Լուռ են հեռանում հացընկերներս,
Սիրտս, սեղանս թողնում թափուր,
Բաժակս՝ մաքուր ու լուսերես,
Մենության իմ երգն է կայլակում:

24.04.2017

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ / Շարունակվում է Շենի հին կռիվը…

Բակունցը, ինչպես ճշմարիտ և բնատուր տաղանդ ունեցող գրողները, մեծ գրականություն է մտնում ծննդավայրից: Հենց ծննդավայրում է կազմավորվում նրա հոգեկերտվածքը, ուղղորդվում միտքն ու մտածումը, խմորվում ստեղծագործվող անհատի ասելիքի բաղադրությունը, մարդկային խառնվածքն ու նկարագիրը: Մանկության տարիներից հայրենի եզերքում ունեցած շփումները, ստացած տպավորությունները, հուշերն ու հիշատակները, դեպքերն ու դիպվածները, կոշտ ու կոպիտ, նուրբ ու փափուկ հարաբերումները, ստացած դասերն ու լսած զրույցները մեծ հետք են թողնում նրա ներաշխարհում: Այս որակները հետագայում ամրակայվում են ճեմարանական միջավայրում: Պատանի Բակունցի զգայությունների աշխարհում բացվում են նոր պատուհաններ: Մանկության տարիների տպավորություններն ու նոր գիտելիքները, պատերազմական տարիներին՝ Կարինից մինչև Սարդարապատ անցած ճանապարհի, և ապա՝ քաղաքական վայրիվերումների փորձառությունները տիրական ազդեցություն են թողնում երիտասարդ մարդու հոգեկերտվածքի վրա: Այս ամենը վարար հոսքերով ներծծվում է նրա հոգու ու արյան մեջ, այնպես, ինչպես սև ցելերն են կլանում և իրենց մեջ պահում խոնավությունն՝ առատ բերք ապահովելու երաշխիքով, ինչպես լեռնալանջին, կամ մեծ անտառից զատված հանդամիջյան ճամփեզրին վեհորեն կանգնած միայնակ կաղնին՝ հաղթահարելով հողի կարծրությունը, խորացնում է արմատները՝ սաղարթների ստվերում հանդի մշակներին հանգիստ պարգևելու համար: Բակունցը մեր արձակի այդ միայնակ կաղնին է, սև ցելերի անօրինակ ու քաջարի սերմնացանը, որ իր գրական հերկերում ցանում է սիրո ու բարության, առաքինության ու նվիրումի, հույզերի ու զգացումների, թրթռացող ապրումների ծփացող գունախաղերով, լույսերով ու ջերմությամբ շաղախված սերմեր: