30.05.2018

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ / Զգու'յշ եղեք, մարդի'կ...

Ես իմ կյանքը տարա, որպես վերք ու դրոշ,
Ու բարձրացա համառ՝ մթին անդունդն ի վեր,
Ես թրծեցի հոգիս տարտարոսի հրով՝
Որբի նման անօգ եղա, որբի պես վեհ:

Անարցունք ու անլաց՝ ես կորցրի ամենն՝
Ինչ իմաստն էր կյանքի, կախարդանքը նրա:
Թողի, որ մկները իմ գրքերը ծամեն,
Մտա մի անանուն ու ահավոր մրափ...

Ու երբ ես զարթնեցի տասնյոթամյա քնից,
Ու երբ քայլամոլոր նորից աշխարհ մտա,
Չկար արդեն դևը, նա, որ մի գլխանի՝
Միլիոն գլուխ կերավ ու մավզոլեյ մտա:

Իշխում էր չոգունե սապոգավոր Նեռը
Երևանի վրա բիրտ ու ամբարտավան,
Տնքում էր սրբազան Քանաքեռի լեռը , -
Կանգնել էր իր սրտին օտար մի մարդասպան:

Ու առաջին անգամ հայ բանաստեղծը նենգ
Նրա փառքը երգեց քսու և լորձնաշուրթ,
Զոհեց խիղճ ու հոգի, ծախեց քնար ու երգ,
Գրչի տեղ նա բռնեց բանսարկության դաշույն:

Այդ նրան նա երգեց, ժան'տ դահիճն՝ որ պոկեց
Ժողովրդի սրտից Խանջյան մի Աղասի,
Չարենց մի Եղիշե, Ալեքսանդր մի Բակունց,
Լուսե զավակներին Գորիսի և Ղարսի...

Նա կռնակից խփեց, երբ զոհերը իրա
Նստած էին անել, մթին զնդաններում,
Ու սողոսկեց նրանց պատվանդանի վրա
Որպես հտպիտ ու գող, որպես մանր Ներոն:

Կյանքից ստացա ես արև ու քնար
Ու կողոպտված, խլված գարունների ուժով
Ես ճչում եմ հիմա, որքան ունիմ հնար,-
Զգու'յշ եղեք մարդի'կ, նայեք շուրջը ուշով:

Զգու՜յշ եղեք, մարդի'կ, դեռ ապրում են նրանք
Վրեժխնդիր մաղձով, դժգոհ ու ոխակալ՝
Նրանք երազում են Քանաքեռի վրա
Նրա ստվերը սև ծանր չոգուն հագած:




Комментариев нет:

Отправить комментарий