02.05.2018

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ / Հակահեղափոխականը

 
Խորագիրս տեսնելով գուցե քիչ մը զարմանաք, թե ինչպես հակահեղափոխական մը դրած եմ հեղափոխության մակաբույծներու շարքին մեջ: 
Ընդհակառակը` շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է: Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության` այս մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը: Կփափաքիմ այդ կարգի մակաբույծներեն ձեզ ներկայացնել նմուշ մը միայն: 

* * * 
Նախկին վարժապետ մըն է պ. Միսաք, որ Եվրոպա կապրի իր նախկին աշակերտներու ծնողներուն, որոնք վաճառական են` ողորմությամբը: 
Հայերենի ուսուցիչ` այնչափ միտքը խճողած է լեզվաբանական նրբություններով, որ ալ կարծես քերականական օրենքները ազդած են իր նկարագրի վրա: Բայի մը պես կեղանակավորվի ժամանակներու համեմատ, գոյականի մը պես կհոլովվի, տերբայի հետ համաձայն է` երբ տերբային վաճառական մըն է, միշտ ներկա ընդունելություն է, երբ դրամ տալու երթան իրեն և բացասական մասնիկ` երբ դրամ խնդրեն իրմե: Ասկե զատ, հայելիե մարդ մըն է, որ կցոլացնե միայն իր վաճառականներուն գաղափարներն ու համոզմունքները, - հարուստ վաճառականի մը սալոնին հղկուն, մաքուր, անարատ հայելին, որուն վրա փոշի մը չես կրնար գտնել, որ բիծ մը չունի: 
Երբեք հակասության մեջ չէ իր դեմը կեցող վաճառականին հետ, ճիշտ անոր մորուքը, անոր հագուստները, անոր ձևերը կպատկերացնե, ստրուկ հավատարմությամբ մը: 
Իր միակ անձնական սկզբունքը կրնանք բանաձևել սա կերպով. 
«Ամեն բանի ժամանակ կա, հեղափոխական ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ, սողալու ժամանակ և խայթելու ժամանակ, ճառ խոսելու ժամանակ և հանգանակություն ընելու ժամանակ, Մանչեստր երթալու ժամանակ և Մանչեստրեն ետ դառնալու ժամանակ և նախատինքները մարսելու ժամանակ, ստակ մուրալու ժամանակ, ստակը պանքան դնելու ժամանակ, նավթի վաճառականները խնկարկելու ժամանակ և մանիֆաթուրայի վաճառականները փառաբանելու ժամանակ»: 
Ու հավատարիմ իմ սկզբունքներուն ու իր կոչումին, տարիներե ի վեր նարդոսի ու քրքումի պես կվառի անիկա` անուշաբույր` այն կուռքերուն առջև, որոնց պատվանդանն են մանիֆաթուրայի կապոցները: 
Ամիրաներու ժամանակին պատվելին է ան տիրացուի, հացկատակի, սպասավորի ու վարժապետի վարնոց խառնուրդ մը, որ աղային չուպուխը կվառե, տղոցը այբուբեն կսորվեցնե, ծառաներուն հետ կերակուր կուտե ու սեիսին կնոջը կքծնի: Աղային տոնախմբության ուղերձ կգրե, երբ որ զավակը ամուսնացնե` հարսներգ կգրե, երբ որ զավակը մեռնի` ողբերգ կգրե, ու այսպես կապրի: 
Պ. Միսաք, ինչպես ըսի, անմիջական շարունակությունն է այդ տիպարին. նույն մարդը` տարբեր` եվրոպանացած տարազով: Անարգ հոգի մը, որուն համար ամեն հարուստ` “պերճաշուք իշխան” ու “անզուգական բարերար” կամ “մարդասեր” մըն է, որուն համար ամեն հարուստի կին` “չնաշխարհիկ ձիրքով օժտված` զարգացյալ ու գեղանի հայուհի” մըն է, որուն համար ամեն հարուստի սպասավոր` “հավատարիմ ու անձնվեր ծառա” մըն է, որուն համար ամեն հարուստի ձի “գեղաբաշ, փրփրերախ ու քաջավազ երիվար” մըն է, որուն համար ամեն հարուստի կոշիկ` “նրբահյուս, վայելչաձև ու կակղամորթ ոտնաման մըն է: 
97-ին էր, երբ պ. Միսաք չեմ գիտեր քանիերորդ առաքելությունն ըրավ Մանչեստր: Հազիվ քաղաք հասած` սկսավ իր այցելությունները վաճառականներու գրասենյակը: Պ. Միսաք տասնըմեկ տարիե ի վեր վարժեցուցած էր զանոնք տարին մեկ-մեկ ոսկի վճարելու իրեն, ի փոխարեն այն գովաստներու, զորն պարբերաբար կըներ անոնց, առնվազն ամիսը անգամ մը: Սակայն վաճառականները ասով չէին գոհանար և իրենց վճարած այցագինին փոխարեն իրավունք ունենալ կկարծեին նաև հսկելու իրենց պաշտպանյալին խոսքերուն ու գործերուն վրա, այնպես որ պ. Միսաք ոսկին փրծնելե առաջ, պարտավոր էր իր մեկ տարվան խոսքերուն ու գործողության հաշվեհամարը իրենց հավանությանը ներկայացնել: Արդ, 97-ի առաքելությունը բավական փշոտ էր իրեն համար, որովհետև նախորդ տարին հեղափոխության ջատագովը եղած էր ընդհանուր հոսանքին հետևելով ու քիչ մըն ալ քաջալերվելով նույն այդ վաճառականներեն: 
Հետևինք իրեն իր մեկ քանի այցելություններուն: 
Պ. Միսաք կմտնե գրասենյակ մը: Վաճառականը` սեղանի մը առջև նամակ կարդալու զբաղված է: Պ. Միսաք, դռան քով, գլխարկը ձեռքը, ժպտուն կսպասե, որ ընթերցումը ավարտի: Վաճառականը` վերջապես հաճելով նշմարել զինքը: 
- Հա, դուն ես, նորեն եկար,,, նստե նայենք (քիչ մը խիստ) խոսելիք ունիմ քեզի: 
- Պ. Միսաք կնստի աթոռի մի ծայրը, աթոռին երեք չորրորդ մասը պարապ թողնելով: 
Վաճառականը. – Ի՞նչ երեսով եկար, ծո: 
Միսաք (միշտ ժպտուն). - Անցած տարվա երեսովս, հի, հի, հի… Չմոռնամ ըսելու, որ պ. Միսաքի խոսակցության միակ աղն է բառախաղներ ու թեքերլեմներ, որոնք վաճառականներու շատ թոհաֆին կուգան երբեմն: Այդ շուկայի սրամտության պ. Միսաք կնկերացնե ապուշ, անարտահայտիչ ծիծաղ մը, զոր հարուստների քով “հի, հի, հի” ձևով կարտաբերե և ծանոթներուն քով “հա,հա,հա”: 
Վաճառականը (բարկությամբ). - Աս վայլեց եղածները… Էտեպսիզության երեսեն այնչափ մարդ ջարդվեցավ, ամեն բան տակնուվրա եղավ, առուտուրը դադրեցավ… 
Միսաք . – Իրավունք ունիք էֆենտի, իրավունք ունիք, միայն թե` եթե շնորհք ընեք որ… 
Վաճառականը (ավելի բորբոքված). - Ամենքդ ալ ավազակներ եք, գողեր եք, անբարոյական արարածներ եք… 
Միսաք. – Շատ շիտակ է, էֆենտի, բայց ներեցեք որ… 
Վաճառականը . – Կախելու է, կախելու է ձեզի պես մարդիկը: 
Միսաք . - Շատ ճշմարիտ է, էֆենտի, բայց կհաճիք որ պզտիկ… 
Վաճառականը . - Անամոթ… 
Միսաք (պաղատագին) . - Էֆենտի, հանդարտեցեք, կաղաչեմ, ես ալ հասկցա հիմա, որ սխալ ուղղության կհետևիմ կոր եղեր, վստահ եղեք, որ ձեր բոլոր արդարացի դիտողությունները, զորոնք ազնվություն ունեցաք ինծի հայտնելու, նկատողություն պիտի առնեմ և ըստ այնմ պիտի վարվիմ ասկե ետքը: Ախ, էֆենտի, խաբվեցանք: Սուլթանը Բառոլ տոնեոռ տվավ Սալզպրիին, որ հայկական խնդիրը պիտի կարգադրե, ես ալ հավատացի: Բայց հետո Բառոլ տոնեոռ եղավ… հի, հի, հի: Այս թուրքերը ասանկ են… տեսեք Փարիզ իրարու քոնֆեդի կնետեն, իսկ Պոլիս իրարու քովդի կնետեն… հի, հի, հի: 
Վաճառականը (գրպանեն ոսկի մը հանելով) . - Առ… բայց ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե… ատ ձեր անխելք ըրածներովը օգուտ մը չըլլալե զատ, պարապ տեղը մեր առուտուրին վնաս կընենք կոր: 
Միսաք (դրամը գրպանելով) . – Շատ իրավացի, շատ ճշմարիտ, շատ արդար դիտողություն մըն է ձեր ըրածը: Վստահ եղեք, որ ամենալուրջ նկատողության պիտի առնեմ. շնորհակալ եմ: 
Ձեր ազնվափայլ տիկնոջ ու սիրասուն զավակներուն ամենախորին հարգանքներս, կաղաչեմ չմոռնաք հաղորդելու: Մնաք բարով: 
Կես ժամ ետքը պ. Միսաք կներկայանա ուրիշ գրասենյակ մը: Վաճառականը թիկնաթոռին մեջ ընկղմած անգլերեն թերթ մը կըկարդա: 
Միսաք. - Զբաղվա՞ծ եք արդյոք, էֆենտի: 
Վաճառականը. – Չէ, նստե նայինք, նորեն փարա ուզելո՞ւ եկար, տարի մը եղա՞վ: 
Միսաք. - Եղավ, հապա. այս առտու ճիշտ տարին լրացավ: 
Վաճառականը. – Ի՞նչ կա չի կա (հեգնական). Սալզպըրին կարգադրե՞ց հայկական խնդիրը: 
Միսաք. - Սալզպըրի չէ. սալթ պորու… հի, հի, հի: 
Վաճառականը (խնդալով). - Էյ, Հանոթոն բան մը չըրա՞վ: 
Միսաք. - Ամոթուն ծածկվեցավ… հի, հի, հի: 
Վաճառականը (ինքնահավան). – Մենք ձեզի առաջուց ըսինք, մյուսյու, ատանկ խայտառակ կերպով գործ չի տեսնվիր, Եվրոպան բան մը ընելիք չունի, պարապ տեղը առուտուրին վնաս կհասցնեք կոր: Հեղափոխությունը զենքով կըլլա, էֆենտիմ, զենքով: 
Միսաք. – Շատ իրավացի է: Հաղթանակ տանելու համար հաղթ դանակ պետք է… հի, հի, հի: 
Վաճառականը (միշտ հեգնական). – Մեր հեղափոխական պարոնները ի՞նչ ջուրի մեջ են, նորեն հեղափոխություն կընե՞ն կոր: 
Միսաք. – Հիմակուհիմա տեղափոխություն կընեն կոր … հի, հի, հի: 
Վաճառականը (գրասեղանին դարակեն ոսկի մը կհանե ու պ.Միսաքի կուտա). – Ինչ որ է, ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե ու խոհեմ վարվե, քեզ նայիմ, երթաս բարով: 
Միսաք. – Շնորհակալ եմ, ձեր ըսածները խորին ուշադրության առարկա պիտի ընեմ, վստահ եղեք: Հաճեցեք, կխնդրեմ, ամենախորին հարգանքներս մատուցանել ձեր ազնվափայլ տիկնոջ ու սիրասուն զավակներուն: Մնաք բարով…ցտեսություն: 
Ու այսպես այցելությունները կշարունակվին մինչև իրիկուն ու հաջորդ օրերը: 
Պ. Միսաք իր առաքելության միջոցին կտեսնա, որ վաճառականները բոլորովին հակառակ դարձած են հեղափոխության և հետևաբար ինքն ալ կուղղե իր ընթացքը: 

* * * 
Անկե ի վեր “հակահեղափոխական” է խոսքով, գործով, հագուստով ու շարժումներով: 
Հեղափոխականները կհարվածե, հեղափոխությունը “ապաժաման” կամ “տարաժաման” կգտնե, կարմիր վզնոցի տեղ սև կամ մանիշակագույն վզնոց կդնե, րըտենկոթը կոճկած կքալե ու խոսած ժամանակ բազուկը նվազ կշարժե, քան 96 թվականին սկիզբները: 
- Ես արդեն Ներսես Վարժապետյանի օրեն ի վեր հակառակ եմ հեղափոխության, - կըսե այն հարուստներուն, որոնց տունը կճաշե երբեմն, - մենք պետք է ամեն ջանք ընենք, որպեսզի առևտուրը չվնասվի, վաճառականությունը զարգանա, երկրին վարկը բարձրանա: 
Հոն է մեր փրկությունը: 
-Աֆերիմ, շատ ճշմարիտ է, - կպատասխանե վաճառականը: 
- Նավթը որչափ տարածվի ասիական գավառներուն մեջ, այնչափ պիտի լուսավորվին հայ գավառցիները, կշարունակե պ. Միսաք: 
-Շատ շիտակ է: 
- Ենթադրենք, որ մանիֆաթուրայի խանութներ բացվին ամեն հայաբնակ գյուղերու մեջ, ինչ մեծ բարիք մը պիտի եղած ըլլա մեր թշվառ եղբայրներուն համար, որոնք այսօր կիսամերկ կպտըտին զգեստ չունենալնուն: 
-Շատ իրավացի դիտողություն: 

* * * 
Բայց չհուսահտինք իրմե, այն օրն, ուր նավթն ու մանիֆաթուրան հաշտվին հեղափոխության հետ, պ. Միսաք մեջտեղ պիտի ելլե կարմիր վզնոցով մը, ձեռքը գրիչ ու սուր ու “Ձայնը հնչեց” պիտի երգե: 

1898 – 1899 թ.թ. 



Комментариев нет:

Отправить комментарий