Հոդվածը ներկայացվել է 2017թ. մայիսի 7-9-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպված հանրապետական գիտաժողովում՝ նվիրված Շուշիի ազատագրության 25-րդ տարեդարձին: Տպագրվել է գիտաժողովի նյութերի ժողովածուում:
* * *
Արցախյան շարժման բռնկումի հետ ասպարեզ եկած հայ մտավորականների շարքում Սերո Խանզադյանը ջերմեռանդ ու գլխավոր դրոշակակիրներից էր: Պատահական չէ, որ շարժման առաջին օրերից Խանզադյանն իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրեց պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին: «Ղարաբաղը կրակների մեջ» փաստավավերագրական գրքում գրողը հանրագումարի բերեց Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը̀ ինքնավստահություն, խիզախություն ու քաջություն պատգամելով սերունդներին: Այդ օգտաշատ գործունեությունն ունեցավ նաև գրական թռիչք. Ս.Խանզադյանը 1991 թվականին հրատարակեց «Շուշի» պատմավեպը՝ 18-րդ դարավերջի արցախյան իրադարձությունների թեմատիկ ընդգրկումով:
Վեպը Շուշիի պատմության գեղարվեստական յուրացման առաջին փորձն է՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին: Հեղինակի նպատակն էր պատմական ճշմարտությունների, անցյալի դասերի, Արցախի հերոսական ոգու բացահայտումով նոր շունչ հաղորդել նորօրյա ազատամարտին և կերտել հայոց պետականության գաղափարախոսությունը: Այդ տեսակետից Խանզադյանի պատմահայեցողության մեջ ուրույն նշանակություն է ստանում «պատմության դաս» արտահայտությունը, որի հիմնական էությունը պատմության իմացության չափազանց կարևորումն է՝ ոչ միայն որպես ինքնաճանաչման ձև, այլև գոյության և ինքնահաստատման միջոց:
Մեր պատմավեպերը մշտապես ծրագրային բնույթ են ունեցել: Րաֆֆին, Ծերենցը, Մուրացանը, Պռոշյանը, Դեմիրճյանը, Զորյանը, նաև հետագա շրջանի գրողներն իրենց պատմաքննական սևեռումներով փորձում էին հասարակական-քաղաքական բարդ հարցերի լուծումները գտնել պատմական անցյալի տարբեր շերտերում: Պատահական չէ, որ դրանցից շատերը գրվել են ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջաններում: Մի հարցազրույցում Խանզադյանը նկատել է. «Ամեն մի գեղարվեստական գործ, այդ թվում պատմավեպը, պատասխան է այսօրվա հարցերին: Դա հանապազօրյա հաց է: Այլապես այն պետք չէ ժողովրդին՝ ինչպես էլ ուզում է գրված լինի»: Այդ գաղափարադրույթի վրա է խարխսխված նաև «Շուշի» պատմավեպի արդիական հղումը. «Մերօրյա արցախյան շարժման արմատները շոշափելի են պատմական անցյալի այդ շերտերում»: Հեղինակի վկայությամբ՝ վեպը թե' ժամանակագրական, թե' ազգային-ազատագրական պայքարի առումով «Մխիթար Սպարապետի» շարունակությունն է:
Խանզադյանը գրող-հետազոտողի խորակրկիտ հայացքով անդրադարձավ 18-րդ դարի ամենաբարդ ու դժնդակ շրջաններից մեկին՝ գրեթե չշեղվելով պատմական փաստերից ու ժամանակագրությունից: Հերոսների խառնվածքների հատկանիշները նույնպես բխում են ժամանակի պատմական առանձնահատկություններից:
Վեպի բնաբանը Մովսես Կաղակտավեցու[1] պատմությունից է՝ «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ և լույսը փակի տակ լինել»: Բնաբանի ընտրությունը հուշում է, որ վեպը, Արցախի, Շուշիի մաքառումների պատմության գեղարվեստական հուշարձան լինելով, նաև վավերապատում-վկայախոսություն է պատմական ճշմարտազանցությունների դեմ, որոնք տարածում են ազերիները՝ հայոց տոհմիկ երկրամասի լիակատար տեր հռչակելով իրենց:
«Շուշի»-ն ընդգրկում է պատմական երկարատև ժամանակահատված՝ 1740-ական թվականներից մինչև 1790-ական թվականները՝ շուրջ 5 տասնամյակի պատմություն:
Վեպը գրելու համար Խանզադյանն ուսումնասիրել է հարյուրավոր պատմական ուսումնասիրություններ, այդ թվում՝ ականատես պատմիչներ Առաքել Դավրիժեցու, Աբրահամ Գ Կրետացու, Եսայի Հասան Ջալալյանի, Աբրահամ Երևանցու, Զաքարիա Քանաքեռացու օրագրություններն ու պատմությունները, բազմաթիվ արձանագրություններ, հիշատակարաններ, կալվածագրեր, կոնդակներ, հավաքել է, ինչպես ինքն է վկայել, «ավազահատիկների նման ցրված» բազմաթիվ փաստեր ու ազգագրական նյութեր: Լինելով Արցախի պատմական գրեթե բոլոր վայրերում՝ գրի էր առել պատմություններ Արցախում մղված հերոսական մարտերի, հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղների՝ հինգ մելիքությունների մասին, որոնք հատկապես հզոր էին XVII դարավերջին և XVIII դարասկզբին, և պատմական այդ շրջանում էլ գլխավորել են հայ ազգային ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների: «Պատմական ամեն մի հատիկը հարկավոր է իմանալ, իբրև թանկ վկայություն: Րաֆֆու «Սամվելը» այդպիսի մի հատիկից է ծնվել…», - գրում է Խանզադյանը և հավաստում, որ պատմության այդպիսի «թանկ հատիկները», տեղեկությունները, մանրամասները ոչ թե կոչված են ծառայելու պատմական դեպքերի ու պատմական անձնավորությունների վավերագրմանը, այլև հայոց պատմության մի շարք առեղծվածների մեկնաբանությանը, այլ խոսքով՝ հայոց պատմության փիլիսոփայության վերհանմանը:
Վեպում մեծածավալ փաստական, պատմական նյութ է օգտագործված, և Խանզադյանը կարողացել է ապահովել փաստանյութի գեղարվեստական մշակման բարձր մակարդակ:
Պատմականության զգացողությունը վեպում բնորշվում է հեղինակի գեղագիտական կայուն սկզբունքներով: Նա չի վիճարկում պատմիչների ու պատմագետների կարծիքները, ավելին՝ պատմության փորձի քննությունից արված հիմնական եզրահանգումները դնում է նոր ընթացքի մեջ, բացում դրանց ենթիմաստները՝ ներհյուսելով մերօրյա խնդիրներին:
Խանզադյանին խորապես մտահոգում էին լույս տեսնող այն բոլոր գրքերը, որոնցում խեղաթյուրվում էր հայոց պատմությունը: Հարցազրույցներից մեկում խոսելով Սովետական հանրագիտարանի Ա հատորի մասին՝ նշել է, որ հատորում պետք է տեղ գտնեին նաև այն գործիչները, որոնք մեծ դերակատարում են ունեցել պատմության տարբեր շրջաններում, օրինակ̀ Աբգար թագավորը (ըստ Խորենացու «Հայոց պատմության»՝ Աբգար Ուքքաման, ընդունելով քրիստոնեությունը, դարձել է 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը), Աբրահամ Երևանցի պատմիչը (18-րդ դար), Աբրահամ Գ Կրետացին[2], եգիպտահայ գործիչ Աբուսահլը և ուրիշներ:
Նշվածներից Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին և Աբրահամ Երևանցուն հանդիպում ենք «Շուշի» վեպում՝ որպես պատմողի կերպար ու գործող հերոս: Ավելին՝ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն»[3] և Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից»[4] աշխատությունները պատմական հենք են ծառայել վեպի առաջին մասի համար: Աբրահամ Երևանցին երևանցի վաճառական է, որ շուրջ մեկ տասնամյակ շրջել էր Իրանում և Թուրքիայում և լավատեղյակ էր ժամանակի ռազմաքաղաքական անցուդարձին: Քաղաքական իրադարձություններին, գերազանցապես պատերազմներին նվիրված այդ երկը սկսվում է աֆղանների՝ դեպի Պարսկաստան կատարած արշավանքի պատմությամբ և ավարտվում է Մուղանի դաշտում Թահմազ կուլի խանի՝ Նադիրի թագադրության և Թուրքիայի հետ հաշտություն կնքելու դեպքերի նկարագրությամբ: Թեև Աբրահամ Երևանցու պատմությունն ավարտվում է 1836 թվականի դեպքերով, Խանզադյանը նրան, որպես պատմողի կերպար՝ անբաժան է իր «նշխարարան» մատյանից, «խոսեցնում» է մինչև վիպական գործողությունների ավարտը (1790-ական թվականներ):
Անդրկովկասում 1734-1736 թվականներին Նադիրի ծավալած գործունեությունը, Մուղանում նրա թագադրման և Բայրամ Սելամի տոնակատարության արարողությունները շատ ավելի հանգամանորեն է ներկայացրել Աբրահամ Կրետացին: Նա ընդհանուր կողմերով հաստատում է Երևանցու հաղորդած տեղեկությունները այդ ժամանակահատվածի իրադարձությունների վերաբերյալ: «Պատմության» մեջ Կրետացին ակնարկում է, որ երբ ինքն էլ է հրավեր ստացել ներկայանալու Մուղան, շատ է զարմացել և ցանկացել է իմանալ կանչի պատճառը. «Բայց կարծիք ոմանց, թէ զՇահն նստուցանելոց է ի գահոյո իւր, և ոմանք, թէ՝ ինքն նստելոց է. Բայց հաւաստին և վասն էրն ոչ է յայտնի»[5]: Խանզադյանի վեպում պատմական եղելությունների համաձայն՝ Աբրահամ Կրետացին Նադիրի թագադրման արարողության կենտրոնական դեմքն է: Դիվանագիտորեն կատարելով նորընծա շահի կամքը՝ Կրետացին մասնակցում է թագադրմանը և ավելին՝ շահի պատվերով, «իբրև Մեծն Իրանի թագավորության տարեկից արքայական երկրի հոգևոր առաջնորդ», օրհնում է նրա սուրը: «Աբրահամ կրետացին սուրը բարձրացրեց գլխից վերև, օրհնեց իր իմացածի պես, սակայն առանց համբուրելու և ոսկեշղթա օղերով կապեց Նադիր շահի մեջքին.
-Թող այս սուրը հատու լինի քո և մեր թշնամիների գլխին:
Նադիր շահը ժպտաց երկար բեղերի տակ:
- Օ~, բաբալըղ (Աստված օրհնի – Թ.Մ.) հպարտ եմ, որ բարեկամ հայն օրհնեց իմ սուրը»[6]:
Վեպում վերոնշյալ դրվագին հետևում է վեհափառի հաջորդ դիվանագիտական քայլը. Կրետացին, նվերներով բեռնավորված, գնում է Նադիրի ապարանք և «երկրի վրա մարգարեին փոխարինող Վալիաթնամեից» խնդրում վերադարձնել Էջմիածնի «արդար ունեցվածքը», և վերականգնել վանքի «վաղնջական իրավունքը»: Վեպում Աբրահամ Երևանցին այդ դրվագների ականատեսն ու պատմողն է, արտահայտում է իր վերաբերմունքը կաթողիկոսի նկատմամբ, գովերգում նրա «բռնած դիրքը», «հոգու արիությունը», երկրորդում «մեծ ցավից ծնված» հորդորները. «Հաճախ էր կաթողիկոսն ինձ ասում՝ այն թաթը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ»[7]:
Վեպի միջուկն ու կենտրոնական խնդիրը Շուշիի պատմական ճակատագիրն է, ազատագրության իդեալը, «Ղարաբաղից օտար ոտքը կտրելը»: 1752 թվականին Վարանդայի տխրահռչակ Մելիք-Շահնազարի ապազգային ու աղետալի քաղաքակության արդյունքում Արցախի սրտում՝ Շուշիում հաստատվում է քոչվոր ջևանշիր ցեղի սարըջալլու ճյուղի ցեղապետ Փանահ խանը: «Մելիք Շահնազարը Հայոց աշխարհի սրտում օտար խանական որջ շինեց,-գրում է Խանզադյանը,- դրանով նա Ղարաբաղի գերեզմանի առաջին քարը դրեց»[8]:
Վեպում պատմականությունն արտահայտվում է ժամանակային բազմաթիվ էքսկուրսներով, մեծաթիվ գլխավոր ու երկրորդական կերպարների փոխնիփոխ անցումներով, գործողությունների բազաճյուղ զարգացումով, բայց հեղինակը կարողանում է դրանք հասցնել տրամաբանական հանգրվանի և խտացնել ասելիքը:
Պատմականության արտահայտիչներից մեկը վեպում հեղինակի պատմահայեցողությունն է՝ պատմության փիլիսոփայական իմաստավորման ենթատեքստով: Հեղինակը լավածանոթ է Արցախի պատմությանը և պատմության իմացությամբ էլ փորձում է հասկանալ, գնահատել, վերլուծել պատմության փորձը, խորհուրդը, «հետադարձ մարգարեությունը»(Խուլիո Կորտասար): Գրականագետները հաճախ են նկատել, որ «գրականության պատմության միջոցով կարելի է վերականգնել ժողովրդի պատմությունը», և հաճախ գրողն իր ժամանակի մասին ասում է շատ ավելին, քան պատմիչն ու պատմաբանը»[9]:
Վեպը բաղկացած է ժամանակային կոնկրետ տարածք ու հանգույց ունեցող չորս մասերից, որոնց ենթագլուխների միասնությամբ էլ ամբողջանում է գրողի պատմահայեցողությունը: Վեպն ունի պատումի, շարադրանքի ինքնատիպ ձև: Դեպքերը ներկայացնում է ոչ թե հեղինակը, այլ վեպի տարածաժամանակային տարբեր հանգրվաններում այս կամ այն առաքելությամբ հանդես եկող կերպարները՝ Գոհար միանձնուհին, որ մեզ ծանոթ է «Մխիթար սպարապետ» պատմավեպից՝ Գոհար իշխանուհու կերպարով, Աբրահամ Երևանցի պատմիչը, որ ականատեսի աչքերով արձանագրում ու գնահատում է ժամանակի անցուդարձերը, Խնձորեստանի մելիք դավաճան Միրզեխանի կինը՝ Երնջիկը, Մելիք Շահնազարի հանցակից ու մեղսակից Տեր-Իսրայել կաթողիկոսը, պարսից շահի դեսպան, ազգությամբ հայ Ալի Աբդուլ Հասանը, ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արք. Արղությանը, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը և ուրիշներ: Փաստորեն, վեպում տիրապետողը ոչ թե հեղինակի, այլ պատմողի խոսքն է, և դա խանզադյանական պատմահայեցակարգի հիմնական առանձնահատկություններից է:
Խանզադյանին ավելի շատ հետաքրքրում է պատմողի մտածելակերպը, գործողությունները դիտելու և նկարագրելու ձևը, պատմական եղելությունները գնահատելու չափանիշը: Դրա համար էլ վեպի տարբեր հատվածներում պատմողը մեծ մասմաբ ականատես է կամ ինչ որ մեկից լսած պատմության վերարտադրող:
Երբեմն պատմողը, նկարագրելով այս կամ այն իրադարձությունն ու գնահատելով այս կամ այն իրավիճակը, տալիս է հենց իր կերպարային բնորոշ նկարագիրը: Այդպիսի ցայտուն կերպար է Տեր-Իսրայելը, որին Մելիք Շահնազարը հանձնել էր Ամարասի հոգևոր գահաթոռը՝ իրեն մատուցած բազում սրբապիղծ ծառայությունների դիմաց: Պատմելով, թե ինչպես է թաթախման սուրբ մեռոնին թույն խառնելով՝ թունավորել Ձագեձորի Մելիք-Օհանին, Իսրայելը այսպես է իր հոգեվիճակը նկարագրում. «Ես բնավ մեղքի խայթ չզգացի: Դե, աշխարհ է, ճակատագիր է, ուր կարող ես փախչել վերուստ սահմանածից: Այս անգամ էլ ինձ բնավ մեղսագործ չզգացի: Այս սատկածը պարարտացել էր իր իշխանական փառքով, ինձ չէ՜ր ընդունում: Ես իմ գործն եմ անում, իսկ խիղճ, գութ-մութ ասվածները մաշված, ծակծկված գուլպաներ են, հանիր ոտքիդ, դեն գցիր»[10]: Մեկ այլ եղեռնագործության մասնակցելով՝ կաթողիկոսը հանդարտորեն պատմում է. «Գիշերվա կեսին Իբրահիմ խանը ինձ ու երկու դահիճի հետ անաղմուկ մտավ Մելիք Եսայու բանտախուցը: Թևքերը ետ քաշեց, մագիլները խրեց կապկապված Եսայու կոկորդն ու սկսեց խեղդել: Նրա մարդիկ ամուր բռնեցին մելիքի ոտքերն ու ձեռքերը: Իբրահիմ խանը ծունկի եկավ մեռած մելիքից մի քիչ հեռու, գորգի վրա ու սկսեց առավոտյան նամազը: Ես ոչ մի աղոթք չհիշեցի»[11]:
Գաղափարական մի առանցքի շուրջ ամբողջացնելով բոլորի պատմածները, խոհերն ու մտորումները՝ Խանզադյանը վերստեղծում է դարաշրջանի՝ դրամատիզմով ու վայրիվերումներով լեցուն մթնոլորտը:
Վեպի սկզբնամասում Խանզադյանը պատմական իրադարձությունների պատճառահետևանքային շղթայից առանձնացնում է առաջին օղակը, որից էլ բացվում-ծավալվում է բուն թեման՝ Շուշիի ճակատագիրը:
1733 թվականին Կողմանք Արևելից գերագահ իշխան Մելիք Եգանը՝ վեպի ամենաընդգծված կերպարներից մեկը, դաշինք կնքելով Նադիր Ղուլիի հետ, կազմակերպում է օսմանյան Սարը Մուստաֆա փաշայի զորքերի կոտորածը Արցախում: 1736-ին Մուղանի դաշտում շահ հռչակվելուց հետո Նադիրը, որպես երախտագիտության նշան, Արցախի հինգ մելիքությունները միավորում է մի նահանգի մեջ և խանի տիտղոս շնորհում Մելիք Ավան Եգանին: Ստեղծվում է Ղարաբաղի նահանգը՝ Տող կենտրոնով՝ որպես ինքանվար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի հարավային մասերից մինչև Արաքս գետը: Պատմական այս եղելությունների անդրադարձը, ինչպես նշեցինք, զբաղեցնում է վեպի առաջին մասը: Ի դեպ, Մելիք Եգանը, իբրև քաղաքական-ռազմական գործիչ, հայտնի է դարձել Նադիրի Հայաստան մուտք գործելուց հետո: Աբրահամ Երևանցին իր պատմության մեջ նրա անունը չի հիշատակում(թեև վեպում, որպես գործող կերպար, առնչվում է նրա հետ), Կրետացին նշում է միայն, որ Մելիք Եգանը (Էկէնն – Թ.Մ.) մասնակցել է Մուղանում Նադիրի թագադրման արարողություններին: Պատահական չէ, որ Նադիրին հպատակություն հայտնած հայ մեծամեծների շարքում աղբյուրները չեն հիշատակում Սյունիքի և սղնախների ազատագրական շարժման առաջնորդներից և ոչ մեկին: Մինչդեռ հայտնի է, որ 18-րդ դարի 20-ական թթ. հայ ամենանշանավոր ռազմական գործիչը Դավիթ-Բեկն էր: Աբրահամ Երևանցու մի վկայության համաձայն՝ Սյունիքի սղնախների ազատագրական շարժման առաջնորդները բարյացակամ չեն եղել պարսից գահի հավակնորդ Նադիրի նկատմամբ: Թերևս դրանով է բացատրվում այն, որ ժամանակի հայ և պարսկալեզու աղբյուրներն ակնարկ անգամ չեն արել հայ ժողովրդի մղած հերոսամարտերի և նրա առաջնորդների մասին: Նրանք գիտակցաբար լռության են մատնել Դավիթ- Բեկին ու նրա հետ կապված իրադարձությունները, որպեսզի չգրգռեն Նադիր շահին: Խորամիտ Դավիթ-բեկը, հավանաբար, հասկացել էր Նադիրի՝ հեռուն գնացող նպատակները և պարզ է, որ չէր կարող բարյացակամ լինել նրա նկատմամբ: Նադիր շահի պալատական պատմագիր Մուհամմադ-Քյազիմը, բնականաբար, մեծարում է ոչ թե Դավիթ-Բեկին կամ Մխիթար Սպարապետին ու Ավան Յուզբաշուն, այլ Նադիրին հպատակություն հայտնած Դիզակի Ավան Եգանին: Նա հիշատակվում է որպես նուրբ քաղաքագետ, արտակարգ ընդունակություններով օժտված իմաստուն գործիչ, որը Նադիր կողմից մեծ սիրո ու վստահության էր արժանացել: Ավելին, այդ ժամանակաշրջանում հայ ռազմական առաջնորդների շարքում առաջին տեղը հատկացնում է Մելիք Եգանին[12]:
Այսպես, Նադիր շահի կողմից Սյունիքի ու Արցախի հայության իրավունքների ճանաչումը նոր շուչ է հաղորդում ազատագրական պայքարին, հավատ ներշնչում վերջնական հաղթանակի հանդեպ:
Հավաստիրոեն արտահայտելով պատմական ժամանակը՝ Խանզադյանը վեպի երկրորդ մասում արդեն ներկայացնում է 1747 թվականին Նադիր Շահի սպանությունից հետո Պարսկաստանում ծայր առած գահակալական կռիվները, որոնց գումարվում են նաև ծայրամասային խանությունների պառակտողական քայլերը: Գանձակի խանը փորձում է վերականգնել մինչնադիրյան իրավունքները, բայց հանդիպում է Վարանդայի և Դիզակի մելիքների դիմադրությանը: Իհարկե, կռիվների վրայով Խանզադյանն անցնում է հպանցիկ, հաճախ փաստական-տեղեկատվական անցումներով, բայց և ընդհանուր առմամբ պահպանում է կենդանի իրականության բաբախը:
Վեպի կենտրոնական դեմքը դավաճան ու արյունարբու բռնակալ Մելիք-Շահնազարն է, որ, օգտվելով Նադիրի սպանությունից հետո ստեղծված քաոսից, սպանում է եղբորը՝ Մելիք-Հովսեփին, կոտորում նրա ընտանիքը և իրեն հռչակում Վարանդայի մելիք: Ինչպես հեղինակն է գրում՝ «Ցեց է ընկնում Հայոց տունը»[13]: Րաֆֆին «Խամսայի մելիքությունները» աշխատության մեջ, որ նույնպես Խանզադյանի վեպի աղբյուրներից է, Մելիք-Շահնազարին անվանել է «Ղարաբաղի կործանիչ» և նրա ծագման վերաբերյալ հետևյալ ուշագրավ բացահայտումն արել. «Մելիք-Հովսեփը և Մելիք Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննախաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք: Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ»[14]: Մելիք Հովսեփը Խաչենի տիրակալ Հասան Ջալալյանների տան փեսան էր, և մելիքի մանկահասակ որդին՝ Սայիբեկը իր քեռի Մելիք-Ալահվերդու միջոցով փրկվել էր արյունահեղությունից ու ապաստանել այնտեղ: Սակայն Մելիք-Շահնազարի արյունոտ ձեռքը հասնում է նաև 4-ամյա փոքրիկին:
Խանզադյանը ոչ մի շեղում թույլ չի տվել պատմականության առումով, հերոսներն իրենց դարի ու ժամանակի մեջ են: Այստեղ են Գյուլիստանի Մելիք-Հովսեփը, Ջրաբերդի տեր Աստվածապով սպարապետը, Մելիք-Ալահղուլի սուլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին, Դիզակի Մելիք-Եսային, բազմաթիվ մելիքազուններ, հոգևորականներ, զինականներ, աշխարհազորայիններ, մելիքների ու զորականների ազատատենչ կանայք, որոնք, միավորելով իրենց ուժերը, դուրս են գալիս «հայրենիքի դավաճան» Մելիք-Շահնազարի դեմ: «Ես պատրաստ եմ ինձ կնքահայր դարձնել այն շանը, որի թեկուզ հաչոցը ապահովում է իմ գահը, իմ իշխանությունը»[15] - այս համոզմունքով է առաջնորդվում «հայոց ուխտից հեռացած» Մելիք-Շահնազարը, և հասկանալով, որ իր ուժերը բավարար չեն՝ երկար դիմադրելու մյուս չորս մելիքների՝ իր դեմ ծրագրած պատժապարտիչ գործողություններին, դիմում է Արցախի մերձակայքում թափառող սարջուլլուների աննշան ցեղապետ Փանահ խանի օգնությանը, հպատակվում նրան, և նույնիսկ թույլ է տալիս ամենաանթույլատերի արարքը. Փանահին է ընծայաբերում իր մելիքության տարածքում գտնվող հզոր պաշտպանական ամրությունը՝ Շուշի բերդը: Փաստորեն, մելիքների երկպառակություննից օգուտ է քաղում երրորդ՝ օտար կողմը՝ Փանահը, որ Մելիք-Շահնազարի թողտվությամբ 1752-ին հաստատվում է Արցախի սրտում: Խամսայի մելիքները ստիպված են լինում դիմակայելու նոր մարտահրավերների և տևականորեն ենթարկվելու զրկանքների: Հենց Փանահի ժամանակներից Արցախ են ներթափանցում այլացեղ ու այլակրոն էթնիկ տարրեր: «Մեր հայոց արևելքում, ուր մի մուսուլմանականխրճիթ անգամ չկար, բնավորվեցին քոչվոր խմբեր,-պատմական դառը իրողության մասին պատմում է հեղինակը:- Դրանք Փյուսյան, Կարաչարլի, Ջինլի, Դամրչի-Հասանլի, Ղըզլ-Հադիլի, Սաֆի-Քյուրդլի, Քյոյ-Ահմեդլի, Սահաթլի, Քենգերլի կոչվող վաչկատուն ցեղերն էին»[16]: Կարճ ժամանակում Շուշին դառնում է սարըջալու ավազակապետի ինքիշխանության և ուժի կենտրոնը, որտեղից նա այրում, մոխրացնում էր ամեն ինչ, թույլ տալիս անթվելի չարագործություններ ու բանսարկություններ, փորձում բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով իրեն ենթարկել երբեմնի հզոր մելիքներին, ամբողջ Ղարաբաղը:
Փանահին հաջորդում է ոչ պակաս բռնակալ որդին՝ Իբրահիմ խանը, որը շարունակում է ամենաստոր միջոցներով պայքարել հայոց մելիքությունների ու դրանց հոգևոր կենտրոն Գանձասարի կաթողիկոսության դեմ: Իբրահիմի կողմից դավադրաբար սպանվում են Դիզակի Մելիք Եսային, Գանձասարի կաթողիկոս Հովհանենս Հասան Ջալալյանը: Իբրահիմ խանի լարած որոգայթների արդյուքնում սպանվում են նաև Դիզակի Մելիք-Բախտամը, Մելիք-Աբասը,Մելիք-Եսայու որդի Բաղդատ-բեկը, ինչպես նաև բազմաթիվ մելիքազուններ: Խանզադյանը գեղարվեստական ցայտուն ու սահմռկեցուցիչ պատկերներով է ներկայացնում Իբրահիմ խանի, նրա կնոջ՝ Մելիք Շահնազարի դուստր Հուրիզադի հայահոշոտիչ կենսավարությունը, անթվելի եղեռնագործությունները: Առհասարակ, վեպում հատուկ վերաբերմունքի է արժանի կանանց դերի խնդիրը: Խանզադյանի կերտած հերոսական խառնվածքով բազմաթիվ կանանց իր տեսակի ու նկարագրի ողջ զազրելիությամբ հակադրված է Հուրիզադ խանումը:
Ցուցահանելով Շուշիի պատմության «արյունոտ» էջերը՝ Խանզադյանի նպատակն էր ցույց տալ պատմականորեն միակ ճիշտ ուղին հայ ժողովրդի համար. այն է՝ Արցախի ազատագրումը, իսկ ազատագրել Արցախը՝ նշանակում էր նախ և առաջ ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշին: Վ.Պոտկոյի հայտնի ձևակերպմամբ՝ «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին»: Այս միտքը տարրալուծված է վեպում և կազմում է վեպի հոգեշաղախը: Գրողի հոգին ծառս է լինում, նա չի կարողանում զսպել հուզումը: «Թեև մենք շրջապատված ենք թշնամիներով ու թեև մեր Շուշին գերված է, բայց երբեք ստրուկ չէ: Ազատության կռվի կրակը մեր մեջ հզոր է և ոչինչ չի մարի նրան ոչ այսօր, ոչ էլ եկող ժամանակներում»[17]:
Խանզադյանը վեր է հանում պատմության խորհուրդը, դասը: «Իմացիր, տե'ր իշխան, Ղարաբաղը երբեք քո մականի տակ չի ընկճվի ու չի դառնա օտարին կեր ու կուր: Ժամանակները մեկ կամ տաս տարով չեն չափվում, այլ՝ հարյուրամյակներով: Մի կարծիր, թե դու և քո դրածոն Ղարաբաղը կմարսեք»[18] - Գոհար միանձնուհին է պատմության այս դասը նետում Մելիք-Շահնազարին:
Վեպի վերջին հատվածները հատկանշվում են հրապարակախոսական որոշակի լիցքով: Գրողի իդեալը կռվող ժողովուրդն է, արթուն ու զինված հայը՝ ականջալուր կռվակոչի ահազանգին՝ «Է՜յ, հայե՜ր, ելե՜ք, եկե՜ք: Փրկենք մեր Ղարաբաղը, մեր տունը, մեր պատիվը… Դեպի Շուշի՜…. Ելե՜ք… Մենք կփրկենք քեզ, Ղարաբա՜ղ… Կանչը դղրդաց Ղարաբաղի հորիզոնում: Այսպես՝ մինչև օրս…»[19]:
Ամփոփելով նշենք, որ վեպը, իբրև հայրենասիրության ազնիվ թեման շոշափող գործ, կոչված է հաստատելու, որ ժողովրդի դեմ դավեր նյութողը, նրան դավաճանողը, ի վերջո պիտի մերկացվի, պարտվի ու պատժվի, որովհետև ժողովուրդն անպարտելի է: Արտակ Մաղալյանի դիպուկ նկատումով՝ «Միայն Արցախյան հերոսական ազատամարտի շնորհիվ հաջողվեց սրբագրել Մելիք-Շահնազարի թույլ տված 240-ամյա ճակատագրական սխալը»[20]:
Իր պատմագեղարվեստական արժեքայնությամբ, կառուցվածքային ինքնատիպությամբ, պատմաքննական ու հոգեբանական դիտարկումներով, արդիական ըմբռնումների խորությամբ ու ընդհանրացումներով, հյութեղ ոճով Սերո Խանզադյանի «Շուշի» վեպը հայ դասական պատմավեպի եզակի նմուշ է:
Թ.Մարության
Բ.գ.թ., դոցենտ
[1] Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան «Հայոց արևելից կողմանց՝ Արցախ և Ուտիք նահանգների վաղ միջնադարյան պատմության մասին։
[2] Հայոց կաթողիկոս(1734թ.-ից) և պատմագիր: Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և ՆատրՇահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում): Տեղեկություններ կան այն մասին, որ Սերո Խանզադյանն ունի անտիպ ստեղծագործություն՝ «Աբրահամ Կրետացի» խորագրով, որի մասին վկայել է. «Իմ դառը մայրամուտի ժամանակ եմ գրել»:
[3] Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն, Ե., 1938թ.:
[4] Աբրահամ Կրետացի, «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից»[4], Վաղարշապատ, 1870:
[5] Նույն տեղում, էջ 27:
[6] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 78:
[7] Նույն տեղում, էջ 79:
[8] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 273:
[9] Ժ.Քալանթարյան, Անդրադարձներ, էջ 92:
[10] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 279
[11] Նույն տեղում, էջ 392:
[12] «Հայ ժողովրդի պատմություն», հ.4., Ե., 1972:
[13] Նույն տեղում, էջ 201
[14] Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, Ե., 1964:
[15] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 211:
[16] Ս.Խանզադյան, էջ 273:
[17] Նույն տեղում, էջ 414:
[18] Նույն տեղում, էջ 452:
[19] Նույն տեղում, էջ 479:
[20]«Պատմաբանասիրական հանդես», 2014թ., թիվ 1, էջ 194:
Комментариев нет:
Отправить комментарий