19.02.2014

ԱՅՍՕՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145-ԱՄՅԱԿՆ Է ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին...

Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հայաստանի գրողների միությունը արդեն 6 տարի է, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակել է Գիրք նվիրելու օր: Ամենախորախորհուրդ տոներից մեկը, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել գրքի առաջ...  Պետք է անպայման օգտվել բարեպատեհ առիթից և իրար գիրք նվիրել: Գիրք գնելով, նվիրելով ու կարդալով է, որ մենք մի քայլ առաջ ենք գնում…
Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Հովհաննես Թումանյանի մեջ այդ սերը բացահայտվում էր ավելի շեշտված, ավելի ցայտուն կերպով: Թումանյանը մեծ գրքասեր էր: Պատահական չէ, որ Գրքի տոնը նշվում է հենց նրա ծննդյանը օրը: Թումանյանը սիրում էր գիրքը առհասարակ, նույնիսկ իրեն անծանոթ լեզվով և առանձնապես իրեն չհետաքրքրող մի նյութի մասին գրված գիրքը: Ժամանակակիցները վկայում են, որ զավակներից հետո գրադարանն էր իր գուրգուրանքի առարկան: Նվարդ Թումանյանը հիշում է. <<Հայրիկը պաշտում էր գիրքը: Գրքեր գնելու սովորությունը վաղ էր զարթնել նրա մեջ, դեռևս աշակերտական տարիներից շարունակ նոր ու նոր գրքեր էր գնում, իհարկե ընտրությամբ: Գրադարանի գրքերը պահում էր խնամքով և ոչ ոքի չէր տալիս>>:
Թիֆլիսում՝ Ալեքսանդրյան կոչվող պարտեզի հարավային կողմում, կար զառիվայր մի փողոց, որն իջնում էր դեպի Քուռ գետը: Այդ փողոցում միայն հին գրքեր վաճառող խանութներ էին: Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել այդ փողոցում՝ մեկ գրախանութից մյուսն անցնելիս: Այդ այցելությունների արդյունքը միշտ լինում էր մի կապոց գիրք, որը Թումանյանը բերում էր ավելացնելու իր արդեն իսկ շատ ճոխ ու հարուստ գրադարանի գրքերին: 
Թումանյանն իր նոր լույս տեսած գրքերը առատորեն նվիրելու սովորություն ուներ: Մանկական պատկերազարդ գրքերը այնպես էր բաժանել, որ տանն օրինակ չէր մնացել: <<Վերջը նվիրածներից մեկը ետ է վերցրել իր համար>>,-հիշում է դուստրը: Թումանյանն ամեն ինչ անում էր, որ ընթերցողին հասնեն մատչելի ու բարձրորակ գրքեր: 1903-ին Թիֆլիսում հատկապես իշխանուհի Մարիամ Թումանյանի և Փիլիպոս Վարդազարյանի ջանքերով լույս է տեսնում <<Բանաստեղծություններ>> ժողովածուն՝ 1200 օրինակ տպաքանակով: Գրքի այդչափ տպաքանակից միայն 400-ն  է վաճառում իշխանուհին, ինչպես հենց ինքն է վկայում, <<Մի շաբաթ հազիվ էր անցել, որ Թումանյանը մտել էր գրախանութները, վերցրել էր ժողովածուի օրինակներ և ձրի բաժանել էր սրան-նրան: Չբավականանալով դրանով՝ նա իձ էլ էր համոզում, որ իր հաշվին այսինչ մարդուն գիրք տամ: Ես շատ էի չարանում և համոզում էի Թումանյանին, որ այդպիսի բաներ չաներ>>: Իշխանուհին փորձում է տպաքանակը պահել իր մոտ և ամբողջությամբ վաճառքի հանձնելով, օգնել բանաստեղծին: Սակայն Թումանյանը անընդհատ միջնորդություններ-դիմումներ է անում, որ իշխանուհի Մարիամն անվճար տրամադրի իր գրքրեը ծանոթ-անծանոթ բոլոր ցանկացողներին:
Թումանյանը, իհարկե, դեմ չէր, որ իր գիրքը վաճառվեր ու եկամուտ բերեր, սակայն նա չէր ուզում և չեր կարող սպասել դրանց վաճառվելուն, որովհետև շտապում էր նվիրել և առհասարակ միայն նվիրել գիտեր...
Կարդացե՛ք գրքեր, նվիրե՛ք իրար գրքեր՝ հիշելով Ուիթմենի իմաստուն խոսքը՝ <<Բարեկամս, սա գիրք չէ, հպվելով նրան՝ դու հպվում ես մարդու>>…..






Комментариев нет:

Отправить комментарий